Իշխանությունն արտակարգ իրավիճակը փոխարինեց կարանտինով, որն ավելի խիստ սահմանափակումներ է ենթադրում և համարժեք պատժամիջոցներ հակահամաճարակային կանոնները խախտած քաղաքացիների նկատմամբ։ Իրավաբաններն ու քաղաքական ուժերը բավական հիմնավորված քննադատեցին այս որոշումը, բայց փաստն այն է, որ առնվազն կես տարի կարանտինի «մահակը» հանրության գլխին կախված է մնալու։ Այս որոշման ու ներքաղաքական այլ խնդիրների շուրջ զրուցել ենք քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ։
-Ինչու՞ իշխանությունը գնաց կարանտինային ռեժիմ սահմանելու ճանապարհով, նոր հարվածներ է հասցնելու առանց այն էլ հյուծված մեր տնտեսությանը, զբոսաշրջությանը և այլ ոլորտներին։
-Իշխանության այս որոշումը սպասելի էր։ Կարանտինի և արտակարգ դրության միջև ոչ միայն տարբերություն չեմ տեսնում, այլև կարանտինի դեպքում ավելի մեծ խստացումներ կան։ Մարդկանց կարող են ձերբակալել ու պատժել համապատասխան կանոնները խախտելու դեպքում։ Իշխանություններն այս մեթոդով վերահսկում են մարդկանց տեղաշարժը, ազատ հավաքների իրավունքը։ Պարզ է, չէ՞, թե ինչու են քրեական օրենսգրքի տարրերը մտցրել այս ամենի մեջ, որպեսզի հնարավորության դեպքում մարդկանց պատժեն, ամեն գնով խանգարեն հավաքների կազմակերպումը։ Այդ արգելքը պետք է ամեն գնով պահպանվի, քանի որ իշխանությունը վախենում է մարդկանց հավաքներից։ Ինչ վերաբերում է տնտեսությանը և զբոսաշրջությանը հասցվող վնասներին, նախ` զբոսաշրջությունը վաղուց է խոշոր հարված ստացել, նույնն է նաև ողջ տնտեսության պարագայում։ Այսօր փորձում են գոնե պահպանել այն ամենը, ինչը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում վերականգնվել է։ Փաշինյանը նախկինի պես արդեն չի խոսում թվերով, կառավարությունը դադարեցրել է հասարակությանը կեղծ թվերով կերակրելու քաղաքականությունը։ Անցյալ տարի վարչապետը թվախեղդ էր անում՝ փորձելով ցույց տալ, թե մեծ փոփոխություններ են եղել։ Միայն վերջերս գրանցված աշխատողների թվի մասին Փաշինյանը գրառում կատարեց, որը շատ արագ հերքվեց, քանի որ բացարձակ կեղծիք էր։ Իշխանությունը տապալել է բոլոր ոլորտների աշխատանքը, հիմա կարանտինային օրենքներով փորձում են էլ ավելի վերահսկելի դարձնել հասարակությանը։
-Կարանտինը կարո՞ղ ենք զսպաշապիկ համարել ընդդիմադիր ուժերի համար, որպեսզի չկարողանան միավորվել, հավաքներ, ցույցեր անել, պայքարել իշխանության դեմ։
-Կարանտինի նպատակն այն է, որ հանրահավաքներ, երթեր թույլ չտան, մարդիկ չբարձրաձայնեն, թե այսինչ օրենքը խախտել եք, որի հետևանքով վիրուսը տարածվել է, դե գնացեք, բանտ նստեք։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի միավորվելուն, իշխանությունն ավելի շուտ այդ ուժերին պառակտում է վարկաբեկելով, «փչացնելով», նախկինների հետ համագործակցելու մեղադրանքով, նախկին ռեժիմի մաս դարձնելով։ Իրենց անօրինական քայլերը քողարկելու համար հասարակությանը վախեցնում են նախկիններով։
-Հետաքրքիր է, որ նախկիններին մշտապես կոռուպցիայի մեջ մեղադրող իշխանությունն էլ զերծ չէ այդ երևույթից, քիչ չեն այսօր իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ նման բացահայտումները։ Սա ինչպե՞ս հասկանալ։
-Միայն այն հանգամանքով, որ 2 տարուց ավելի է անցել ու պետբյուջե վերադարձվել է 105 մլն դոլարի, այսպես ասած, կոռուպցիոն գումար, իսկ իշխանությունը 110 մլն դոլարի պարգևավճար է տվել իր ներկայացուցիչներին, արդեն կարելի է պատկերացնել, թե կոռուպցիան ինչ մակարդակի է հասել այս իշխանության օրոք։ Ես, որպես ՀՀ շարքային քաղաքացի, պարգևավճարը համարում եմ օրինականացված կոռուպցիա։ Փաշինյանը մինչև հիմա չի կարող մի պարզ բացատրություն տալ, թե ինչու է այդքան գումար տալիս իր նախարարներին, փոխնախարարներին, մարզպետներին։ Երկրում սոցիալ-տնտեսական ծանր վիճակ է, իսկ Փաշինյանը սուրբ պարտականություն է դարձրել իր թիմակիցներին պարգևատրելը։
-Դուք փաստեցիք, որ այս իշխանությունը տապալել է բոլոր ոլորտների աշխատանքը, բայց, դրան զուգահեռ, մենք այլ իրականություն ենք տեսնում։ Համավարակը դեռ չհաղթահարած` իշխանության կարևոր դերակատարները ոչ միայն արձակուրդում էին, այլև ֆոտոսեսիաներ, լայվեր էին անում ու այնպիսի տպավորություն էր, թե, ինչպես Փաշինյանն է ասում, ապրում ենք երջանիկ երկրում, իմա՝ ցավին անտեղյակ, դավին անտարբեր։ Այս հակադրությունը մտահոգիչ չէ՞։
-Այնպիսի տպավորություն է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ կա՛մ ինքնախաբեությամբ են զբաղված, կա՛մ անմեղսունակ են։ Ինձ համար զարմանալի է, թե կորոնավիրուսի հետևանքով 1150-ից ավելի մահ ունեցող երկրի առողջապահության նախարարն ինչպես է գնում արձակուրդ։ Նույնքան զարմանալի է, թե ինչպես է պարբերաբար արձակուրդ գնում վարչապետը, ուրախ, զվարթ տեսանյութեր հրապարակում։ Լավ, ամոթ է, Հայաստանում կան ընտանիքներ, որտեղ վիրուսի պատճառով մեկից ավելի մահ է եղել, ինչն այս իշխանությունների ապիկար քաղաքականության հետևանքն է։ Երբ վիրուսը Հայաստանում կար, իսկ տարածաշրջանում էլ վխտում էր, Փաշինյանը «Այո»-ի քարոզչությամբ էր զբաղված, առողջապահության նախարարն էլ առանց ամոթի հայտարարում էր, թե դա բացարձակ վտանգավոր վիրուս չէ, գրիպի մի տեսակ է։ Փաշինյանն էլ հոխորտում էր` կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ մեր առօրյայի վրա ազդի։ Ազդելը ո՞րն է, այս պահին ունենք 1150-ից ավելի մահ, որը մի մեծ գյուղի բնակչության թիվ է։ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ 17 հոգի մարդ է մահանում ալկոհոլային թունավորումից, ոչ մի մարդ պատասխանատվության չի ենթարկվում։ Լավ, հետո՞, այսպես ու՞ր ենք հասնելու։ Սա իշխանությունում ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ոչ մեկը պատասխանատու չէ, ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Անտրամաբանական է, որ պարետատան անդամներն արձակուրդ են գնում, իրենց հանգիստը վեր է ամեն ինչից։ Արտակարգ դրության պայմաններում վարչապետը, առողջապահության նախարարը, մարզպետները գնում են արձակուրդ, սա նորմա՞լ է։
-Փաստենք, որ երբ նրանք արձակուրդում չէին, վարակի տարածումը ոչ մի կերպ չէին կարողանում կանխել, իրավիճակը վերահսկելի պահել։ Այդ պաշտոնյաների ներկա և բացակա լինելն այս պարագայում նույն արժեքը չունի՞։
-Այս ամենում բարոյական կողմն է շատ կարևոր։ Կորոնավիրուսի դեմ պայքարը, այո, իշխանությունները տապալել են հենց առաջին օրից։ Սեփական տկարամտությունը, սխալները քողարկելու համար անգամ սկանդալ հրահրեցին Վրաստանի հետ։ Խնդիրը բարոյական դաշտում է՝ քո տանը ողբերգություն է, իսկ դու գնում ես հանգստի։
-Այս տապալման համար իշխանությունը երբևէ պատասխան տալու՞ է, թե՞ հասարակությունը կների նրանց։ Ի դեպ, նրանք իրենց հակասական հայտարարություններն արդարացնում են այն հանգամանքով, որ անծանոթ վիրուս է, զարգացումն անկանխատեսելի ընթացք ունի և դժվար է միանշանակ գնահատական տալ, թե ինչպես պետք էր դրան դիմակայել։
-Հասարակության ներելու վերաբերյալ պահանջները կարող են ուշ ի հայտ գալ, հիմա մարդիկ շոկի, ցայտնոտի մեջ են, քանի որ հետևանքները դեռ չեն պատկերացնում։ Ինչ վերաբերում է վիրուսի անծանոթ լինելուն, մենք 21-րդ դարում ենք ու սեփական սխալների վրա սովորելը տարրական տկարամտություն է։ 2019-ի նոյեմբերից Չինաստանում կորոնավիրուսը տարածված էր ու դրա վերաբերյալ տեղեկություններն ահռելի քանակությամբ հրապարակվում էին։ Համապատասխան ոլորտի ներկայացուցիչները պետք է արագ կապ հաստատեին այն երկրների իրենց գործընկերների հետ, որտեղ ավելի վաղ էր տարածվել վարակը և պայքարի օպտիմալ տարբերակ ընտրեին։ Սեփական տկարամտությունը թաքցնելու համար ասել, թե տվյալները վրացիները կեղծում են, ամենահեշտ բանն է։ Մեր իշխանություններն առաջնորդվում էին թայֆայական շահերով, իրենց համար իդեա-ֆիքս էր դարձել հանրաքվեի միջոցով ՍԴ-ի նկատմամբ հաշվեհարդար տեսնելը։ Երբ տարածաշրջանում մոլեգնում էր վարակը, Փաշինյանը հանրահավաքներ էր անում՝ մտածելով, որ մենք երկրագնդից դուրս ենք։ Այս դարում հայտարարել, թե անծանոթ վիրուս էր, դրանով փորձելով ինդուլգենցիա ձեռք բերել, պարզապես ծիծաղելի է։ Ընդամենը պետք էր, օրինակ, Չինաստանի առողջապահության նախարարության հետ կապ հաստատել և հասկանալ, թե դա իրենից ինչ է ներկայացնում։
-Արսեն Թորոսյանը մեր երկրի հեղինակավոր բժիշկների, համաճարակաբանների հետ չի ցանկացել համագործակցել, խորհուրդ հարցնել, էլ ուր մնաց Չինաստանի օրինակը հաշվի առներ։
-Արսեն Թորոսյանն ինքնահավան մարդ է ու մտածում է, թե իրենից լավ բժիշկ չկա Հայաստանում, ու դրա համար էլ այսօր ունենք այսպիսի պատկեր։ Սերժ Սարգսյանին միշտ քննադատել եմ այն բանի համար, որ իր կառավարության անդամներից ոմանց վերաբերվում էր «սրբազան կովերի» պես, որոնք անձեռնմխելի էին, ինչ անեին, ջրից չոր էին դուրս գալիս։ Փաշինյանն այս առումով ավելի վատ քաղաքականություն է վարում։ Սարգսյանի կառավարության «բեսպրեդելշիկներն» այնքան մեծ վնաս չհասցրին երկրին, որքան Փաշինյանի «բեսպրեդելշիկները», որոնց մեծ մասը իրենց գործում դիլետանտներ են, աղետալի վիճակի են հասցրել տնտեսությունը, տարբեր ոլորտներ։
-Այս իշխանության ամենահայտնի «սրբազան կովերը» ԿԳՄՍ և առողջապահության նախարարներն են, որոնց նկատմամբ թեև հանրային մեծ դժգոհություն կա, սակայն ամուր նստած են իրենց աթոռներին։ Ինչու՞։
-Նրանք ոչ միայն Փաշինյանի, այլև նրա իշխանության փայատերերի թիմակիցներն են։ Ենթադրում եմ, որ այդ փայատերերը Փաշինյանին վերջնագիր են ներկայացրել, ըստ որի և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Արսեն Թորոսյանը պիտի շարունակեն իրենց գործունեությունը։ Վերջիններս ավելի շատ առաջնորդվում են այլ գրասենյակներից իջած հրահանգներով, քան մեր երկրի շահերով։
-Այս իշխանության ախտորոշումը տվեցիք, իսկ ընդդիմությունն ի՞նչ է անում, աշնանը քաղաքական ակտիվ զարգացումներ կարելի՞ է սպասել։
-Մեր ընդդիմությունը միշտ համախմբվելու խնդիր ունի, որովհետև լիդերներից յուրաքանչյուրն իրեն Նապոլեոն Բոնապարտ է համարում, որի պատճառով պառակտումներ են լինում, և դրանից օգտվում են իշխանությունները։ Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ աշունը թեժ լինի, իսկ ընդդիմությունը կհաջողի այն ժամանակ, երբ հասարակության լայն շերտերը, սոցիալ-տնտեսական իրավիճակից դրդված, դժգոհության ձայն բարձրացնեն։ Հայաստանում աշնանը և ձմռանը սպասվում է ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, ընդդիմությունը պետք է դժգոհ շերտերին միավորելու ու հաջողության հասնելու կոնկրետ քայլեր ձեռնարկի։ Թե դա ինչ արդյունք կտա, կերևա առաջիկայում։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ