ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Մենք կորցնում ենք այն լսարանը, որը կես դար առաջ գալիս էր համերգասրահ»

«Մենք կորցնում ենք այն լսարանը, որը կես դար առաջ գալիս էր համերգասրահ»
04.06.2019 | 02:53

Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար ԻԳՈՐ ՕԼՈՎՆԻԿՈՎԸ ընդգրկված է հունիսի 6-ին մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։ Մրցույթն այս տարի անցկացվելու է «դաշնամուր» մասնագիտությամբ։ Հաղթողի կոչման համար պայքարելու է 12 երկրի 30 դաշնակահար։ Մրցույթի ժյուրին գլխավորելու է դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ։


Օլովնիկովի անունը մեծ ճանաչում ունի երաժշտական հասարակության շրջանում: Նա հանդես է գալիս Բախի, Բրամսի, Ռախմանինովի, Չայկովսկու ստեղծագործությունների դաշնամուրային փայլուն մեկնաբանություններով, ինչպես նաև բելառուս կոմպոզիտորների նվագախմբային և բալետային երաժշտության կատարումներով: Օլովնիկովի երկացանկը համատեղում է բարձր պրոֆեսիոնալիզմը, վարպետությունը, նուրբ ոճն ու արտիստիզմը:
Օլովնիկովը նկատում է, որ Խաչատրյանի մրցույթը մեր ժամանակների ամենալուրջ երաժշտական ստուգատեսներից մեկն է։ «Կարծում եմ, որ այստեղ կարող են մասնակցել միայն բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, երիտասարդ կատարողներ, որոնք ունեն բավարար երկացանկ և որոշակի արտիստական հմայք»,- մեզ հետ զրույցում ասում է Օլովնիկովը։ Նա նաև նկատում է, որ որպես ժյուրիի անդամ, մրցույթի մասնակիցներին գնահատելիս առաջնությունը տալու է տաղանդավոր երաժիշտներին աջակցելուն։ «Բնականաբար, բացահայտվելու համար երաժիշտները պետք է ունենան լավ հիմք։ Բայց միշտ պետք է հիշել, որ լավ դաշնակահարները շատ են, իսկ տաղանդները՝ եզակի»,- նշում է ճանաչված դաշնակահարը։


Ըստ նրա՝ իդեալական երաժիշտներ չկան, իր համար լավ երաժշտի չափանիշը հեղինակի ստեղծագործական մտահղացումը ունկնդրին փոխանցելն է, երաժշտության ոգին հասանելի դարձնելը, ոչ թե պարզապես նոտաներ նվագելը։ Ժյուրիի անդամը մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս մտածել ոչ թե մրցույթի, այլ երաժշտության մասին, կենտրոնանալ կատարողական ծրագիրը ներկայացնելու վրա։


Օլովնիկովն ինքը ծանոթ է եղել Արամ Խաչատրյանին։ Նա նկատում է, որ Արամ Խաչատրյանը 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից է։ Կոմպոզիտորական բարձր տեխնիկա, անսպառ ստեղծագործական ֆանտազիա, առանձնահատուկ երաժշտական շնորհ և, ամենակարևորը, հայկական հարուստ ժողովրդական ավանդույթների վրա հիմնված ստեղծագործական կյանք. ահա այս ամենը, ըստ Օլովնիկովի, Խաչատրյանի արվեստը դարձնում են մեր ընդհանուր մշակույթի եզակի երևույթ։


Խոսելով ժամանակակից կատարողական արվեստի մասին՝ Օլովնիկովը նկատում է, որ հանդիսատեսի առաջարկը պայմանավորված է լսարանի մակարդակով։ «Ցավոք, վերջին շրջանում նախընտրությունը տրվում է ֆիզիկական ուժին, արագությանն ու բեմում ցուցադրվող օրիգինալությանը։ Երաժշտության իրական գնահատողներն այսօր շատ քիչ են, դա միայն երաժշտական էլիտան է։ Ժամանակակից պրոդյուսերները հետաքրքրված են զանգվածային համերգներ կազմակերպելով, որոնք երբեմն իրենց բնույթով հավասարվում են շոու բիզնեսին։ Մենք կորցնում ենք այն լսարանը, որը կես դար առաջ գալիս էր համերգասրահ»,- ասում է մեր զրուցակիցը։


Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Անցկացվում է երեք փուլով։ Մրցույթը մեծ ճանաչում է վայելում երաժշտական աշխարհում։ Այն 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ լինելով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: Երաժշտական այս ստուգատեսն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Խաչատրյանի մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերով, գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Լիլիթ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ