Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
07.05.2019 | 03:20

(Նախորդ մասը)

Իհարկե, մեր իշխանությունները, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, կարող էին պահանջել, տեր կանգնել հայկական գյուտերին ու հայտնագործություններին, գիտական այդ հարուստ ժառանգությանը, որոնք անգնահատելի արժեք են, բայց, ինչ արած, այդպիսին են եղել մեր իշխանությունները, գերադասել են զբաղվել թալանով, հիմա էլ քաղաքացու տոն են նշում, երկրի հաշվին անուշ-անուշ խորոված են ուտում, թող ուտեն, դրա իրավունքը ձեռք են բերել՝ հասնելով իրենց երջանկության գագաթնակետին:


Իմ կարծիքով, մեր ժամանակների հայ մարդու «ամենադուխով» օրը մեռելոցն է, որը, չգիտես ինչու, հանվել է օրացույցից: Դա հարմար առիթ էր՝ բարեկամներով հավաքվելու, մեր անցավորներին ու անցյալը հիշելու, հասկանալու թե ինչ ենք կորցրել ու ինչերով ենք ուրախանում: Քաղաքացու օրն ու հանրային խորովածի բովանդակությունը նման են հանրահայտ «խնջույքին՝ ժանտախտի ժամանակ»: Մարդկանց սրտից արյուն է կաթում. գործ չունեն, հեռանկար չեն տեսնում, երեխաների ապագան է վտանգված։ Իսկ սրանք էլ խաբեցին ու, հիացած, քեֆեր են անում, ժողովրդի հաշվին խորոված են ճաշակում, դրանով ուրախանում, դրանով հպարտանում, իրենց բավարարված են զգում: Ինչ արած, թող ուրախանան, սրա վերջն էլ կգա, կատվի վազքը մինչև մարագն է... պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Մարդկանց օգտակար երևալու խաբկանքը մեր իշխանավորները, հնարավոր է, Ստալինից են ընդօրինակել: Ժամանակ առ ժամանակ այդ բռնակալն էլ էր փորձում մարդկանց ուրախացնել՝ տրանսպորտային ծառայություններ մատուցելով: Օրվա պիկ ժամերին նրա կառավարական մեքենան կարող էր կանգ առնել Մոսկվայի մարդաշատ կանգառներից մեկի մոտ, ու վախից քարացած քաղաքացիներին առաջարկվեր.
-Ընկեր Ստալինը Ձեզ հրավիրում է իր մեքենայով տուն տանել:


Հարգելի ընկեր Փաշինյան, խնդրում եմ վերջ տվեք Ձեր իշխանական կատակներին, դրանք այդքան էլ ծիծաղաշարժ չեն, գործ է պետք անել, ռեալ արդյունքներ է պետք ստեղծել, երկրի տնտեսական ապագան ու, ընդհանրապես, հայ ժողովրդի ապագան եք վտանգի տակ դրել: Ճիշտ է, մեկ տարին բավարար չէ՝ էական արդյունքներ ցույց տալու համար, բայց դա լրիվ բավարար է տնտեսության վերականգնման աշխատանքները սկսելու համար, Հայաստանի խելամիտ ինդուստրիալիզացիայի ծրագիր մշակելու ու այն կյանքի կոչելու համար, դա այնքան հեշտ ու հասանելի է մեր մասնագետների համար: Իհարկե, անկախ Հայաստանի ղեկավարների հասցեին կատարած քննադատությունները տեղին են, բայց այնքան էլ ազնիվ ու արդարացի չեն, որովհետև նրանցից անհնարինն է պահանջվում: Իսկապես, ի՞նչ կարող էին անել մեր անկախ հայրենիքի առաջնորդները, որոնք հիմնականում եղել են հումանիտար ոլորտի ներկայացուցիչներ: Նրանք կարող էին հրապարակային ելույթներ ունենալ, հոդվածներ, բանաստեղծություններ, գրքեր գրել, բայց արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից կամ տնտեսությունից գլուխ հանել չէին կարող, դա դժվարին գործ է, որը հասու է միայն պրոֆեսիոնալ մասնագետներին: Այդ հարցերում անտեղյակ անհատները օգտակար լինել չեն կարող, եթե նույնիսկ նրանց, Փաշինյանի հետ միասին, նստեցնենք իշխանական ամենաբարձր աթոռներին կամ տեղավորենք պատվո հարթակի վերին աստիճաններում:


Ինչ մնում է մեր գյուտերին, ապա դրանք էլ բարի բախտի չարժանացան նույնիսկ խորհրդային փառավոր տարիներին: Մեկ տարի տևած համառ աշխատանքից հետո փորձեցինք դրանք, աշխարհում առաջին անգամ, ներդնել կիսահաղորդչային սարքերի արտադրության մեջ՝ փորձելով անմիջական հսկողության տակ պահել տեխնոլոգիական ողջ ցիկլը: Համաձայն մեր մշակած ծրագրերի, մինիստրությունում առաջինը Աբովյանի «Սիրիուս» գործարանի դիոդների արտադրամասում էին ներդրվելու մեր գյուտերը։ Սկզբում նախագծեցինք ու պատրաստեցինք էտալոնային ու աշխատանքային ֆոտոշաբլոնները, չափումների համար հատուկ սարքեր ստեղծեցինք, մի քանի հոգով, մեր հաշվին մի ամբողջական տեխնոլոգիա մշակեցինք՝ հավատալով, որ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հեղափոխություն ենք իրականացնում, մեծամեծ հաջողությունների էինք հասնելու, լուրջ հոնարարների ու մրցանակների էինք արժանանալու, բայց ոչինչ չհաջողվեց չնայած նրան, որ առաջին իսկ փորձերը ցույց տվեցին, որ նշված արտադրամասում որակի կամ ելքի տոկոսի խնդիրներ այլևս չեն լինելու, ամեն ինչ հսկողության տակ է պահվելու, անգամ 100 տարի անց հնարավոր կլինի չափել կիսահաղորդչային բյուրեղի բոլոր հնարավոր տեխնոլոգիական պարամետրերը, որոշել p-n անցումների էլեկտրաֆիզիկական պարամետրերը, մետաղական կոնտակտների ոսկու հաստությունը և այլն, և այլն: Մեր նոր տեխնոլոգիան կիրառելի էր աշխարհում արտադրվող բոլոր տեսակի կիսախաղորդչային էլեմենտների, դիոդների, տրանզիստորների, մեծ ու փոքր ինտեգրացիայի ինտեգրալ սխեմաների պարագայում, լրացուցիչ ծախսեր ու հետազոտական նոր աշխատանքներ չէր պահանջում, հույս ունեինք, որ մեր միջոցով խորհրդային էլեկտրոնիկան թռիչքային զարգացում կապրի, և ԽՍՀՄ-ն դուրս կգա ստեղծված ճգնաժամից, որի մեջ էինք հայտնվել 1970-80-ական թվականներին, երբ արդեն պարզ էր դարձել, որ ռադիոկոմպոնենտների ցածր հուսալիության պատճառով արդեն հնարավոր չէր խելացի էլեկտրոնիկա ստեղծել՝ ներառյալ ռազմական ու կենցաղային էլեկտրոնիկան: Միայն հետագայում հասկացանք այն պատճառները, թե ինչու Աբովյանի «Սիրիուսը» չընդունեց մեր արժեքավոր նորարարությունը, չէ՞ որ իրենց պրոբլեմները լուծվում էին առանց դժվարությունների ու տեխնոլոգիական լրացուցիչ փոփոխությունների: Արտադրամասի վարիչ տիկին Լարիսան մեր նորարարությանը կտրականապես դեմ գնաց, որովհետև գլխավոր տեխնոլոգ, քիմիական գիտությունների թեկնածու Դավիթ Շահապունուց լսել էր, որ դրանից հետո տեխնոլոգիական բոլոր պրոցեսները գտնվելու են խիստ հսկողության տակ, մեկ դար անց մեկ դիոդի տեստերի չափումներով հնարավոր կլինի որոշել ցեխում ծախսված ոսկու քանակը: Սա շատ էր վախեցրել տարիքն առած տիկնոջը, ու նա այնպիսի տղամարդկային հայհոյանքներով մեզ դիմավորեց, որ իմ ու Սաշայի ոգևորությունը տեղում մարեց։
-Արա էստեղից սիկտիր եղեք, էլ ցեխ չմտնեք:
Հետո հանդիպեցինք, միավորման գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանին, նա ավելի կուլտուրական ձևով, առանց հայհոյելու խնդրեց, որ այդ ցեխից հեռու մնանք։
-Լարիսան չի ուզում, նեղանում է:
Տարիներ անց Արտաշատի «Էլեկտրոնստանդարտի» դիագնոստիկայի կենտրոնում մուտքագրվեցին Աբովյանի արտադրության մի քանի դիոդներ, որոնք ուղարկվել էին Կրասնոյարսկի ռազմական գաղտնի գործարանից՝ խափանման տեխնիկական պատճառները պարզելու նպատակով: Եթե պարզվեր, որ ռազմական տեխնիկայի խափանման պատճառը դիոդների գործարանի տեխնոլոգիական կամ կոնստրուկտիվ դեֆեկտներն են եղել, ապա Էդիկ Ալեքսանդրովիչն ու նրա հավատարիմ համակուրսեցի Լարիսան կկանգնեին ռազմական տրիբունալի առաջ, «Սիրիուսն» էլ, անշուշտ կփակվեր:


Դիագնոստիկայի լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանի հետազոտություններն այսպիսի արդյունք տվեցին. ոսկու շերտի հաստությունը, տեխնոլոգիական 8-12 միկրոնի փոխարեն, կազմում է 1,5-2 միկրոն, որը նստեցված է պղնձի հաստ շերտի վրա: Դիոդների բազային տեխնոլոգիայի մեջ պղնձի օգտագործումը բացառված էր: Չհավատացի, դիոդները տարա Լենինգրադ՝ լրացուցիչ չափումներ կատարելու համար, պարզեցինք կոնտակտային ոսկու ճշգրիտ հաստությունը՝ 1,4 միկրոնի չափով: Ասեմ, որ Կրասնոյարսկի խիստ գաղտնի գործարանը այսօր այլևս խիստ գաղտնի գործարան համարել չի կարելի, որովհետև 2019 թվականի ապրիլի 26-ին աշխարհով մեկ բաց հաղորդագրություն տարածվեց առ այն, որ Կրոսնոյարսկի ստրատեգիական հրթիռներ արտադրող գործարանի «շիրպոտրեբի» արտադրամասերից մեկում՝ սառնարանների տեղամասում, հրդեհ է բռնկվել: Դա ճիշտ այն գործարանն է, որի աշխատակցուհին 1984 թվականին Արտաշատ էր բերել Աբովյանի 2Դ-906 դիոդները՝ ստրատեգիական հրթիռի էլեկտրոնային բլոկի խափանման տեխնիկական պատճառները պարզելու նպատակով:
Ի՜նչ ասեմ, փառք ու պատիվ մեր մասնագետներին, որ իրենց արտադրած դիոդները տեղ էին գտել ատոմային ու ջրածնային ռումբեր կրող ստրատեգիական հրթիռների էլեկտրոնային բլոկում, և ամոթ, հազար ամոթ հայկական արդյունաբերության հայտնի ու անհայտ ղեկավարներին, ովքեր ոսկի էին գրպանում նման օբեկտների հաշվին:


Ժամանակին այս դեպքն ինձ խիստ մտահոգությունների առիթ տվեց. ի՞նչ իրավիճակ կստանանք, եթե ատոմային պատերազմ սկսվի: Խորհրդային ռումբերի առնվազն կեսը տեղում, շախտաների մեջ պայթելու է, դրանց մեջ, ամենայն հավանականությամբ, կլինեն նաև Լոռու մարզում տեղադրված ջրածնային ռումբերը, ողջ Հայաստանը հօդս կցնդեր՝ Աստված մի արասցե: Մեծ փորձանքից ենք պրծել, Սպիտակի երկրաշարժի առաջին օրերին դրանք դուրս բերվեցին Հայաստանից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Յազովի անմիջական ղեկավարությամբ: Այստեղից էր գալիս «Սիրիուսի» ղեկավարության մտահոգությունն ու մտավախությունը, թե ինչու մեզ չէր կարելի դիոդների արտադրամաս թողնել, ու՜ր մնաց թե թույլ տրվեր բարձրակարգ տեխնոլոգիական հսկողություն սահմանել, որ իրենցից հետո էլ հնարավոր լիներ որոշել ոսկու շերտի հաստությունը ու պարզել, թե յուրաքանչյուր տարի քանի կիլոգրամ ոսկի է յուրացվել՝ խորհրդային մարդկանց, նաև հայ ժողովրդի անվտանգության հաշվին:
Գողացված ոսկու քանակը մենք հաշվեցինք, տարեկան այն կարող էր կազմել 375 կիլոգրամ, ընթերցողները կարող են ինքնուրույն հաշվել, թե Աբովյանի այդ արտադրամասում քանի կիլոգրամ ոսկի էր հնարավոր յուրացնել, օրինակ, 15 տարվա ընթացքում:

Միկրոէլեկտրոնիկայում օգտագործվող ոսկին սովորականներից չէր, նրա հարգը գնահատվում էր 99,9999 թվով: Աբովյանի արտադրամասում ոսկին փոխարինել էին պղնձով, որը, ըստ գալվանիկ նստեցման վարպետ, 30-ական թվականներից գիտությունների թեկնածու Սարգիս Հակոբովիչի, Հայաստանով մեկ հայտնի ուստա Սաքոյի գնահատականի, ավելի լավ է աշխատում: Ի՜նչ իմանար երջանկահիշատակ ուստա Սաքոն, որ ոսկու փոխարեն պղնձային կոնտակտներ օգտագործելը վտանգավոր է դիոդների հուսալիության համար: Իհարկե, նա և գործարանի մյուս մասնագետները չէին կարող իմանալ իոնների էլեկտրամիգրացիայի պատճառով մետալիզացիայի մեջ կարճ միացումների ու ընդհատումների, կոնտակտները ոչնչացնող ծիրանագույն ժանտախտի կամ ֆիզիկաքիմիական բազմաթիվ այլ պրոցեսների մասին, որոնց պատճառով կիսահաղորդչային սարքերը դեգրադացիայի են ենթարկվում, կարող են փչանալ ու այնպիսի տեխնածին աղետների պատճառ դառնալ, ինչպիսին ատոմային ռումբի պայթյունն է կամ բերել ԽՍՀՄ-ի ոչնչացմանը կամ պարտությանը՝ երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:


1980 թվականից Աբովյանի արտադրության 2Դ-906 դիոդները մտել էին էլեկտրոնային արդյունաբերության անհուսալի արտադրատեսակների ցուցակի մեջ: Այդպիսի վիճակագրական հաշվառում էր իրականացվում, որն ուներ դասակարգման երեք աստիճան՝ բարձր հուսալիության, միջին հուսալիության և անհուսալի կիսահաղորդչային սարքեր: Աբովյանի արտադրանքը երրորդ խմբում էր: Ինչու՞, որովհետև ոսկու փոխարեն պղինձ էին օգտագործում, որովհետև տեխնոլոգիական ոսկին էին գողանում: Դա զուտ հայկական երևույթ չէր և տեղ էր գտել էլեկտրոնային արտադրության բազմաթիվ գործարաններում:
Թբիլիսիի «Միոն» գործարանում ավելի առաջ էին գնացել. գործարանի տարածքում ոսկերչական արտադրամաս էին բացել ու արտադրությունից գողացված ոսկուց զարդեր էին պատրաստում, ինչից տեղյակ էր անձամբ Պրոլեյկոն: Պրոլեյկոյի տան խուզարկության ժամանակ ոսկե մեծ խաչեր էին հայտնաբերել, որոնք նա Աբովյանից նվեր էր ստացել: Շոկինի սեղանին դրված էր երկուկիլոգրամանոց իր կիսանդրին, որը Էդիկ Պետրոսյանից էր նվեր ստացել: Վերհիշելով այս պատմությունները` անկեղծորեն զարմանում եմ, թե ինչ հրաշք էր, որ ԽՍՀՄ-ը հասավ մինչ Գորբաչով, որ մինչ այդ չքանդվեց:

(Շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ