Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դատական համակարգը շատ քաղաքական գործիչների կողմից համարժեք չընկալված նյութ է»

«Դատական համակարգը շատ քաղաքական գործիչների կողմից համարժեք չընկալված նյութ է»
14.06.2019 | 10:22

Դեռ չհասցրած տնտեսական հեղափոխությունը «ճաշակել», հանրությանը իշխանությունը հրամցրեց դատական հեղափոխությունը։ Դրանից հետո իսկական քաոս սկսվեց դատաիրավական համակարգում։ Ոչ քայլերի տրամաբանությունն է հասկանալի, ոչ էլ բարեփոխումներն են տեսանելի։ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ զրուցեցինք դատաիրավական այսօրվա խնդիրների շուրջ։

-Պարոն Դանիելյան, ինչպե՞ս կբնութագրեիք ներկայիս հայաստանյան արդարադատությունը։
-Արդարադատությունը պետք է հնարավորինս մեկուսացված լինի քաղաքական գործընթացներից։ Երիցս սխալ են այն իրավագետները, այդ թվում՝ իմ կողմից անչափ հարգված փաստաբանները, որոնք կոչ են անում իշխանություններին հեղափոխությունը շարունակել նաև դատական իշխանության համակարգում: Արդարադատության համակարգում կան լրջագույն խնդիրներ, սակայն դրանց լուծման ուղին ոչ մի պայմանով չի կարող հեղափոխությունը լինել, ինչը չի բացառում արմատական գործընթացների անհրաժեշտությունը: Ընդ որում, այդ գործընթացները պետք է երաշխավորվեն բացառապես միջազգային հանրաճանաչ սկզբունքներով, այլապես ոչ թե կդոփենք տեղում, այլ կունենանք ցավալի հետընթաց: Հավելեմ, որ արդարադատության ոլորտում, ի տարբերություն պետականաշինության մյուս ոլորտների, իմ խորին համոզմամբ, աստիճանաբար արձանագրվել է առաջընթաց: Ցավոք, հանրությանը հրամցվում են սոսկ բացասական ասպեկտները, սակայն գրեթե լռության ենք մատնում այնպիսի ցուցիչները, ինչպիսիք են արդարացումները, դատավորների համայնքը արհեստավարժ ու ազնիվ մասնագետներով համալրելը, դատարանների նկատմամբ վստահության աճը և այլն: Այս ցուցիչները, ինչ խոսք, անվերապահորեն գոհացուցիչ չեն, սակայն մի ամբողջ համակարգ վիրահատության ենթարկելուց առաջ, նախ, հարկ է առնվազն համալիր պատկերացում ունենալ վերջինիս դրական ու բացասական կողմերի, միջամտության հնարավոր հետևանքների մասին: Ընթերցողներից շատերը կտարակուսեն, թե այդ ինչ վստահության աճի մասին է խոսքը, երբ ճիշտ հակառակն են իրենք տեսնում, մինչդեռ իրենք ոչ թե համեմատում են այն իրավիճակի հետ, ինչ եղել է տասնյակ տարիներ առաջ, այլ համեմատում են իրենց ակնկալիքների հետ: Իմ սերունդը շատ լավ է մտաբերում, որ գործարարները խիստ հազվադեպ էին փորձում, օրինակ՝ վիճարկել հարկային մարմինների ակտերը, քանզի արդարացի կերպով խուսափում էին հետագա հետապնդումներից, և վստահ էլ չէին, որ դատարանները կկարողանան խույս տալ գործադիր իշխանության ակնհայտ ճնշումներից: Այդ փուլը, թերևս, հաղթահարեցինք, ինչը տրամաբանական էր, սակայն տրամաբանական չէ այն անտեսելը և երևույթների ներքին էվոլյուցիան համարժեք չհասկանալը:
-Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում հեղափոխություն անելու մասին։ Այս համատեքստում կցանկանայի լսել Ձեր դիտարկումները վեթինգի առնչությամբ։ Ի՞նչ ռիսկեր կարող է այն պարունակել։ Եվ ընդհանրապես ոլորտի խնդիրների լուծման ճի՞շտ ճանապարհ է ընտրվել։
-Մի առիթով արդեն նկատել եմ, որ դատական իշխանության անկախության երաշխավորը բացառապես ԲԴԽ-ն է, հետևաբար, ինքն էլ պատասխանատու է դատական համակարգում իրավաչափ բարեփոխումներ ծրագրելու և իրացնելու գործում: Այս պահին, երբ անվերադարձ լքել եմ ԲԴԽ-ն, էլ ավելի եմ համոզված, որ հիշյալ ոլորտում բարեփոխումների առաքելությունը կարող է վերապահվել հենց Բարձրագույն դատական խորհրդին, որը կարող է այն կյանքի կոչել սահմանադրական այլ մարմինների հետ փոխգործակցության միջոցով: Որևէ այլ կառույցի ձևավորումը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության միջոցով, դատաիրավական բարեփոխումները ձախողելու ուղիղ ճանապարհ է: Տա Աստված, որ ԲԴԽ-ն համալրվի ոչ միայն պարզապես լավ ու ազնիվ մասնագետներով, այլև այնպիսի գործիչներով, որոնք հանրային կյանքում արդեն ապացուցել են խառնվածք ունենալու և առանց հովանավորների՝ խնդիրներն ինքնուրույն բարձրացնելու և համարձակ լուծելու ունակությամբ օժտված լինելը: Առավել ևս այդ մարմնում չպետք է լինեն պատեհապաշտ անձինք: Ես առիթ ունեցել եմ խոսելու հանրապետության վարչապետի հետ և համոզված եմ, որ իր մոտ միանշանակ կա բարեփոխումները բացառապես խելամիտ մեթոդաբանությամբ իրականացնելու կամք և ընկալում, ուստի խնդիրը հիմնականում այն մարդկանց մեջ է, որոնք, որպես մասնագետներ, իշխանություններին իրենց պատկերացմամբ առաջադրում են լուծումներ: Ինքս բնավ հրապուրված չեմ օտարերկրյա խիստ կասկածելի փորձերով, այլ ունեմ իմ տեսլականը, ինչը հնարավորություն կտա առանց անհարկի մեծ ծախսերի, ժամանակի կորստի ու ցնցումների, ունենալ անարժան կադրերից ազատված և բազում խնդիրներից ձերբազատված կատարյալ դատական համակարգ: Ընդ որում, ես արդեն այն տարիքում չեմ, որ փորձեմ հրամցնել սոսկ կոսմետիկ, բայց հնչեղ լուծումներ, քանզի ինձ համար դատաիրավական համակարգը, հատկապես՝ դատախազությունը, դարձել է իմ կյանքի անբաժան մասն ու իմաստը, իմ լավագույն տարիներն անցել են այդ համակարգում, և ես չեմ կարող այն փորձադաշտ դիտարկել: Ինձ մոտ արդեն նույնիսկ ժպիտ չեն առաջացնում այն «հեղափոխական» մոտեցումները, ըստ որոնց, հարկ է լուծարել Սահմանադրական դատարանը, վարչական դատարանը և այլն:
-Երբ դատարանների մուտքերը արգելափակեցին, ընդդիմախոսները հայտարարեցին, թե դա իշխանության մի թևի ճնշում է մյուսի վրա, ավելին` սահմանադրական կարգ է տապալվել։ Այս գնահատականները օբյեկտի՞վ են, համարժե՞ք։
-Դուք տեղյակ եք, որ ԲԴԽ-ն իր արտահերթ գիշերային նիստում միանշանակ արձագանքեց և այդ քայլը որպես դատարանների բնականոն գործունեությունը խաթարող ակցիա գնահատեց: Դուք խոսում եք ընդդիմախոսներից, սակայն թույլ տվեք խնդրին մոտենալ այլ տեսանկյունից. տեղի ունեցածի առնչությամբ խիստ իրարամերժ տեսակետներ հայտնեցին ոչ միայն իրավագետները, այլև ԲԴԽ-ի անդամներից մեկը՝ համարելով, որ այդ ակցիան բնավ չի խաթարում դատարանների բնականոն գործունեությունը, ավելին՝ այն իրականացվել է հենց դատական իշխանությանն աջակցելու համար, որպեսզի դատարանները հնարավորություն ունենան ձերբազատվելու հնարավոր ճնշումներից: Եղան նաև մասնագիտությամբ իրավագետ պատգամավորներ, որոնք նույնպես մասնակցեցին դատարանների շրջափակմանը: Այս ամենի համատեքստում մենք ի՞նչ հիմքով ու չափանիշներով ենք փորձում որակել հանրապետության վարչապետի նախաձեռնությունը. գուցե, նախ, մե՞ր մեջ փնտրենք հարցերի միանշանակ պատասխանը: Անկախության սկզբնական տարիներին ինձ մտահոգում էր այն, որ դատաիրավական բարեփոխումների առանցքային դերակատարներն իրավագետներ չէին, անհասկանալի տրամաբանությամբ այդ չափազանց բարդ ոլորտը վստահվել էր տեխնիկական կրթություն ունեցող քաղաքական գործիչներին: Պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե որքան ուրախ էինք, երբ աստիճանաբար այդ գործընթացում ներգրավվեցին իրավագետներ: Ակնարկս այս է` մենք իրավունք ունենք ակնկալելու, որ այն մասնագետները, որոնց այսօր վստահված է դատաիրավական բարեփոխումների բարդ գերխնդիրը, զերծ կմնան իրավիճակային ու անհեռատես հրապուրանքից:
-«Դատական հեղափոխության» մասին հայտարարությունից հետո հանրությունը տեսավ արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հրաժարականներ։ Դուք ևս հրաժարական ներկայացրիք։ Հիմա էլ իշխանության համակիրները ՍԴ նախագահի հրաժարականն են պահանջում։ Համակարգի առողջացումը նշանակում է ազատվե՞լ որոշ մարդկանցից, ովքեր այս իշխանության հրահանգով չեն առաջնորդվում։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում Փաշինյանը հայտարարել էր, թե կա՞ մի դատավոր, որն իր ասածը չի անելու։
-Բացարձակապես իմաստազուրկ է դատավորների և անձամբ իմ հրաժարականները նույն հարթությամբ դիտարկելը: Հրաժարականի փուլում ինքս կատարում էի նախագահի պարտականությունները և պետք է վստահ լինեի, որ ձևավորված մթնոլորտում իմ պաշտոնավարումը կնպաստեր բարեփոխումների բնականոն ընթացքին: Առաջ քաշվեց հանրության վստահության խնդիրը, որի առնչությամբ պատկերացումները միանշանակ չեն, քանզի ես նկատում էի, որ իմ անձի նկատմամբ դրական էին տրամադրված նաև բազում, անգամ արմատական մտածողները, իսկ անձնական հակառակորդներ ամոթ էլ է, որ չունենամ, սակայն, կրկնում եմ՝ խնդիրը կար: Ես արդեն վճռել էի, որ հրաժարական եմ ներկայացնելու, պարզապես հարկ էր մի փոքր համբերել և լուծում տալ կուտակված հրատապ խնդիրներին, հակառակ պարագայում հրաժարականը կդիտարկվեր որպես բարդ իրավիճակից փախուստ: Ձգձգումը մասամբ էլ պայմանավորված էր խորհրդարանի պատգամավորների հրաժարականի պահանջներով, և հստակ պետք էր ցույց տալ, որ դա բնավ իրենց վերաբերող հարց չէ, որ իշխանության տարբեր ճյուղեր չեն կարող միմյանց հետ խոսել փոխադարձ հրաժարականներ պահանջելու և հաշվետվություններ ներկայացնելու հռետորաբանությամբ:
Ընդհանրապես, համակարգը առողջացնելու վեկտորը համարում եմ ոչ թե դատավորների հրաժարականների շարքը, այլ այնպիսի կանխատեսելի ընթացակարգեր ներդնելը, որոնք հնարավորություն կտան զատելու անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող կադրերին:
-Անկախ այսօրվա իշխանության քայլերից, ակնհայտ է, որ հանրությունը դժգոհ է դատական համակարգի աշխատանքից։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է լինի բարեփոխման ուղին։
-Նախ, հանրության դժգոհության մասին ընդհանրական խոսելն արդեն իսկ հիմնավորված չէ, գիտական չէ, առնվազն մենք կարող ենք հիմնվել անկախ փորձագետների կողմից անցկացված սոցհարցումների վրա: Ընդ որում, հարկ կլինի ճշգրիտ որոշել նաև յուրաքանչյուր դատավորի նկատմամբ վստահության աստիճանը, վերջին հաշվով, գոյություն չունի միջինացված, կամ, ինչպես ոմանք սիրում են ասել՝ հավաքական դատավոր, այս պաշտոնյաները չափազանց տարբեր են և իրենց ինտելեկտով, և արհեստավարժությամբ, և այլ որակներով: ՈՒղիների մասին խոսելիս, ինչ խոսք, նախ, հարկ է էլեկտրոնային արդարադատության ինստիտուտի, օրենսդրությամբ նախատեսված միանգամայն ավելորդ ընթացակարգերի բացառման միջոցով հասնել գերծանրաբեռնվածության նվազմանը: Անհրաժեշտ կլինի բացահայտել գույքային դրության խնդրին առնչվող բոլոր բաղադրիչները և արդյունքներով լուծել հետագա պաշտոնավարման հարցը: Ծայրահեղությունների կարիք չկա, պարզապես հարկ կլինի առնվազն եկամուտների հայտարարագրերի բովանդակության առնչությամբ պահանջները համապատասխանեցնել իրենց էությանը, օրինակ, մեղմ ասած, զավեշտալի է, երբ այդ հայտարարագրերում արտացոլվում են միայն եկամուտներն ու գույքը, մինչդեռ նույն կերպ պետք է արտացոլվեն ծախսերը:
-ԲԴԽ-ի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հաջորդեց դատավորների այն հայտարարությունը, թե ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը: Այս հայտարարությունը Ձեզ համար անակնկա՞լ էր։ Ինչու՞ հիմա դատավորներն այդ մասին խոսեցին։
-Այդ առնչությամբ ևս Բարձրագույն դատական խորհուրդն արձագանքել է։ Ամբողջովին համամիտ եմ եղել այդ տեքստին, իսկ առանձին մտքեր ինքս եմ ձևակերպել: Հավելեմ` դատավորների, այսպես կոչված, հավաքական կամքի մասին իմ պատկերացումներն այլ են, բայց սա էլ առանցքային հարցադրումը չէ: Մի պահ անտեսենք դետալները և գլոբալ պատկերացնենք, թե ինչ զարգացումներ են ընթանում. դատավորների համայնքը դժգոհ է բուն շրջափակման և նմանաբնույթ այլ երևույթներից, ինչը միանգամայն օրինաչափ է։ Սակայն պատկերն առավել ամբողջական կլիներ, եթե համարձակ ու համալիր բարձրացվեին անխտիր բոլոր հարցերը, այդ թվում՝ ներքին էական հիմնախնդիրները: Ամփոփելով դատողություններս, նկատեմ միայն, որ դատական համակարգը չափազանց կարևոր և շատ ու շատ քաղաքական գործիչների կողմից համարժեք չընկալված նյութ է, այն նուրբ ու միաժամանակ ողջ պետականաշինության ուղղությունները կանխորոշող հենասյուն է, ուստի այս ոլորտում պետք է «դանդաղ շտապել»: Չմոռանանք, որ անգամ ֆրանսիական հեղափոխության ընթացքում պահպանվեց դատավորների անփոփոխելիության սկզբունքը, ինչի արդյունքում այդ երկիրը, այնուամենայնիվ, շահած դուրս եկավ:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ