Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԹԻՎ 19263 ԿԱԼԱՆԱՎՈՐ

ԹԻՎ 19263 ԿԱԼԱՆԱՎՈՐ
14.05.2010 | 00:00

(15-րդ բարաք)
«Սիրեցե՛ք միմյանց մինչև վերջ և առանց բացառության, ինչքան էլ տանջանքը ծանր լինի...»։
Մայր ՄԱՐԻԱ
Նրան մահապատժի ենթարկեցին Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում մարտի 31-ին` Մեծ հաղթանակից ընդամենը երկու ամիս առաջ։ Աշխարհը նրան ճանաչում է որպես ՄԻԱՆՁՆՈՒՀԻ ՄԱՅՐ ՄԱՐԻԱ: 2004-ին ռուսական եկեղեցին սրբացրեց նրան որպես քրիստոնեական նահատակի և նվիրյալի։ 1934-ի օգոստոսի 31-ին նա իր ծոցատետրում գրում է. «Կա ապրելու երկու տեսակ։ Կարելի է օրինապահորեն և պատվարժանորեն քայլել գետնի վրա` չափչփել, ծանր ու թեթև անել և կանխատեսել։ Կարելի է նաև քայլել ջրի վրայով։ Այդ դեպքում չի կարելի չափել ու կռահել, այլ պետք է միայն անվերջ հավատալ։ Հենց մի պահ չհավատաս` կսկսես խեղդվել»։ Մայր Մարիան, 1932-ին դառնալով միանձնուհի, մինչև 1945-ին նահատակվելը, փորձեց քայլել ջրի վրայով։ Նրա վանական կենսագործունեությունն իրականացավ աշխարհում. նա եղել է Ֆրանսիայի բոլոր թշվառների` հոգնած ու հոգսաշատ մարդկանց իսկական, աննման մի ընկեր, բարեկամ, քույր և գթասիրտ մայր։ Նիկոլայ Բերդյաևը գրում էր. «Մայր Մարիայի մեջ կային գծեր, որոնք այնքան հատուկ էին ռուս սուրբ կանանց. ուղղվածություն աշխարհին, ուրիշների տառապանքը թեթևացնելու տենչանք, անձնազոհություն և անվեհերություն»։
Համացանցում 2000 թվին տեղադրվեց մայր Մարիայի չհրատարակված ձեռագիրը, որը հայտնաբերվել էր նրա մոր` Ս. Պիլենկոյի (մայր Մարիայի աշխարհիկ անունը եղել է Ելիզավետա Պիլենկո) արխիվում։ Բնագիրը` «Կրոնական կյանքի տեսակներ։ Իսկական և կեղծ բարեպաշտության մասին», որը թվագրված է 1937 թ., հրապարակվել է «ԹպրՑվՌՍ ՀղԺ» ամսագրում (թիվ 176, 1997 թ.)։ Հայ ընթերցողին պետք է որ հետաքրքրի այս յուրատեսակ, ճշմարտացի և խիստ դասակարգումը, որը շատ բաներ է հստակեցնում, հենց մեր եկեղեցում տիրող վարքն ու բարքը։ Մայր Մարիան բարեպաշտության տեսակները ստորաբաժանում է 5 խմբի`
1. սինոդական
2. կանոնադրական
3. (գեղագիտական) էսթետիկական
4. ճգնավորական (ասկետական)
5. ավետարանական
և նշում է. «Իհարկե, այսպիսի ստորաբաժանումն ինչ-որ չափով պայմանական է։ Կյանքն ավելի բարդ է։ Շատ հնարավոր է, որ կան և ուրիշ տեսակներ, որոնք ինձ չհաջողվեց զգալ։ Բայց այսպիսի պայմանական ստորաբաժանումն օգնում է ըմբռնելու մեր կյանքի շատ երևույթներ և որոշ չափով հնարավորություն է տալիս գլուխ հանելու սեփական համակրանքներից ու հակակրանքներից, սեփական հոգևոր ճանապարհից։ Յուրաքանչյուր հոգևոր տեսակ ունի սեփական, երբեմն շատ բարդ պատմությունը, իր սեփական ծագումը (գենեզիսը), յուրաքանչյուրը ձևավորվել է իր առաջացման բազմազան պայմանների միջոցով։ Մարդը ոչ միայն ներքին ձգտումով է հայտնվում այս կամ այն խմբում, այլև կարծես նախասահմանվում է այն միջավայրով, որտեղից նա դուրս է եկել դաստիարակությամբ, ուսումով, ազդեցություններով։ Փորձենք բնութագրել ամեն մի տեսակն իր պատմական ծագման տեսանկյունից, նրա բարոյական հատկանիշները, կենցաղը, նույնիսկ նրա արվեստը, նրա տարածման ուժը, նրա հիմքում դրված ստեղծագործական հնարավորությունները, նրա համապատասխանությունը եկեղեցական կյանքի ժամանակակից խնդիրներին»։
ՍԻՆՈԴԱԿԱՆ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Ռուս ուղղափառ եկեղեցին Պետրոս Մեծի ժամանակներից դարձել է ռուս մեծապետականության անկապտելի հատկանիշ, դարձել է մի գերատեսչություն այլ գերատեսչությունների մեջ, ընկել է պետական կանոնադրության համակարգի մեջ և յուրացրել իշխանության գաղափարները, ունակությունները և ճաշակները։ Պետությունը պաշտպանել է նրան, պատժել եկեղեցական հանցանքների համար և պահանջել նզովել պետական հանցագործությունների համար։ Պետությունն է նշանակել եկեղեցու հոգևոր պետերին, հետևել նրանց գործունեությանն ավագ դատախազի օգնությամբ, եկեղեցուն տվել է վարչական հանձնարարություններ, արմատավորել է նրա մեջ սեփական քաղաքական հավակնություններն ու իդեալները։ Այդպիսի համակարգի գոյության 200 տարվա ընթացքում ձևափոխվեց եկեղեցու ներքին կառուցվածքը։ Հոգևոր կյանքը քաշվեց հետին պլան, իսկ մակերեսի վրա տիրում էր պաշտոնական, պետականորեն ճանաչված դավանությունը. չինովնիկներին տրվում էր հավաստագիր առ այն, որ նրանք խոստովանել են իրենց մեղքերը և ընդունել հաղորդություն։ Առանց այդ հավաստագրի չինովնիկը չէր կարող համարվել վստահելի պետության տեսանկյունից։ Համակարգը մշակում էր ինքնատիպ կրոնական հոգեբանություն, մարդկանց առանձնահատուկ կրոնական տեսակ, բարոյական հիմքերի առանձնահատուկ ձև, առանձնահատուկ արվեստ, կենցաղ։ Սերնդեսերունդ մարդիկ ընտելանում էին այն մտքին, որ եկեղեցին ամենաանհրաժեշտ, ամենապարտադիր, այդուհանդերձ, նաև պետությանը բնորոշ հատկանիշներից մեկն է։ Բարեպաշտությունն ինչ-որ մի պետական առաքինություն է, որն անհրաժեշտ է բարեպաշտ մարդկանց պետական պահանջմունքների չափով։
Քահանան պետության կողմից դրված վերահսկիչ է, որը պարտավոր է հետևելու հավատարիմ հպատակների կրոնական պարտականության ճիշտ կատարմանը։ Եվ թեպետ նա պատվարժան դեմք է, բայց ոչ ավելի, քան մյուս մարդիկ, ովքեր պահպանում են հասարակական կարգը, ռազմական հզորությունը, ֆինանսները և այլն։ Սինոդական ժամանակաշրջանում չափազանց զարմանալի է վերաբերմունքը հոգևորականության նկատմամբ. նրան որևէ ձևով առանձնացնելու լիակատար բացակայություն, ավելի շուտ` պահել նեղության մեջ, չթողնել, այսպես ասած, հասարակության մեջ։ Մարդիկ տարին մեկ անգամ խոստովանում էին, որովհետև այդպես էր պատշաճ, պսակադրվում էին եկեղեցում, մկրտում իրենց երեխաներին, ննջեցյալի հուղարկավորման ծես կատարում։ Սակայն եկեղեցին ինքն իր համար էր. այնտեղ գնում էին, երբ անհրաժեշտ էր, և ամենևին պետք չէր չափազանցել սեփական եկեղեցականությունը։ Դա, հնարավոր է, անում էին միայն սլավոնասերները, իրենց վերաբերմունքով մի քիչ փոխելով սահմանված, ձևական, բյուրոկրատական տոնը եկեղեցու նկատմամբ։ Բնական է, որ բարեպաշտության սինոդական տեսակը հենվում էր, առաջին հերթին, Պետերբուրգի նախարարական բյուրոկրատիայի կադրերի վրա, այն կապված էր հատկապես բյուրոկրատիայի հետ, տարածվելով Ռուսաստանով մեկ։ Ամբողջ համակարգը կանխորոշում էր այն, որ կրոնապես շնորհալի և տաքարյուն մարդիկ տեղ չէին գտնում նրանում։ Նրանք կա՛մ հեռանում էին վանքերը, ձգտելով ամբողջովին պոկվել որևէ արտաքին եկեղեցական գործունեությունից, կա՛մ էլ ընդհանրապես ապստամբում էին, խռովություն բարձրացնելով հաճախ ոչ միայն տվյալ եկեղեցական համակարգի դեմ, այլև առհասարակ եկեղեցու դեմ։ Այդպես աճում էր մեր հեղափոխականների հակակրոնական մոլեռանդությունը, որն այնքան նման էր իր նախասկզբնական փուլում իսկական կրոնական կյանքի բոցավառմանը։ Այն ներքաշում էր իր մեջ բոլորին, ովքեր ծարավի էին ներքին ճգնավորական սխրանքի, զոհաբերության, անշահախնդիր սիրո ծառայության` այն ամենի նկատմամբ, ինչը պաշտոնական պետական եկեղեցին չէր կարող տալ մարդկանց։ Պետք է ասել, որ այդ սինոդական ժամանակաշրջանում վանքերը նույնպես ենթարկվեցին հոգևոր կյանքի քայքայման ընդհանուր գործընթացին. նրանց վրա, նրանց բարքերի և կենցաղի վրա նույնպես զգացվում էր պետության ամենազոր ձեռքը, նրանք դառնում էին համաեկեղեցական գերատեսչության պաշտոնական բջիջներից մեկը։ Հետևաբար, եկեղեցում մնում էին գլխավորապես միայն գաղջերը, որոնք կարող էին չափավորել սեփական կրոնական պոռթկումը, կարողանում էին հոգու պահանջմունքները ներքաշել պետական արժեքների համակարգի մեջ։ Այսպիսով, ստեղծվում էր բարոյական իդեալների համակարգ։ Բարձրագույն արժեք էին, հավանաբար, կարգ ու կանոնը, օրինապահությունը, որոշ չափով ձգտումը դեպի միջինը, դրա հետ մեկտեղ պարտքի զգացման բավական վառ արտահայտությունը, հարգանքը մեծերի նկատմամբ, ներողամիտ վերաբերմունքը կրտսերների նկատմամբ, ազնվությունը, սերը առ հայրենիք, հարգանք իշխանության նկատմամբ և այլն։ Ոչ մի առանձնահատուկ թռիչք չէր պահանջվում։ Արարումը համահարթված էր պետական մեքենայի կարգավորվածությամբ և ընդհանուր ուղղվածությամբ։ Եռանդուն ճգնավորներ չէին հայտնվում նահանգների մայր տաճարներում։ Այստեղ գործում էին ուրիշ մարդիկ` ավագ քահանաներ, հանգիստ, գործիմաց երեցներ, ովքեր փայլուն գիտեին ծեսերը և ձգտում էին շքեղորեն հարդարել եկեղեցական արարողությունը։ Նրանք հոյակապ կառավարիչներ և կազմակերպիչներ էին, եկեղեցական տնտեսվարներ, սինոդական գերատեսչության չինովնիկներ, պատվարժան, բարեխիղճ մարդիկ, սակայն ոչ ոգեշնչվող և ոչ ստեղծագործող։ Եվ մայր տաճարները, որոնք նույնպես սինոդական ճարտարապետական արվեստի պսակն ու արտահայտությունն էին, շշմեցնում էին իրենց մոնումենտալությամբ, ոսկեզօծությամբ և մարմարով, վիթխարի գմբեթներով, թնդացող արձագանքով, բազմափթանոց թագավորական դարպասով (ռուսական եկեղեցում բեմի պատկերակալի միջին դուռը) և այլն, և այլն։ Այդ ամենի գլխավոր նպատակն էր ցուցադրել ուղղափառ եկեղեցու և նրան հովանավորող Ռուսաստանի մեծ պետության հզորությունը, հարստությունն ու անսասանությունը։
Եկեղեցական կյանքի և կրոնական ուղիների այդպիսի ըմբռնման հետ միաժամանակ աճում էր մեր լարված անաստվածությունը։ Մարդիկ, ըստ Սոլովյովի դիպուկ դիտողության, հավատալով այն բանին, որ մարդն առաջացել է կապկից, իրենց հոգին զոհաբերում էին հանուն մերձավորի։ Սիրո, զոհաբերության, սխրանքի ելք կարելի էր գտնել միայն եկեղեցու պատերից դուրս։ Իսկ եկեղեցու ներսում այն ամենը, որ ուրիշ էր, այդ իսկ պատճառով հակադրության մեջ, լողում էր հոսանքին հակառակ, և դրա համար ճնշվում էր ու նվաստացվում։ Եկեղեցական հոգեբանությունը հենվում էր շատ ամուր կենցաղի վրա, և այդ կենցաղն իր հերթին սնվում էր նրանից։ Ավանդույթը ներթափանցում էր ամենուրեք` աղոթքից մինչև խոհանոց։ Ասվածից պարզ է դառնում, որ այդպիսի հողի վրա հազիվ թե կարելի է սպասել ստեղծագործ ուժերի աճ։ Այստեղ ամեն ինչ ուղղված է զգացումների, խոսքերի, ժեստերի կրկնության պահպանմանը։ Ստեղծագործելու համար անհրաժեշտ են ինչ-որ նոր խնդիրներ. այստեղ դրանք գոյություն չունեին ո՛չ մտքի շրջանում, ո՛չ արվեստի և ո՛չ էլ կյանքի ոլորտում։ Պահպանում էին և հսկում շատ ամուր։ Ոչ մի նորույթ թույլ չէին տալիս։ Կարիք չէին զգում ստեղծագործ սկզբունքի։ Կրոնական կյանքի սինոդական տեսակը, որը հոգևոր արժեքների հետ առաջ է քաշում նաև այլ (պետական, կենցաղային, ավանդական) արժեքներ, հենց դրանով էլ ոչ միայն վերադասավորում էր և խճճում արժեքների հիերարխիան (ստորակարգությունը), այլև հաճախ պարզապես փոխարինում էր քրիստոնեական սերը եսապաշտական սիրով աշխարհի իրերի նկատմամբ։ Դժվար է, նույնիսկ անհնարին է տեսնել Քրիստոսին, զգալ կյանքի քրիստոնեականացումն այնտեղ, որտեղ բացեիբաց հռչակվում է եկեղեցին աշխարհիկ դարձնելու սկզբունքը։ Բարեպաշտության այդ տեսակը չկարողացավ լուծել չափազանց բարդ խնդիրը` տալ Աստծունը Աստծուն և կայսրինը կայսրին։
Համացանցում տեղադրված են բազմաթիվ վկայություններ մայր Մարիայի մասին, որոնցից Ս. Վ. Նոսովիչի հուշերն անմիջական կապ ունեն այսօրվա մեր թեմայի հետ։ Նոսովիչը հուշերում պատմում է մայր Մարիայի հետ ունեցած իր զրույցների մասին։ Մի օր նա գանգատվեց բարաքի նոր ավագ, չափազանց դաժան լեհուհու մասին, որը «լավ ընտանիքից էր»։ Մայր Մարիան ասաց. «Ոչինչ այնքան չի հեռացնում Քրիստոսից, ինչքան բուրժուականությունը, սրանց այս դժոխքն էլ խելքի չի բերի: Զգուշացե՛ք այդ կնոջից, դա արիստոկրատական խաժամուժն է»։
Այսօրվա մեր իրականության մեջ, դժբախտաբար, տիրում է և՛ սինոդական բարեպաշտությունը, և՛ «բուրժուականությունը»։ Ավարտենք մեր հանդիպումը մայր Մարիայի` այդ արտասովոր կնոջ խոսքերով. «Ահավոր է կռապաշտությունն աշխարհում, երբ այն դավաճանում է Քրիստոսին հանուն պետության, ազգի, սոցիալական գաղափարի, չնչին բուրժուական հարմարավետության և բարեկեցության»։
(շարունակելի)
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ