Արթուն և ներգործող պահենք այդ Հոգին
21.02.2020 | 00:02
Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց Իր Որդու Հոգին, որ աղաղակում է` Աբբա, Հայր (Գաղ. 4; 6):
Առաքյալը մեզ Աստծո որդիներ է կոչում, քանզի Աստվածորդու փրկչական զոհագործության միջոցով որդեգրություն ընդունեցինք և կրկին Աստծո զավակներ կոչվեցինք:
Դրախտում մարդն Աստծո կողմից արժանացել էր մեծագույն փառքի ու պատվի, բայց չգնահատեց իր ունեցածը և մեղսագործությամբ կորցրեց այն: Նա զրկվեց Աստծո զավակ կոչվելու իրավունքից և մեղքի ստրուկ դարձավ: Եվ մարդու ազատագրման համար անհրաժեշտ եղավ Աստծո Որդու պատարագումը: Արարչից հեռացած, իր աստվածատիպ պատկերին անհավատարիմ եղած մարդը Քրիստոսի մարդեղությամբ վերադարձավ Աստծուն, վերագտավ իր աստվածադրոշմ բնության տիպը: Քրիստոսի աշխարհ գալով մարդկությունը Բարձրյալի կողմից հնարավորություն ստացավ իր նախկին կարգավիճակը վերականգնելու. այժմ հերթը մարդ արարածինն է ընտրելու` մնա՞լ ստրկական վիճակում, թե՞ ազատության ու որդեգրության ճանապարհով գնալ: Այս ընտրության ճամփաբաժանին Եկեղեցու հայրերն Աստծո կամքը կատարելու համար երեք տեսակ մոտեցում են առանձնացնում. ստրուկի, ծառայի և որդու: Երբ մենք Տիրոջ սուրբ կամքը կատարելուն և Նրան ծառայելուն որպես ստրուկներ ենք մոտենում, ապա դա անում ենք վախից դրդված` սարսափելով պատժից ու դժոխքի տանջանքների հեռանկարից: Սա ստրուկի հոգեբանություն է: Եթե աշխատում ենք Աստծո կամքը կատարել երկրի վրա կամ երկնքում վարձքի ակնկալիքով, ապա այս դեպքում Աստծուն մոտենում ենք իբրև ծառաներ: Սակայն կատարյալ մոտեցումը սիրող ու հնազանդ որդու կեցվածքն է. Քրիստոս մեզ սովորեցրեց Աստծուն «Հայր» կոչել, և Մկրտության խորհրդով էլ Նրա որդեգիրները դարձանք, ուստի ինքներս էլ որդու վերաբերմունք պիտի դրսևորենք առ Հայրը` առաջնորդվելով սիրո մղումից:
Քրիստոս աշխարհին սիրո մի նոր տեսակ բերեց` անմնացորդ նվիրում ու զոհողություն պահանջող սիրո տեսակ: Այս սերն էր, որ Ամենակալ Աստծուն խաչը բարձրացրեց, և Նրա հրաշափառ Հարությունն էլ ապացույց եղավ, որ այդ զոհաբերությունն իզուր չէր: Նրա գալուց առաջ Տերը միայն Աստված էր մարդկային ցեղի համար, իսկ Քրիստոսի շնորհիվ մենք Ամենակալին «Հայր» կոչելու պատվին կրկին արժանացանք: Եվ այլևս ոչ մի ուրիշ կարգավիճակի կարիք մարդը չունի, և պետք էլ չէ, որ փնտրի: Ինչպես ամեն մի սիրող հայր պատրաստ է ներելու իր զավակին, այնպես էլ մեր Երկնավոր Հայրն է ողորմած ու գթառատ մեր հանդեպ:
Եվ հիրավի, մենք չէինք կարող Աստծուն մեր Հայրը կոչել, եթե նախ չլինեինք Նրա որդիները: Եթե շնորհը մեզ ստրուկներից վերածեց ազատների, մանուկներից` չափահասների, օտարներից` ժառանգների և որդիների, ապա արդյո՞ք ծայրահեղ անմտություն չի լինի թողնել այդ շնորհը և վերադառնալ նախկին վիճակին: Մեր ժառանգորդ և որդի լինելու ամենահստակ ապացույցն այն Հոգին է, որ մեր մեջ է, որով մեր ողջ ներաշխարհը տրամադրվում է դեպի Աստված հայելու և աղաղակելու. «Աբբա, Հայր»: Եվ Հոգին չէինք կարող ունենալ, եթե որդիներ չլինեինք: Հենց Հոգին է մեզ որդիներ դարձրել` մեզ վերածնելով Իր շնորհով: Վերածնելով մեզ` Նա հանգրվանում է մեր սրտում և պահում է մեզ Աստծո որդիության և ժառանգության մեջ: Բայց այդ վերածնունդը հնարավոր է միայն վերածնվողի` Աստծո Սուրբ Հոգու ամենակարողության հանդեպ անկասկած հավատքի պարագայում, ինչով նա կարող է արժանանալ Աստծո բարեհաճությանը: Այդժամ գալիս է որդիության ժամանակը, երբ հարկ է մի կողմ թողնել ամեն անցողիկ բան և ապրել այս խորհրդով: Հոգին կանչում է մեր մեջ «Աբբա, Հայր», կարծես դա ինչ-որ խորհրդավոր, սրբազան, գիտակցությունից վեր մի ճշմարտություն է, որ գործում է հավատացյալի մեջ, և որը վերջինիս համար բոլորովին հասկանալի և ընդունելի է: Այդպիսիների ներաշխարհն այնպես է կարգավորվում, որ նրանք խորապես զգում են իրենց որդիությունն Աստծո հանդեպ և ճանաչում են Աստծուն իբրև իրենց Հայր: Եվ դա բոլոր ճշմարիտ քրիստոնյաների անքակտելի արժանիքն է: Նրանք, ովքեր պահպանում են Մկրտությամբ ստացած իրենց սրբության և որդեգրության շնորհը, մշտապես զգում են այդ արժանիքը: Որդիության հանգամանքն այնքան էական է քրիստոնեության մեջ, որ այդ զգացումն իր մեջ դեռ չունեցողը չի կարող զգալ նաև Սուրբ Հոգու կենսագործող շնորհն իր սրտի մեջ: Առանց այդ շնորհի մենք չէինք կարող այնքան հանդգնություն ունենալ, որ համարձակ կոչեինք Աստծուն «Հայր»: Այդ համարձակությունը մեզ տրվում է միայն Սուրբ Հոգու շնորհով, ինչը մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և գործադրել մեր կյանքում:
Որդիության կարևորությունն ամբողջությամբ հասկանալու համար վերհիշենք մեկ ավետարանական պատում. անապատում, երբ սատանան փորձում էր Հիսուսին, անընդհատ մեկ բան էր կրկնում. «Եթե Աստծո Որդի ես...», սրանով փորձելով կասկած հարուցել Տիրոջ սրտում: Բայց Տերն անդրդվելի էր. սատանայի պարտությունն այն ժամանակ մեծ եղավ (Մատթ. 4; 1-11):
Այսօր էլ սատանան ցանկանում է նույն հնարքն օգտագործել նաև մեր դեմ. ցանկանում է ոչնչացնել որդիական հոգին ու զգացմունքները մեր մեջ` կասկած և թերահավատություն հարուցելով մեր մեջ ևս: Հոգևոր կյանքի հանդեպ, հոգևոր ճշմարտությունների առջև, հոգևոր իրողությունների դիմաց գաղջ վիճակ է տիրում մեր մեջ ... անհոգի վիճակ: Ներկա ժամանակներում, երբ մարդը, իր ազատությունը բացարձակության տանելով, այն իր աղբյուրից` Աստծուց, կտրելով, այն իր անձի մեջ և իր անձի համար աստվածացնելով, նյութական բարեկեցությունը կյանքի գերագույն արժեք և նպատակ հռչակելով, անսանձ հաճույքներն իր անկապտելի իրավունք նկատելով, ավելի ու ավելի է հեռանում Աստծո որդեգրության Հոգուց, առավել ևս պարտավոր ենք արթուն և ներգործող պահել այդ Հոգին մեր հոգիներից ու սրտերից ներս: Մենք այս աշխարհի մակերեսայնացող կյանքի մեջ պետք ունենք ներքին տոգորումի, ներքին պրկումի: Լցվենք Հոգու ուժով` գիտությամբ, առաքինությամբ, արիությամբ ու ներշնչումով, մտնենք աշխարհի ծովի մեջ, մեր անձերը պահենք մեղքից վեր` թեև հանդիպելով դրան, բայց... հաղթելով: Եվ ավելին` ուրիշներին ևս ազատելով ալիքների տաժանքից, մահասարսուռ ծփանքից: Արթուն և զգաստ լինենք, որպեսզի չտարվենք թմրեցնող ու դժգունացնող աշխարհական ոգուց, որ անտարբերություն կամ գաղջություն է կոչվում և որ տանում է դեպի ամայություն և անէություն: Զգոն լինենք և ըստ արժանվույն գնահատենք Աստծուց մեզ տրված բոլոր շնորհներն ու արժանիքները: Իբրև Քրիստոսի հետևորդներ` հավատարիմ մնանք այն Հոգուն, որ մեր սրտերում աղաղակում է՝ Աբբա, Հայր:
Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ