Եվրոպական թոփ առաջնություններից ևս երկուսը մեկնարկեց՝ «խաղի» մեջ մտան իսպանական լա լիգան ու անգլիական պրեմիեր լիգան։ Պատկերի ամբողջացման համար սպասենք սեպտեմբերի 18-ին ու 19-ին մեկնարկելիք գերմանական բունդեսլիգային ու իտալական սկուդետեին, որից հետո նոր ողջ էությամբ կկարողանանք ընկղմվել կատարյալ վայելքի գիրկը, քանզի այն մյուս երկու կարևոր բանից հետո (ամեն ինչի մասին չէ, որ պիտի բարձրաձայնել) ֆուտբոլը տղամարդու, հատկապես առողջ տղամարդու զգայական գրգիռների երրորդ կարևոր բևեռն է, որի անառարկելիության գիտակցումը պարտավոր է ունենալ յուրաքանչյուր կին, եթե իրապես ուզում է, որ կյանքը լինի ներդաշնակված ու գեղեցիկ։ Մի քիչ ընդհանրական, շատ ավելի փիլիսոփայական այս նախամուտք-խոսքից անցնենք կոնկրետացումներին։
ՖՐԱՆՍԻԱ
Մեկնարկածներից «յոթնուկը» դիվիզիոնի առաջնությունն էր, որը հետևում արդեն երեք տուր ունի թողած (եթե հիշում եք, համավարակի պատճառով այն եվրոպական թոփ առաջնություններից առաջինն ընդհատվածն ու այդպես էլ չվերսկսվածը եղավ)։
Արդ՝ ինչեր եղան երրորդում։ Առաջնությունը երկու հաղթանակով սկսած «Նիցցայի» բացված ախորժակը «չափի» բերեց մեր հայրենակից Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելիեն»՝ լիուլի օգտվելով սեփական հարկի առավելություններից։ Կարծում ենք՝ 3։1-ն առավել քան համոզիչ հաշիվ է խաղի մասին ամբողջական պատկերացում ունենալու և ավելորդ մանրամասներ չպահանջելու համար։
Ինչ վերաբերում է երկրի չեմպիոնին, Լանս գնացած «Պարի Սեն Ժերմենը» տեղի համանուն թիմի հետ մրցակցությանը ներկայացել էր հիմնական կազմի յոթ ֆուտբոլիստի բացակայությամբ։ Այդ մասին մեր նախորդ հրապարակումում առավել քան մանրամասն ենք եղել, միայն հիշեցնենք, որ պատճառը կորոնավիրուսն է։ Առանցքային ֆուտբոլիստների բացակայության պարագան մայրաքաղաքային թիմի համար եղել է վճռորոշ. «Պար Սեն Ժերմենը» զիջել է տանտերերին՝ առաջնությունը փաստորեն սկսելով ոչ միայն ուշացումով, այլև պարտությամբ։
«Մարսելի» հետ հանդիպմանը, որը «Բրեստի» հետ առաջին տուրի դիմակայությունն ավարտել էր հաղթանակով՝ 3։2, երկրի չեմպիոնը հասցրել էր մարտի նախապատրաստել Նեյմարին ու դի Մարիային, սակայն առաջին խաղակեսի 31-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ անցել են առաջ ու կարողացել մինչև խաղավարտ անփոփոխ պահել հաշիվը, թեպետ խաղի ողջ ընթացքն անցել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստների տոտալ վերահսկողության տակ։ Նկատենք, որ հանդիպման ավարտին պարտության ռեալ վտանգը հունից հանել է տանտերերին, ինչը փոխանցվել է նաև հյուրերին։ Մրցավարը հինգ խաղացողի պատժել է կարմիր քարտով։ Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ առաջնության մեկնարկը չափազանց անհաջող էր երկրի գործող չեմպիոնի համար՝ երկու հանդիպում, երկու պարտություն, բաց թողած երկու և չխփած ոչ մի գոլ, մրցաշարային աղյուսակում՝ 18-րդ հորիզոնական։ Ի հակակշիռ մայրաքաղաքցիների, խփած-բաց թողածների 4։2 հարաբերակցությամբ մարսելցիները երկու խաղից հետո ունեն վեց միավոր, հինգերորդ հորիզոնականում են:
Երեք տուրից հետո յոթական միավորով առջևում են «Ռենը», «Մոնակոն», «Լիլը», որոնք վերջին՝ երրորդ տուրում համապատասխանաբար պարտության են մատնել «Նիմին» (4։2), «Նանտին» (2։1), «Մեցին» (1։0)։ Երկու խաղից հետո «Մարսելի» պես բացարձակ արդյունք ունի և «Սենտ Էտիենը», որը նույն 2։0 հաշվով պարտության է մատնել թե «Լորիանին», թե «Ստրասբուրգին»։
ԱՆԳԼԻԱ
Ոչ լրիվ երկու տասնամյակ պրեմիեր լիգայից բացակայելուց հետո «Լիդսը» երկրի բարձագույնում մրցելույթները սկսեց դաժան փորձությամբ։ Դաժան ենք ասում, որովհետև մրցակիցը երկրի չեմպիոնն էր։ Ռուսները նման դեպքի համար հրաշալի խոսք ունեն՝ с корабля на бал.
Ի՞նչ արեց «Լիդսը»։
Դաշտում ոչ լրիվ չորս րոպե էլ իրեն չէր դրսևորել՝ չհասցնելով վարժվել խոտածածկին, երբ «կերավ» առաջին գոլը՝ 11-մետրանոցից դառնորեն նրա սիրտը խոցեց Մոհամեդ Սալահը։
Բնականաբար առաջին բանը, որ նման մեկնարկից հետո անցավ ու պիտի անցներ ֆուտբոլասերի մտքով, լինելու էր «սկսվե՜ց» բացականչությունը։
ՈՒ իսկապես էլ սկսվե՜ց։
ՈՒթ րոպե պահանջվեց հյուրերից հաշվի հավասարությունը վերականգնելու համար։
Առաջնության նորեկի նման հանդուգն պահվածքը բնականաբար «Լիվերպուլի» ինքնասիրությանն ուղղված լուրջ հարված էր։ Չեմպիոնից նույն ութ րոպեն պահանջվեց գոլերի հաշվարկով իր առավելությունը կրկին հաստատելու համար։ Ընդամենը երկու րոպեի չափով խախտելով արդեն կայուն ժամանակաչափ դարձած ութ րոպեն, «Լիդսը» հավասարի իրավունքով դիմեց չեմպիոնին, որը մոտավորապես կարելի էր հասկանալ այսպես՝ շտապում ես, ախպերս։
Տանտերերն այս անգամ երկար չհանդուրժեցին նորեկի չափեր չճանաչող հանդգնությունը. ընդամենը երեք րոպե պահանջվեց հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար։
Այսքանով էլ ավարտվեց առաջին խաղակեսը, սակայն ակնհայտ էր, որ երկրորդը ոչ պակաս փոթորկուն է լինելու։
66-րդ րոպեին «Լիդսը» նորից հաշվի մեջ հավասարութուն հաստատեց։ Ժամացույցի սլաքներն անվերադարձ մոտեցնում էին խաղավարտին, երբ չեմպիոնը ևս մեկ անգամ կարգի հրավիրեց առաջնության նորեկին՝ ֆիքսելով վերջնական 4։3 հաշիվը։ Նկատենք, որ «Լիվերպուլի» կազմում հեթ տրիկի հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը։ Ինչևէ։ Ահա այսպիսի գեղեցիկ, լարված, դրամատիզմով հարուստ, հանդգնությամբ լի դիմակայություն ունեցավ պրեմիեր լիգայի առաջին տուրը՝ միաժամանակ հավաստելով, որ մառախլապատ Ալբիոնի առաջնությունը նախորդ տարիների օրինակով խոստանում է մնալ եթե ոչ լավագույնը, ապա առնվազն լավագույններից մեկը, թեպետ լավագույնը մեկն է լինում։
Առաջին տուրի անհաջողակներից եղավ նաև առաջնության նորեկներից մյուսը՝ «Վեստ Բրոմվիչը», որի մրցակիցը «Լեստերն» էր։ Անգլիայի երբեմնի չեմպիոնը երեք անպատասխան գնդակի առավելությամբ ավարտեց տանտերերի հետ հանդիպումը։
Առաջին տուրը հաղթանակով սկսեց և «Արսենալը» (մրցակիցն եղել է 0։3 հաշվով պարտված «Ֆուլհեմը»), որը, շնորհիվ թիմի գլխին կանգնած տաղանդավոր, երիտասարդ մարզիչ Արտետայի, չեմ կասկածում, որ փորձելու է եղանակ ստեղծել առաջնությունում՝ վերադառնալով իր երբեմնի ունեցած ելման դիրքեր։
Առանձնակի սպասումներ էին «Տոտենհեմ»-«Էվերտոն» հանդիպումից՝ բացառապես նկատի ունենալով հյուրընկալած թիմի գլխին Մոուրինիոյի կանգնած լինելու պարագան, սակայն Անչելոտիի սաները շանս չտվեցին մրցակցին։ Թեպետև հանդիպումն ավարտվել է նվազագույն հաշվով, դրանից ոչինչ չի փոխվում այն բանում, որ ամբիցիոզ Ժոզեի թիմը սկսեց -3-ով։
Ինչ վերաբերում է մանչեստրյան գրանդներին, նրանց հանդիպումները հետաձգվել են։ Մեզ մնում է միայն հիշեցնել, որ արտագնայում «Յունայթեդը» ուժերը չափելու էր «Բյոռնլիի», «Սիթին»՝ «Աստոն Վիլայի» հետ։
ԻՍՊԱՆԻԱ
Սպասվող խոշորագույն ինտրիգներին այստեղ ականատես չեղանք, քանզի «Բարսելոն»-«Էլչե», «Ռեալ Մադրիդ»-«Խետաֆե» հանդիպումները հետաձգվել են։ Հասկանալի է, չէ՞, որ ինտրիգ ասելով՝ նկատի ունենք իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի այս գրանդների ոչ թե «Էլչե» ու «Խետաֆե» մրցակիցներով խաղերը, այլ ընդհանրապես նրանց խաղերը։ Այս ֆոնի վրա մյուսների ունեցած դիմակայությունները, անկեղծ ասած, գոնե այս փուլում ոչ առանձնակի նշանակության էին, ոչ էլ առանձնակի հետաքրքրության, որ դրանց անդրադառնալը կարևորեինք։ Միակ բացառությունը, որ անելու ենք, վերաբերում է «Վալենսիա»-«Լևանտե» դիմակայությանը, որտեղ հյուրերը երկու անգամ հաշվի մեջ առաջ են անցել, սակայն այդպես էլ չեն կարողացել ապահովել իրենց համար շահեկան հաշիվը։ Ավելին՝ խաղավարտին մոտ նրանք տեղի են տվել ու վերջնահաշվում պարտվել 2։4 հաշվով։
ԳԵՐՄԱՆԻԱ
Տպավորություն չստեղծվի, թե գերմանական ֆուտբոլն այս օրերին արձակուրդի վայելքների մեջ էր։ Ոչ։ Այստեղ մեկնարկել են երկրի գավաթի խաղերը։ Սակայն դրանք ընդամենը սկզբնական փուլում են, 1/32-ում, ու մարզական առումով դարձյալ առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում, որ մանրամասնենք։ Մեր այս նյութի վերջնամասը փոքր-ինչ այլ երանգներով ներկայացավ. նկատի ունենք առանձանկի հետաքրքություն չներկայացնելու հանգամանքը, բայց ինքներդ էլ գիտեք, որ կյանքում նման բաներ էլ են լինում։ Այնպես որ մնանք լավագույնի սպասումով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ