Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրիայում քիմիական զենքի օգտագործմամբ խոշոր սադրանք է նախապատրաստվում ԱՄՆ-ի հարձակման համար

Սիրիայում քիմիական զենքի օգտագործմամբ խոշոր սադրանք է նախապատրաստվում ԱՄՆ-ի հարձակման համար
16.10.2018 | 01:21

Ռուսաստանն անցած ուրբաթ զգուշացրել է Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի սադրանքների կապակցությամբ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հոկտեմբերի 12-ին հայտարարել է, որ ամերիկացիները ցանկանում են Սիրիայում նոր երկրի նման տարածք ստեղծել, ապա հավելել է. «Չի բացառվում, որ նրանք կարող են առաջ տանել «Մեծ Քրդստան» կոչվող վտանգավոր խաղը»:


Ռուսաստանի ԱԳ նախարարը «Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ «ԱՄՆ-ը փորձում է իր դաշնակիցների և, առաջին հերթին, քրդերի օգնությամբ Սիրիայի հյուսիսում ստեղծել տարածքներ, որոնք հետագայում կարող են դառնալ պետություն»: Սերգեյ Լավրովը մանրամասնել է. «ԱՄՆ-ը ցանկանում է, որ Սիրիայի իրավիճակը լարված լինի, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակները»: Այստեղ հարկ է ընդգծել, որ Սիրիայում ԱՄՆ-ի նպատակները չեն սահմանափակվում միայն «Մեծ Քրդստան» կոչվող վտանգավոր խաղով, նոր պետության համար տարածքների խնդիր լուծելով, Սիրիայում իրավիճակը լարված պահելով: ԱՄՆ-ի «Սիրիական նախագծի» գլխավոր բաղկացուցիչը «բռնակալ» Ասադին իշխանությունից այս կամ այն կերպ հեռացնելը, նրա վարչակարգի տապալումը և Սիրիան իրենով անելն է: Ինչպես արդեն նշել ենք, դրա համար ԱՄՆ-ն արդեն միլիարդավոր դոլարներ է ծախսել, որոնց կորուստը, այսինքն՝ իր նախագծի տապալումը ոչ մի կերպ չի կարող թույլ տալ, հետևաբար հնարավոր ամեն ինչ անելու է իր նպատակներին հասնելու համար:


Պատահական չէ, որ վերջին տասն օրվա ընթացքում ինչպես պաշտոնական Մոսկվան, այնպես էլ Դամասկոսը ԱՄՆ-ից պահանջում են զորքերը հանել Սիրիայից: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերեշինը «Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է. «Ամերիկացիները պետք է գնան Ալ-Թանֆի շրջանից, քանի որ այս տարածքը դարձել է ահաբեկիչների և ԻԼԻՊ-ականների հանգստանալու վայր, և դա շատ ամոթալի է»: Դրանից մի քանի օր հետո, հոկտեմբերի 8-ին, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին ասել է. «Սիրիայում ամերիկյան ուժերի և իր դաշնակիցների ներկայությունն անօրինական է, և նրանք պետք է հնարավորինս շուտ հեռանան այս երկրից»: Ջաաֆարին ասել է նաև, որ օտարների անօրինական ներկայությունը միջազգային օրենքների բացահայտ խախտում է, տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն ու միջազգային անվտանգության և խաղաղության դեմ ուղղված սպառնալիք:
Իսկ ո՞րն է լինելու Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող հնարավոր սադրանքը։


Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, հայտարարել է, որ Մոսկվան տեղեկություններ է ստացել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում քիմիական զենք օգտագործելու ահաբեկիչների մտադրության, այդ նպատակով նրանց նախապատրաստության մասին:
«Մենք հանդիպումներ ունեցանք Հաագայի քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամների հետ և նրանց տրամադրեցինք այդ տեղեկատվությունը», - ասել է Շուլգինը:
Ռուս պաշտոնյան հավելել է, որ «սպիտակ սաղավարտավորներ» խումբը փորձում է Սիրիայի բանակին մեղադրել քիմիական կեղծ հարձակման մեջ:
Հիշենք, որ դեռ մեկ ամիս առաջ Սիրիայում հակամարտող կողմերի միջև ռուսական հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ահաբեկիչները քլոր գազի ցիստեռնները տեղափոխել են Իդլիբ նահանգի բնակելի տարածք՝ քաղաքացիական անձանց դեմ քիմիական հարձակման նախապատրաստման համար:


«Ռուսիա ալ-Յոմ» հեռուստատեսության հաղորդման համաձայն, Սիրիայում ռուսական հիշյալ կենտրոնի խոսնակ Վլադիմիր Սավչենկոն հայտարարել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խումբը պատրաստվում է քիմիական զենք օգտագործելու քաղաքացիական անձանց դեմ և Սիրիայի կառավարությանը մեղադրելու թունավոր նյութերով հարձակման մեջ:
Սավչենկոն ավելի վաղ ասել էր, որ մի շարք արաբական հեռուստաալիքներ և ամերիկյան լրատվական ծառայություններ տեղակայվել են Իդլիբում, որպեսզի նկարահանեն այն քիմիական հարձակման հետևանքները, որը վերագրվելու է Սիրիային:
Դատելով ամենից, եթե ահաբեկիչներն Արևմուտքից, այնուամենայնիվ, Իդլիբում քիմիական զենք օգտագործելու ազդանշան ստանան, այն իր մասշտաբով Սիրիայում աննախադեպ է լինելու, զոհերի ու տուժածների թիվն էլ անհամեմատ մեծ է լինելու քիմիական զենքի օգտագործմամբ նախորդ հարձակումների համեմատ:
Ռուսաստանը բազմիցս է զգուշացրել է Իդլիբի վրա քիմիական հարձակում կատարելու ահաբեկիչների պլանի մասին: Միաժամանակ, ԱՄՆ-ը և արևմտյան որոշ երկրներ Սիրիայի կառավարությանը մեղադրել են Իդլիբում քիմիական հարձակում պլանավորելու մեջ, ինչը վկայում է ավելի վաղ Արևմուտքի նախապատրաստած սադրանքի սցենարի մասին: Բավական է փոքր-ինչ տրամաբանել՝ հասկանալու համար, որ Սիրիան ոչ միայն քիմիական զենք չունի, այլև Իդլիբում, այն էլ՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ քիմիական հարձակում իրականացնելու անհրաժեշտություն: Սիրիան Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլահի» աջակցությամբ իր հողն արդեն գրեթե ամբողջությամբ ազատագրել է ահաբեկիչներից, մնացել է միայն Իդլիբ քաղաքը և նույնանուն նահանգի մի հատված, որն առանց քիմիական զենքի էլ կարող է ազատագրել, մանավանդ, ունենալով իր դաշնակիցների բազմակողմ աջակցությունը:


Ավելին, Սիրիան և դաշնակիցներն առաջիկա ամիսներին Իդլիբը ռազմական ճանապարհով ազատագրելու պլաններ չունեն, քանի որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը համաձայնել է կազմակերպության ինքնալուծարմանը, զինաթափ լինելուն կամ Իդլիբից զենքերը հանելուն:
Ճիշտ հակառակը. Իդլիբում քիմիական հարձակումը ձեռնտու է գրեթե ամբողջությամբ պարտության մատնված, զինաթափ լինելու և Սիրիայում իր վերջին հենակետից՝ Իդլիբից դուրս գալու պարտադրանքի առջև կանգնած «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը: Նրա այդ սադրանքին սպասում են ԱՄՆ-ը և Միացյալ Նահանգների դաշնակիցները՝ Սիրիային թերևս աննախադեպ հրթիռա-ռմբային հարվածներ հասցնելու, Սիրիայի բանակին թեկուզ ժամանակավորապես ճնշելու (բացառված չէ նույնիսկ՝ Դամասկոսին, Բաշար Ասադի գտնվելու վայրին հարվածելով, նրան ֆիզիկապես ոչնչացնելու) համար, որպեսզի այդ ընթացքում վերոնշյալ և ահաբեկչական այլ խմբավորումները կարողանան ուշքի գալ, կազմակերպվել, ուժ հավաքել ու վերստին գրոհել։
Հիշենք, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն անցյալ ամսվա սկզբից սկսել էին հրթիռա-ռմբային հարվածներ հասցնել Իդլիբ նահանգում, օրինակ, ոչ մեծ Մուխամբալ քաղաքում, մերձակա գյուղերում և այլուր գտնվող ահաբեկիչների դիրքերին, սակայն Ռուսաստանը ավիահարվածները որոշ ժամանակ անց դադարեցրեց:


Իդլիբում ահաբեկիչների դիրքերի վրա ռուսական ավիացիայի հարձակման դադարեցմանը հասնելու նպատակով Միացյալ Նահանգներն անցյալ ամիս որոշակի ճնշում գործադրեց Ռուսաստանի վրա, այլ կերպ ասած, գործի դրեց շանտաժի գործիքը: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին ուղղակի հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Սիրիայում ևս մեկ քիմիական հարձակում: Սրանով Միացյալ Նահանգներն ակնարկեց, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի Իդլիբում ահաբեկիչներին ուղղված ավիահարվածները, ապա ահաբեկիչներն այնտեղ իր հրահանգով քիմիական զենք կօգտագործեն, որից հետո ինքը Բաշար Ասադին, նրա վարչակարգին ու Սիրիայի բանակին մեղադրելով այդ հարձակման համար, հրթիռա-ռմբային հարվածներ կհասցնի նրանց:


«Դուք վկաներն եք նրա, ինչպես նախագահը (Դոնալդ Թրամփը.- Ա. Հ.) ասաց Իրանին, Ռուսաստանին և Ասադին՝ մի արեք դա, մենք չենք պատրաստվում դա հանդուրժելու, դա նորմալ չէ»,- ՄԱԿ-ում լրագրողներին ասել է Նիկկի Հեյլին:
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ-ը կարձագանքի արագ և անհրաժեշտ ձևով՝ Դամասկոսի կողմից Իդլիբի խաղաղ բնակչության դեմ թունավոր նյութերի կիրառման դեպքում:
Իդլիբն ահաբեկիչներից ազատագրելու հարցում Ռուսաստանը հանդիպեց ոչ միայն ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների, այլև Թուրքիայի լուրջ դիմադրությանը: Այդ առումով Ռուսաստանի գործողությունները պաշտպանել է միայն Իրանը: Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ Էրդողանը կտրականապես դեմ է արտահայտվել Իդլիբն ահաբեկիչներից ազատագրելու ռուսական պլանին: Ընդգծենք, որ Թուրքիայի հետ սահմանամերձ Իդլիբ նահանգը Սիրիայում ահաբեկիչների վերջին խրամատն է, նրանց վերջին ու, թերևս, ամենալուրջ որջը: Սիրիայի բանակից ու նրա դաշնակիցներից պարտություն կրելով` տասնյակ հազարավոր ահաբեկիչներ տեղավորվել են Իդլիբում:
Ավելին, Էրդողանի քաղաքական հարցերով խորհրդական Յասին Աքթայը սեպտեմբերի կեսին նույնիսկ ասել է. «Իդլիբի դեմ ցանկացած հարձակում նշանակում է հարձակում Թուրքիայի դեմ»: Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության, Յասին Աքթայը հեռուստատեսային մի հաղորդման ընթացքում ասել է. «Թուրքիան Իդլիբի դեմ ռազմական հարձակումն իր դեմ ուղղված հարձակում է համարում»:


Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Նկատի ունենալով Սիրիայում պատերազմին վերջ տալու, երկիրը քիչ թե շատ նորմալ կյանքի վերադարձնելու գործում Իդլիբն ահաբեկիչներից ազատագրելու բացառիկ կարևորությունը, Ռուսաստանը շատ լավ իմանալով իր հնարավորությունները ու նախապես հաշվարկած լինելով պատասխան քայլերը, դժվար թե ընկրկեր ԱՄՆ-ի շանտաժից ու Թուրքիայի զգուշացումից, եթե հանկարծ Իդլիբում ահաբեկիչների հարցը լուծելու միջնորդական հանկարծակի առաջարկով հանդես չգար նույն Թուրքիան: Էրդողանն անձամբ է խոսել Պուտինի հետ, որից հետո ռուսական ավիացիայի գրոհը դադարեցվել է: Իսկ ի՞նչ է առաջարկել Թուրքիայի նախագահը ՌԴ-ի իր պաշտոնակցին: Էրդողանն ասել է, որ իր պատասխանատվությամբ Իդլիբում, Թուրքիայի սահմանի երկայնքով 20 կիլոմետր խորությամբ ապառազմականացված գոտի ստեղծելու, Սիրիայում Թուրքիային իր այդ ազդեցության գոտին թողնելու դիմաց, ինքը խոստանում է առանց կրակոցի հասնել այն արդյունքին, որին ցանկանում են հասնել Ասադը և Մոսկվան գրոհի արդյունքում, ինչու՞ կրակել, ռմբակոծել, արյուն թափել, երբ Թուրքիան ազդեցություն ունի «Ջեբհաթ ան-Նուսրայի» առաջնորդների վրա ու կարող է նրանց հետ պայմանավորվել: Դրանից հետո արաբական մամուլը գրել է, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» դաշտային հրամանատար Աբու Մուհամեդ ալ-Ջիլանին հանդիպել է Թուրքիայի հետախուզության ներկայացուցչի հետ և համաձայնել ինքնալուծարման վերջնագրին:


Արդեն հոկտեմբերի 2-ին ռուսական մամուլում նույնպես հրապարակումներ եղան, որ «Ջեբհաթ ան-Նուսրան» համաձայնել է Իդլիբ նահանգից իր կազմավորումները հեռացնելու Թուրքիայի պահանջին, ընդունել ինքնալուծարման վերջնագիրը և հեռանում է ապառազմականացված գոտուց:
Ռուսաստանի քաղաքական-վերլուծական որոշ շրջանակներում կարծում են, թե նույնիսկ ամենաանզիջում ջիհադիստները հասկացել են, որ ելք չունեն. կա՛մ պայմանավորվելու են զենքերը վայր դնելու, հեռանալու վերաբերյալ, կա՛մ ոչնչացվելու են, քանի որ Էրդողանը, թուրքերը նրանց վերջնագիր են ներկայացրել՝ կա՛մ կատարում եք ինքնալուծարման մեր պահանջը, մեր կայացրած որոշումը, կա՛մ մենք այլևս ոչնչի համար պատասխանատու չենք, այդ ժամանակ ռուսները և Ասադը ձեզ մի կողմից կհարվածեն, իսկ մենք՝ մյուս: Դե, ըստ հիշյալ շրջանակների, «Ջեբհաթ ան-Նուսրայի» առաջնորդներն էլ մտածել են և որոշել՝ ավելի լավ է համաձայնել, ընդ որում, համաձայնել են շատ արագ։


Թուրքիայի ՊՆ-ի հաղորդման համաձայն, հոկտեմբերի 10-ին ավարտվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված հուշագրով Իդլիբից ընդդիմադիր ուժերի ծանր սպառազինության՝ տանկերի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ականանետների և այլ զենքերի դուրսբերման աշխատանքները (թե ուր են տեղափոխվել դրանք, նշված չէ)։ Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, սատանան գիտե, բայց եթե դա նույնիսկ այդպես է, ապա կատարվածն այնքան էլ կարևոր չէ, քանի որ իրավիճակի սրման դեպքում այդ ծանր սպառազինությունը նորից կարող է հետ բերվել, այն հո չի՞ ոչնչացվել։ Բացի այդ, Թուրքիայի ՊՆ-ի հաղորդման մեջ նշված չէ՝ ահաբեկիչների ծանր սպառազինությունն Իդլիբ քաղաքի՞ց է դուրս հանվել, թե՞ նահանգից, եթե քաղաքից, ապա «Ջեբհաթ ան-Նուսրայի» համար դա դեռ մեծ կորուստ չէ, վերադարձնելը ավելի հեշտ և արագ կարող է լինել: Ուշագրավ է, որ հիշյալ ահաբեկչական կազմակերպության ինքնալուծարումը, ըստ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված հուշագրի, միանգամից չի լինելու, այն նախատեսված է 3 ամսվա ընթացքում, մի քանի փուլերով, այսինքն՝ հնարավոր սադրանքի հետևանքով Իդլիբում իրավիճակի լարման դեպքում կարող է միանգամից դադարեցվել ինքնալուծարման ու զինաթափման գործընթացը:
Միաժամանակ ակնհայտ է, որ ահաբեկիչները, որոնց ոչնչացումն անցյալ ամիս սկսվել էր ռուսական ավիահարվածներով, հիմնախնդրի լուծման թուրքական առաջարկի արդյունքում ստորագրված թուրք-ռուսական հուշագրով ոչ միայն ողջ մնացին, այլև մինչև ինքնալուծարման ավարտը 3 ամիս ժամանակ ստացան, որը, կարծում ենք, լիովին բավարար է դավադիր ծրագիր ունենալու դեպքում այն իրականացնելու համար: Իսկ որ ԱՄՆ-ը և ահաբեկիչներն Իդլիբում սադրանքի ծրագիր ունեն, ասում են հենց ՌԴ արտգործնախարարը և Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը: Դավադիր ծրագրի գոյության մասին է վկայում նաև այն փաստը, որ չնայած «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ համապատասխան պայմանավորվածության վերաբերյալ Թուրքիայի հավաստմանը, հիշյալ խմբավորումը հայտարարել է Իդլիբում ստեղծվող ապառազմականացված գոտուց իր խմբավորումները հանելուց հրաժարվելու մասին: Mail.ru-ի տեղեկացմամբ, այդ մասին դաշտային հրամանատարների վրա հղում կատարելով, անցած կիրակի հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը:


Եթե քիմիական զենքի օգտագործմամբ հիշյալ սադրանքը, այնուամենայնիվ, իրականացվի, ապա բացառված չէ, որ իր առաջարկով Ռուսաստանի ավիահարվածները կասեցրած Թուրքիան ևս մասնակիցներից մեկն է այդ դավադրության:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ