Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

10. ՄԻ՛ ՑԱՆԿԱՑԻՐ

10. ՄԻ՛ ՑԱՆԿԱՑԻՐ
25.05.2010 | 00:00

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ
Վերջին պատվիրանն է, որ Արարիչ Տերը կամեցավ տալ իր ստեղծած մարդուն, որպեսզի նա իր նմանների մեջ կարողանա ապրել առանց մեղսավոր ցանկասիրության, քանի որ այն առաջին քայլն է դեպի ապականություն:
Այս պատվիրանը զգուշացնում է, որ զանազան ցանկություններ են առաջանում մարդու սրտում, որոնք կարող են նրան առաջնորդել դեպի մեղք և Աստծո դեմ հանել: Չիմացածդ, չտեսածդ բանը չես էլ ցանկանում, իսկ ինչ տեսնում ես և քոնը չէ, բայց քո մեջ այն ունենալու ցանկություն է առաջանում, ապա լավ իմացիր` քո մեջ դժոխքի հրդեհ է բռնկվել, ինչը եթե իսկույն չհանգցնես, ապա տարածվելու է ու լափելու է նաև ունեցածդ:
Սատանան երբ խաբում էր Եվային, ամեն ջանք գործադրեց, որպեսզի առաջին կինն արգելված ծառի պտղին նայի ու ցանկանա, որովհետև այն գեղեցիկ էր ու հաճելի աչքերին և, ի վերջո, նայեց և ցանկությունը զորանալով հաղթեց նրան, ու Եվան մեղք գործեց:
Տասներորդ պատվիրանը մարդուն նախ բարոյական մաքրության է առաջնորդում և արգելում է դրացու կնոջը ցանկանալ: Եվ այդ մասին Աստվածաշնչից ավելի վառ օրինակ երևի հնարավոր չէ գտնել, քան է Դավիթ թագավորի անկման պատմությունը. Դավիթն Աստծո ընտրյալն ու սիրելին էր, և իսկապես նրա ողջ կյանքը Աստծո հանդեպ հավատքի ու նվիրվածության մի շարան էր, բայց մի օր իր պալատի տանիքում շրջելիս տեսավ մի գեղեցիկ կնոջ՝ Բերսաբեին։ Մարդ ուղարկեց և իր մոտ կանչեց։ Ցանկանալով նրան` պառկեց հետը։
ՈՒշադրություն դարձրի՞ք, որ գործեց դեպի մեղքը տանող նույն հնարքը` տեսավ-ցանկացավ-կատարեց-ընկավ:
Որոշ ժամանակ անց այդ կինը լուր ուղարկեց Դավթին, թե հղի է: Թագավորը, իմանալով, որ նրա ամուսինը գտնվում է պատերազմում, և խայտառակություն է լինելու, իսկույն սուրհանդակ ուղարկեց պատերազմի դաշտ և հրամայեց Բերսաբեի ամուսնուն՝ քաջ ՈՒրիային, մայրաքաղաք կանչել: Նրան հարց ու փորձ անելով պատերազմի ընթացքից ու զորքի վիճակից, ասաց. «Տունդ գնա ու ոտքերդ լվա», այսինքն` հանգստացիր ճանապարհից, բայց, ի զարմանս բոլորի, նա իր տունը չգնաց, այլ քնեց Դավթի ծառաների հետ: Երկրորդ օրը նույնպես հրաժարվեց իր տունը գնալուց ու իր կնոջը տեսնելուց: Եվ երրորդ օրը հրավիրելով նրան` Դավիթն առատ հյուրասիրություն արեց և գինովցնելով, երեկոյան ուղարկեց տուն՝ կնոջ մոտ պառկելու: Բայց ՈՒրիան նորից հրաժարվեց տուն գնալուց և ասաց, թե քանի դեռ Աստծո սուրբ տապանակը և իր ազգը գտնվում են պատերազմի դաշտում, ինքը կնոջ մոտ չի գնա: Դավիթը, համոզվելով, որ ՈՒրիան անդրդվելի է, նամակ գրեց զորագլխին, որ այս պատգամաբեր ՈՒրիային դնի այնպիսի մի տեղ, որ թշնամին սպանի նրան, և հենց ՈՒրիայի ձեռքով էլ ուղարկեց այն: Այդպես էլ կատարվեց, և ՈՒրիան մեռավ: Երբ անցան սգո օրերը, Դավիթը մարդ ուղարկեց և Բերսաբեին իր մոտ առնելով, իրեն կին դարձրեց, ու շուտով ծնվեց նրանց առաջնեկը:
Կարծես այս պատմությունն աշխարհի նմանատիպ դեպքերից այնքան էլ չի տարբերվում, բայց չմոռանանք, որ մեր առջև Աստծո օծյալն էր՝ Իսրայելի թագավորը։ Կարդանք շարունակությունը. «Տերը Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ: Սա գալով նրա մոտ, ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մեկը հարուստ էր, մյուսը՝ աղքատ: Հարուստն ուներ շատ ու շատ հոտեր ու նախիրներ, իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը գնել էր ու պահում էր: Գառնուկը մեծացավ նրա ու նրա որդիների հետ: Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում. դա կարծես նրա դուստրն էր: Այդ հարուստ մարդու մոտ մի անցորդ եկավ: Հարուստը չուզեց իր հոտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հյուրասիրի իր մոտ եկած անցորդին, առավ աղքատի գառնուկը և կերակուր պատրաստեց իր մոտ եղած մարդու համար»: Դավիթը խիստ բարկանալով այդ մարդու վրա՝ ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը. այդ բանն անող մարդը արժանի է մահվան: Նա այդ գառնուկի համար յոթնապատիկ պետք է հատուցի այն բանի փոխարեն, որ նա արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»: Նաթանն ասաց Դավթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը: Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. «Ես եմ, որ քեզ թագավոր օծեցի ամբողջ Իսրայելի վրա, ես եմ, որ քեզ փրկեցի Սավուղի ձեռքից, քեզ հանձնեցի քո տիրոջ՝ Սավուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տվեցի Իսրայելն ու Հուդայի երկիրը, և եթե դրանք քիչ ես համարում, նույնքան էլ կավելացնեմ»: Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր նրա աչքի առաջ չարիք գործելով: Դու սրով սպանեցիր քետացի ՈՒրիային և նրա կնոջը քեզ կնության առար, նրան սպանեցիր ամոնացիների սրով: Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից փոխարենն այն բանի, որ ինձ անարգեցիր և քետացի ՈՒրիայի կնոջը քեզ կնության առար» (Բ Թագ. ԺԲ 1-10):
Եվ ի շարունակություն և ի հետևանք այս մեղքի պատմության, Տերը մեռցրեց Բերսաբեից ծնված երեխային: Իսկ շուտով Դավթի սիրելի որդին՝ Աբիսողոմը, վրեժխնդրությունից դրդված սպանեց իր եղբորը՝ Ամոնին, որից հետո ապստամբեց հոր դեմ, և արյունահեղ պատերազմում սպանվեց նաև ինքը: Դրանով իսկ մեծ վիշտ առաջացավ Դավթի հոգում, որը քաջ գիտեր, որ այդ ամենն իր մեղավոր ցանկասիրության պատճառով պատահեց, քանզի չպահեց Տիրոջ պատվիրանն ու յոթնապատիկ հատուցեց պատվիրանազանցության համար:
Այո՛, այս ցավալի դեպքերը չէին լինի, եթե Դավիթը հիշեր և սրբությամբ կատարեր Տիրոջ պատվիրանը. «Դրացիիդ կնոջը մի ցանկացիր»: Բայց ցանկությունն այնքան էր կուրացրել նրան, որ պատվիրանազանց եղավ նաև մնացածների մեջ և շնանալով մարդ սպանեց ու, ի վերջո, դրանով անարգեց իր Տեր Աստծուն: Այս պատմության մեջ իր զարմանալի հավատարմությունը ցույց տվեց ՈՒրիան թե՛ Աստծո, թե՛ ժողովրդի ու իր թագավորի հանդեպ, ու Տերը չմոռացավ այդ ծառայի հավատարմությունը, և Հիսուսի ազգաբանության մեջ գրվեց. «Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին, ՈՒրիայի կնոջից…» (Մատթ. Ա 6): Բայց, ավա՜ղ, հավատարմության օրինակը նույնպես հետ չկանգնեցրեց դրացու կնոջով հրապուրված ու կուրության աստիճան գայթակղված Դավթին:
Յուրաքանչյուրիս համար թող այս դեպքը լինի ուսանելի խորհուրդ Աստծո առջև սրբությամբ և վախով առաջնորդվելու և քայլելու համար, քանզի Տերն անպատիժ չի թողնում իր խոսքը անարգողին և իր պատվիրանները զանց առնողին, ով էլ լինի նա:
Իսկ Սողոմոն Իմաստունը դրացու կնոջ մոտ գնացող մարդուն համեմատում է սպանդանոց գնացող անասունի կամ էլ կրակի կայծերի վրա քայլողի հետ, որոնց խելքը պակաս է:
Յուրաքանչյուր ազգի հիմքը ընտանիքի բարոյական սրբությունն է: Խախտվեց այն, համարիր, որ ազգը կործանված է, ինչպես և համոզվել ենք նույնիսկ զորավոր ազգերի պատմությունից, ինչպես հնում Սոդոմն ու Գոմորը, իսկ հետո Հռոմը՝ իր այլասերված կայսրերով հանդերձ:
Մեր Տեր Աստվածը կարևոր է համարում ազգի բարոյական հիմքը, որը սկսվում է «Մի՛ ցանկացիր դրացիիդ ոչ մի բանը» պատվիրանով: Չմոռանանք, որ այդ ցանկությունից է սկսվել մարդկության չարիքը՝ նախանձը: Նախանձում են պետությունները պետություններին, ազգերը՝ ազգերին, ընտանիքները՝ ընտանիքներին, մարդը՝ մարդուն: Նախանձն այն լափող կրակն է, որ դժոխքից է բռնկվում, քանզի այն սատանայի զենքն է մարդուն կործանելու համար: Չարը ի սկզբանե նախանձեց մարդուն, որ Աստծո սերն էր վայելում դրախտում:
Ցանկության նախանձն է, որ առիթ է տալիս զանազան պատերազմների ու կռիվների, քանզի ուրիշի հողն ու ունեցվածքը հանգիստ քուն չեն տալիս ագահ աչքին, որը օր ու գիշեր, գիշատիչ թունավոր սարդի նման, ծրագրեր է հյուսում իր նպատակին հասնելու համար:
Այդ նույն նախանձից դրդված էր, որ Կայենը սպանեց իր եղբորը՝ Աբելին, որի կատարած զոհաբերությունն ընդունելի եղավ Աստծո մոտ, իսկ իրենը՝ ոչ:
Իսկ Հակոբոս առաքյալը զգուշացնում է. «Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ: Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում: Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին: Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. Դ 1-4):
Եվ վերջապես, նախանձն էր պատճառը, որ փարիսեցիները մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, խաչեցին: «Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան» (Մատթ. ԻԷ 18):
Իմանալով, թե ուր կարող է տանել ցանկությունը` դեպի դրացիիդ ունեցածը, զգույշ եղիր, ով ընթերցող, և քննիր` արդյոք սրտումդ չկա՞ այդ չար ախտից, որը շուտով կարող է քեզ դժոխքի կրակներ առաջնորդել, քանզի չար ցանկություններից մեղք է հղանում, իսկ երբ այն զորանում է, մահ է ծնում:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ