ՈՒ՞ր են հոսում գետն ու առվակները
06.12.2019 | 00:06
Դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Ո՞րն է այդ արարքը: 2008-ի ապրիլի 9-ից մինչև 2018-ի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ը կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489160310 ՀՀ դրամի հափշտակություն:
Քրեական գործին չանդրադառնալով՝ ամփոփենք մամուլի հրապարակումները:
Շատ արագ պարզվեց, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը: «Հետքը» 2019-ի հունիսի 10-ին գրել էր, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Համաձայն կայքի՝ ՀՔԾ աղբյուրի, քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ:
Mamul.am-ը գրել է, որ Սերգո Կարապետյանը տվել է նաև Տիգրան Սարգսյանի անունը.
«Հաստատվեց նաև այն տեղեկությունը, որ քրեական գործը հարուցվել է նախկինում գյուղնախարարի պաշտոնը զբաղեցրած ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա։ Ասում են, որ ՀՔԾ-ն չի հրապարակել վերջինի հաղորդման այն հատվածը, որտեղ այդ գործարքների կիզակետում ներկայացվում է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը»։
Դեկտեմբերի 5-ին եղավ ՀՀԿ ԳՄ հայտարարությունը.
«Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում»: ՀՀԿ-ն արձանագրել է, որ նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից: Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե ՀՀԿ-ի, թե այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը»: ՀՀԿ-ն նաև հայտարարել է. «Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության, Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների հետ»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ ուրբաթ օրը ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին որպես վկա հարցաքննության կանչելու ծանուցագիր էր ուղարկել՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 13։30-ին ներկայանալու համար: Փաստաբանի խոսքով, երբ Սերժ Սարգսյանը ներկայացել է հարցաքննության, քննիչը տեղեկացրել է, որ կասկածանքի շուրջ է հարցաքննվելու: «Երբ այդ փաստը մեզ հայտնեցին, շատ լուրջ իրավական խնդիր առաջացավ: Քանի որ Սերժ Սարգսյանին հարցեր պիտի ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ: Այդ իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար՝ հաղթահարվե՞լ է նախագահի անձեռնմխելիությունը, թե՞ ոչ»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ իրենք առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն իրականացնող մարմնի գործողություններում և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում:
Ամրամ Մակինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում։
Փաստաբանի խոսքով՝ հարցաքննությունն ավարտվելուց հետո կատարվեց առերես հարցաքննություն այս քրեական գործով անցնող և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձի հետ: Առերեսումն ավարտվեց ժամը 16:10-ին:
«Դուրս եկավ անձը, մեզ խնդրեցին սպասել: Ժամը 16:12 րոպեին քննիչը սեղանից շրջեց փաստաթղթեր, որոնք վերնագրված էին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում: Սա առնվազն կախարդանք կարող է լինել այն իմաստով, որ 6 թերթից կազմված որոշումը քննիչը կարող էր իմ, իմ գործընկերոջ և պարոն նախագահի ներկայությամբ 2 րոպեում կազմել, տպել և ներկայացնել: Քրեական դատավարության մասին օրենսգիրքն ասում է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը բավարար ապացույցների համակցությունն է: Սա ուղիղ ցույց է տալիս, որ պարոն Սարգսյանի հարցաքննությունը, առերեսումը վարույթն իրականացնող մարմնի համար կոպեկի արժեք ի սկզբանե չուներ: Որոշումն արդեն ընդունված էր: Մենք համոզմունք ունենք, որ որոշումը չէր ընդունվել ՀՔԾ շենքում: Այս որոշումն արդեն ընդունված, կայացրած և ձևակերպված էր»,- ասաց փաստաբանը: Նա նաև հավելեց, որ իրենց առարկություններն ու դիտողություններն արձանագրել են ՀՔԾ-ում, և պատրաստվում են շատ կարճ ժամկետում նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը չհաղթահարելու պայմաններում որպես մեղադրյալ ներգրավելու խափանման միջոց կիրառելու փաստը բողոքարկել գլխավոր դատախազին և պահանջելու են, որ անհիմն որոշումը վերացնեն:
Ընդամենը այսքան տեղեկատվությունից առաջանում են բազում հարցեր:
Եթե Սերգո Կարապետյանը ցուցմունքը տվել է 2019-ի հունիսի 10-ին, ինչու՞ է առերեսումը կատարվում դեկտեմբերի 4-ին: Ինչու՞ քրեական գործ չի հարուցվում Տիգրան Սարգսյանի դեմ, ում անունը տվել է Սերգո Կարապետյանը: Թե՞ Յուրի Խաչատուրովի օրինակը ՀԱՊԿ-ում բավարար դաս էր, որ ԵԱՏՄ գործող կառույցի ղեկավարի դեմ գործ չհարուցվի՝ նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը: Իսկ եթե նա մնա Մոսկվայում ու Հայաստան չվերադառնա, գործ չի՞ հարուցվելու:
Սերգո Կարապետյանը «Արտֆուդ» ընկերության 50 տոկոսի բաժնետեր էր, մյուս 50 տոկոսը Հովիկ Աբրահամյանինն էր: Նրա հեռանալուց հետո հեռացավ նաև Սերգո Կարապետյանը: Հովիկ Աբրահամյանի հեռանալը զուգահեռվեց գետի ու առվակների այլաբանական պատկերներով, մինչդեռ նա ժամանակին հավակնում էր ՀՀ նախագահ դառնալ, Սահմանադրության փոփոխությունից հետո՝ վարչապետ, բայց Սերժ Սարգսյանը մայր գետը մաքուր չպահեց ու օտար վտակներ խառնեց՝ Կարեն Կարապետյանին: Փաստացի՝ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանից լուծում է Հովիկ Աբրահամյանի վրե՞ժը, թե՞ նաև սեփական պաշտոնանկության վրեժը: «Արտֆուդը» վաճառվել է ռուսաստանցի հայ գործարար Կամո Ավագիմյանին, որ Կարեն Կարապետյանի կառավարության աջակցության նպատակով ստեղծված Հայաստանի ներդրողների ակումբի անդամ էր և, ըստ մամուլի լուրերի, հովանավորում է Ռուսաստանից Հայաստան չվերադարձող պաշտոնյաների անձեռնմխելիությունը:
Կամ՝ ինչու՞ է Սերժ Սարգսյանի դեմ գործ հարուցվում դեկտեմբերին: Պատճառը Զագրեբը չէ՞ր ու այն, որ ՀՀ երրորդ նախագահը սկսել էր ակտիվ հանդիպումներ ունենալ, այդ թվում՝ դեսպանների հետ ու հայտարարել էր, որ խոսելու է: Փաստացի իր հեռանալը Սերժ Սարգսյանը պատճառաբանել էր երկրի անվտանգության խնդիրներով, որ շատ թափանցիկ ակնարկ էր՝ հասկանալու, որ հարցը վերաբերել է Արցախին ու, ըստ ամենայնի, Լավրովի պլանը չկատարելուն: Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ դեկտեմբերի 2-3-ը Բաքվում պաշտոնական այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսում էր նույնիսկ հնգակողմ հայտարարության հնարավորության մասին: Մամեդյարովն էլ հրապարակել էր Ադրբեջանի պաշտոնական տեսակետը՝ սուբստանտիվ բանակցությունների պահանջով ու հայտնի պայմաններով: Տարօրինակ համընկնում չե՞ն Բաքվում, Բրատիսլավայում, Երևանում կատարվող իրադարձությունները: Եթե չլիներ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում, գուցե Սերգո Կարապետյանի՝ հանուն իր չձերբակալման, ինչպես նշում է մամուլը, տված ցուցմունքը այդպես էլ մնար ՀՔԾ գզրոցներում: Հիմա Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխա՞ն պետություն է, թե՞ ինքնիշխան է ԵԱՏՄ շրջանակներում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. «Ժողովուրդը» գրել է. «Սերժ Սարգսյանին առաջադրած ՀՔԾ մեղադրանքից պարզ է դառնում, որ քրգործն առնչվում է նաև Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին:…Բարսեղ Բեգլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ` Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում: Առաջին անգամ եմ նման բան լսում: Այո, «Ֆլեշ» ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի` կապ ունենալու մասին չգիտեմ: Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք և դա երբեք չենք թաքցրել, իսկ իր գործողությունների հետ ես կապ չունեմ, տեղյակ չեմ»:
Հարց՝ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց չկա՞: Ընտրովի արդարադատություն չկա՞:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ