Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ, ՈՎ ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏԻՆ ՈՒ ՏՆԱՆԿԻՆ»...

«ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ, ՈՎ ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏԻՆ ՈՒ ՏՆԱՆԿԻՆ»...
08.06.2010 | 00:00

Ահա եկել են այն չար ժամանակները, երբ հայ, այն էլ քրիստոնյա, մարդուն պետք է բացատրես ու համոզես մատաղի անհրաժեշտությունն ու նպատակը, քանզի աղանդավորների «սինթետիկ» հավատը մերժում է դրանց անհրաժեշտությունը, համարելով այն, մեղա՜ Աստծո, կուռքերին արված զոհ։ Բայց քանի որ մեր ժողովրդական այդ գեղեցիկ ու կարևոր սովորությունների իմաստն ու կարևորությունը մոռացել են շատերը, ապա հարկ է հիշեցնել այդ մասին։
Հայտնի է, որ կենդանիների զոհաբերությունն ամենահին սովորություններից մեկն է, որ գրեթե բոլոր հեթանոսական ազգերի կրոններն ունեն, քանի որ այդ միջոցով նրանք «հաճեցնում» էին իրենց հավատքի կուռքերին ու չաստվածներին։ ՈՒ երբեմն այնքան էին ոգևորվում ու չափն անցնում, որ նույնիսկ իրենց սեփական երեխաներին էին զոհաբերում կուռքերին։
Կենդանու առաջին զոհաբերություն կատարել է Ադամի երկրորդ զավակը՝ Աբելը, և ընդունելի է եղել Աստծո մոտ, իսկ Կայենինը, որ երկրի մրգերից էր բերել որպես պատարագ, չընդունվեց, որովհետև մեղքի դիմաց արյուն պետք է թափվեր։ Այդ պատճառով արյուն ունեցող կենդանիների զոհաբերությունը շարունակվել է նաև Հին ուխտի ժողովրդի՝ հրեաների մոտ։ Բայց, ի տարբերություն մյուս հեթանոս ազգերի, այս անգամ զոհաբերություն ընդունող Աստվածն Ինքն է տվել այդ զոհաբերությունը կատարելու մանրամասներն ու նշել կենդանիների մաքուր և ընդունելի տեսակներն ու, իհարկե, նաև դրա նպատակը։ Օրինակ, Հին ուխտի մեջ այսպես է գրված. «Եթե ձեզանից մեկը անասուններից ընծա մատուցելու լինի Տիրոջը, ձեր ընծան արջառներից ու հոտերից պետք է մատուցեք. թե՛ արու, և էգ լինի, Տիրոջ առջև անարատը թող մատուցի» (Գիրք Ղևտաց. 3.1)։
Եվ դարձյալ. «Եթե երկրի ժողովրդից մի մարդ ակամա մեղք գործի՝ խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, իր գործած մեղքը քավելու համար ոչ արատավոր մի այծ թող մատուցի որպես զոհ» (Գիրք Ղևտաց. 4.27)։ Եվ Հին ուխտի գրվածքներից հասկանում ենք, որ արյուն պարունակող կենդանիների այդ զոհաբերությունները լինում են խաղաղության, մեղքերի թողության և քավության, և վերջապես հանցանքի հատուցման, փրկության, գոհության և շնորհակալության համար։ Ինչպես տեսանք գրվածքից, մարդը, տարբեր առիթներով, կարող էր զոհաբերություններ անել Հին ուխտի ժամանակ, մանավանդ որպես մեղքի պատարագ։ Իսկ ահա Նոր ուխտի ժամանակ, երբ Հիսուսը դարձավ մեր մեղքերի համար զոհաբերված՝ պատարագված Աստծո անարատ Գառը, մարդն այլևս իր մեղքերի քավության ու թողության համար զոհաբերություն չի անում, այլ ընդամենը շնորհակալության կամ գոհության մի քայլ է անում, որը կարող է լինել մատաղի, այսինքն` ոչխարի, ուլի, աքլորի կամ աղավնու միջոցով։ Իհարկե, այս ամենը եկել է հին ավանդությունից, երբ յուրաքանչյուրն ուներ իր սեփական հոտի անասունները կամ ընտանեկան թռչունները։
Մատաղի հարցը հնում այնքան կարևոր տեղ է գրավել, որ Եկեղեցու Նիկիայի 2-րդ կանոնն ընդդիմացել է նրանց, ովքեր մերժում են «ագապը», այսինքն` մատաղը.
«Եթե մեկը գարշի նրանցից, որոնք հավատքով «ագապ» են անում, այսինքն` մատաղ, նզովյալ լինի»։ Նաև բացատրենք, որ «ագապ» հունարենից է փոխառնված և թարգմանվում է որպես սիրո կերակուր, այսինքն` երբ մարդիկ սիրով իրար հետ կերակուր են ուտում։
Դարձյալ այդ մասին, սուրբ Բարսեղի կանոնը.
l Որսից ոչ ոք թող մատաղ չանի, այլ միայն աղավնին ու այլ սուրբ թռչուններ»։
l «Կաղ ու հափշտակված անասուն թող ոչ ոք չհամարձակվի մատաղ անել»։
l «Պատշաճ է հանգուցյալի տարվա հիշատակին մատաղ անել, ոչխար կամ թռչուն, ըստ հինգ զգայարանների մարդկանց (այսինքն` որոնցով մարդը մեղանչում է. շոշափելիք, լսելիք, հոտոտելիք, տեսանելիք, խոսելիք- հեղ.) (Վարդան Այգեկցի, «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ»)։
Հայորդիներիս մեջ մնացած այդ հինավուրց սովորությամբ` ոմանք նեղության ժամանակ խոստման ուխտ են անում Աստծու հետ, որը հավասարազոր է երդումի: Այսինքն, ժողովրդական լեզվով ասած, մատաղ են խոստանում, եթե փորձությունից խաղաղությամբ դուրս գան, լինի դա հիվանդություն, թե պատահար, կամ էլ այդ անում են ազատվելուց հետո: ՈՒ որպեսզի զուր տեղը Աստծո անունը բերանդ առած չլինես և սուտ դուրս չգաս, պարտավոր ես ուխտդ կատարել. զոհողությունդ անել, ինչպես զգուշացնում է Դավիթ թագավորը. «ՈՒխտ արեք և կատարեք ձեր Տեր Աստծուն», և դարձյալ. «Շնորհակալության զոհ մատուցիր Աստծուն ու քո ուխտերը կատարիր Բարձրյալին: ՈՒ նեղության օրը կանչիր ինձ, Ես քեզ պիտի ազատեմ ու դու Ինձ պիտի փառավորես» (Սաղմոս Ծ, 14-15): Բայց երբեմն մարդիկ, չհասկանալով դրա հոգևոր իմաստը, մորթված կենդանու մսից յոթ բաժին մի կտոր լավաշի մեջ փաթաթելով ու դրացիներին բաժանելով, մնացածը վերածում են ուտել-խմելու, քեֆ-ուրախության, ու շատ անգամ էլ հարբեցողության ու զեխության արարողության, դրանով իսկ ավելի մեծ փորձանքի ու մեղքի մեջ ընկնելով: Որովհետև այդ «մատաղով» միայն իրենց ստամոքսն ուրախացավ ու իրենց քիմքերը բավարարվեցին, մոռանալով, որ Աստված պատվիրել է հիշել որբերին, աղքատներին ու կարոտյալներին: Այս առիթով նաև իմանանք, որ եթե դու մատաղ ես անում, ապա ինքդ չպետք է անարգես Աստծո «Մատաղը», քանի որ Հովհաննես Մկրտիչը, տեսնելով մոտեցող Հիսուսին, ասաց. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29), որն իրագործվում է եկեղեցում, սուրբ պատարագի ժամանակ՝ Քրիստոս Տիրոջ Սուրբ Հաղորդության խորհրդով: Հաճախ եմ նկատել, երբ կիրակնօրյա պատարագի ժամանակ մարդիկ աղի տուփը առած գալիս են օրհնել տալու այն, նրանց մեծամասնությունը երբեք չի մասնակցում պատարագին մինչև վերջ, այլ մի քանի րոպե կանգնելով, թողնում, գնում է իրենց մատաղի արարողությունը կատարելու։ Հիմա հարց եմ տալիս նման մարդկանց. եթե դու անապական ու հավիտենական կյանք պարգևող Աստծո Մատաղը՝ Իր Միածին Որդուն ես մերժում ընդունել որպես սուրբ Հաղորդություն, ինչպե՞ս Տերը կընդունի քո ապականացու մատաղը: Գուցե ընթերցողն ասի` ես չեմ մերժում Աստծո Որդուն, բայց շարունակի Տիրոջ պատվիրաններին հակառակ՝ շնության, գողության ու այլասերված կյանքով ապրել, ապա նման քրիստոնյան կեղծավոր է, և Աստծուն միայն շրթունքներով է պաշտում, իսկ նրա արած մատաղը, ըստ սուրբ հայրերի խոսքի, խոզ մորթելու նման կլինի, այսինքն` անընդունելի է ու գարշելի։
Այս առիթով ասենք, որ ժամանակակից աղանդավոր մտածելակերպով իրենց քրիստոնյա համարող անձինք, չհասկանալով մեր առաքելական եկեղեցու հինավուրց ավանդությունների բուն հոգևոր նպատակը, անմտաբար կամ անգիտաբար անարգում են մատաղի (համարելով այն կուռքերին արված զոհ), մոմի, սրբապատկերների ու նույնիսկ սուրբ Խաչի խորհուրդը, որով թե՛ իրենց, թե՛ հարազատ ննջեցյալների հոգիները զրկում են դրանց կարևորությունից, էլ չեմ ասում անհրաժեշտությունից, որովհետև այդ բոլորն աներևույթ Աստծուն հիշեցնում են նրանց՝ ննջեցյալների մասին, որոնք այնտեղ միմիայն ողորմության կարիք ունեն:
Իսկ եկեղեցում մեր վառած մոմը երկու խորհուրդ ունի՝ նախ դրան վճարած գումարը գնում է որպես ընծայաբերություն եկեղեցուն, քանզի այն մեր հոգիների «մայրն» է, քանզի այնտեղի մկրտության սուրբ ավազանից ենք վերստին ծնվում Աստծո արքայությունը ժառանգելու համար, և մենք որդիական պարտականություն ունենք եկեղեցու կարիքների համար, իսկ մյուսն այն է, որ մոմի լույսի ներքո հոգևոր ու մտերմիկ մթնոլորտ է ստեղծվում, և հոգին աղոթքի է տրամադրում։ Այս առիթով վկայենք, որ մի բարեպաշտ քույր, երբ Տիրամոր պատկերի առջև մոմ է վառել, Տիրամայրը նրան հասկացրել է, որ շնորհակալ է այդ «Հոգևոր վարդի»՝ մոմի ընծայի համար, քանզի այն մաքուր սրտով է մատուցվել։ Բայց այս էլ ասենք, որ վառածդ մոմերի ոչ «զույգն ու կենտն» է կարևոր, ոչ էլ քանակը, այլ անկեղծությամբ և ուրախությամբ մատուցածդ։
ՈՒրեմն մաքուր սրտից բխած, անկեղծությամբ արված նույնիսկ մի վառածդ մոմն ընդունելի է Տիրոջ կողմից, ինչպես որ մենք ենք մեր երեխաների արած մի փոքրիկ, թեկուզ անշուք նվերն ուրախությամբ ընդունում, որպես մեր հանդեպ սիրո արտահայտություն։
Հիշում եմ, երբ Երուսաղեմում մտորում էի մոմի խորհրդի շուրջ, մանավանդ սուրբ Հարության Տաճարում, որտեղ Հիսուսի Սուրբ Գերեզմանն է, որտեղից Նա հարություն առավ, բոլոր ուխտավորները 33 մոմերից (Հիսուսի երկրային տարիների քանակով) բաղկացած տրցակները վառում էին այդտեղի սրբավայրերի կանթեղներից ու նորից հանգցնում, որ դրանք տանեն իրենց տներն ու հարազատներին, որ այդ նույն մոմերի միջոցով սուրբ Երուսաղեմի օրհնություններից փոխանցվի։ ՈՒ մի զարմացեք նմանօրինակ պարզ հավատի համար, քանզի Պողոս առաքյալի քրտնաթոր թաշկինակները մարդիկ տանում, դնում էին իրենց հիվանդների վրա ու բժշկություն ստանում, ըստ իրենց ունեցած հավատի։ Մի անգամ մի քանի հայ ուխտավորներով շրջում էինք սուրբ Հարության Տաճարի սրահներով, երբեմն-երբեմն լուսանկարում էինք այդ սրբավայրերը, մանավանդ Հայոց պատկանելությանը վերաբերող վայրերը։ Լուսանկարեցինք նաև սուրբ Տիրամոր ուշաթափման վայրը, որի կողքին մոմավառության համար մի աշտանակ կար դրված։ Երբ լուսանկարները հանել տվեցինք, բոլորս ապշած ականատես եղանք, որ այդ աշտանակի մոմերից սովորական աչքի համար անտեսանելի, բայց հոգևոր տեսողությանն ընդունելի հրաշք լույսեր էին ուղղված դեպի վեր, որոնք հետո թեքվել էին դեպի Հիսուսի սուրբ Գերեզմանի կողմը, այսինքն` առ Աստված։
Իսկ քրիստոնեության ակունքներում առաջին մատաղ անողը Գրիգոր Լուսավորիչն էր, որն առաջին մկրտվող ժողովրդի համար օրհնված աղով կերակրած ոչխարներից հարիսա եփել տվեց ու բաժանեց բյուր մարդկանց։ Այդ պատճառով էլ մատաղ բառը երկու արմատից է բաղկացած՝ մատուցել և աղ բառերից, այսինքն` օրհնված աղով եփված, կարիքավորներին մատուցվող կերակուր։
Մատաղի մասին Աշոտ իշխանի հարցումին Սահակ վարդապետն այսպես է պատասխանել. «Հայերը զոհի ողջակեզն ըստ Հին օրենքի չեն մատուցում, քանզի Աստծո Գառը՝ Հիսուս Քրիստոսն անարատ մարմնով մեռավ Խաչի վրա և վերացրեց հրեական զոհը։ Հիմա Աստծո անունով են հայերը մորթում արջառ ու ոչխար, որոնք վայելում են աղքատներն ու Աստծուն փառավորում, և դրանով տոներն են մեծարում ըստ սուրբ Գրիգորի հրամանի, որ ասել է. «Մեծ ամբարշտություն է թողնել տոնն առանց մատաղի և սա երկակի գոհություն է»։
Որպեսզի դարձյալ շեշտենք ողորմության կարևորությունը, մեջբերենք եկեղեցու հայրերի մի քանի խրատներից.
l «Ամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը» (Սահակ Պարթև):
l «Աստված ոչ միայն երկրի վրա է օգնում ու փրկում ողորմածին, այլև հանդերձյալ կյանքում բազմապատիկ առատությամբ վերադարձնում նրան իր ողորմությունները»:
l «Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ տվողի տրամադրությանը»:
l «Երկրի վրա առատատու մխիթարություն սերմանենք, երկնքի մեջ ողորմություն կհնձենք» (Հովհան Մանդակունի):
l «Աղքատներին մխիթարիր ինչպես կարող ես, քանզի նրանք Դատավորին մեր հանդեպ ողորմած են պահում» (Նեղոս Սինայեցի):
l «Ողորմություն տվողին ձեռք մեկնողը աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը Աստված է» (Հովհաննես Ոսկեբերան):
l «Աղքատները մեղքերը սրբող թաշկինակ են, եթե ողորմություն տաս» (Բարսեղ Մաշկեվորցի):
l «Ողորմածի հանդեպ Աստված էլ է ողորմած» (Անանուն):
Իսկ այս բոլորը հաստատվում է աստվածային Դավթի 40-րդ` «Լքված հիվանդի աղոթքը» սաղմոսում.
«Երանի՜ նրան, ով հոգ է տանում
աղքատին ու տնանկին.
Նեղության օրը Տերը կփրկի նրան:
Տերը կփրկի ու կպահպանի նրան,
երանելի կդարձնի երկրի վրա
և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը:
Տերը կզորացնի նրան
տառապանքի մահճում
և նրա անկողինն ամբողջովին
կմաքրի իր հիվանդությունից» (Սաղմոս ԽԱ, 1-4)։
Իսկ Պողոս առաքյալը զգուշացնում է. «Բարերարությունդ հարկադրանքով չլինի, այլ հոժարակամ» (Փիլիմոն 14):
Այսպիսով, միայն աղքատներին ու կարիքավորներին հիշելով և ողորմություն անելով, քո Տեր Աստծու անունն իզուր տեղը հիշած չես լինի և անպարտ կմնաս Տիրոջ առջև, եթե բերանդ նեղության ժամանակ խոստումով ուխտ է արել Աստծուն:
Իսկ այժմ, երբ չկան այլևս սեփական հոտերն ու տնային կենդանիները, մարդիկ կարող են «մատաղ» անել, այսինքն` ընծայաբերություն անել սեփական ունեցվածքից՝ կամ դրամով, կամ ինչով հնարավոր է օգնել աղքատներին, ծերերին ու հիվանդներին: Բայց ավելացնենք, որ կարիքավորները ոչ միայն սննդի և հագուստի անհրաժեշտություն ունեն, այլև սիրո և մխիթարության, ուրեմն՝ թող մեր ամեն բանը հոժարակամ և սիրով լինի, որպեսզի Տիրոջ կողմից ընդունելի լինի:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ