ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Համալսարանի հետ հնարավոր չէ խաղեր տալ

Համալսարանի հետ հնարավոր չէ խաղեր տալ
28.02.2019 | 19:20

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել է ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, Արամ Սիմոնյանն անդրադարձել է համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա ընդունել է, որ հարցը պետք է հանգուցալուծվի, բայց հիշեցրել է` չի կարելի բռնությամբ հանգուցալուծել: Հարցը նրա պաշտոնանկությունն է, որ պահանջում է Կրթության և գիտության նախարարը` հայտարարելով, որ ՊՎԾ-ն ու ոստիկանությունը չարաշահումներ են հայտնաբերել բուհում: Տրամաբանորեն` նախ պիտի հաստատվեին չարաշահումների փաստերը, եթե հաստատվեին, լիներ դատարանի որոշում, բայց հետհեղափոխական Հայաստանում փաստացի սկսել է գործել անցումային արդարադատությունը` չկա անմեղության կանխավարկած, կա մեղավորության կանխավարկած: Ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում` բուհերին: Օրվա լրահոսում տասնյակ լուրեր են պտտվում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների ու առերևույթ հանցանքների մասին, կարծես մրցավազք է սկսվել` ո՞վ է ավելի մեղավոր, ո՞վ ավելի շատ կմեղադրի: Եվ այդօրինակ լուրերը սկսել են բացարձակ մրցակցել բարձրաստիճան պաշտոնյաների անհասկանալի ու անպատասխանատու որոշումների հետ, օրինակ` օպերայի շրջակայքի սրճարանները քանդելու, ԶԼՄ-ներին իրենց զբաղեցրած տարածքները 5 օրում ազատելու, կրթության և գիտության նախարարության նախկին շենքի ֆասադը քանդելու… Երևանի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնանկության պատմություն չպետք է լիներ, առավելևս ՊՎԾ-ի պետի ու ԿԳ նախարարի հայտարարությունները, ֆեյսբուքյան գրառումները միայն սրում էին մթնոլորտը ու ստեղծում դիմադրություն մի գործընթացի, որ բնականոն պետք է լիներ` ռեկտորի պաշտոնավարման ժամկետի ավարտին ու առանց քաղաքական աստառի:


«Հավաստիացնում եմ, այս աթոռին ես նստած եմ շուրջ 12 տարի, և ինձ համար սա շատ ծանր, հոգնատանջ, բայց միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանք է: Ես արել եմ իմ ուժերի չափով այն, ինչ օգուտ է համալսարանին»,- ասել է այսօր ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա պնդում է, որ ԵՊՀ-ն երբևէ ֆինանսական այնպիսի կայունություն չի ունեցել, ինչպես հիմա, և համալսարանի հետընթացի և ճահճացման խոսակցություններն անհիմն են: «Մենք արդեն 6 տարի առաջ կանխատեսում էինք, որ կգան ծանր ժամանակներ, երբ արտագաղթի հետևանքով և այլ պատճառներով կպակասի ուսանողների թիվը: Մենք այն ժամանակվանից կուտակում էինք գումարներ բանկերում, որպեսզի այսօր կարողանանք մեր հաշվին ապահովել Երևանի պետական համալսարանի կայունությունը: Տարեվերջին մեր բյուջեն եղել է դեֆիցիտային՝ 750 միլիոն դրամից ավելի: Այսօր այդ դեֆիցիտից մնացել է ընդամենը 80 միլիոնը: Սա՞ է վատ կառավարման արդյունք»` հակադարձել է ռեկտորն իրեն ներկայացված մեղադրանքները:


Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում պետք է որոշվեր ռեկտորի պաշտոնանկության հարցը, բայց օրակարգը չընդունվեց` հաստատմանը կողմ էին խորհրդի 15, դեմ՝ 10 անդամներ: Օրակարգը չհաստատվեց, բայց նիստը տեղի ունեցավ: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, որ այսօր նկատվում են որոշ խմբեր, որոնք համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին. «Ցավոք, արդեն երևում են առաջին նշանները, որ տարբեր շահեր հետապնդող խմբեր փորձում են և փորձելու են օգտագործել համալսարանի շուրջ եղած իրավիճակը, համալսարանի շահերի հետ ոչ մի աղերս չունեցող նպատակների համար։ Համոզված եմ, որ իրավիճակը հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր միայն ու միայն ավելի բարդանալու է և կարող է ինչ-որ պահից անցնել դարձելիության կետը», - ասաց Գևորգ Մուրադյանը։


Հասարակությունը բևեռացված է, և դա հասել է նաև համալսարան: Իսկ համալսարանն ազգային արժեք է, որին չի կարելի վնասել: Սա էր իրավաբան Արթուր Վաղարշյանի ելույթի էությունը: «Ամեն ինչ պետք է արվի օրենքով»,- ասաց նա՝ նշելով, որ նիստի օրակարգի պատճառների մասին վերլուծության մեջ եղած փաստարկները իրավական առումով խոցելի են` ԵՊՀ-ի գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով: «Հիմնադրամների մասին» օրենքն այլ տրամաբանությամբ ինչ-որ կապիտալ ունեցող ընկերությունների համար է ստեղծված, համալսարանի կառավարման համակարգը որևէ կապ չունի հիմնադրամների հետ, կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքներով, ուստի պետք չէ ղեկավարվել «Հիմնադրամների մասին» օրենքով: Իրավական եզրակացությունն է, որ խնդրի լուծման հիմք պետք է լինի ոչ թե «Հիմնադրամների մասին» օրենքը, այլ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքները: ԵՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը հիշեցրեց` «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքներում ոչ մի խոսք չկա ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, կա միայն «Հիմնադրամների մասին» օրենքում: Նա հիմնավոր չհամարեց օրակարգում այդ ձևակերպմամբ հարց քննարկելը: «Մենք ռեկտորին մեղադրում ենք նրա մեջ, որ ճահիճ պետության մեջ համալսարանը չի բարգավաճում»,- ասաց նա:


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` լավ էր, որ քննարկում եղավ, ժամանակին ԵՊՀ-ում շատերը կաշկանդված էին, Սերժ Սարգսյանի ներկայությամբ նման քննարկումներ չէին կարող լինել: Նա ընդունեց, որ թեմայի վերաբերյալ անհարկի քաղաքականացում եղավ: «Երբ մարդիկ գալիս, այստեղ ակցիաներ են անում ի շահ համալսարանի, ի շահ ռեկտորի չէին: Դրանք վնասում էին համալսարանին և ռեկտորին»,- ասաց նա՝ նկատելով, որ ստեղծված իրավիճակը զոհ է նախորդ ռեժիմին: «Այս քննարկումը որ եղավ, կարևոր էր, այն ճահիճը, որ ստեղծվել էր, տեղից շարժվեց»,- ասաց նա:
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը ԵՊՀ-ին ուզում է տեսնել ինքնավար համալսարան, երբ քաղաքական ազդեցություններ նրա վրա չկան։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համարել հարցը փակվա՞ծ: Իհարկե` ոչ: Նոր Հայաստանում ամեն ինչ նոր պիտի լինի` նաև ԵՊՀ ռեկտորը: Ընտրովի պաշտոնյան պարտավոր է հեռանալ, եթե նախարարը չի ուզում նրա հետ աշխատել: Ուստի պետք է քրեական գործեր հարուցել ու պարտադրել կամավոր հրաժարական: Ոչ ոչ չի ասում, որ ԵՊՀ-ն իդեալական է կառավարվել ու Արամ Սիմոնյանն իդեալական ռեկտոր է, բայց չի կարելի անօրինական քայլերով ռեկտոր հեռացնել: Միով բանիվ` պատճառները շատ են, բայց կարճ բնութագրվում են «նախորդ հանցավոր ռեժիմի» փոփոխություն և վերածվում են «թավշե նորերի» անհատական հաղթանակների: Իսկ դիմադրությունը ստանում է նաև տհաճ ձևեր` օրինակ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը և մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների նիստը վարողների սեղանին ու ասաց. «Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրամին, ձեզ չպահեք»։ Նիստից առաջ էլ նա ասել էր, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջը պայմանավորված է Աննա Հակոբյանի հիմնադրամին ԵՊՀ-ից գումար չփոխանցելով. «ԵՊՀ-ն ոչ մի կոպեկ չի փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին: Չեմ հասկանում՝ էս ի՞նչ քձիբություն ա Արամ Սիմոնյանի կողմից: Հիմա ընկերներով հավաքվում ենք, արկղ կդնենք այստեղ, թող մարդիկ 10-20 դրամներով իրենց կոպեկները դնեն, տանենք, տանք Աննա Հակոբյանին ու թող մարդիկ պրծնեն էս պատմությունից, ԵՊՀ-ն փրկենք: Եթե կան մարդիկ, ովքեր 10-20 դրամ կոպեկ ունեն տանը ավելորդ կամ նույնիսկ ոչ ավելորդ, թող բերեն գցեն արկղի մեջ, որովեհետև եթե Պուշկինի դպրոցը 400 հազար ա տվել հիմնադրամին, ԵՊՀ մարժան հիմնադրամում 4 մլն առնվազն պիտի լինի, այսինքն՝ այնքան, ինչքան մեղադրանքի հիմքում է ներկայացված»:


Եվ չի բացառվում, որ Նարեկ Մալյանը ճիշտ է: Ինչպես ճիշտ է, որ բուհերի ռեկտորներն ընտրվում են որոշակի ժամկետով: Արամ Սիմոնյանի ժամկետն ավարտվում է 1 տարի հետո ու նրա լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար տարատեսակ մեղադրանքներ ներկայացնելը վերածվում է ռեկտորի դեմ քաղաքական պայքարի և այդ պայքարում է ներգրավում ամբողջ համալսարանը, որ, չմոռանանք, կրթական հաստատություն է:
Այսօր համալսարանը դիմադրեց ԿԳ նախարարին, բայց ոչ մի երաշխիք, որ նա մեկ տարի կհետաձգի իր հեղափոխական ծրագրերը: Ու դա արդեն Արամ Սիմոնյանի հարցը չէ, որ այլ պայմաններում գուցե ժամկետից առաջ էլ կամավոր հրաժարական տար, դա դառնում է «հների» ու «նորերի» անիմաստ դիմակայություն միայն այն պատճառով, որ ոմանք «հին» են, ոմանք` նոր: Բայց այդ դեպքում ի՞նչ անել ժողովրդի հետ, որ ծնվել է ոչ միայն հեղափոխությունից առաջ, այլև նույնիսկ անցյալ դարում ու անցյալ հազարամյակում ու… 2018-ի ապրիլ-մայիսին չի քայլել:

Դիտվել է՝ 3431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ