Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արմեն Սարգսյան. Մեր հայրենիքը Երևանից ավելի մեծ է

Արմեն Սարգսյան. Մեր հայրենիքը Երևանից ավելի մեծ է
22.07.2019 | 21:51

Տավուշի մարզ աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 22-ին այցելել է Հաղարծնի վանական համալիր: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է 10-րդ դարի վանական համալիրում, մոմ վառել, ունկնդրել հոգևորականների շարականը:


Ինչպես տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, վանական համալիրի բակում Արմեն Սարգսյանը շփվել է այցելուների և զբոսաշրջիկների, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ: Լրագրողների հետ զրույցում նախագահն ասել է, որ հայրենաճանաչության իր առաջին ուսուցիչն ու ուղեկիցը վաղ տարիքից եղել է հայրը, ով ճարտարապետ էր, հայ հին ճարտարապետության մասնագետ:
«Այստեղ առաջին անգամ եղել եմ 4-5 տարեկանում: Ամեն անգամ գալով նույն բանը հայտնաբերում ես ուրիշ կերպ»,-ասել է Արմեն Սարգսյանը: Նա ավելացրել է, որ այս համալիրն իր համար նաև պետականության խորհրդանիշ է: «Այս հրաշքն ինձ համար լրացուցիչ խորհուրդ ունի, այն պետականության խորհրդանիշ է, քանի որ ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլև պետականության,-ասել է նախագահը:- Կարծում եմ՝ մեր երիտասարդների համար էական է, որ ոչ թե մեխանիկորեն իմանանք պատմությունը, այլ զգանք, գնահատենք այն: Հասկանանք, որ պետականությունը չի ստեղծվել երեկ, 30 կամ 100 տարի առաջ: Մենք հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ պետականություն ենք ունեցել և՝ ուժեղ պետականություն: Մեզնից յուրաքանչյուրը պետք է խորապես գնահատի իր եկեղեցին և պետականությունը: Մեր գործն այդ պետականությունը շարունակելն է 21-րդ դարում»: Ի պատասխան հարցին, թե ինչ ուղերձ նախագահը կհղի Տավուշի մարզի երիտասարդությանը, Արմեն Սարգսյանը ասել է, որ իր ուղերձը շատ պարզ է. «Երևանն, իհարկե, մեր մայրաքաղաքն է, բայց մեր հայրենիքը Երևանից ավելի մեծ է, յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի»:


Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ողջունելով նախագահ Սարգսյանի այցը մարզ և վանական համալիր, նշել է, որ յուրաքանչյուր այցելություն, հատկապես պետական բարձրաստիճան այրերի այցերը, չափազանց ոգեշնչող են, քանի որ Տավուշը յուրահատուկ դերակատարություն և նշանակություն ունի մեր հանրապետության կյանքում: «Լինելով մեր հայրենիքի դարպասները, այստեղ բնակվող թե՛ զինվորը, թե՛ քաղաքացիական բնակչությունը մշտապես ներշնչանքի և աջակցության կարիք ունեն: Այդ կարիքն օգնություն չէ, մասնակցություն է: Կարծում եմ՝ այս այցելությունը մի նոր առիթ է մեր ժողովրդի համար վերագնահատելու և հասկանալու, որ իրենք շատ կարևոր դերակատարություն ունեն պետականության ամրապնդման, անվտանգության երաշխավորման համար»,-ընդգծել է Տավուշի թեմի առաջնորդը:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ