Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նյութականը կարող է մի օր կոտրվել, իսկ հոգևորը մնայուն է, հավերժ, դա հայկական հյուրասիրությունն է»

«Նյութականը կարող է մի օր կոտրվել, իսկ հոգևորը մնայուն է, հավերժ, դա հայկական հյուրասիրությունն է»
29.03.2019 | 00:55

Ժամանակակից ճարտարապետական կառույցներն անհնար է պատկերացնել առանց կանաչապատ տարածքների, որոնք ամբողջական են և ներդաշնակ, երբ գեղարվեստորեն և ճաշակով են զուգակցում միմյանց հետ: Դեկորատիվ պարտեզագործության պրակտիկայում ընդունված է կենսաբանական առանձնահատկությունների և դեկորատիվ նշանակության հետ զուգընթաց հաշվի առնել նաև դրանց գույների ընտրության, զուգակցման և տեղադրման հարցը, որը կարևոր նշանակություն ունի կոմպոզիցիայի զանազան էլեմենտների ձևավորման գործում: Ճարտարապետության մեջ այն կոչվում է լանդշաֆտային ճարտարապետություն:
Ազգությամբ չինուհի ՎԻՆԳ ՅԱՆ ՀՈՆԻՆ և հնդիկ ԱՍԻՖ ԱԼԻ ՌԻԱԶԱԴԻՆԻՆ հանդիպեցի Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում կառուցված «ՈՒսուցման կանաչ կենտրոնում»: Նրանք Գերմանիայի կիրառական գիտությունների Անհալթի համալսարանի դասախոսական և ուսանողական խմբի հետ առաջին անգամ Հայաստան են ժամանել «Կանաչ արահետ» ՀԿ-ի հրավերով, երկուսն էլ մասնագիտանում են լանդշաֆտային ճարտարապետության ուղղությանբ:

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿՅԱՆՔՍ ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ԴԱՐՁՆԵԼ»


Վինգ Յան Հոնին իր միջավայրում Ռիյան են կոչում, կատակով ասում է, որ իր ազգանունը նույնպես հայի ազգանվան նման ավարտվում է յան-ով: Ռիյանը ծնվել է Հոնկոնգ քաղաքում: Դեռ մանկուց սիրել է նկարել, փոքր տարիքից նկատում ու գնահատում էր ամեն ինչի գեղեցիկը, հատկապես, երբ հանդիպում էր գեղեցիկ ու ճաշակով ձևավորված բնակավայրի ու ճարտարապետության ներդաշնակության: Հոնկոնգում ստանալով դիզայն մասնագիտություն Ռիյանը որոշեց ուսումը շարունակել Անհալթի համալսարանում՝ քաղաքաշինության, ճարտարապետական լուծումների, լանդշաֆտային ճարտարապետության և ինտերիերի դիզայնի ուղղությամբ: Հայաստան այցելում է երկրորդ անգամ «ՈՒսուցման կանաչ կենտրոնի» լանդշաֆտային ձևավորման սեփական նախագծի իրականացման նպատակով: Ռիյանը միաժամանակ վերապատրաստվում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում:
-Որքան հաճախ եմ գալիս Հայաստան, այնքան ավելի եմ սիրում ձեր երկիրն ու Երևանը: Այստեղ սրտի ուզածի չափ կարելի է մաքուր ջուր խմել, այն էլ ինչպիսի համեղ ջուր, բացում ես ծորակը և խմում, ինչն անհնար է Հոնկոնգում, քանի որ մեզ մոտ վաճառվում է շշալցված ջուր, դրան ենք սովոր,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է Ռիյանը:
Նրա համոզմամբ Հայաստանն ունի եզակի կենսաբազմազանություն: Այստեղ գոյություն ունեն բույսեր, որ այլ տեղ հնարավոր չէ գտնել, կան գեղեցիկ բնություն ու մաքուր օդ, ինչը երազանք է ցանկացած հոնկոնգցու համար, որտեղ համատարած շենքեր են, որտեղ ամենաբարձր շենքը 101 հարկ ունի:
Հայաստանում քիչ ընկերներ ունի, լեզվական դժվարություններ կան, համալսարանում հայ ուսանողներից ոչ բոլորն են կարողանում հաղորդակցվել անգլերենով, հաղորդակցվում են ժեստերի լեզվով, մեկումեջ հասկացնելով ասելիքը: Իր լավագույն ընկերուհին «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանն է, որից մայրական հոգատարություն ու ջերմություն է ստանում:
Հայերի հյուրասիրության ու մարդամոտ բնավորության մասին Ռիյանը հիացմունքով է խոսում:
-Ի տարբերություն չինացիների ու գերմանացիների հայերը շատ ջերմ ու մարդամոտ են: Այստեղ նկատել եմ միմյանց հանդեպ հարգանք և օգնելու պատրաստակամություն, դա նկատվում է հատկապես տարեցների հանդեպ: Գիտեք, որ ասիական երկրների ժողովուրդների և հատկապես չինացիների ու ճապոնացիների մոտ տարեցների հանդեպ ուշադրությունը ավանդույթ է,- պատմում է Ռիյանը:
Չինուհին հայկական խոհանոցից նախընտրում է լավաշը, ճաշատեսակներին դժվար է հարմարվել, սիրում է խաչապուրին, որը համտեսել է Թբիլիսիում, «թեև Երևանում էլ վատ չեն պատրաստում», հիանում է հայկական գորգերով, վերադարձին որոշել է իր հետ տանել հայերեն այբուբենով որևէ հուշանվեր:

ԵԹԵ ԿԱ ԳԱՂԱՓԱՐ ԵՎ ԿԱՄՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍՏԱՑՎԻ
Ասիֆ Ալի Ռիազադինին ծնվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում, ծնողների միակ զավակն է: Դեռ մանկուց սիրել է հողի հետ աշխատել, ամեն ինչում օգնել է մորը՝ տանը թե պարտեզում: Նա տեղյակ է, որ հայերը Մադրաս և Կալկաթա քաղաքաներում զբաղվել են ոչ միայն արհեստով ու առևտրով, այլև տպագրությամբ: Ասիֆը համոզված է, որ անցյալը երբեմն կրկնվում է, նկատի ունենալով հայերի և հնդիկների երբեմնի բարեկամական հարաբերությունները: Նա աշխատել է ԱՄՆ-ում և Գերմանիայում, սակայն միայն Հայաստանում է զգացել այն ջերմությունը, ինչը կարող են զգալ միայն ծննդավայրում, հարազատ մարդկանց շրջապատում: Թեև շատ է հավանում հայ երիտասարդությանը, գեղեցիկ հայ աղջիկներին, բայց մտադիր չէ ամուսնանալու հայ աղջկա հետ: Ասիֆը թեև շատ երիտասարդ է, սակայն կյանքը դիտարկում է փիլիսոփայի և կայացած գործարարի տեսանկյունից:
-Հայաստանը հիասքանչ երկիր է, թեև փոքր է, սակայն ռեսուրսներով հարուստ է, ու գրագետ կառավարման արդյունքում կարող է հզորանալ: Հայաստանն ու Հնդկաստանը զարգացող երկրներ են ու պետք է առաջնորդվեն երեք սկզբունքով: Նախ, պետք է ընդունել ակտիվ կենսակերպ, առաջնորդվել դրանով, պասսիվությունը կործանարար է, ինքդ պետք է մասնակցություն ունենաս ցանկացած խնդրի լուծման գործում, որպեսզի ճանաչես քեզ, համոզվես քո ուժերում, ձևավորես սեփական կենսափորձ: Սա երկու ազգերի համար պետք է լինի հայեցակարգ: Պետք է պահպանել ազգային արժեքները, չի կարելի փոշիացնել դրանք: Նույնը վերաբերում է բնությանը, յուրաքանչյուրը պետք է մտածի ու պարտավորվի հաջորդ սերնդին եղածը փոխանցելու մասին: Օրինակ, եթե 50 տարեկան ծառը կտրում ես, մտածիր, որ այն դու չես տնկել, ու ոչ միայն պետք է պահպանես այն, դեռ ավելի, մի քանիսն էլ դու պետք է տնկես: Եվ վերջինը, երկրին ու քաղաքացուն հարկավոր է կայուն զարգացում, բոլոր ծրագրերը պետք է պլանավորել հեռատեսորեն, նախագծել ոչ թե երկու-երեք տարվա, այլ տասնամյակների համար, պետք է գիտակցել, որ դու պատասխանատու ես սերունդների համար: Կայուն զարգացումը պետք է ոչ միայն զարգացող երկրներին, այլև ցանկացած մարդու, դա ճգնաժամից դուրս գալու, ճահճում չհայտնվելու և զարգանալու միակ ճանապարհն է,- ասում է հնդիկ երիտասարդը:
Ասիֆը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, իսկ հեռահար նպատակն է դառնալ Հնդկաստանի Հանրապետության նախագահ: Ազգային ուտեստներից բացի սիրում է հայկական թանը, ցանկացած մրգի կոմպոտը, իսկ որպես հուշանվեր նախընտրում է մշակութային, հոգևոր արժեքները: «Նյութականը կարող է մի օր կոտրվել, իսկ հոգևորը մնայուն է, հավերժ, դա հայկական հյուրասիրությունն է, երգն ու երաժշտությունը, հայկական հարուստ պատմամշակութային արժեքների հիշողությունը»:
Ահա այսպիսի բաներ:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ