Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մոռացված ժառանգությունը» արդիականացրել են հայ և ֆրանսիացի ուսանողները

«Մոռացված ժառանգությունը» արդիականացրել են հայ և ֆրանսիացի ուսանողները
01.03.2019 | 04:13

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ֆրանսիայի Կլերմոն Ֆեռանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի համագործակցության շրջանակում արդեն 16 տարի անցկացվում են փոխադարձ այցեր ու կատարվում են համատեղ նախագծեր:

Այս տարի փետրվարի 1-9-ին Կլերմոն Ֆեռանում անցկացվել է ամենամյա ուսանողական նախագծային 27-րդ շաբաթը, որին մասնակցել են նաև ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և նույն ամբիոնի դասախոս ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ:
Աշխատանքային շաբաթվա նախագծի թեման «Մոռացված ժառանգությունն» էր, որի շրջանակում ուսանողներից պահանջվել է ճարտարապետական ժառանգության տարածքի վերականգնում ու արդիականացում:


«Կլերմոն Ֆեռանի դպրոցի և մեր համալսարանի ուսանողները, չորս խումբ կազմած, նույն թեմայի շուրջ ներկայացրել են տարածքի վերաօգտագործման տարբեր նախագծեր: Փորձել են պահպանելով գոյություն ունեցողը՝ նոր շունչ ու բովանդակություն տալ այդ վայրին»,- ասաց Արև Սամուելյանը:
«Մոռացված ժառանգություն» թեմայի շուրջ հաջորդ հանդիպումը լինելու է 2019-ի ապրիլին Հայաստանում: Մասնակցելու են ուսանողներ Կլերմոն Ֆեռանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի, նաև Իսպանիայի Կորունյայի համալսարանից: Հանդիպման վայրը, որտեղ իրականացվելու է նախագիծը, առայժմ չենք բացահայտում:
Հետաքրքրվեցի՝ նախագծման ընթացքում ուսանողներն ի՞նչ լեզվով են հաղորդակցում: «Մեր ոչ բոլոր ուսանողներն են ֆրանսախոս, բնականաբար նրանք էլ հայերեն, ռուսերեն չգիտեն: Աշխատանքային լեզուն անգլերենն է, բայց հիմնական հաղորդակցման միջոցը մատիտն է ու գծագրությունը»,- եղավ պատասխանը:


Արև Սամուելյանի կարծիքով` ծրագիրը որոշիչ դեր կարող է ունենալ ուսանողների մասնագիտական ուղղվածության հարցում:
Մեր «Ինչո՞վ են առանձնանում՝ հայ և ֆրանսիացի ապագա ճարտարապետները» հարցին ի պատասխան նա ասաց, որ իրենց սաների մոտ ավելի ցայտուն են ձեռքի շնորհքն ու գեղարվեստական մատուցումը, ֆրանսիական կողմի մոտ՝ ճարտարապետության փիլիսոփայության տեսական մատուցումը. «Բացի այդ, ֆրանսիական կողմն ավելի երկար է վերլուծությունների վրա ժամանակ ծախսում, մերոնք միանգամից սկսում են էսքիզներ անել: Համատեղ աշխատանքը կարծես լավ արդյունք է տալիս»:


Էմմա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է տալիս ծրագիրը երկուստեք: «Առաջին հերթին ուսանողները հնարավորություն են ունենում շփվելու իրենց եվրոպացի գործընկերների հետ, համեմատելու ուրիշ դպրոցների ուսումնական գործընթացը, կրթական համակարգը, մեթոդաբանությունը, հասկանում են եվրոպական կրթության և դրական, և բացասական կողմերը: Նրանք էլ իրենց հերթին ճանաչում են Հայաստանը»,- ասաց ճարտարապետության ամբիոնի վարիչը, նշեց նաև, որ փոխայցերի ժամանակ մեր ուսանողները ապրում են ֆրանսիացի ուսանողների, նրանք էլ՝ մեր ուսանողների ընտանիքներում: Ըստ նրա՝ սա շատ կարևոր ձևաչափ է. հնարավորություն է տալիս հայկական ընտանիքը, կենցաղը, նիստուկացը, մշակույթը ճանաչելու ներսից, սեփական աչքերով: Շատ հաճախ էլ հայ ուսանողները օտարերկյա գործընկերների հետ կապերը պահպանում են, հնարավորություն են ունենում հետագայում համատեղ աշխատանքներ, ծրագրեր իրականացնելու:


«Մտավախություն չունե՞ք, որ մեր երեխաները կընտրեն «երկիրը թողնելու» ճանապարհը: Մանավանդ կա տարածված կարծիք, որ մեր երկրում հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն»,- այս հարցերին ի պատասխան Էմմա Հարությունյանն ասաց, որ ճիշտ հակառակն է. ունենալով համեմատելու հնարավորություն, նրանք հասկանում են, որ ապրում են շատ լավ երկրում, սովորում են շատ լավ բուհում և իրենց ստացած կրթությունը ոչնչով չի զիջում այն կրթությանը, որ տալիս են Եվրոպայում. «Չեմ նկատել, որ գնալու ցանկություն ունենան: Ինձ թվում է, այս ծրագիրը ամրացնում է հայրենասիրությունը, ավելի են գնահատում այն, ինչ ունեն»:


Ինչ վերաբերում է ծրագրին մասնակից ուսանողների ընտրությանը, մեր զրուցակիցն ասաց, որ սկզբնական շրջանում ֆրանսիական կողմն աջակցել է մեր ուսանողներին: Վերջին տարիներին չունենք ֆինանսավորում, ընտրությունը կատարում ենք այն ուսանողների միջև, ովքեր հնարավորություն ունեն իրենց ճանապարհածախսը հոգալու: «Շատ լավ ուսանողներ են, բայց եթե աջակցություն լիներ, ընտրություն կատարելու ավելի մեծ հնարավորություն կունենայինք, թեև մեր երկու բուհերի ղեկավարությունն էլ հնարավորինս անում է ամեն ինչ համագործակցության շարունակականությունն ապահովելու համար: Մեր վերջին այցի ժամանակ զրուցել ենք Ֆրանսիական կողմի միջազգային կապերի պատասխանատուների հետ: Փորձում ենք աջակիցներ գտնել, որ ուսանողների ճանապարհածախսի հոգսը չմնա ընտանիքների վրա: Ճարտարապետական կրթությունն առանց այն էլ թանկ կրթություն է»:
Հետաքրքրվեցի` ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ճարտարապետը:


«Ճարտարապետությունն արվեստի և ճշգրիտ գիտությունների միահյուսում է, ինչը ենթադրում է, որ պետք է տեղեկացված լինես ամենատարբեր ոլորտներից: Ճարտարապետ բառն իր ստուգաբանությամբ նշանակում է ճարտարների հմտությունների ղեկավար, այսինքն, շատ հմտությունների պետք է տիրապետես ղեկավարելու համար»,- ասաց Էմմա Հարությունյանը, անդրադառնալով նաև մեր «Ի՞նչպես է վերաբերվում նոր սերունդը քանդվող, պատմական դեմքը կորցնող հուշարձանների խնդրին» հարցին. «Ծրագրի շրջանակում դասերից դուրս ուրիշ հարթության մեջ են շփվում, քննարկում ենք նաև հուշարձանների պահպանության հարցերը: Մեր համատեղ աշխատանքը նաև հուշարձանների պահպանությանն ու նոր կյանք տալուն է վերաբերում: Որովհետև պահպանությունը տարբեր ձևեր ունի թե մեզ մոտ, թե Եվրոպայում: Մեր ուսանողները տեսնում են, թե ինչպես է եվրոպացին վերաբերվում իր 13-րդ, 17-րդ դարերի հուշարձաններին, իսկ մեզանում, ցավոք, նույն վերաբերմունքին չեն արժանանում հազարամյակների պատմություն ունեցող հուշարձանները: Կարծում եմ՝ այս ծրագիրը նաև պատմամշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունք է դաստիարակում»:


ՌՈՒԶԱՆՆԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ծրագրի մասնակից ուսանողներից ամենակրտսերն է: «Իրատեսին» նա պատմեց, թե ինչու որոշեցին ուսումնասիրվող տարածքին ձիարշավարանի բովանդակություն տալ, նշեց, որ բավական երկար են մտածել թեմայի մասին: Սկզբում ուսումնասիրել են ռազմական բազան, փորձել որոշ պատմական նյութեր գտնել: Որոնումների արդյունքում գտել են մի հին նամականիշ, որի վրա իրենց նախագծի տարածքն էր՝ իր վեց միատիպ կառույցներով ու հեծյալներով: «Հետաքրքիր միտք ծագեց` ձիերն այս տարածքի մոռացված հիշողությունն են: Որոշեցինք օգտագործել գաղափարն ու շարժվել այդ սիմվոլի հետևից: Չմոռացանք նաև Կլերմոնի մյուս մոռացված հուշը՝ գյուղատնտեսությունը: Մեր նախագծով բացեցինք այս պարփակ ու խստաշունչ տարածքը բնության առջև:

Վերադարձանք դեպի բնություն»,- այսպես բնորոշեց իրենց աշխատանքը Ռուզաննան, հավելով, որ բազայի տարածքն անհասանելի էր, շենքերին մոտենալ չէին կարող, բայց կար մի բան, որ հեռվից էլ նկատելի էր:- Առանձնահատկությունը տարածքի ոգին էր: Զուսպ ճարտարապետությամբ վեց միատիպ շենքեր էին: Ռազմական շունչն ամենուր էր: Հստակություն ու խստություն կար և՛ hատակագծում, և՛ արտաքին հորինվածքում: Նախագծման ընթացքում փորձել ենք պահել հստակությունն ու սիմետրիան, բայց կոտրել ենք խստությունը որոշ նոր ծավալների միջոցով»: Դժվարությունը, որին բախվել են իրենց աշխատանքը նախագծելիս, տարածքի անհասանելիությունն էր: Ասում է՝ ավելի պատկերավոր կլիներ ամեն ինչ, եթե տարածքը բաց լիներ, ծավալներն ու հեռանկարներն ավելի լավ կընկալեին: Դժվարություններից մեկն էլ բազմակարծությունն է եղել, սակայն հեշտությամբ հաղթահարել են ու հաջողությամբ կատարել իրենց առաջին խմբային աշխատանքը: «Քանի որ բոլորիս նպատակը մեկն էր՝ լավ նախագիծը»,- ընդգծեց երիտասարդ ճարտարապետը:


ԱՐՓԻՆԵ ՅՈԼՅԱՆԸ պատմեց ֆրանսիացի ուսանողների հետ համատեղ աշխատանքային շաբաթի բարդ ու հետաքրքիր կողմերի մասին, մասնավորապես նշելով, որ հետաքրքիր էին ֆրանսիական կողմի աշխատելաոճին ծանոթանալն ու փորձառու ճարտարապետների խորհուրդները լսելը: «Չնայած որոշ դժվարություններին՝ այս աշխատանքային ուղևորությունը մեծ փորձ էր մեզ համար,- ընդգծեց երիտասարդ ճարտարապետը, անդրադառնալով նաև հուշարձանների պահպանության խնդրին:- Հուշարձանները, որպես պատմական «հիշողություններ», բավարար հոգածության չեն արժանանում մեր երկրում: Կարծում եմ՝ հուշարձանների վերաօգտագործումը բավականին լավ տարբերակ է թե՛ դրանց պահպանման, թե՛ հասարակությանը ավելի հասանելի դարձնելու համար»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ