Ադրբեջանը երբեք չի փոխվել, մնում է «հեղափոխականները» հասկանան
03.04.2020 | 00:48
Կորոնավիրուսը բոլոր խնդիրները երկրորդական պլան է մղել, անգամ կենսական նշանակություն ունեցող։ Երեկ ապրիլյան պատերազմի չորրորդ տարին լրացավ։ Հերթական անգամ մեր տղաների արյան գնով պաշտպանվեցին մեր հողերը։ ՈՒ հերթական անգամ ապացուցեցին, որ արյամբ գծված սահմաններն անհնար է խախտել։
Հայ զինվորն իրենից կախված գործը փառահեղ է անում, մնում է, որ դիվանագիտությունն ու քաղաքականությունն ամրապնդեն նրա հաղթանակը։ Ավաղ, հաճախ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ ստիպված կարիք է լինում այդ հաղթանակը պաշտպանելու քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ։ Մինչդեռ պետական այրերի անհեռատես քայլերը երբեմն հակառակն են ապացուցում։ Այս իշխանությունն արցախյան հակամարտության երկամյա բանակցություններում հաճախ է առիթ տվել իրեն հիշեցնելու, որ խաղաղությունը նվաճում են, այն «կիրթ» ադրբեջանցուց չեն մուրում, որովհետև հակառակորդը ոչ քո խաղաղասիրական կոչերն է բանի տեղ դնում, ոչ էլ «հեղափոխական» անհամ լոզունգները։ Հերթական ապացույցն օրերս տեղի ունեցավ։
Մինչ աշխարհի գլուխը խառն է համավարակով, բոլորը մտածում են ինչպես հաղթահարել խնդիրը, միայն Ադրբեջանի պես երկիրը կարող է հարձակվել խաղաղ բնակչության վրա ու ռմբակոծել քո գյուղերը։ Հիշեցնենք, որ մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ: Արձակված կրակոցներից վնասվել են Բաղանիսի 7 բնակիչների տների տանիքներն ու լուսամուտների ապակիները, ինչպես նաև դպրոցի ճաշարանի մուտքի դուռը: Եթե հակառակորդդ նույնիսկ այսպիսի վիճակում քեզ հետ խոսում է կրակի լեզվով, ուրեմն ինչպես ես դու նրան խաղաղասիրական կոչեր անում ու դեռ ավելին` մտածում հողեր զիջել ու ապահով ապրել։ Դա լինելու՞ բան է։
ՈՒ այս ամենում ամենատխուրը Հայաստանի դիվանագիտության բացթողումն է։ Այս ռմբակոծումից հետո Հայաստանի ԱԳՆ-ն այսպիսի բովանդակությամբ հայտարարություն տարածեց. «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։ Դիվանագիտության մեջ ոչ մի բառ չմտածված չի լինում կամ չպետք է լինի։ Եթե սա մեր արտագործնախարարության անփութությունն է, նշանակում է` համապատասխան պաշտոնյաներն իրենց տեղում չեն, եթե իսկապես այդ ձևակերպումը դիտավորությամբ է սողոսկել, սա ավելի վատ բանի մասին է հուշում։ Ասել է՝ մինչ այս եղած հրադադարի բոլոր խախտումները «որևէ կերպ» հրահրվա՞ծ էին։
Կա մի հանգամանք ևս. խախտում եղել է ոչ թե արցախա-ադրբեջանական, այլ հայ-ադրբեջանական սահմանին, ինչը նշանակում է, որ հենց Հայաստանի իշխանությանն ուղղված հաղորդագրություն էր։ Գոնե այս անգամ կհասկանա՞ն մեր «հեղափոխականները», որ հիմա «կիրթը» նշանառության տակ է պահել Հայաստանի սահմանը, ու պատասխանատուն հենց Հայաստանի իշխանությունն է, թե՞ սովորության համաձայն, նկատելու չեն տա կամ չեն գիտակցի հակառակորդի մտադրությունները համաշխարհային առողջապահական ու տնտեսական այս ճգնաժամի օրերին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ