Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՆԾԱՆՈԹ ԷՋԵՐ ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՆԾԱՆՈԹ ԷՋԵՐ ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
11.06.2010 | 00:00

Մեր ոսկեղենիկ լեզվի ու գրի մասին սկսել ենք շատ խոսել ու գրել, որովհետև այս պղտոր ժամանակը (բոլոր առումներով) մամռապատել ու եղծել է մեր լեզվի նախկին անաղարտությունն ու փայլը։ Որպեսզի հասկանանք պատճառը և բժշկությունը հմտությամբ վարենք, խոսքը տանք հայոց մեծերից Մովսես Խորենացուն:
«Հաբել անունով մի քահանա խոստացավ հայերեն լեզվով տառեր ստեղծել, որ հարմարեցրել էր Դանիել եպիսկոպոսը։
Միասին գնացին և Դանիելից լավ հմտացան վաղուց գրված տառերի շարքին, որ դասավորված էր հունարենի օրինակով, բերին մատուցեցին Սահակին և Մեսրոպին, որոնք սովորելով ու երեխաներին էլ վարժեցնելով քիչ տարիներ, համոզվեցին, որ այդ նշագրերը, այդ մուրացված գծագրությունն ընդունակ չեն վանկ առ վանկ ճիշտ արտահայտելու հայերեն բառերի հնչյունները։
Սրանից հետո ինքը՝ Մեսրոպը, աշակերտներով իջնում է Միջագետք, նույն Դանիելի մոտ, և նախկինից ավելի բան չգտնելով՝ անցնում է Եդեսիա, Պղանտոն անունով մի հեթանոս ճարտասանի մոտ։ Նա ուրախությամբ ընդունեց, և ինչքան հայերեն խոսքեր միտքը բերում էր՝ հավաքելով և շատ ջանք թափելով օգուտ չունեցավ հռետորը, և խոստովանեց իր տգիտությունը։ Բայց նա ասաց, որ ինքն առաջ ունեցել է մի ուսուցիչ, շատ հմուտ մարդ, որ հետո ճարտարների գրվածքները Եդեսիայի դիվանից առնելով գնացել ու քրիստոնեություն է ընդունել. նրա անունն է Եպիփանոս. «Նրան փնտրիր, գտիր, որ քո փափագը կատարի»։
Այդ ժամանակ Մեսրոպը Բաբիլոս եպիսկոպոսից օգնություն գտնելով՝ Փյունիկեով անցնում է Սամոս, որովհետև Եպիփանոսը մեռած է լինում, թողնելով աշակերտ Հռոփանոս անունով։ Մեսրոպը գնում է սրա մոտ և սրանից էլ շահ չգտնելով՝ ապավինում է աղոթքի։ Եվ տեսնում է ո՛չ երազ քնի մեջ, ո՛չ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ՝ քարի վրա գրելիս, այնպես որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյունի վրա։ Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր գրերի հանգամանքները նրա մտքում հավաքվեցին ինչպես մի ամանում։ Եվ աղոթքից հետո վեր կենալով ստեղծեց մեր նշագրերը։
Ապա Մեսրոպը Վռամշապուհ թագավորի և Սահակի հրամանով ընտրությամբ երեխաներ ժողովեց, ուշիմ, առողջակազմ, լավ ձայնով և երկար շնչառությամբ, բոլոր գավառներում դպրոցներ հիմնեց» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Գ գլուխ, ԾԲ-ԾԳ)։
Այս ամենը` չորրորդ դարի վերջին և հինգերորդ դարի սկզբում։ Հայոց գրով Սուրբ Գրքի թարգմանությունների թագուհին ունեցանք՝ չգերազանցված նրբությամբ ու խորարմատ մտքով Աստվածաշունչը ծնվեց, որ գալիք խառնիճաղանջ ու այլ հավատների հետ պատերազմ պիտի տար ու հաղթող մնար։
Ինչպես հայոց գրերը Մեսրոպ Մաշտոցի աղոթքներով Աստվածաշնորհ էին, այդպես այդ երանելի այրի մահը Աստվածահաճո եղավ ու երկնային հրաշքով հաստատվեց։ Նորից ձայնը տանք Մովսես Խորենացուն. «Սուրբ Սահակի վախճանվելուց վեց ամիս հետո, մեհենական ամսի տասներեքին, երանելի Մեսրոպն էլ այս աշխարհից փոխվեց (ննջեց ի Քրիստոս) Վաղարշապատ քաղաքում, գերազանցելով բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանությունը և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորություններով աննման, խորհրդակցությամբ մեծ, հավատքով ուղիղ, հույսով համբերող, սիրով անկեղծ, ուսանելիս անձանձրույթ։ Բայց որովհետև բոլոր բարեմասնությունները անկարող եմ թվել, խոսքս կդարձնեմ նրա մարմնի հուղարկավորությանը։
Ինչպես լսեցի բազմաթիվ արժանահավատ անձերից, Խաչի աղոտ ձևով լույս էր շողում այն տան վրա, որտեղ երանելին հոգին ավանդեց, և շուտով չանհետացավ այս շողքը, քչերին տեսանելի չեղավ, այլ ամբողջ բազմությանը, այնպես որ շատ անհավատներ մկրտվեցին։ Այս ժամանակ ժողովված բազմության մեջ աղմուկ և շփոթվածություն ծագեց՝ այն պարկեշտ մարմինը թաղելու տեղի պատճառով, որ դեռ մահից առաջ մեռելության էր վարժեցրել իրեն։ Բաժանվել էին երեք խմբի. մի մասն առաջարկում էր տանել Գողթն, որտեղ առաջին անգամ ուսուցել էր, մի մասն առաջարկում էր թաղել Վաղարշապատում՝ սրբերի հանգստարանում։ Բայց հաղթեց քաջ Վահան Ամատունին, որն ավելի ջերմեռանդ էր հավատով և հզոր էր մարմնավորապես, որովհետև պարսիկներն այդ ժամանակ նրան էին վստահել մեր հայոց երկրի հազարապետությունը։ Նա մարմինը վերցրեց և արժանավայել հուղարկավորությամբ տարավ իր գյուղը՝ Օշական։ Եվ նույն լուսեղեն Խաչի երևույթը դագաղի վրա գնում էր դեմ հանդիման ժողովրդին, մինչև նրան հողին հանձնեցին, որից հետո նշանն աներևույթ եղավ»։
Եվ այս ամենը, ըստ իս, կատարվեց Աստծո նախախնամությամբ, որովհետև պատմական Հայաստանի այս փոքրիկ հատվածում պետք է Հայոց ածուն կենդանություն տար ու պտղաբերեր սրբադաս երանելիներով։
Իսկ որ Հայոց գրերը տիեզերադաս խորհուրդ են համարվում, օգտվենք Վարդան Արևելցու խոսքից. «Ինչպես Աստված մեծն Մովսեսին Սինա լեռան վրա Իր աջով դրոշմում է պատվիրանները ու տալիս է քսաներկու տառ, այդպես էլ երանելի Մեսրոպի աղոթքով Բալու լեռան վրա Իր Աջով դրոշմում է տասնչորս տառերի պատկերներ: Նա Աստվածատուր պարգևներով սուրբ Երրորդության ճառագայթներն առնելով՝ մարգարեների, առաքյալների, ավետարանիչների, երկնային դասերի բոլոր արդարների խմբերի հետ գալիս մտնում է Հայաստան աշխարհը ու մեր եկեղեցիներում կուտակում անսահման գեղեցկություններ՝ հոգիների, մարմինների զարդարանքի ու հավիտենական փառքի համար, ինչը բոլոր ազգերի համար չարեց ամենքի Տերը: Քանզի ոչ թե հմուտ վարպետների ու միջնորդների միջոցով իմաստնացանք ու առաջնորդվեցինք դեպի Նա, այլ երկնահաս ու աշխարհաստեղծ Աջով մեզ համար գրվեց ուսման դպրությունը, և մեր Տիրոջ ու Աստծո հիշատակը կենդանի է մնացել մեր մատյաններում՝ զորություն ու շնորհ տալով նրանց, ովքեր մոտենում են հավատով ու գիտակցաբար: Դրա համար Տվողին փառք, պատիվ ու գոհություն և Տիրոջից մեզ մոտ բերողին օրհնություն» («Տիեզերական պատմություն», էջ 86):
Եվ դարձյալ նույն բանի մասին մեջբերենք հայոց մտքի փայլուն անձերից մեկի՝ Հովհաննես Իմաստասերի կարծիքը հրեաներին ու հայերին տրված առանձնաշնորհների մասին. «Բարձրյալը տվել է եբրայեցի ու հայոց ազգերին հավատը, գիրը և տոմարը: Իսկ այլ ազգերի գրերը մարդիկ են ստեղծել: Հայոց գիրը Աստծո հրեղեն Աջով քարի, իսկ եբրայականը քարեղեն տախտակների վրա է գրվել: Եբրայական տոմարը Մովսեսի միջոցով է տրվել, իսկ մերը Հայկի՝ ավելի առաջ քան նրանցը: Հավատը այնտեղ՝ լեռան վրա տրվեց, իսկ այստեղ (Էջմիածնում- հեղ.) ոսկե ուռով հաստատվեց»: Այս երկու վկայություններն ու սրբազան ավանդությունները հաստատում են, որ հրեաների ու հայերի գրերը երկնային են՝ Աստվածատուր, ուրեմն դրանք պետք է Տվողին ծառայեն:
Քանի որ խոսքը հայոց գրերի մասին է, ապա տեղին է հիշատակել քչերին հայտնի հետաքրքիր մանրամասների մասին: Ներքոշարադրյալ տեղեկությունները վերցված են Չիկագոյի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, հայրաբանության պրոֆեսոր Աբրահամ Տերյանի դասախոսություններից, երբ նա իր ծննդավայրում՝ Երուսաղեմում, այս թեմայով մի քանի հետաքրքրաշարժ դասախոսություններ կարդաց Սուրբ Հակոբյանց մեր վարժարանում: Նա ունկնդիրներիս տեղեկացրեց հետևյալը. «Ժամանակակից շատ լուրջ գիտնականներ ջանում են հայերեն սովորել, որովհետև համոզված են, որ հայերենը հնդեվրոպական լեզուների ընտանիքի նախահայրն է: Կա, իհարկե, գիտնականների մի ուրիշ խումբ, որը համոզված է, թե այդ լեզուների հիմքերը պետք է փնտրել Հնդկաստանի հյուսիսում օգտագործվող սանսկրիտ լեզվի մեջ: Բայց գիտնականները, ուսումնասիրելով այդ երկու լեզուները, գտել են, որ հայերենում առկա են հնդեվրոպական լեզվում գոյություն ունեցող հազարից ավելի բառեր, և որ այն հետ չի մնում սանսկրիտից: Լուրջ ուսումնասիրություն կատարած շատ օտար գիտնականներ խորին համոզմունք ունեն, որ հայերենն է այդ լեզուների նախահայրը, իսկ Հայկական բարձրավանդակը այդ հնդեվրոպական լեզվական խմբի յուրահատուկ «մսուրն է»: Որպես լրացուցիչ իմացություն, ասենք, որ հնդեվրոպական լեզուների ընտանիքի շարքին են պատկանում նաև հին պարսկերենն ու հին հունարենը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի գիտնականները, միջազգային լեզվական արգելքները վերացնելու համար, որոշեցին մի լեզու գտնել, որը պետք է ընդհանրական լեզու դառնար բոլոր ազգերի համար: Նրանք որոշեցին, որ այդ լեզուն չպետք է լինի հզոր պետության լեզու, որով կարող են իշխանություն բանեցնել մյուս ազգերի վրա, ու երկար պրպտումներից հետո հարմար գտան հայերենը, որն իր կուռ քերականությամբ ու հնչյունների ճոխությամբ կարող էր լինել հենց այդ լեզուն: Բայց քանի որ աշխարհը դեռ կառավարվում է մամոնայի լծակներով, ապա մեր շերեփը նորից թղթից դուրս եկավ: Եվ գիտնականները երկար վիճաբանություններից հետո որոշեցին գործածել մի նոր, այսինքն` արհեստական, մինչ այդ աշխարհին անհայտ լեզու, որը, ըստ իրենց, պիտի բավարարեր բոլորին: Եվ դա Էսպերանտո կոչվող արհեստական լեզուն էր, որը բառարաններից այն կողմ չանցավ ու չունեցավ այդ լեզվով և ոչ մի լուրջ աշխատություն»:
Վերը գրվածը հարգարժան պրոֆեսորի դասախոսության ազատ շարադրանքն էր: Իսկ ըստ իս, հայերենը որպես միջազգային լեզու մերժելը, անգլերենն ապագա համաշխարհային լեզու դարձնելու շարժառիթ լծակներից մեկն էր և այս աշխարհի հզորների լիիրավ տիրապետության տարածման հնարքներից հերթականը, որի ուղղակի հետևանքն այժմ մեր ազգը կրում է իր կաշվի վրա, երբ մեր երիտասարդության ստվար մասը ջանք ու եռանդ չի խնայում անգլերենով հմտանալու, իսկ հայերենը հետին պլան է մղում: Այս բանում դարձյալ կհամոզվենք, երբ քայլենք Երևանի կենտրոնական փողոցներով. սիրտ խառնելու աստիճան, լակեյի շողոքորթությամբ մեզ հրամցվող բազմաթիվ օտար անուններ, անգլերենի ճչացող ու գունազարդ տառերով, մեզ պարտադրվող, հեթանոսական ժամանակները հիշեցնող զանազան խորթ բառեր, որոնց մեծ մասը մեղքի, պղծության հետ կապ ունեցող հաստատություն է, մոլորյալ հոգիների համար լարած թակարդ: Օրինակ, ի՞նչ կապ ունի հայոց ազգի համար սրբավայր դարձած Ծիծեռնակաբերդի մուտքը Կուբայի մայրաքաղաք Հավանայի ու պարող մերկ դիցուհու ցուցանակի հետ. բոլորովին անհասկանալի, ավելի շուտ պարսավելի սրբապղծություն է: «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող մայրուղին (մանավանդ գիշերը), կարծես Լաս Վեգասի հայկական էժանագին մոդելի է վերածվել ու մեր ազգի գարշապարը՝ դիվապաշտ անուններով կազինոների առատությամբ ու հրավերով. «Զվարճացի՛ր, քանի ուշ չէ, վաղը մեռնել կա»: Իսկ Պողոս առաքյալը Աստծո երկյուղն ունեցողներին զգուշացնում է. «Մի՛ խաբվեք, չար ընկերակցությունները ապականում են լավ բարքերը» (Ա. Կորնթ. 15. 33): Բայց ասողին լսող է պետք:
Երուսաղեմում երկար պտտվեցի, սակայն օտարալեզու ցուցանակներ շատ քիչ տեսա, այն էլ փոքրիկ տառերով, եբրայերեն բացատրության հետ: ՈՒ իմացա, որ այն խանութպանները, ովքեր ուզում են օտարալեզու ցուցանակներով հրապուրել իրենց այցելուներին, պարտավոր են զգալի տուրք վճարել պետությանը:
Բայց եկեք նորից շարունակենք պրոֆեսոր Տերյանի հետաքրքիր դասախոսության շարադրանքը. «Հայոց լեզուն նաև ունի իր անգնահատելի արժեքը Սուրբ Գրքի թարգմանության ու անաղարտ պահպանության գործում: Ասենք, որ քրիստոնեության հաստատման ժամանակներում կային Սուրբ Գրքի մի քանի թարգմանություններ, որոնք, բացի միմյանց լրացնելուց, երբեմն իրար հակասել են: Յոթանասնից կոչվող թարգմանական Գրքերը, որոնք բոլոր առաքելահիմք եկեղեցիներում ընդունված Աստվածաշնչի հենքն են, հինգերորդ դարի սկզբում հայերիս համար թարգմանվել են այդ ժամանակվա լավագույն հունական օրինակներից, Սահակ կաթողիկոսի, Մեսրոպ Մաշտոցի ու մնացած թարգմանիչների միջոցով: Բանն այն է, որ Երուսաղեմի կործանումից հետո հրեա ռաբբիները, առաջին դարի իննսուն թվականին հավաքվելով Գալիլեայում, որոշեցին բնիկ պաղեստինյան ծագում ունեցող հին եբրայական բնագրերը մերժել ու ոչնչացնել (որը հրեա ծերակույտի` Քրիստոսին մերժելու հերթական դիվական որոշումն էր- հեղ.) և որպես հիմք ընդունել Մասորետիկ կոչվող թարգմանությունները, որոնք ծնունդ են առել հրեաների Բաբելոնյան գերության ժամանակ, տեղի քաղդեական մերժելի գիտությունների հետ շփվելու արդյունքում: Իսկ հին եբրայական բուն տեքստը պահպանվել է միայն Քրիստոսից առաջ երրորդ դարում, Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի ձեռնարկած հրեա յոթանասուն թարգմանիչների միջոցով, հին եբրայերենից հունարենի փոխադրելու շնորհիվ: Դրանց գիտական վավերացումը կատարվեց Մեռյալ ծովի ափին գտնվող Հեսսեական միաբանության Կումրանյան բնակավայրում հայտնաբերված բնագրերի շնորհիվ: Արաբները, որոնք ուզում էին ընդդիմանալ հունական աշխարհակալությանը, յոթերորդ դարում Ալեքսանդրիայի և Կեսարիայի աշխարհահռչակ մատենադարանները բարբարոսաբար հրկիզեցին ու դրանով իսկ անբուժելի վերք հասցրին հին աշխարհի ամբողջ մշակույթին: Բայց հույն գրիչները Կեսարիայում արդեն հասցրել էին արտագրել Յոթանասնից ձեռագրերի հին թարգմանությունները: Եվ մեր սուրբ հայրերը՝ հանձինս Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի, իմանալով ինչն ինչոց է, երկրեերկիր շրջելով, փնտրում, գտնում էին դրանց լավագույն բնագրերը և տեղում հավատարմաբար թարգմանում հայերեն: Այս դպրոցը կոչվում է հունաբան դպրոց: Եվ այդ պատճառով ֆրանսիացի արևելագետ-հայագետ Լա Կրոզը (1661-1739) Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն անվանել է «Թարգմանությունների թագուհի», որովհետև դրանք հնարավոր անաղարտությամբ փոխանցվել են սերունդներին: Մեր ընտիր թարգմանիչները, ունենալով գիտության մեծ ձգտում, հետագայում՝ վեցերորդ դարից սկսած, սուրբ Գրքից հետո սկսեցին թարգմանել անտիկ փիլիսոփաներից ամենահայտնի և համաշխարհային արժեք ունեցող գլուխգործոցները: Օրինակ, հրեա մեծ փիլիսոփա Փիլոն Եբրայեցու ընտիր գործերը, որոնց թիվը հասնում էր հիսունի (դրանցից տասը կորսվել է անդարձ), իսկ մնացած քառասունից տասը գիրք մնացել է միայն հայերենով թարգմանված: Ովքեր զբաղվում են եկեղեցու հին հայրերի գործերով, որ Պատրոլոգիա է կոչվում, անպայման դիմում են հայերենի գրաբարյան աղբյուրներին: Օրինակ, չորրորդ դարի Հովսեփոս պատմիչի գործերից միայն հայերենով է մնացել նրա մեծարժեք աշխատությունը՝ «Ժամանակագրությունը» (Քրոնիկոնը): Եկեղեցու ամենաբեղմնավոր հայրերից մեկը` Հովհաննես Ոսկեբերանը, ունի բազմաթիվ աշխատություններ, բայց նրա Եսայու մարգարեության մեկնության գիրքը պահպանվել է միայն հայերենով: Իսկ մինչ Քրիստոս չորրորդ դարում եղած ստոիկյան փիլիսոփաների գործերի բոլոր հունական բնագրերը կորսվել են, և միայն հայերենով են պահպանվել դրանցից երկուսը: Մեր հայ թարգմանիչները, կարծես կանխազգալով գալիքը, հին դասական հունարենից հայերեն թարգմանությունները կատարել են բառ առ բառ, այսինքն` բառերը հայերեն են, իսկ շարահյուսությունը` հունարեն: ՈՒ այնպես եղավ, որ դարերի թոհուբոհում կորսվեցին նաև այս հին հունարենի շատ գործեր ու մնացին միայն դրանց հայերեն տարբերակները: ՈՒ հին գրականությամբ զբաղվող գիտնականների համար անգնահատելի գանձեր են մեր թարգմանիչների թողած գործերը, որոնք ամենաանաղարտ կերպով կարող են օգնել դասական հունարենի կորսված գործերի վերականգնման գործում: Ասենք, որ Սուրբ Գրքի մեր առաջին թարգմանությունները կատարվել են նախ ասորերենից, բայց երբ հայտնաբերվում է, որ դրանք չունեն թարգմանական անաղարտություն, որոշեցին իսկույն նախաձեռնել երկրորդը՝ հունարեն բնագրերից: ՈՒ մեր առաջին հին ասորերենից եղած թարգմանությունը ևս այժմ խիստ արժեքավոր է համարվում, որովհետև հին ասորերենի բնագրերը կորսվել են, իսկ այժմյան ասորերենի թարգմանությունը կոչվում է Փեշիթա: Եվ հին ասորերենից Սուրբ Գրքի Ծննդոց և Հոբի գրքերը մնացել են միայն հայերեն թարգմանությամբ: Չորրորդ դարի ասորի հայրերից Եփրեմ Խուրի Ասորին, որը զգալի ազդեցություն է ունեցել քրիստոնեության հաստատման գործում, գրել է մոտ երեսուն շատ արժեքավոր աշխատություն: Նա իր գրվածքներում օգտվում էր Փեշիթայից առաջ եղած Սուրբ Գրքի թարգմանություններից: Եվ երբ մեր հայ թարգմանիչները թարգմանում են Եփրեմ Խուրիի գործերը, ապա բնական է, որ այդ հին ասորերենից եղած մեջբերումներն էին թարգմանում: Ներկայումս Եփրեմ Ասորու գործերի բնագրերից շատերը կորսված են ու միայն հայերենով են մնացել: Բազմաթիվ պատճառներից այս երկուսն է, որ հայագետները խիստ հետաքրքրություն են ցուցաբերում մեր թարգմանությունների հանդեպ: Այնպես որ, Երևանի մեր Մատենադարանի քսանհազարանոց ձեռագրերի հարստությունը, շնորհիվ հայերենի, աշխարհի գիտնականների համար մի անգնահատելի շտեմարան է դարձել»:
Հայ պրոֆեսորը, բացի այս արժեքավոր տեղեկություններից, նաև հետևյալ պատմությունն արեց, որը, կարծում եմ, հետաքրքիր կլինի ընթերցողի համար. «Համալսարանի դասախոսությունների ընթացքում շատ մտերմորեն ծանոթություն ունեցա թրքագիտության ամբիոնի մի պրոֆեսորի հետ: Նա ամերիկացի մի հրեա էր, որն իր բանակային ծառայությունն անցկացրել էր Թուրքիայում, սիրել էր այդ երկրի բնությունը և ուզեցել էր Ամերիկա վերադառնալուց հետո անպայման ուսումնասիրել թրքերենը: ՈՒ այդ նախասիրության պատճառով հետագայում դարձել է այդ լեզվի պրոֆեսոր: Նա իր ուսումնառության ընթացքում, լեզուն սովորելուց հետո, ցանկացել է թրքերեն գրականության հետ ծանոթանալ: Բայց, ի հիասթափություն իրեն, իմացել է, որ թրքերեն գրականություն գրեթե գոյություն չունի: Հետո իմացել է, որ հայատառ թրքերեն գրքեր կան: Այդ յուրօրինակ գրքերը սկսել են տպագրվել 16-17-րդ դարերում ընդհուպ 19-րդ դարի վերջերը, Թուրքիայում բնակվող մոտ կես միլիոն, մայրենի լեզուն կորցրած թրքախոս հայերի համար, որոնք պահպանել էին իրենց ազգային ավանդություններն ու կրոնը: Ասենք, որ նման գրականությունն այն աստիճան զարգացավ, որ նույնիսկ Աստվածաշունչ և այլ հոգևոր գործեր տպագրվեցին: Հրեա պրոֆեսորը սիրահոժար հայերեն է սովորել, որ կարողանա այդ գրքերը կարդալ: Եվ հասկացել է, որ այդ երկրում ապրող ազգերից միայն հայերն են, որ գրականության ճաշակ ունեն, ու նա հետագայում մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ ազգի մշակույթի ու գրականության հանդեպ»:
Անցավ ևս երկար ու ձիգ հազար հինգ հարյուր տարի (տասնհի՛նգ դար), հայոց գիրը մեծ քննաշրջան ունեցավ և հաղթող հանդիսացավ եկող, տիրող հեթանոս ու բարբարոս ազգերի լեզվի և մշակույթի հետ մենամարտում, և հասանք մեր «զարգացած» քսաներորդ դարը։
…Որպես ի գիտություն ասենք, որ հենց այդ դարասկզբին թուրք առաջավոր մտավորականները, ծանոթ լինելով հայկական լեզվի ճոխությանն ու համեմատական պարզությանը, դեռևս Միհրդատյան սահմանադրության տարիներին, միտք են ունեցել արաբերեն տառերը հայերենով փոխարինելու: Այդ աննախադեպ ծրագիրը, որ մի գերիշխող պետություն, չունենալով իր իսկ սեփական գիրը, ուզում է փոխ առնել իր երկրում բնակվող էթնիկ փոքրամասնություն կազմող ազգի լեզուն, այնքան է հուզել թրքերին, որ նրանք հարցաթերթիկներ են ուղարկել նաև հայ մտավորականներին, որպեսզի նրանք ևս իրենց կարծիքը հայտնեն: Հարցաթերթիկներից մեկն էլ ուղարկել են Հովհաննես Թումանյանին, որն այդ նուրբ հարցում իր դրական կարծիքն է հայտնել: Մեզ համար կասկածելի հետևանքներով այս մտահղացումը, քանզի չգիտենք, թե ինչով կավարտվեր, պատմությունն իր շտկումները արեց, քանի որ շուտով Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց: Եվ հետագա հայ-թրքական բախումներն ու ցավալի հետևանքները բացառեցին այս աննախադեպ մտահղացումը: Թրքական կառավարությունը, ի վերջո, 1928 թ. գերադասեց լատիներեն տարբերակը, որը և դեռևս իրենց գիրը չունեցող խորհրդային մահմեդական ազգերի համար օրինակ դարձավ: Հիմա միջինասիական հանրապետություններն ու Ադրբեջանն օգտվում են այդ լատինատառ գրերից:
Ժամանակին խորհրդային երկրի աթեիստ ու կոլխոզնիկի մտածելակերպով առաջնորդներն այն աստիճան էին ոգևորվել այս նորամուծությամբ, որ նույնիսկ ուզում էին «ձեռքի հետ» նաև հայերեն գրերը փոխել լատիներենի, Մեսրոպ Մաշտոցին մոլորյալ կղերական համարելով, որ իբր նրա ստեղծած տառերն անհարիր են կոմունիզմ կառուցողների գաղափարներին: Դրա ջատագովն էր 1922 թ. մեր լուսժողկոմի պետ Մակինցյանը: Իսկ այդ կոմիտեի գործերի կառավարիչ Բոգդատիևը (Բաղդատյան) նույնիսկ հասցրեց այդ նոր ուղղագրության համար տառեր ձուլել տալ ու մի քանի հոդվածներ տպել, որոնք, պարզվեց, արտաքին տեսքից տգեղ էին ու նաև վնասակար ընթերցողների աչքերին:
Չզարմանանք, այլ, որպես զգուշացման օրինակ, իմանանք, որ նաև «մեռած առաջնորդ, բայց հար կենդանի» Լենինին հարկադրաբար փառաբանող Չարենցը, որպես մոլորության բնական շարունակություն նաև այս տողերն է գրել.
«Օ՜, մռայլախոս դպիրներ սև,
Դո՛ւ, Շնորհալի, և դո՛ւ, Նարեկ,
Դո՛ւք մագաղաթյա և հանճարեղ,
Դո՛ւք- զարհուրելի, ինչպես Դարեհ,
Դո՛ւք -պատան մտքի, դո՛ւք -անարև,
Որ սրտի համար դարե՜ր, դարե՜ր,
Կերտել եք դագաղ-պատյան քարե,
Եվ սգո համար - դժնյա տառեր…»։

Եվ, ի վերջո, այդ երկնային գրերը մեզ շնորհող Տերը, մեր այս սերնդի աչքերին ի տես, խափանեց այդ սատանայախորհուրդ կոմունիստական ծրագիրը:
Ահա մի կարճ ու կտրուկ անցումով քսան դար «հերկեցինք» ու եկանք մեր օրերը։ Ի՞նչ է մնացել հայոց աստվածատուր գրերի ճոխությունից։ Պատասխանի համար անցեք թեկուզ Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայով ու ինքներդ կհամոզվեք, որ ոչ մի թրքի յաթաղան, կամ բոլշևիկի ագիտացիա ավելին չկարողացան անել, քան այս խաղաղության մեջ ինքներս մեզ արեցինք։ Ստրկամիտ պնակալեզի նման ճամարտակեցինք օտարալեզու մտացածին հնչեղություններ ու մեր քաղաքի գլխավոր պողոտան «զարդարեցինք» մտքին ու սրտին ոչինչ չասող դատարկամիտ անվանակոչություններով։ Կամ էլ` հայոց գենոֆոնդը որդերի նման ապականող մարդահաճ (ոչ թե մարդասեր) հեռուստամաղձ-հաղորդումները լսելով ու դիտելով, եզրակացնում ենք, որ մեր ազգի անկման փոս փորողը հենց ինքներս ենք դարձել։
Եթե Խորենացին կողբար հայորդիների համար, իսկ Մաշտոցը ի՞նչ կասեր հայոց աստվածաբույր խոսքը ծամածռող ժամանակակից լեզվագարների համար. «Որտեղի՜ց սայթաքեցինք, ի՜նչ բարձրությունից իջանք մտքի այս խորխորատը…»։
Բայց ի մխիթարություն Տիրոջ Հայտնության գրքի մեջ գրված է. «Հիշի՛ր այժմ որտեղի՛ց որ ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործերն արա՛» (Հայտնություն 2.5):
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ