Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այսօր չկա թատրոնի նկատմամբ այն սերը, որ տածում էր մեր սերունդը»

«Այսօր չկա թատրոնի նկատմամբ այն սերը, որ տածում էր մեր սերունդը»
10.06.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:


«ԳԻՏԵԻ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱԶԱՏ ԽՈՍԵԼ»


-Տիկի՛ն Հեղինե, երիտասարդ տարիքում «Սայաթ-Նովա» ֆիլմում խաղացել եք վրաց թագուհու դերը, բազմաթիվ ազնվական տիկնանց կերպարներ եք կերտել բեմում, հեռուստաթատրոնում: Այս դերերը տպավորիչ են Ձեր դերասանական խաղի և կանացի հմայքի շնորհիվ: Խորհրդային ցենզուրան Ձեզ չի՞ քննադատել այդքան հմայիչ հակախորհրդային կերպարներ կերտելու համար:
-Բոլորովի՛ն: Ես խաղացել եմ այդպիսի շատ դերերում` «Կենդանի դիակ», «Արքա Լիր», «Քաոս» ներկայացումներում: Երիտասարդ տարիներին թատրոնում շատ էի խաղում, հաճախ` գլխավոր դերեր: Ոչ թե խորհրդային ցենզուրան, այլ ուրիշ անհարմարություն ստեղծող հանգամանքներ էին լինում երբեմն: Օրինակ` «Կենդանի դիակում» խաղում էինք ես և Ռուզաննա Վարդանյանը: Մի գրախոսականում (կարծեմ գրել էր Սուրեն Հարությունյանը) անտակտ համեմատություններ էին անցկացրել մեր դերակատարումների միջև և գովել էին ինձ: Խեղճ Ռուզաննան վիրավորված նկատեց. «ՈՒրեմն ես Լենայի չա՜փ էլ չկամ, էլի»: Չէր կարելի մարդուն վիրավորել: Այսպիսի անտակտություններ, իհարկե, լինում էին: Բայց, ընդհանուր առմամբ, մեզ լավ էին վերաբերվում:
-Խորհրդային տարիների նկատմամբ նոստալգիա ունե՞ք:
-Նոստալգիան կոնկրետ խորհրդային կարգերի նկատմամբ չէ: Դուք, օրինակ, նոստալգիայով չե՞ք հիշում Ձեր ավելի երիտասարդ տարիները: Իհարկե, հիշում եք: Այդպես էլ մենք: Երբ ավարտում էինք ինստիտուտը, Մալաթիայի շրջանում, որ այն ժամանակ կոչվում էր Բերիայի շրջան, թատրոն բացեցին: ՈՒ Գուլակյանն ինձ ընդունեց թատրոն և միանգամից հանձնարարեց խաղալ գլխավոր դերեր: Ես այնպե՜ս էի վախենում. ինձ համար թատրոնն ուրիշ աշխարհ էր, ուրիշ պատասխանատվության էր մղում: Թատրոնում պետք էր սերնդափոխություն անել, ու աշխատանքի վերցրին ինձ, Մետաքսյա Սիմոնյանին, Հովակ Գալոյանին, Անատոլի Թորգոմյանին, ուրիշների: Այդ տարիներին Աճեմյանի բեմադրած «Նամուսում» խաղացի Ռուստամի մոր դերը: Ի՜նչ ներկայացում էր:
-«Նամուս» ասվածը շա՞տ է տարբեր Ձեր երիտասարդության տարիների և այսօրվա ընկալումներում:
-Իհարկե: Այն ժամանակ ուրիշ էր մեծերի վերաբերմունքը երիտասարդների նկատմամբ: Մեծերն ավելի բարյացակամ էին, ավելի պատրաստակամ` օգնելու, աջակցելու կրտսեր գործընկերներին: Հիշում եմ, որ «Նամուսում» խաղալիս շատ էի անհանգիստ, որովհետև երիտասարդ աղջիկ էի, բայց պիտի մարմնավորեի ծեր կնոջ: Իմ անհանգստությունը տեսնելով` Դավիթ Մալյանը մոտեցավ ու ասաց. «Քո գրիմը ես կանեմ»: Ես նրանից սովորեցի ու հետագայում ինքս էի իմ գրիմն անում:
-Արվեստից զատ, Ձեզ ի՞նչն է հետաքրքրում այս իրականության մեջ:
-Հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, աշխարհի անցուդարձերով, համեմատում իմ մանկության, երիտասարդության տարիներն այսօրվա հետ: Ես տասներկու տարեկան էի, երբ իմ հայրիկին ձերբակալեցին և աքսորեցին: Վախենում էի, թե ինչպես պետք է գնամ դպրոց, ինչ վերաբերմունքի կարժանանամ: Դա հոգեբանական բարդ վիճակ էր, որին դժվար էր դիմակայել: Մայրս աշխատում էր նեցուկ դառնալ, ուժ տալ մեզ: Նա ինձ ասաց. «Տե՛ս, Լենոչկա, հայրիկը չկա: Բայց այնպես չլինի, որ մարդիկ ասեն, թե մայրը չկարողացավ աղջկան դաստիարակել»: Այս խոսքերը մինչև հիմա լավ հիշում եմ: Սրանք ինձ առաջնորդեցին իմ հետագա կյանքում:
-«Ժողովրդի թշնամու» ընտանիքի պիտակավորումը Ձեզ շա՞տ է անհանգստացրել:
-Չէ՛, շատ փոքր էի` այդ բաներն զգալու համար: Միայն գիտեի, որ չի կարելի ազատ խոսել: Հիշում եմ, որ երբ 1938-ի փետրվարին հայրիկիս տանում էին, ես լաց էի լինում ու ասում, թե ով պիտի ինձ օգնի մաթեմատիկայի դասերը պատրաստելու: Միշտ դժվարացել եմ մաթեմատիկայից: Իսկ հայրիկս վստահ ասում էր, որ դա թյուրիմացություն է, ու իրեն շուտով բաց կթողնեն: Բայց այդպես չեղավ: Ավելի ուշ եղավ ռեաբիլիտացիա: Մինչ այդ մենք դժվար, շա՜տ դժվար օրեր անցկացրինք: Իսկ ինստիտուտում ընդհանրապես որևէ բան չի նշանակել այդ պիտակը: Հիմա այսպիսի բաներ չկան: Մարդիկ ավելի ազատ են կարծես:


«ԱՅՍՕՐՎԱ ՍԵՐՈՒՆԴԸ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ»


-Ներկայումս կոնսուլտանտ եք ԵԿԹՊԻ-ում: Ո՞ր զանգվածին է հեշտ գրավել` տարաբնույթ շերտերից բաղկացած հանդիսատեսի՞ն, թե՞ ուսանողությանը:
-Ես չեմ դասավանդում (դե՜, արդեն 85 տարեկան եմ): Իբրև կոնսուլտանտ` լսում եմ դասերը, դիտողություններ անում: Հիմա քննությունների շրջան է, կմասնակցեմ քննություններին: Երբեք չեմ համեմատել հանդիսատեսին ուսանողության հետ: Հանդիսատեսը մեզ լավ էր ընդունում, եթե լավ ներկայացում էինք խաղում: Իսկ Աճեմյանի, Գուլակյանի ժամանակներում ներկայացումները միշտ էլ լավն էին լինում: Ավելի ուշ ամուսինս` Մարատ Մարինոսյանն էր բեմադրություններ անում: Իսկ ինստիտուտում, թող գլուխ գովել չլինի, ուսանողները մեծ հաճույքով են եկել իմ դասերին: Բողոքելու տեղ չունեմ:
-Ի՞նչ մշակութային արժեքների կրող են Ձեր ուսանողները: Հե՞շտ է կայանում փոխըմբռնումը երկու տարբեր սերունդների` Ձեր և երիտասարդների միջև: Եվ կայանո՞ւմ է արդյոք:
-Դժվար հարց եք տալիս: Հիմա այնպես չէ, ինչպես մեր երիտասարդ տարիներին: Մի բան հստակ է. շատ բարեխիղճ լսում են ինձ ուսանողները և զգում իմ (և ոչ միայն իմ) վերաբերմունքը թատրոնի, արվեստի նկատմամբ: Իհարկե, ամեն կուրսում մեկ-երկու մարդ կգտնես, որ ոչ մի կապ չունի թատրոնի, արվեստի հետ: Պարզապես եկել է թատերական ինստիտուտ, որովհետև, իր կարծիքով, այստեղ ավելի հեշտ է ընդունվել, որովհետև չի կարող, ասենք, պոլիտեխնիկ ընդունվել: Առհասարակ, այսօր չկա թատրոնի նկատմամբ այն սերը, որ տածում էր մեր սերունդը:
-Դրանում մեղավոր է թատրո՞նը, թե՞ նոր սերունդը:
-Վատն այն է, որ այսօրվա սերունդը չի կարդում: Հեռուստացույցը, համակարգիչը շատ են վնասում երիտասարդներին: Հեշտ ինֆորմացիա են ստանում և կարիք չունեն գիրք կարդալու վրա երկար ժամանակ ծախսելու: Սա մեծ բացթողում է: Նախապատրաստական կուրսի մի ուսանողուհի` բավականին ինտելիգենտ արտաքինով, ինձ հարցրեց, թե ինչ կարող է պատրաստել` քննությանը կարդալու համար: Ես առաջարկեցի, որ ինքն ընտրի: Բայց հասկացա, որ անտեղյակ է գրականությունից: Մտածեցի, որ ոնց էլ չլինի, «Անուշը» կարդացած կլինի, և խորհուրդ տվեցի պատրաստել մի հատված: Հարցրի` «Անուշ» կարդացե՞լ ես: Շատ հանգիստ պատասխանեց` ոչ: Բարկացած ասացի. «Իսկ գոնե գիտե՞ս, թե ով է գրել»: Նա ճիշտ իմ տոնով` բարկացած, պատասխանեց` չգիտեմ: Ա՛յ այսպիսի ցավալի բաներ կան: Տարիներ են անցել, ու ես չեմ մոռանում այս դեպքը: Էսպես ո՞նց կլինի: Պետք է սիրել արվեստը: Եվ ոչ միայն արվեստը: Ինչ մասնագիտություն էլ ընտրես, պիտի սիրես և հաճույք ստանաս քո աշխատանքից: Հիմա այլ են պատկերացումները: Հիմա մեր` Սունդուկյան թատրոնում շատ երիտասարդներ կան: Գուցե և մեջները կան շնորհքով մարդիկ: Բայց թատրոնում ռեժիսոր չկա: Թատրոնն ապրում է առանց գլխավոր ռեժիսորի, առանց գեղարվեստական ղեկավարի: Թատրոնի որակն արդեն այն չէ: Բոլոր դեպքերում մասնագետ պետք է լինի: Մեր տնօրենը` Ստեփան Դավթյանը, շատ հաճելի մարդ է, լավ է անում կազմակերպչական գործերը: Բայց բուն թատրոնն ուրիշ բան է նշանակում: Ինչ վերաբերում է այսօրվա երիտասարդների կրած արժեքներին, ապա պիտի ասեմ, որ դրանք, ցավոք, մի քիչ էժանագին արժեքներ են, ինչպես, օրինակ, սերիալները: Բայց նրանք էլ մեղավոր չեն, որ նկարահանվում են անարժեք սերիալներում: Այստեղ ևս զգացվում է ռեժիսորական ձեռքի պակասը: Եվ սա արդեն ձևավորում է դաստիարակություն: Բայց եթե դերասանն իսկապես Աստծուց տրված շնորհք ունի, ապա այն արտահայտվում է նաև սերիալում: Այդպիսի դերասան է Գարիկ Չեպչյանը` իմ սերնդի դերասան Գևորգ Չեպչյանի որդին:
-Նա շատերին է դուր գալիս, նաև` ինձ:
-Դե՜ մարդ է, որի դաստիարակությունը կայացել է հոր, թատրոնի ազդեցությամբ: Նա գիտի, թե ինչ է թատրոնը: Մարդը պատահականորեն չի հայտնվել թատրոնում: Մենք մեր ինստիտուտի առաջին շրջանավարտներն ենք եղել: Ես 1943 թվին ընդունվել էի մանկավարժական ինստիտուտ: Բայց դպրոցից սկսած` հաճախել էի թատերական խմբակ, ելույթներ ունեցել բեմում, կարդացել գեղարվեստական հատվածներ տարբեր ստեղծագործություններից: ՈՒ հենց որ բացվեց թատերական ինստիտուտը, թողեցի մանկավարժականն ու եկա այստեղ: Եվ հիմա շատ գոհ եմ իմ ընտրությունից: Աճեմյանն էր մեր կուրսի ղեկավարը, իր կուրսն ուներ Վաղարշյանը: Այսպիսի մարդիկ են մեզ կրթել: Զարմանում եմ, թե ինչպես էի այդքան բան հասցնում անել: Ամուսնացած էի, ունեի երեխա, բայց ձայնագրվում էի ռադիոյում, նկարահանվում հեռուստատեսությունում, գնում թատրոն` փորձի, ներկայացման: Նաև` ճաշ, երեխա, կենցաղ… Իսկ գիշերը` կրկնօրինակում: Հասցնում էի, որովհետև սիրում էի գործս: Հիմա խաթարվել է ճաշակը:
-Ինչո՞ւ: Եվրոպային, արևմտյան բարքերին ինտեգրվելու հետևա՞նք է:
-Կարծում եմ` դա կախված է մարդու անհատականությունից, ինտելիգենտության աստիճանից: Իմ ժամանակակիցները խելոք, զարգացած մարդիկ էին, և ուրիշ էր դպրոցը: Մարդու ձևավորման համար շատ կարևոր են մթնոլորտը, շրջապատը, ընտանիքը, որում մեծանում է երեխան:
-Հայ ընտանիքն այսօր շա՞տ է փոխված:
-Իմ երիտասարդության տարիներին ինտելիգենցիան գերակշռող էր:
-Ինտելիգենտ դառնում են կրթություն ստանալո՞վ, թե՞ դա մարդու տեսակ է:
-Մարդն իր տեսակով պիտի ինտելիգենտ լինի: Կարելի է լինել գավառացի, բայց սիրով նվիրվել նախընտրած գործին, ծառայել ազնիվ ու հենց դրանով լինել ինտելիգենտ: Օրինակ` եթե մեր երիտասարդ տարիներին հյուրախաղերի էինք գնում գյուղեր, մեզ լավ ընդունում էին մարդիկ, հասկանում ու գնահատում էին մեր արվեստը: Դա վկայում է գյուղացու ինտելիգենտության մասին: Իսկ եթե մարդը մտածում է, թե ինչպես իր գործն արագ ավարտի ու վազի սերիալում նկարվելու, արդեն չի կարող համարվել ինտելիգենտ, թեկուզ և դերասան է: Իհարկե, ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր մի բան է, չի կարող վիճակն ընդմիշտ այսպես մնալ:


«ԹՈՇԱԿՈՎ ՄԻԱՅՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ, ՈՉ ԱՎԵԼԻՆ»


-Այս տարիքում Ձեզ աշխատելու է մղում ստեղծագործական ինքնադրսևորման պահա՞նջը, թե՞ նաև աղքատիկ թոշակին աշխատավարձը հավելելու անհրաժեշտությունը:
-Չէի ասի, թե դա մի մեծ հավելում է կենսաթոշակին, մանավանդ որ արդեն չեմ դասավանդում:
-Իսկ Հայաստանում վճարվող թոշակով որքա՞ն կարող է գոյատևել թոշակառուն:
-Դժվարանում եմ ասել: Դա կախված է մարդու տարրական պահանջմունքներից: Թոշակով միայն այդ տարրական հարցերը կարելի է լուծել, ոչ` ավելին:
-Իսկ ինչո՞վ է ուրախանում այսօր թոշակառուն:
-Օրինակ, ես և իմ սերնդից մնացած մի քանի ներկայացուցիչներ շատ ենք ուրախանում, երբ երիտասարդների մեջ տեսնում ենք շնորհքով մեկին:
-Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ նախագահի հայտարարած համաներման մասին:
-Ես ցանկանում եմ, որ օբյեկտիվ լինեն այս հարցում և հասկանան, թե ում են ազատ արձակում:
-Չկա՞ մտավախություն, որ ազատության մեջ կհայտնվեն գրպանահատությունն ու բնակարանային կողոպուտն իրենց համար արհեստ դարձրած մարդիկ և կխաթարեն մեր հարաբերական անդորրը:
-Դժվար է ասել: Ժամանակները փոխվել են:


«ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԵՆ ԴՐՍՈՒՄ»


-Ի՞նչ կասեք Հայաստանը լքողների մասին:
-Դե՜, ի՞նչ ասեմ: Իմ հարազատներից շատերն էլ դրսում են` Ամերիկայում: Մարատի և իմ քույրերն ընտանիքներով գնացել են: Հիմա շփվում ենք համակարգչի օգնությամբ: Ասում են, որ շատ են ուզում գալ Հայաստան, բայց չի ստացվում:
-Ինչո՞ւ չի ստացվում:
-Որովհետև ֆինանսները չեն ներում:
-Փաստորեն, Ամերիկայում ապրող հայն է՞լ ունի ֆինանսների հետ կապված խնդիր:
-Այո՛, իհարկե:
-Իսկ Հայաստան գալու նպատակն այստեղ ընդմիշտ մնա՞լն է, թե՞ հյուրընկալվելը, կարոտն առնելն ու վերադառնալը:
-Ո՛չ, ընդմիշտ մնալ չեն պատրաստվում, պարզապես ցանկանում են կարոտն առնել ու կրկին վերադառնալ Ամերիկա:
-Հայաստանը պատրաստվում է պաշտոնապես հյուրընկալելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Մենք ինչ-որ կերպ պիտի մեր վերաբերմունքն արտահայտե՞նք Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը չընդունելու հանգամանքին:
-Դե, իհարկե, պիտի արտահայտենք: Գոնե պիտի հարցնենք. «Չգիտե՞ս, թե ինչ է եղել 15 թվին: Չգիտե՞ս պատմությունը: Եթե գիտես, ինչո՞ւ չես ընդունում ճշմարտությունը»: -Վերջերս Ձեր կոլեգաները` Արմեն Ջիգարխանյանն ու Սոս Սարգսյանը, անհամաձայնություն ունեցան հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում: Դուք նրանցից որի՞ տեսակետն եք ընդունում: Համամի՞տ եք Արմեն Ջիգարխանյանի` Ադրբեջանի հանդեպ բարյացակամորեն տրամադրվելու, բարեկամանալու հորդորին:
-Եթե բարեկամությունը պիտի իսկական լինի, անկեղծ, ամուր, համաձայն եմ: Իսկ եթե ոչ` իհարկե, դեմ եմ:


Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ