Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գյուղնախարարության ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի

Գյուղնախարարության ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի
14.02.2017 | 10:01

Խնդիրն այն է, որ, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, երկրագնդում, այդ թվում նաև` Հայաստանում, սկսվել են անդառնալի փոփոխություններ` մոտավորապես 30 %-ով կրճատվում են արոտավայրերը, անասնապահության մթերատվությունը, հողի խոնավությունը:
Այս գործընթացները հանրապետությունում արդեն սկսվել են. միայն վերջին տարիներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, արոտները կրճատվել են 60 հազար հեկտարով, խոտի գինը բարձրացել է մոտավորապես 2 անգամ, ինչը հանգեցրել է կաթնամսամթերքի «սողացող գնաճին»:
«Իրատեսի» հեղինակ Գեղամ Քյուրումյանը, արտերկրի մեր հայրենակիցների շրջանում կատարած հարցումների համաձայն, փաստում է, որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը ¥եթե ոչ հիմնականը¤, այն է, որ մարդիկ չեն կարողանում ապահովել գոյատևման հիմնական նախապայմանը` մատչելի գներով ընտանիքում կաթնամսամթերք ունենալը:


Եվ սա այսօր, իսկ վա՞ղը, երբ բնապահպանների կանխատեսումները ամբողջությամբ իրողություն կդառնան, Հայաստանը պետք է լրիվ դատարկվի՞, արտագաղթի՞: Բնապահպանները ոչ մի լավ բան չեն կանխատեսում նաև ջրհեղեղների, երաշտի, տարածքային հրդեհների բռնկումների առումով: Ապացույցը երկրագնդի առկա իրավիճակն է, որից զերծ չմնաց նաև Հայաստանը անցյալ տարվա Արթիկի ջրհեղեղով:
Մինչդեռ մեր ստեղծած նորույթը` մեքենան, թույլ է տալիս ոչ միայն բազմապատկել էժան, որակյալ խոտի արտադրությունը, ինչը կաթնամսամթերքի ինքնարժեքի իջեցման և արտադրության ծավալների մեծացման հիմնական նախապայմանն է, այլև նպաստում է, որ անձրևաձնհալ ջրերը ներծծվեն արոտների, խոտհարքների արմատային հողազանգվածում` մեծացնելով հողի խոնավությունը, կասեցնելով ջրհեղեղները, երաշտը, տարածքային հրդեհները, հողի էրոզիան. այսինքն` ստեղծվում են անվտանգ, արդյունավետ աշխատելու, ստեղծածը ապահովագրելու նորմալ պայմաններ: Անառարկելի այն միտքը, որ պատճառները կանխելը ավելի արդյունավետ է, քիչ ծախսատար, քան հետևանքները վերացնելը, մեր կառավարիչները չընդունեցին. այլապես, 5-7 հազար դոլար ծախսելով, մեր մեքենայով հնարավոր կլիներ կասեցնել Արթիկի ջրհեղեղը, որի հետևանքները վերացնելու համար, որոշ գնահատականներով ծախսվել է մոտավորապես 500 հազար դոլար:
Թվում է, թե տագնապ` SOS պետք է հնչեցնել, անել ամեն ինչ, որ այդ մեքենան բարձրանա արոտները, գիտնականի միտքը իրոք օգուտ տա գյուղացուն:


Սակայն գյուղնախարարության, նրա ԾԻԳ-ի չինովնիկներին այդ ամենը չի հետաքրքրում, նրանք չցանկացան նույնիսկ տեսնել այդ մեքենան, և երբ իրենց պահանջը չի կատարվում, հայտերը մերժում են, նրանք այսօր էլ այն կարծիքին են (առանց որևէ պատճառաբանության), որ այդ մեքենան պետք չէ: Չենք ուզում և վերջ: Նրանք քթից այն կողմ, ատկատից բացի որևէ այլ բան չեն տեսնում, մոռանալով, որ նշված արհավիրքները չեն տարբերակում մեղավորին անմեղից:


Ի՞նչ է սա, եթե ոչ հանրային շահերի անտեսում, եթե չասենք ավելին:
Գյուղնախարարության ԾԻԳ-ի վերադարձը նոր հարցադրումներ է առաջացնում իրենց կողմից վարկերը արդյունավետ օգտագործելու առումով.
1. Ճի՞շտ է արդյոք, որ ԾԻԳ-երի և նրանց գործընկեր ՓՄԶ-ԶԱԿ-երի ֆինանսավորմամբ ձեռնարկատերերը կարող են գնել միայն արտերկրի տեխնիկա: Գեղարքունիքի մարզի «Բարեկամություն» ԲԲԸ-ի սեփականատեր Վասիլ Հակոբյանը փաստում է, որ այդպես է, և այդ պատճառով ինքը դադարեցրել է գյուղտեխնիկա` կուլտիվատորներ, գութաններ և այլն արտադրելը, ինչի պատճառով նախկինում 1000 աշխատող ունեցող ձեռնարկությունում ներկայումս աշխատում է 8 մարդ:
Նշեմ, որ գյուղնախի, նրա ԾԻԳ-ի գործընկեր ՓՄՁ-ԶԱԿ-ի ֆինանսավորմամբ միայն վերջին տարիներին արտերկրից ներկրվել և իրացվել են 200-ից ավելի գութաններ, կուլտիվատորներ, իսկ մեր տեղականը չի իրացվում:
Վասիլ Հակոբյանը հավաստիացնում է, որ իր տեխնիկայի վաճառքի գինը, առավել որակի պայմաններում, անհամեմատ շահեկան է ներկրվողից:
Գյուղնախարարությունը համոզված է, որ փող տվողն է թելադրում պայմանները, և իրենք ոչինչ անել չեն կարող:
Ստացվում է՝ մենք վարկ ենք վերցնում մեր երկրի տնտեսությունը կազմալուծելու, վարկ տվողինը կայունացնելու, նրանց աշխատատեղերը պահպանելու համար: Այդպե՞ս է արդյոք:
2. Արդյո՞ք 20-40 % համաֆինանսավորմամբ գյուղական կոոպերատիվներին, ՓՄՁ-ներին ԾԻԳ-երի կողմից տեխնիկա հատկացնելը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում և չի նպաստում երկրի տնտեսության զարգացմանը, որովհետև.
ա) շուկայականից էժան տեխնիկան կտան նրան, ումից ավելի մեծ ատկատ կարող են ստանալ (դրանք հիմնականում մեծահարուստ հողատերերն են),
բ) գնված տեխնիկայով պետք է ստեղծվի մրցունակ, քիչ թե շատ բավարար շահույթ ապահովող արտադրանք, և այդ արտադրանքի իրացումից ստացված շահույթից պետք է առանձնացվի որոշակի, այսպես կոչված, ամորտիզացիոն գումար, մեքենայի ծառայողական ժամկետի ավարտին նոր տեխնիկա գնելու համար:
Գյուղատնտեսության նախարարը արոտների ծրագրի առաջին փուլի ավարտին հայտարարում է, որ իրենք չունեն մրցունակ անասնապահություն, այսինքն` չկա բավարար շահույթ. ու բնական է հարցադրումը՝ ո՞ր փողերով պետք է թարմացվի տեխնիկան, նորի՞ց վարկ ենք վերցնելու…
3) Արդյո՞ք Համաշխարհային բանկի հաստատած արոտների ծրագրով նախատեսված նոր տեխնոլոգիաների, մեքենասարքավորումների, դրամաշնորհային 2,1 մլն դոլարանոց բաղադրիչը ուղղակի փոշիացվել է:
Խնդիրն այն է, որ այդ բաղադրիչով պետք է ներդրվեն նոր տեխնոլոգիաներ, մեքենասարքավորումներ:


Բայց տեսեք, թե ինչ է կատարվում.
ա) Նույն «Բարեկամություն» ԲԲԸ-ում գիտնական ղեկավարը` Վասիլ Հակոբյանը, ստեղծել է մի մեքենա, որի օգտագործումով ցորենի ու գարու բերքատվությունը մի հեկտարից իր տնտեսությունում հասել է 40 ցենտների, իսկ հարևան նմանատիպ տարածքում բերքն ընդամենը 6-7 ցենտներ է: Այս մասին Վ. Հակոբյանը տեղյակ է պահում ԾԻԳ-ի ղեկավարությանը՝ առաջարկելով այն օգտագործել իրենց ծրագրերում, և եթե հնարավոր է՝ պատվիրել նորերը: ԾԻԳ-ի ղեկավարությունը խոստանում է տեղում ծանոթանալ խնդրին, բայց երրորդ տարին է, ինչ նրանք գալիս են և տեղ չեն հասնում:
բ) ԾԻԳ-ի ձեռնադրմամբ հեռուստաեթերով ցուցադրում են արտերկրից ներկրված չիր ու չամիչ պատրաստող էլեկտրատեխնիկական սարքեր` (երևի տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ), այն դեպքում, երբ մեր ստեղծած, ՀՀ հեղինակային իրավունքով ամրագրված, արևի և բիոէներգիայով աշխատող, հեռուստացույցով բազմիցս ցուցադրված, «Իրատես»-ում մանրամասն նկարագրված, արևի հետևից պտտվող (որպեսզի արևից ավելի շատ էներգիա վերցնի) նույն նպատակներին ծառայող մեր սարքավորումը առավելագույնն արժե 2500 դոլար և որը ոչ մի կերպ տեղ չի գտնում ԾԻԳ-ի ծրագրերում:
Կարող եք ասել՝ եթե ձերը այդքան լավն է, պատրաստեք և իրացրեք, ի՞նչով է Ձեզ խանգարում այդ ԾԻԳ-ը:


Խանգարում է դեմպինգի քաղաքականությամբ. նա իր տեխնիկան գյուղացուն վաճառում է 20-40 % համաֆինանսավորմամբ, այսինքն` վարկի հաշվին ինքնարժեքից ցածր գնով:
Այսպես վարվում են թշնամի երկրները, երբ որևէ երկրի տնտեսությունը քայքայելու համար ինքնարժեքից ցածր գնով շուկա են հանում իրենց ապրանքները:
Մի՞թե հայանպաստ է այս գործելաոճը:

գ) Ֆինանսավորման նույն բաղադրիչով` 2,5 մլն դոլար արժողությամբ, կարող էին կյանքի կոչվել արոտների բարելավման մեր մշակած նոր տեխնոլոգիան և մեքենան, որը գյուղացուն ճանաչելի դարձնելու, աշխատանքային պայմաններում ցուցադրելու, դրանց մեծաքանակ հավաքը Ռուսաստանից ներկրված հանգույցներով կազմակերպելու համար խնդրել էինք ընդամենը 7000 դոլար, որը կազմում է արոտների ծրագրի բյուջեի ընդամենը 0,035 %-ը, այն դեպքում, երբ ՀԲ Երևանյան գրասենյակում առերես հանդիպման ժամանակ, բացառելով համաֆինանսավորումը, գլխավոր խորհրդական պարոն Դևիսը հանձնարարեց հատկացնել 20000 դոլար:


Բայց խորհրդականը գնաց, և մենք հայտնվեցինք գյուղնախարարության և նրա ԾԻԳ-ի կառավարիչների «որոգայթում», նախ մեզնից, անհայտ նպատակների համար, պահանջեցին 6000 դոլար, հետո, երբ չստացան, մերժեցին՝ տեխնիկական գրախոսողների կողմից անհրաժեշտ միավորներ չստանալու պատճառով: Եվ դա այն դեպքում, երբ մի ամբողջ տարի ԾԻԳ-ը մեզ համոզում էր, որ իրենք մասնագետ չունեն և հետևաբար չեն կարող ասել՝ մեքենան պետք է, թե ոչ: Ես հասկանում եմ` գրախոսելու, մերժելու իրավունքը ԾԻԳ-ինն է, բայց այն պետք է հասկանալի լինի` մերժում ենք այս-այս պատճառներով: Ցավոք, մի ամբողջ տարի է, ինչ ես չեմ կարողանում ստանալ «պատճառները». ինչպես տեղում ասացին, դա պետական գաղտնիք է:


Գյուղնախի և նրա ԾԻԳ-ի այս գործելաոճը նորմալ բանականության մեջ չի տեղավորվում, ու չես հասկանում, սրանք պետական կառույցնե՞ր են, թե՞ մղձավանջի բազարներ, ուր մի ամբողջ տարի մտմտում են, թե ինչ գնով պետք է վաճառեն «իրենց ապրանքը»` մեր հայտը, և ինչ չափի պետք է լինի ատկատը:
Համաշխարհային բանկի հաստատած, արոտների բարելավման ԾԻԳ-ի կողմից իրագործվող ծրագիրը, ըստ այն կազմողների, մրցունակ է, շահութաբեր:
Սակայն ծրագրի առաջին փուլի ավարտին հասկանում ես, որ այն ձախողվել է. այդ է փաստում գյուղնախարարը` հայտարարելով, որ մենք չունենք մրցունակ անասնապահություն:
Ծրագրի մի փոքր մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ծրագիրը ձախողված էր ի սկզբանե, այն կյանքի է կոչվել վարկային գումարների մի զգալի մասը գրպանելու համար:


Դատեք ինքներդ. վարկի առաջին փուլի 20 միլիոն դոլարից 13,9 միլիոն դոլարը կամ 69 %-ը պաշտոնապես հատկացվել է անասնապահության և արոտների կառավարմանը` կոոպերատիվների միջոցով համակարգ ստեղծելու համար:
Թեպետ ի սկզբանե պարզ էր, որ արոտների հարաճուն արժեզրկումը, վատթարացումը (деградация) պայմանավորված էր և է ոչ թե կոոպերատիվների առկայությամբ, այլ դարերից ի վեր հայտնի, խոտածածկույթի պահպանման գործողությունները (արմատային հողազանգվածը փխրեցնելու, պարարտացնելու (փորձեք դրանք չանել Ձեր ծաղկամանում և ծաղիկ չեք ունենա), թունավոր բույսերն ու մոլախոտերը ոչնչացնելու, առավել արդյունավետ սերմեր ցանելով խոտածածկույթը թարմացնելու), տասնյակ տարիներ չիրագործելով, այդ թվում նաև ծրագրի իրացման տարիներին, այն պարզ պատճառով, որ գյուղնախարարությունն ու ԾԻԳ-ը չեն տիրապետում դրանց, իսկ մեր մշակած տեխնոլոգիան և մեքենան ոչ մի կերպ չեն կարողանում ընդգրկվել գյուղնախարարության ու ԾԻԳ-ի վարկային ծրագրերում, որովհետև ի սկզբանե ծրագրի ամբողջ բյուջեն բաժանված է, ունի իր հասցեատերերը, և ոչ ոք թույլ չի տա, թեկուզ արյան գնով, որ ինչ-որ գիտնական մոտենա իր փայաբաժնին:
Բայց ես շեղվեցի, շարունակենք մրցունակ ծրագրի բաղադրիչների վերծանումը. և այսպես, 20 միլիոն դոլարի 69 %-ը՝ 13,9 միլիոն դոլարը, հատկացվեց կոոպերատիվներ կազմակերպելով ծրագիրը կառավարելուն:


Ծրագիր կազմողները կարծում են, որ դա քիչ է, ու դրան ավելացնում են ևս 2,1 միլիոն դոլար` ծրագրի իրականացում ու մոնիթորինգ, թեպետ այնքան էլ չես հասկանում, թե ինչ մեծ տարբերություն կա ծրագրի կառավարում և իրականացում հասկացությունների միջև:
Սակայն պարզվում է, որ սա էլ դեռ վերջը չէ. հեռագնա արոտների ճանապարհների վերանորոգման և արոտների ջրարբիացման համար ծրագրով հատկացվել է ևս 3,5 միլիոն դոլար:


Այն տպավորությունն է ստացվում, որ հեռագնա արոտները գյուղերից բաժանված են անանցանելի ջունգլիներով, որ անասուններին պետք է այնտեղ հասցնեն բեռնատար «Մերսեդես» մեքենաներով, թեպետ բոլորն էլ հասկանում են, որ ճանապարհներ նորոգելը փողերը գողանալու բոլշևիկներից փոխանցված ամենաանվտանգ ուղիներից մեկն է:
Առանձնահատուկ վերաբերմունքի է արժանի ծրագրի «Արոտների ջրարբիացում» ենթաբաժինը, որի տակ ծրագիրը կազմողները հասկանում են անասուններին արոտներում ջուր հասցնելը: Այս գործընթացը իրոք, մթերատվության բարձրացման կարևոր քայլերից մեկն է և իզուր չէ, որ դա շահարկելով 2011-ից առայսօր (գուցե և հետայսու) հեռուստաեթերով պարբերաբար ցույց են տալիս, թե ինչպես գյուղնախարարության ղեկավարները հպարտ և ժպտերես կեցվածքով մասնակցում են անասուններին ջրելու գործընթացին:
Ցավոք, սա նույնպես փուչիկ է, ծախսատար և քիչ արդյունավետ մի քայլ. ծախսատար, որովհետև պահանջում է հողային հսկայածավալ աշխատանք (ջրակուտակիչներ կառուցել, հողի չսառչող շերտով խողովակաշարեր անցկացնել, դրանք ծածկել և այլն):
Այն նաև քիչ արդյունավետ է, որովհետև անասունը ջուրը խմում է, երբ ինչ-որ բան կերել է, և ցանկալի է, որ կուշտ լինի ջրխմոցի շրջակայքում: Սա արդեն անհուսալիորեն չլուծվող խնդիր է, որովհետև այսօրվա արոտներում, միավոր մակերեսի հաշվով կերի խիստ պակաս կա, նրանց բերքատվությունը, ըստ նույն գյուղնախի, նորմատիվից ցածր է մոտավորապես 3 անգամ, խոտածածկույթի 70 %-ը չուտվող, թունավոր բույսեր են և այլն, և այլն:


Հասկանալի է, որ այս պայմաններում կենդանին կշտանալու համար ջրխմոցից պետք է տասնապատիկ ավելի հեռու գնա: Հասկանալի է նաև, որ հեռու գնալ-գալիս նա կերածի էներգիան ծախսում է ոչ թե կաթ ու միս արտադրելու, այլ մի կերպ իր գնալ-գալն ապահովելու համար:
Եվ պատահական չէ այն խայտառակ իրողությունը, երբ ավելի քան քառորդ դար մեզ մոտ կաթնատվության մակարդակը չի անցնում 2000 լիտրից (աշխարհի երկրների մեջ նախավերջին ցուցանիշը), իսկ մսատվության մակարդակը (քաշաճը) ըստ լրագրող Գեղամ Քյուրումյանի, 3 անգամ փոքր է մեր երկրի համեմատ բնակլիմայական, հողային ավելի վատ պայմաններում գտնվող եվրոպական երկրներից:
Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ խոտի զգալի պակասի և տեղանքի կտրատվածության պայմաններում ավելի քիչ ծախսատար և արդյունավետ են շարժական տիպի կուտակային ավտոտրակտորային ջրխմոցները, սակայն ատկատի առումով ավելի ձեռնտու են հողային աշխատանքները:
Հասկանում եմ, որ հոդվածս մի փոքր խառնաշփոթ ստացվեց, և ես երևի այդպես էլ հստակ չկարողացա պատասխանել վերնագրի հարցադրմանը` գյուղնախի ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի…


Մի բան հաստատ է. գյուղնախարարության և նրա ԾԻԳ-ի ոչ հեռու անցյալի գործելաոճը անընդունելի է, դատապարտելի:
Իսկ ներկա՞ն, հեռանկարնե՞րը…
Փաստենք, որ մի քանի շաբաթ առաջ ԾԻԳ-ի հին ղեկավարությունը գյուղնախարարության նոր ղեկավարության շնորհակալության ջերմ խոսքերով ուղարկվեց «վաստակած» հանգստի:
Երկիրը թալանվում է, իսկ մենք այդ գործընթացի ինչ-որ չափով, ինչ-որ ձևով մասնակիցներին շնորհակալության ջերմ խոսքերով ուղարկում ենք վաստակած հանգստի ու հետո զարմացած հարցնում՝ էս ժողովուրդը ինչո՞ւ մեզ չի հավատում:
Ի՞նչն է փոխվում կամ փոխվելո՞ւ է…

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Հ.Գ. 1) «Փող չկա»-ն չի անցնում. գյուղնախարարության և բնապահպանության նախարարության ԾԻԳ-երը նշված նպատակների իրացման համար ունեն 120 միլիոն դոլարի բյուջե:
2) 20.01.2017 թ. ինձ հրավիրեցին գյուղնախարարություն, նշված խնդիրների մի մասի հարցով վարչապետին և գյուղնախարարությանն ուղղված դիմումներս քննարկելու:
ԾԻԳ-ի ներկայացուցիչները հաստատակամ էին. «...արոտների Ձեր առաջարկած մեքենայի մեզ մոտ հայտնաբերված թերությունները (որոնց պատճառով հայտը մերժվել էր) մենք Ձեզ չենք ասի, դա պետական գաղտնիք է: ԾԻԳ-ի բյուջեն արդեն բաշխված է, և մենք փող չունենք, որ այդ մեքենան ներառենք ծրագրերում»:
Այս ամենը նկատի ունենալով, ընթերցողին եմ թողնում հոդվածիս վերնագրի հարցականի պատասխանը` գյուղնախի ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի...

Դիտվել է՝ 3403

Մեկնաբանություններ