Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պամպերսի» առաքիչը պետական կառավարման համակարգում բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում»

«Պամպերսի» առաքիչը պետական կառավարման համակարգում բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում»
12.07.2019 | 01:12

Ամբողջ երկիրն է բողոքում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից, որ անհասկանալի մարդկանց կարևոր պաշտոններ է վստահել, բայց պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողքով են անցնում այդ դժգոհությունները։ Կամ էլ սինգապուրյան օդն էր այլ կերպ ազդել նրա վրա, այլապես առնվազն տարօրինակ է այնտեղ արած նրա հայտարարությունը. «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»։ Փաստորեն, մենք այսօր գործ ունենք արժանավորների իշխանության հետ, որոնք ազնիվ են ու պրագմատիկ։ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեցինք պարզել` իսկապե՞ս Հայաստանում նման բան կա։

«ՍԱ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԱՊՐՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐՑՆ Է»

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ («Իմ քայլը» խմբակցության անդամ)
-Համամի՞տ եք Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ձեր իշխանությունը սկզբունք է դարձրել մերիտոկրատիան, ազնվությունը և պրագմատիզմը։
-Ժողովուրդն է որոշել, թե ինչ իշխանություն ենք մենք, այսինքն ժողովուրդը համարել է, որ այս փուլում արժանիների իշխանությունը մենք ենք, ընտրել է մեզ։ Փաշինյանի տեսակետը չեմ կարծում տարընթերցման տեղիք է տալիս։ Շատ կարևոր է իշխանության համար ազնվությունը։ Տարածված տեսակետ կա, թե քաղաքականությունը ոչ բարոյականների արվեստ է, բայց ես համաձայն չեմ։ Քաղաքականությունն ազնվության արվեստ է, պետք է ազնիվ լինես այն ժողովրդի հանդեպ, որը քեզ տվել է իր քվեն։ Պետք է ազնիվ մղումներով երկիր կառավարել, ստեղծել պայմաններ զարգացման համար, և կլինի հզոր պետություն։ Իսկ եթե ժողովրդի հետ ազնիվ չեղար, քո միտումները միշտ լինելու են կասկածելի, թերահավատություն ծնող։
-Կարծում եք, Ձեր իշխանությունն ազնի՞վ է հասարակության հետ։
-Շատ ազնիվ, բաց իշխանություն ենք։ Բոլոր որոշումների դրդապատճառները հասարակությունը գիտի, քաղաքացիներին ներգրավում ենք կարևոր հարցերում որոշում կայացնելու գործընթացում։
-Ասում եք, որ ժողովուրդն է ընտրել այս որակի իշխանություն։ Ժողովուրդը միշտ, նաև այս իշխանափոխության օրերին ձգտել է լավ ապրել ու ձերբազատվել նախկին վատ բարքերից։ Ժողովուրդը հատուկ «Իմ քայլը» խմբակցության այս կամ այն պատգամավորին չի առանձնացրել ու հենց նրան գնացել ընտրել։ Ավելին, շատերը մինչև հիմա էլ չգիտեն, թե ովքեր են իշխանության 88 պատգամավորները։
-Ժողովուրդը ձայնը տվել է կոնկրետ «Իմ քայլը» դաշինքին, որի մեջ ընգրկված ենք եղել բոլորս։ Նրանցից ում ճանաչել է, ճանաչելով է ընտրել, ում՝ ոչ, վստահել է ցուցակ կազմողներին։
-Մարդիկ ընդամենը մեկ անձի դեմքով ձևավորեցին խորհրդարանում երբևէ եղած ամենամեծ իշխանական ուժը։
-Այդ անձի ձևավորած օրակարգով ժողովուրդը մեկ տարի առաջ իրականացրեց հեղափոխություն, որից հետո երբ արդեն ձևավորված էր կառավարություն, եղան ԱԺ ընտրություններ։ Ոչ մեկը չի վիճարկում Փաշինյանի հեղինակությունը, բայց ժողովուրդը վստահեց նաև թիմին։
-Անկախ տարատեսակ հարցումներից, որոնք միշտ օրվա իշխանության վարկանիշն են բարձր ներկայացրել, այսօր մեկ տարի առաջվա վստահությունից ի՞նչ է մնացել։
-Նորմալ է, որ վարկանիշը կարող է որոշակի նվազել։ Կառավարող ուժից ժողովուրդը մեծ սպասում ունի և ուզում է փոփոխություններն անմիջապես տեղի ունենան։ Սակայն լուծումներն այդքան արագ իրատեսական չեն, բայց երբ սպասելիքները սկսում են իրականանալ, այդ վստահությունը նորից վերականգնվում է։ Վարկանիշը փոփոխական երևույթ է. ինչ-որ պահի կարող է նվազել, հետո բարձրանալ։
-Ասում եք, թե ժողովուրդն է ամեն ինչ որոշում, բայց հազիվ թե ժողովուրդը ուզենար, որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստան-Արցախ հարաբերություններն այսքան լարվեին, հասնեին թշնամանքի։ Իշխանությունը, որ այդքան ազնիվ է, ինչու՞ թույլ տվեց, որ այդ հակասությունները խորանան։
-Իշխանությունը ժողովրդին պարզ ասել է, թե ինչ է տեղի ունենում։ Այս պահին կառավարման մակարդակում ոչ մի լարում չկա, եղան 2 փոքր միջադեպեր, որոնք հարթվեցին։ Չեմ կարծում, որ ապոկալիպտիկ ինչ-որ բան է տեղի ունեցել։
-Վտանգավոր չէ՞, որ երկու հայկական պետությունների ղեկավարները միմյանց հետ այսպիսի լարվածության մեջ են։
-Վտանգավոր չի կարող լինել, քանի որ և Հայաստանի, և Արցախի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ անթույլատրելի է երկու հայկական պետությունների միջև թեկուզ թույլ լարումը։
-Հասարակության հետ ազնիվ լինելու մասի՞ն է վկայում այն, որ մինչ այսօր Հայաստանի իշխանությունը կոնկրետ չի նշում, թե ինչպես է ցանկանում կարգավորել արցախյան հիմնախնդիրը։ Կա՞ տեսլական։
-ԱԺ-ում վարչապետը բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանի և Արցախի զինվորականության, բարձրագույն իշխանության ներկայությամբ ինքը ներկայացրել է լուծման իր տարբերակը, որտեղ ոչ մեկն առարկություն չի ունեցել։ Այսինքն կարող ենք ասել, որ ղեկավարների մակարդակով ոչ մի հակասություն այսօր չկա։ Կարծում եմ, որ մարտավարական սխալ կլինի այդ ամենը բաց տեքստով ներկայացնելը քաղաքացիներին։
-Քաղաքական գործիչներ կան, որոնք պնդում են, որ Փաշինյանը այս մեկ տարվա ընթացքում հստակ չի հայտարարել, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող Ադրբեջանի մաս կազմել։
-Փաշինյանն այդպիսի հայտարարություն արել է բազմիցս։ ԵԽԽՎ-ում էլ է ասել, որ չի կարող մարդը համարվել օկուպանտ, եթե այդ հողում ապրել են այդ մարդկանց պապերը, նրանց պապերը, դա նրանց հայրենիքն է։ Մեզ համար միայն տարածքը չէ կարևոր, այլև մարդու իրավունքները, այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում ապրել այլ պետության տարածքում։ Այս առումով քաղաքական այդ գործիչները թյուրիմացության մեջ են։ Ավելին, այս կառավարությունը երրորդ հանրապետության պատմության մեջ միակն է, որի ոչ մի անդամ առայսօր երբևէ չի խոսել փոխզիջումների մասին։ Մեկ տարվա ընթացքում չի եղել այդպիսի արտահայտություն։ Հակառակը՝ ասվել է, եթե պետք է զիջում լինի, միգուցե Ադրբեջա՞նը զիջի։ Երբևիցե չենք ասել, թե փոխզիջումային տարբերակով ենք գնում, ինչպես նախկինում էին անում։ Խնդրին նոր մոտեցում է ցուցաբերվելու, Արցախի իշխանությունը պետք է ներկայացվի բանակցություններում։
-Ամեն ինչ Արցախի վրա՞ եք թողել։
-Ոչ, թեզ ենք առաջ քաշել, որին ամբողջովին Արցախի իշխանությունը համակարծիք է։
-Ձեր քայլերի տրամաբանությունն ընկալելի՞ է Արցախին։
-Ինչպես կարող են չընկալել, դա միայն կարող է չընկալել Ադրբեջանը։ Միայն Ադրբեջանը կարող է դեմ լինել, որ Արցախն էլ մասնակցի բանակցություններին։
-Փաշինյանն ասում էր, թե առանց Արցախի չեք բանակցելու, հիմա և բանակցում եք, և բովանդակային հարցերի մասին բարձրաձայնում։ Ազնի՞վ եք։
-Ասել ենք, որ ամեն ինչ պիտի անենք, որ Արցախի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին և կարևոր որոշումների ժամանակ իր խոսքն ունենա։ 20 տարի, երբ Արցախը դուրս է մղված եղել բանակցային գործընթացներից, որը շատ հարմար է եղել Ադրբեջանի համար, հիմա նա բնականաբար պետք է դիմադրի։
-Բայց դուք ընդամենը հայտարարում եք, ոչ մի քայլ այդ ուղղությամբ տեսանելի չէ։
-Բանակցային գործընթացի նրբություններ կան, որոնց բնականաբար մենք էլ ծանոթ չենք։
-Ինչու՞, Դուք, որպես իշխող ուժի ներկայացուցիչ, տեղյակ չեք, Փաշինյանը հայտարարում էր, որ հնարավորինս մարդկանց լայն շրջանակ պետք է տեղյակ լինի բանակցություններից։
-Հենց պահը գա, և ես, և հասարակությունը կիմանանք այդ մասին։
-Ասում եք՝ փոխզիջում անգամ չեք ընդունում, իսկ ինչպե՞ս եք լուծումը տեսնում։
-Այնպես, ինչպես հայտարարվել է։ Սա Արցախի և այնտեղ ապրող մարդկանց հարցն է, որոնք իրենց Ադրբեջանի կազմում չեն տեսնում։

«ԵՐԲԵՄՆ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՆ ՆԵՐԴՐՎՈՒՄ, ՈՐ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ԹԵ ՉԵՆՔ ԷԼ
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՎԵԼ»

ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ (ԼՀԿ խմբակցության անդամ)
-Տիկին Թանդիլյան, սա արժանիների, ազնիվների, պրագմատիկների իշխանությու՞ն է։
-Կարծում եմ, վարչապետի ցանկությունը ողջունելի է, բայց դա համապատասխան է իրականությանը, թե ոչ, քաղաքացիները պիտի գնահատեն։ Որոշ առումով համապատասխանում է, բայց, ցավոք, ոչ բոլոր դեպքերում։ Հետևաբար ընդհանրական գնահատական դժվար է տալ։ Վարչապետն էլ գիտի, որ ոլորտներում կան բազմաթիվ խնդիրներ, և բոլորը չէ, որ համապատասխանում են այդ հռչակած մոդելին։
-Իսկ ազնի՞վ են արդյոք այսօրվա իշխանավորները։
-Չեմ ցանկանում ազնվությունը, որպես քաղաքական կատեգորիա, գնահատել։ Մենք պետք է ունենանք մեխանիզմներ, որոնցով մարդու լավագույն հատկանիշները, այդ թվում ազնվությունը, կկարողանան դրսևորվել։ Երբեմն այնպիսի համակարգեր են ներդրվում, որ ցույց են տալիս, թե չենք էլ ցանկանում բարեփոխվել։ Ինձ համար նման հարցերը դիտարկվում են բացառապես մեխանիզմներ ներդնելու հարթությունում։ Կա՞ն այսօր այդ մեխանիզմները, բնականաբար՝ ոչ։ Վերահսկողական ճիշտ աշխատող մեխանիզմների վրա պետք է շեշտադրումն անել, որովհետև ամեն ինչ թողնել մարդու ազնվությանը, արդարությանը, արդար չէ նաև հենց այդ մարդու նկատմամբ։

«ՇԱՏ ՄԵԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)
-Սինգապուրի կառավարման փիլիսոփայությունը, փաստորեն, ըստ Փաշինյանի, մեզ մոտ էլ է ներդրված, այն է՝ մերիտոկրատիա, ազնվություն, պրագմատիզմ։ Դուք այդ սկզբունքները նկատե՞լ եք այս իշխանությունում։
-Իհարկե, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, արժանի են։ Բայց այս շաբաթ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին առնչվող նախագծի քննարկման ժամանակ էլ ասացի, որ մարդը, որ միայն գիտի օտար լեզուներ ու մինչև 25 տարեկան իրենց տան թախտին նստել է և դրանից հետո ուղղակի կարող է տեղափոխվել ՄԻԵԴ և ներկայացնել ՀՀ-ն, համարում եմ կատեգորիկ սխալ։ Եվ այդ ամենը թողնել օրվա վարչապետի հայեցողությանը, որ թախտին նստածին չգործուղի ՄԻԵԴ, ընդունելի չէ։ Օրենքը պետք է թույլ չտա նման բա, չպետք է դա թողնել օրվա իշխանության հայեցողությանը։ Օրվա իշխանության հայեցողությամբ «պամպերսի» առաքիչը պետական կառավարման համակարգում բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում։ Մարդիկ կան, որոնք իրենց կյանքում որևէ տեղ չեն աշխատել կամ եղել են համատիրությունում շարքային աշխատող և միանգամից պետական կառավարման համակարգում բարձր պաշտոն են զբաղեցրել։ Մեծագույն հարգանք ունեմ և առաքիչների, և ԻնԽ-ի շարքային աշխատողի հանդեպ, բայց ինչի՞ համար են տարիների փորձն ու փուլային առաջխաղացումը։
-Իսկ ազնվությու՞նը։
-Դրա պատասխանը պիտի տա ժողովուրդը։ Ես նոր եմ վերադարձել Վայոց ձորի մարզից, որտեղ հանդիպել եմ տարբեր բնակիչների հետ, և գաղտնիք չեմ ասի, որ շատ մեծ հիասթափություն կա։ Ժողովուրդը նաև շատ անկեղծ էր ու բացի իրենից ոչ մեկի չէր մեղադրում։ Եթե նախկինում կարող էին ասել, թե մեր ձայնը կեղծեցին, հիմա ասում են, թե ոչ մեկից ոչինչ պահանջել չեն կարող, քանի որ եթե սխալվել են, մեղավորը իրենք են։ Ինչ վերաբերում է ազնվությանը, կարծում եմ, այս իշխանությունն ազնիվ չէ ժողովրդի հանդեպ, քանի որ այն խոստումները, որոնք տվել էին, այս ժամանակը բավարար էր դրանց ինչ-որ մասը կատարելու համար, ոչ թե տարբեր պատճառաբանություններ բռնել, երկրում դավադրությունների տեսություններ հորինել։ Եթե ինձ կասեք, թե աղքատությունը, արտագաղթը, գործազրկությունը նվազել են, կասեմ, որ ազնիվ են եղել իրենց տված խոստումների կատարման մեջ։ Առ այս պահը բացի «լավ է լինելու, շատ լավ է լինելու» խոստումից, այլ կոնկրետ գործնական քայլ այդ ուղղությամբ չենք տեսել։ Տնտեսական բլոկի նախարարներից համառորեն փորձեցի ստանալ այն հարցի պատասխանը, թե 2,7 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի մասին խոսք կար, որտե՞ղ են են այդ ներդրումները, ինչպես էլ փորձեցի ձևակերպել, հարցիս կոնկրետ որևէ պատասխան չստացա։ Սա էլ այս իշխանության ազնվությունը։
-Նրանք նաև պրագմատիկ են։
-Չեմ կարծում, որ պրագմատիկ են, որովհետև եթե այդպիսին լինեին, կառավարման ղեկին, պատասխանատու պաշտոններին կնշանակեին ոչ թե նրանց, ովքեր Գյումրիից Երևան են քայլել, այլ պրոֆեսիոնալների (որքան հասկացա, միակ չափորոշիչը պաշտոն ստանալու, ոլորտ ղեկավարելու, «մարշ-բրասոկը» Գյումրիից Երևան գալն էր)։ Բացարձակ պրագմատիկ չեն, այլապես ոլորտ կհրավիրեին պրոֆեսիոնալների, որոնք Գյումրիից Երևան չեն քայլել, բայց զբաղվել են իրենց մասնագիտական աշխատանքները կատարելով։ Կադրային այս սխալ քաղաքականությունն է, որ երկրի տարբեր ոլորտներ կանգնեցրել է ոչ միայն փակուղու, այլև շատ դեպքերում զավեշտալի իրադրությունների առաջ։ Ինչպես, օրինակ, որոշ մարզպետների դեպքում է, որոնց անունները հայ երգիծական պատմության մեջ մնալու են որպես բացառիկ նմուշներ։ Երբ տարբեր պաշտոնյաներ սկսում են մոռանալ, թե ում շնորհիվ են հայտնվել խորհրդարանում, կառավարման համակարգում, իմ պարտքն եմ համարում իրենց անընդհատ հիշեցնել, որ իրենք այդ տեղում են ոչ թե իրենց վաստակի, աշխատանքի, այլ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Խորհրդարանում կարող եմ մի քանի անուն առանձնացնել, որոնք բավականաչափ պրոֆեսիոնալ են՝ Արարատ Միրզոյանին, Մխիթար Հայարապետյանին, Վլադիմիր Վարդանյանին և ևս մի 10 հոգու։ Եթե անգամ վերջիններս ևս Փաշինյանի էֆեկտի միջոցով հայտնվել են խորհրդարանում, այսօր իսկապես աշխատում են։ Բայց «Իմ քայլը» խմբակցության ոչ մի անդամ չպետք է մոռանա, որ ինքն իրենց տան թախտին նստած էր լինելու, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Սա անընդհատ հիշեցնելու եմ հատկապես նրանց, ովքեր ԱԺ ամբիոնից իրենց նվազագույնը դնում են Մարգրետ Թետչերի, առավելագույնը՝ Շառլ դը Գոլի տեղը։


Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ