«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«ՈՒնենք բազմաթիվ թափուր աշխատեղեր, որոնք առաջիկայում կհամալրենք»

«ՈՒնենք բազմաթիվ թափուր աշխատեղեր, որոնք առաջիկայում կհամալրենք»
14.06.2019 | 11:16

«Ես չէի օգտագործի կրճատումներ տերմինը, այլ կասեի օպտիմալացում»,- կառավարության երեկվա նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ։ Իհարկե, կարելի է օգտագործել նաև օպտիմալացում տերմինը, սակայն գործնականում դրանից իմաստը չի փոխվում։ Մեր այս դիտարկմանը չհամաձայնեց նախարարը և նշեց. «Շատ է փոխվում, շատ։ Օպտիմալացում` նշանակում է միևնույն ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում աշխատանքների էֆեկտիվության բարձրացում։ Կարծում եմ` առաջիկայում մենք ականատես կլինենք այդ փոփոխություններին։ Այս փուլում գործընթացը զուտ մեխանիկական բնույթի է, հաջորդ փուլում այն որակական կլինի»։ Դե ինչ, տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքում գոնե մի վեց ամիս հետո որակական փոփոխությունների արդյունքների ծիլերը պետք է ակնառու լինեն։ Այդպես կլինի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ փորձեցինք ճշտել, թե բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարարության ձևավորման արդյունքում քանի՞ վարչություններ են լուծարվել, քանի՞սն են ստեղծվել, և քանի՞ աշխատակից ունի «նորաթուխ» նախարարությունը։ «Ես թվարկեմ, դուք հաշվեք. այս պահին ստեղծվել են թվայնացման, բարձր տեխնոլոգիաների, էկոհամակարգերի զարգացման, արտաքին առևտրի խթանման և այլ վարչություններ։ Բնականաբար, ունենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր, որոնք առաջիկայում կհամալրենք։ Մեր մոտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղափոխվել են տրանսպորտի և ճանապարհաշինարարության համար պատասխանատու վարչությունները»,- պարզաբանեց Հակոբ Արշակյանը, այդպես էլ չնշելով թե քանի աշխատակից կա նախարարությունում։ Ինչևէ։ Կա այն, ինչ կա, Հայաստանում արդեն գործում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ո՞րոնք են լինելու նախարարի առաջին քայլերը ներդրումներ ներգրավելու հարցում, և ընդհանրապես, կա՞ն արդեն հստակ ծրագրեր։

«Այս պահին իրավական առումով հնարավորություն ենք ստացել ռազմարդյունաբերական կոմիտեի հետ մշակելու և զարգացնելու ռազմական միավորների արդիականացման, նոր զինատեսակների ստեղծման և գոյություն ունեցողների ավտոմատացման, կապի համակարգերի արդիականացման ներդրումային ծրագրերը։ Իրավական փուլում է նաև այդ կոմիտեի իրավասության տակ գտնվող գիտահետազոտական ինստիտուտների և գործարանների` մեր գերատեսչության ենթակայության տակ անցնելու գործընթացը։ Դա թույլ կտա ավելի արդյունավետ կյանքի կոչել զարգացման ծրագրերը»»,- պարզաբանեց Հակոբ Արշակյանը։ Ինչ վերաբերում է էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերին, նախարարը հիշեցրեց, որ ԱՄՆ իր այցի ընթացքում միջազգային ճանաչված ընկերությունների հետ տեղի են ունեցել խոստումնալից բանակցություններ։ Ինչ խոսք, ցանկացած գործ սկիզբ է առնում բանակցություններից, բայց կարևորը վերջնական արդյունքն է, և այստեղ ևս, կարծում ենք, ժամանակն այս հարցի պատասխանը կտա։ Մեզ հետաքրքրեց` եթե այդ նույն ծրագրերը դրվեին էկոնոմիկայի նախարարության առջև, նախարարությունը դրանցից գլուխ չէ՞ր հանի, ի՞նչ անհրաժեշտություն կար ստեղծելու նոր նախարարություն։ «Նոր նախարարություն ստեղծելու գաղափարը թվայնացման, ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական՝ ինժեներական երեք փոխկապակցված ուղղությունները մեկտեղելն էր, քանի որ կառավարության առաջնահերթ ծրագիրն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր։ Եվ սա կարգավորման ուղղահայաց ոլորտ է։ Իսկ էկոնոմիկայի նախարարության գործառույթները, կարծում եմ, ավելի շատ հորիզոնական ուղղվածություն ունեն և միտված են ամբողջ տնտեսությունը զարգացնելուն»,- ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ