Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեզ համար ձեռքբերում է, որ մեր ուսանողների ֆիլմերը ցուցադրվում են հայաստանյան և միջազգային տարբեր փառատոներում»

«Մեզ համար ձեռքբերում է, որ մեր ուսանողների ֆիլմերը ցուցադրվում են հայաստանյան և միջազգային տարբեր փառատոներում»
11.01.2019 | 04:34

«Իրատեսի» հյուրը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆՆ է:


-Տիկին Անետա, կրթության ոլորտի հետ կապված դժգոհությունների պակաս կարծես թե չկա մեզանում: Ստեղծագործական բուհերը կոչված են պատրաստելու ոչ թե սոսկ գրագետ մարդիկ, այլ ստեղծագործող անհատականություններ: Հետևաբար այսպիսի հաստատությունների պարագայում չի կարող լինել կաղապարված, չափագրված մոտեցում կրթական գործընթացին: Այս իմաստով ի՞նչ մարտահրավերներ են դրված Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի առաջ:
-Մենք հանրությանը, աշխարհին ճանաչելի ենք դառնում առավելապես արվեստի միջոցով: Իսկ այդ ոլորտի մասնագետների պատրաստումն սկսվում է արվեստի բուհերում, մի բան, որ շատ պարտավորեցնող է: Քանի որ ես ներկայացնում եմ կինոյի ոլորտը, պիտի խոսեմ կինոյի մասին: Կինոն և՛ արտադրություն է, և՛ արվեստ: Կա տեխնիկական բազա, որին տիրապետել պիտի սովորեն արդեն իսկ բուհում, որպեսզի կարողանան այդ գիտելիքները կիրառել հետագայում իրենց ստեղծագործական աշխատանքում: Այս առումով մեզ մոտ, իհարկե, խնդիրներ կան: Այստեղ դասավանդում են հանրապետության լավագույն արվեստագետները, սա ապահովում է անհրաժեշտ գիտելիքների փոխանցումն ուսանողներին: ՈՒնենք նաև տեխնիկական որոշակի բազա: Երեք տարի առաջ Համաշխարհային բանկի ֆինանսավորումով տեխնիկա ենք ձեռք բերել: Բայց պետք է հասկանալ, որ տեխնիկան արագ հնանում է: Հնանում է ոչ միայն ամորտիզացիոն առումով, այլև ժամանակակից պահանջներին և հնարավորություններին համապատասխանելու: Տեխնիկան պետք է անընդհատ նորացվի, իսկ դա թանկ հաճույք է: Մշտապես փորձեր արվում են այդ ուղղությամբ, գործի են դրվում բոլոր հնարավոր կապերը թե Հայաստանում, թե արտասահմանում, ներգրավում ենք տարբեր հովանավորների։ Սերտ կապեր ունենք, օրինակ, Լեհաստանում՝ Լոձի դպրոցի հետ: Նրանց ունեցած տեխնիկական հնարավորությունները տեսնելով՝ մտածում ես` դա մեր ո՞ր ժամանակների ապագան է՝ վաղվա՞, վաղը չէ մյուս օրվա՞... Համեմատելու եզրեր չկան: Բայց այնտեղ ուսման վճարներն են շատ բարձր, ինչը և թույլ է տալիս տեխնիկապես լավ զինել դպրոցը:
-Մեր հանրության սոցիալական վիճակի պայմաններում այստեղ էլ վճարները ցածր չեն:
-Այո, մեր չափանիշներով դրանք բարձր վճարներ են, բայց դրանք չեն ծածկում անհրաժեշտ ծախսերը և չեն տալիս բարձրորակ տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն: Բայց և այնպես վերջնական արդյունքին հասնելու համար շատ կարևոր են կրթության բովանդակությունը, դասավանդվող առարկաների ճիշտ ընտրությունը, դասավանդման մեթոդները: Մենք հինգ տարի առաջ նույնացրել ենք ուսումնական պլանները կինոարվեստ մասնագիտության շրջանակներում: Դա հնարավոր է դարձնում ուսանողների ներֆակուլտետային տեղաշարժերը: Շատ անգամ դիմորդը իրեն տեսնում է խաղարկային կինոյի ժանրում, բայց ուսանելու ընթացքում հասկանում է, որ իրեն ավելի հետաքրքիր է զբաղվել վավերագրական կինոյով, կամ՝ հակառակը: Գործող ճկուն ուսումնական պլանները թույլ են տալիս, որ նա մասնագիտական մի ճյուղից տեղափոխվի մյուսը: Դա, կարծում եմ, մեր նվաճումներից մեկն է: Մեզ համար ձեռքբերում է, որ մեր ուսանողների ֆիլմերը ցուցադրվում են հայաստանյան և միջազգային տարբեր փառատոներում: Սա նշանակում է, որ մենք մրցունակ ենք: Ոչ միայն մասնակցում են, այլև մրցանակներ են ստանում: Այդ ուսանողները հետո ավարտում են բուհն ու մտնում մեծ կինո: Այս տարի հանրապետության նախագահի երեք մրցանակ ունեցանք արվեստի ոլորտում, որոնք բոլորն էլ հանձնվեցին մեր շրջանավարտներին կինոյի ոլորտում: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պիտի կանգ առնենք ու մտածենք, թե ամեն բան արդեն նվաճված է: Պիտի մշտապես ձգտենք ավելի լավին, ավելի բարձրին: Սակայն փաստ է, որ մենք ունենք որոշակի ներուժ, որը կարող է ներկայացնել մեզ և պարզերես անել համապատասխան հարթակներում:

-Որպես ՀՀ քաղաքացի և որպես կինոյի ոլորտի ներկայացուցիչ՝ ի՞նչ եք ակնկալում մեր երկրի նոր կառավարությունից: Ի՞նչ պիտի անեն նրանք, որպեսզի ճիշտ հունով ընթանան կրթությունը և հետագայում մասնագիտական գործունեությունը կինոյի, թատրոնի ասպարեզներում:
-Պիտի ասեմ, որ առաջին քայլն արդեն արվել է. մեր ինստիտուտին տրամադրվել է 11 մլն հավելյալ գումար՝ զարգացման ծրագրերի համար: Դա շատ հաճելի փաստ է: Արվեստի բուհը նույնիսկ իր արտաքին հարդարանքով պետք է տարբերվի այլ հաստատություններից: Արվեստի բուհ մտնողը պիտի հասկանա, որ ինքն արվեստի միջավայր է մտել: Մեզ մոտ այդ բացը կա: Կարծում եմ՝ հատկացված գումարը կօգնի մեզ այդ հարցում, որովհետև ուսանողները պիտի սովորեն այնպիսի միջավայրում, որտեղ պատերն անգամ կկարողանան ստեղծագործաբար տրամադրել և կրթել նրանց: Կեցության տարածքը շատ մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա: Որևէ տեղ մտնելիս հասկանում ես, թե ինչ ճաշակ է այնտեղ տիրում, ինչքանով այն կարող է նպաստել մարդու ձևավորմանը, կայացմանը, գեղագիտական դրևորումներին: Տարածքը ներկայացնում, բնորոշում է իր տիրոջն ու այնտեղ գտնվողներին: Մեր բուհի որոշ հատվածներ այս իմաստով դեռևս չեն գոհացնում: Բայց ես արդեն տեսնում եմ հուսադրող քայլեր այդ ուղղությամբ: Կարծում եմ` որ կինոյի և կրթության օրենքները պետք է ընդունվեն ու նպաստեն արդյունավետ աշխատանքին: Երբ քննարկվում էր կինոյի օրենքը, մենք առաջարկեցինք պայմաններ ստեղծել, որպեսզի կապ հաստատվի բուհի և ապագա գործատուի միջև: Մենք պիտի կարողանանք հասկանալ, թե ինչպես են վաղը մեր ուսանողները տեղավորվելու աշխատաշուկայում: Մենք պատրաստում ենք մասնագետներ, բայց պիտի հետաքրքրվենք նաև, թե հետագայում ինչպիսի կյանքով են նրանք ապրելու: Նաև ցանկանում ենք, որ այսօր արտադրված և հաջողություններ գրանցած ֆիլմերի հասույթից որոշակի գումար փոխանցվի բուհին՝ տեխնիկա ձեռք բերելու և ապագա մասնագետներին պատրաստելու հարցում օգտակար լինելու նպատակով:
-Այսինքն՝ հետադարձ կա՞պ եք ցանկանում ձևավորել բուհի և շրջանավարտների միջև:
-Այո: Այս նպատակին է միտված նաև մեր նորանշանակ ռեկտոր Լիլիթ Արզումանյանի առաջարկը՝ ստեղծել շրջանավարտների ակումբ: Արտասահմանյան շատ երկրներում բուհերն ունեն այդպիսի ակումբներ, դա Բոլոնիայի գործընթացի բաղադրիչներից է: Մեր բուհում կա նաև պրակտիկայի հետ կապված խնդիր: Մեր ուսանողները տեսական գիտելիքներ ստանում են, բայց պրակտիկան ոչ պակաս կարևոր է: Ինստիտուտում ունենք տաղավարներ, որոնցում ուսանողներն իրականացնում են պրակտիկ գործունեություն: Բայց դա բավարար չէ, ուսանողները պետք է դուրս գան, ունենան նաև հնարավորություն աշխատելու ստեղծագործական խմբերում: Մեզ մոտ կինոարտադրությունը կանոնակարգված չէ, այն առանձին անհատների նախաձեռնությամբ է պայմանավորված: ՈՒստի և լինում են դժվարություններ այս հարցում: Կարծում եմ՝ կինոյի օրենքը նաև դա կհամակարգի, այդ հարցն էլ կլուծվի առաջիկայում: Իհարկե, մեզ մոտ դասավանդում են այնպիսի ռեժիսորներ, որոնք ստեղծագործական աշխատանքի մեջ են և ապահովում են իրենց ուսանողների մասնակցությունը ստեղծագործական պրոցեսին: Բայց դա պետք է լինի համակարգված: Ստեղծագործական պրոցեսը համագործակցություն է ենթադրում, տարբեր մասնագիտության տեր մարդիկ պիտի կարողանան միասին աշխատել: Եվ հենց ուսանողության տարիներից նրանք ձեռք են բերում այդ հմտությունները. ռեժսորները, սցենարիստները, օպերատորները, դերասանները դեռ ուսանողական նստարանից սովորում են միասին աշխատել, ինչը կարևորագույն նախապայման է: Դա բավական բարդ պրոցես է, միշտ չէ, որ հաջողվում է, բայց պետք է լրջորեն աշխատել այս ուղղությամբ:

-Կինոյի հետ առնչությունը Ձեր կյանքում դատարկ տեղից չի սկսվել, Դուք այն «ժառանգել» եք Ձեր հորից՝ Յուրի Երզնկյանից: Եվ երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին բացվեց նրա աստղը Շառլ Ազնավուրի հրապարակում, Ձեր աչքերում արցունքներ հայտնվեցին, դա ոչ միայն իրադարձություն էր հայ կինոյի տարեգրության մեջ, այլև խիստ անձնական, մարդկային ուրախություն Ձեզ համար: Ի՞նչ եք զգում, երբ ամեն անգամ անցնում եք այդ տարածքով և տեսնում Յուրի Երզնկյանի աստղը:

-Ճիշտ եք նկատել: Ամեն անգամ որևէ կերպ հայրիկիս հիշատակին առնչվելիս մեծ հուզմունք եմ ապրում: Երևանի սրտում Յուրի Երզնկյանի աստղը բացելը շատ կարևոր էր, դա նշանակում է, որ նրան հիշում, գնահատում են: Նա լավ դպրոց է ունեցել, տվել տաղանդավոր շրջանավարտներ՝ Հարություն Խաչատրյան, Նարինե Մալյան, Արմեն Ամիրյան, ուրիշներ: Նա է փաստորեն մանկավարժական ինստիտուտի կինոֆակուլտետը հիմնադրել: ՈՒրախալի է, որ աստղը կա: Հաճախ եմ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեսնում մարդկանց, որ մոտենում են աստղերին, կարդում անունները: Եվ եթե անգամ որևէ մեկին չեն ճանաչում, այդ աստղերը մղում են, որ գնան ուսումնասիրեն, կարդան, իմանան, թե ում աստղն է տեղադրված հրապարակում: Հիմա հայկական ֆիլմերը հաճախ են ցուցադրվում, դրանց թվում նաև՝ հայրիկիս ֆիլմերը, և հայ հանդիսատեսն ունի դրանք ճանաչելու կամ վերհիշելու հնարավորություն: Ես հպարտ եմ, որ նրա դուստրն եմ, որ հենց այդ ընտանիքում, այդ միջավայրում եմ ծնվել: Այն, ինչ ես ինձնից ներկայացնում եմ այսօր, իսկապես գալիս է իմ ընտանիքից, իմ մանկությունից: Հայրս միշտ ամեն ինչ հասցնում էր: Երբ նա արդեն ֆիլմ չէր նկարահանում, գրում էր, ուսանողներ պատրաստում: Շատ ակտիվ տեսակ էր, և դա փոխանցվել է ինձ, կարծում եմ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ