Սիրիայի դեմ թուրքական ագրեսիայի հերթական փուլի (Անկարայում այն կոչել են «Խաղաղության ակունք» գործողություն) սկզբից հետո իրադարձությունները ծավալվում են սրընթաց արագությամբ։ Ներկա իրավիճակը հարուստ նախապատմություն ունի, որի սկիզբը կարող ենք համարել ո՛չ Աֆրին քաղաքի գրավումը, ո՛չ էլ Թուրքիայի և ԱՄՆ-ի ընթացիկ տարվա ամառային համաձայնությունները Հյուսիսային Սիրիայի տարածքում ինչ-որ «անվտանգության գոտու», ինչպես նաև «անթռիչք գոտու» համատեղ ստեղծման մասին։ Եվ նույնիսկ ամերիկացի զինվորականներին Սիրիայից Իրաք, թվում էր, թե հանկարծակի, տեղափոխելը։ Հիշվում է, որ 2016-ին Թուրքիայի ու քրդերի միջև գրեթե «մրցակցային տենդ» էր, թե «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներից ով ավելի շուտ կազատագրի հերթական քաղաքը կամ բնակավայրը՝ «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» (ՔԺԻ) ջոկատնե՞րը, թե՞ թուրքական բանակը («Եփրատի վահան» գործողության շրջանակում)։ Հիշվում է նաև, որ քրդերը մտան այնպիսի քաղաքներ (ինչպես պարզվեց, Թուրքիայի համար շատ կարևոր), ինչպիսիք էին Թել Աբյադը և այլն, ու համառորեն ընթանում էին դեպի Էլ Բաբ հանգուցային քաղաք։ Բայց երեք տարի առաջ թուրքերն ավելի ճարպիկ գտնվեցին, և Էլ Բաբը մինչ այժմ նրանց օկուպացիայի տակ է։
Այժմ Մանբիջ և Թել Աբյադ քաղաքները կրկին հայտնվում են ռազմական ամփոփագրերում։ Մասնավորապես Թել Աբյադում, որը գրավելու մասին Անկարան մի քանի օր է, ինչ հաղորդում է, իրականում մարտերը շարունակվում են։ Անհասկանալի է, թե թուրքական գեներալիտետն ինչպես է որոշել, թե այն «հարյուրավոր քուրդ ահաբեկիչներից, որոնց իբր ոչնչացրել են թուրքական խիզախ զորքերը և իրենց իսկական ահաբեկիչ դաշնակիցները, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակից» ովքեր են պատկանում քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ), որն արգելված է Թուրքիայում, և ովքեր՝ ՔԺԻ-ի աշխարհազորի սիրիացի քրդերին։ Գուցե զոհված քրդերի քողարկազգեստների վրայի կարվածքներո՞վ։ Կամ ինչպես են որոշել, թե ով ով է, եթե նույն Թել Աբյադում թուրքերին դիմակայում են և՛ հայ աշխարհազորայինները, և՛ սիրիա-քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ) անկանոն կազմավորումները։ Ի դեպ, հենց ԺՄԿ-ի մամուլի ծառայությունն է աշխարհին հիմնականում հայտնում, թե ինչ է տեղի ունենում Հյուսիսային Սիրիայի մարտերով բռնված տարածքներում։ Թուրք զինվորականների գործողություններն ակնհայտորեն ապացուցում են, որ այժմ նրանց նպատակը նույնն է, ինչ 2016 թ., այսինքն առնվազն գրավել և էթնիկական (ըստ ազգության) զտումներ իրականացնել Թել Աբյադում և Մանբիջում։
Բայց հետաքրքիր է նաև իմանալ, որ այս տարվա իրավիճակն զգալիորեն տարբերվում է 2016-18 թթ. իրավիճակից։ Իհարկե, տարբեր երկրների փորձագետները և անգամ այն հասարակ ընթերցողները, որոնց շարունակում է հետաքրքրել Սիրիան, շատ լավ գիտեն, որ թուրքական «Խաղաղության ակունք» գործողությունը դատապարտվում է գործնականում ողջ աշխարհում։ Եթե հավատանք «Ինֆոտեկա 24» աղբյուրին, ապա Թուրքիայի գործողությունները պաշտպանել են միայն Ադրբեջանը, Պակիստանը, Կատարը և «Տրիպոլիի ազգային փրկության կառավարությունը» (Լիբիա)։ Ովքեր այս կամ այն չափով կախում ունեն Թուրքիայից, նրանք էլ պաշտպանում են, թեև նշյալ բոլոր երկրներն էլ «խնդիրներ ունեն», օրինակ, Իրանի հետ։ Իսկ Իրանը ոչ միայն չի պաշտպանել, այլև դատապարտել է, ինչպես և Ռուսաստանը։ Չնայած այն բանին, որ Ռուսաստանը, ինչպես և Չինաստանը, լրացուցիչ ժամանակ է պահանջել Սիրիա թուրքական ներխուժման առթիվ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի հայտարարությունը (հոկտեմբերի 12-ի) ուսումնասիրելու համար, բոլորին պարզ է, որ թուրքական ռազմական ներխուժման ազդանշանը եղել է ոչ թե Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների վերջին հանդիպումը, այլ ամերիկացի զինվորականների հանկարծակի հեռացումը Սիրիայից Իրաք, որով «բացվեց ճանապարհը» թուրքերի առաջ։
Թուրքական ներխուժումից շատ առաջ Ռուսաստանն ու Իրանը Թուրքիային նախազգուշացնում էին՝ եթե ներխուժեք, շատ խնդիրներ կլինեն, սեփական անվտանգությունը չեն ապահովում երրորդ երկիր ներխուժելով, թուրք-սիրիական սահմանում խաղաղությունը հնարավոր է միայն այն պայմանի դեպքում, որ Սիրիայից անհապաղ դուրս բերվեն բոլոր այն օտարերկրացի զինվորականները, որոնք այնտեղ են գտնվում առանց պաշտոնական Դամասկոսի համաձայնության։ Խաղաղության երկրորդ պարտադիր պայմանը Սիրիայի ողջ տարածք Սիրիայի արաբական բանակի այսինքն, երկրի կառավարական զինված ուժերի կանոնավոր զորամասերն ու ստորաբաժանումները մտցնելն է, ոչ թե թուրքերի հովանավորյալ «Սիրիական ազատ բանակի» տիպի կազմակերպության կամ «չափավոր ընդդիմություն» պիտակով հանդես եկող հանցագործներին մտցնելը։ Եվ երրորդ պայմանը. Սիրիայի անկախության պահպանումը՝ անշեղորեն պահպանելով նրա տարածքային ամբողջականությունը։ Պուտինը և Ռոհանին բազմիցս են այդ ամենը հասկացրել իրենց «գործընկեր» Էրդողանին, բայց նա ոչ միայն չէր անսում Մոսկվայի ու Թեհրանի նախազգուշացումներին, այլև շարունակում էր սեպարատ բանակցությունները ԱՄՆ-ի հետ այլևայլ թեմաներով։ ՌԴ և Իրանի ԱԳՆ-ների նախնական հայտարարությունների տեքստերը, Պուտինի և Ռոհանիի գնահատականները վերջին օրերին անընդհատ հաղորդում էին համաշխարհային բոլոր ԶԼՄ-ները, բայց դա չկանխեց ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հերթական պայմանավորվածությունը, սիրիացի քրդերի հերթական «զոհաբերությունը»։ Իսկ խոսքով դեմ են բոլորը՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, ԱՄՆ-ը, խոսքով Իսրայելը քրդերին խոստանում է օգնության ու պաշտպանության ինչ-որ նոր ձևեր։
Գուցե երբևէ աշխարհն իմանա Մերձավոր Արևելքի քրդական ցեղերի նկատմամբ իրականացված այն կեղտոտ խաղի գոնե 50 %-ը, որը ծավալվել է մեր աչքերի առաջ առնվազն Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալման պահից։ Բայց, ցանկացած դասավորության դեպքում, բոլորը պարտավոր են հիշել, որ Իրանի նախագահ Ռոհանին դեռևս սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, խոսելով Մերձավոր Արևելքում իրանական նոր խաղաղ նախաձեռնության մասին, կոշտ կերպով ընդգծեց, որ «տարածաշրջանի անվտանգությունը կարիք ունի ԱՄՆ-ի զինված ուժերի հեռացման, և Մերձավոր Արևելքում խաղաղության ու անվտանգության բանաձևն է՝ ժողովրդավարություն տանը, դիվանագիտություն՝ արտասահմանում»։ Աշխարհը նաև չպետք է մոռանա, որ 2016 թ. դեկտեմբերից Ռուսաստանն ու Իրանը մշտապես «ակնարկել» են Թուրքիային, որ Սիրիայում ապօրինաբար գտնվող օտարերկրացի զինվորականների հեռացման պահանջը վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Թուրքիային։
Այսօրվա իրադրությունը պետք է քննել ու քննել։ Հարց է ծագում. լավ, ենթադրենք թուրքերը հարձակվում են քրդերի վրա, այդ ինչու՞ իրենց առաջին օդային ու հրթիռային հարվածները նրանք հասցրին Սիրիայի սահմանամերձ քրիստոնեական բնակավայրին, որտեղ ասորիներ էին, և կարգը պաշտպանում ու պահպանում էին ասորի աշխարհազորայինները։ Իզուր չէ, որ աշխարհի բազմաթիվ, օրինակ՝ ասորական ու հայկական, կազմակերպություններ դա գնահատեցին որպես քրիստոնյաների 1915 թ. ցեղասպանության շարունակություն։ Բնական է, որ Սիրիայի քրիստոնյաների շրջանում՝ և՛ ասորիների, և՛ հայերի, կան զոհեր ու վիրավորներ։ Եվ Էրդողանը հիանալի տեղյակ էր, որ Հյուսիսային Սիրիայում ոչ միայն քրդեր են, այլև քրիստոնյաներ։ Ընդ որում, հայ և ասորի աշխարհազորայիններն ակտիվորեն, քրդերի հետ, մասնակցել են հյուսիսային Սիրիայում ահաբեկչական ավազակախմբերի դեմ բազմաթիվ մեծ ու մանր բնակավայրերի պաշտպանության մարտերին։ Օրինակ, Նուբար Օզանյանի անվան հայկական կամավորական գումարտակը ոչ թե ֆանտաստիկա է, այլ իրականություն, ինչպիսին եղել է և հենց Ն. Օզանյանը, որը ժամանակին, քաղաքական հետապնդումների պատճառով, Թուրքիայից փախել է Ֆրանսիա, սիրիացի քրդերի կողմից կռվել է ԻՊ-ի ահաբեկիչների դեմ ու զոհվել 2017-ի օգոստոսին։ Սիրիայում հայերը քիչ չեն նաև այլ կամավորական խմբերում, խառը քրիստոնեական աշխարհազորերում և այլն։
Այսպես թե այնպես, համաշխարհային հիմնական ԶԼՄ-ները հաղորդել են, որ թուրքերը ներխուժել են հենց հյուսիսարևելյան Սիրիա։ Այսինքն, իսկույն նետվել են այնտեղ, որտեղ քրդերից բացի, հոծ կերպով ապրում են նաև քրիստոնյաներ՝ հայեր ու ասորիներ, այդ թվում Հասեքեում, Էլ Կամիշլիում և Դեյր էզ Զորում։ Ռուսաստանն ու Իրանը միաժամանակ հանդես եկան թուրքական ագրեսիայի դեմ։ Հոկտեմբերի 9-ին Էրդողանը, այնուամենայնիվ, զանգահարեց Կրեմլ և զրույց ունեցավ Պուտինի հետ։ Հայտնի չէ, թե ինչ «մանրուքներ» ստիպեցին, որ Էրդողանը զանգահարի Պուտինին, բայց հասկանալի է, որ պաշտոնական Անկարան անհանգստացավ թեկուզ ՌԴ ԱԳՆ-ի կտրուկ հայտարարությունից։ Ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Պուտինն Էրդողանին ասել է. «Անկարան պետք է հանգամանորեն կշռադատի իրադրությունը և Սիրիայում իր ռազմական գործողությամբ վնաս չհասցնի ճգնաժամի կարգավորման ընդհանուր ջանքերին»։
Սիրիացի քրդերը, ընդ որում, հատկապես նրանք, ովքեր ամերիկամետ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (ԱԺՈՒ) դաշինքի կազմում են, չգիտես ինչու, որոշեցին օգնություն խնդրել Սիրիայի և Ռուսաստանի կառավարություններից։ Տվյալ դեպքում նրանք կեղծավորություն են անում, և նրանց նպատակը քիչ ընդհանուր բան ունի Սիրիայի քրդաբնակ (որոնք նաև հայաբնակ են) շրջանների թուրքական օկուպացիան կանխելու ցանկության հետ։ Որովհետև, եթե նրանք արդեն հույս չեն դնում ԱՄՆ-ի վրա, որն իր զորքերը Սիրիայից հանում է Իրաք, ապա թուրքերին կանգնեցնելու համար պետք է դիմեին ոչ միայն Սիրիային ու Ռուսաստանին, այլև Իրանին և շիա աշխարհազորայիններին, քանի որ ցամաքում կռվող հիմնական ուժն այդ բոլոր տարիներին եղել են շիա աշխարհազորայինները՝ ինչպես սիրիացի, այնպես էլ ողջ աշխարհից եկած կամավորները։ Բացի դրանից, ՍԺՈՒ-ի քրդերը պետք է դիմեին նաև Սիրիայի հայ աշխարհազորայիններին, որովհետև Էլ Կամիշլի և Դեյր էզ Զոր քաղաքներում, ինչպես և Հասեքե նահանգում ահաբեկիչների դեմ պաշտպանությանը, բացի քրդերից ու սիրիական բանակից, մասնակցել են նաև հայ աշխարհազորայինները։
Թե ՍԺՈՒ-ի քրդերին ինչ են պատասխանել կամ դեռ կպատասխանեն Դամասկոսն ու Մոսկվան, շուտով կպարզվի։ Ես պատահաբար չեմ կրկին ու կրկին շեշտում՝ ՍԺՈՒ-ի քրդերը, ոչ թե պարզապես գրում՝ սիրիացի քրդերը։ Չէ՞ որ նախորդ տարիներին Սիրիայի ոչ բոլոր քրդերն էին համաձայն, որ իրենց «խնամակալությունն» ստանձնեն ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները։ Բայց ԶԼՄ-ներն արդեն հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին կամ 14-ին ռուս զինվորականներին հաջողվել է բանակցությունների սեղանի շուրջը նստեցնել ՍԺՈՒ-ի քրդերին և Սիրիայի արաբական բանակի ներկայացուցիչներին։ Այսպես կոչված «Հյուսիսային և Արևելյան Սիրիայի քրդական ինքնավարությունը» հոկտեմբերի 13-ի երեկոյան հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ հաստատել է, որ սիրիական բանակի ուժերը տեղաբաշխվելու են Մանբիջում և Այն էլ Արաբում (Քոբանիի քրդերեն անվանումը)՝ ըստ կողմերի ձեռք բերած համաձայնության։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, կառավարական ուժերի ծավալումը պետք է կանգնեցնի թուրքերի ներխուժումը Հյուսիսային Սիրիա, որտեղ թուրքական հարձակումների հետևանքով արդեն տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել։ Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, դա կարող է նաև հնարավորություն լինել ազատագրելու համար քրդական Աֆրին շրջանը, որը Թուրքիան գրավել էր անցյալ տարի Անկարայի առաջին գործողության ժամանակ։ Հիասթափվելով Թուրքիային պաշտպանող Վաշինգտոնից՝ քրդերի ղեկավարած ՍԺՈՒ-ն Ռուսաստանի և Սիրիայի կառավարության հետ համաձայնության հասավ Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական շրջանների վրա Թուրքիայի հարձակմանը վերջ դնելու հույսով։ Հայտարարությունը հիշեցնում է, որ ՍԺՈՒ-ն ԻՊ-ի դեմ մարտնչել է մի քանի տարի՝ կորցնելով ավելի քան 10000 մարտիկների, բայց այժմ Թուրքիան շարունակում է «ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, ինչպես Աֆրինում»։ Հիշեցնենք, որ նշված շրջաններում հրատապ տեղեկատվությունն ապահովել և ապահովում է ԺՄԿ-ն, ուստի որևէ մեկը չպետք է զարմանա, որ մեկ օր առաջ (հոկտեմբերի 12-ին) նման հեռանկարի մասին հայտարարեց սիրիական ԺՄԿ-ի նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմը, նախազգուշացնելով, որ քրդական բոլոր ուժերը համաձայնության կգան Ռուսաստանի ու Սիրիայի հետ, որպեսզի պաշտպանվեն, եթե ԱՄՆ-ը հրաժարվի նրանց օգնելուց։
Քրդական աղբյուրները, որոնք հավանաբար ավելի մոտ են ՍԺՈՒ-ի ղեկավարությանը, քան թե ԺՄԿ-ի ղեկավարությանն ու ՔԺԻ-ի հրամանատարությանը, այնուամենայնիվ, շարունակում են «խաղալ»։ Հոկտեմբերի 14-ին ոմն Ալդար Խալիլ, սիրիացի քուրդ քաղգործիչ, ՍԺՈՒ-ի կազմի մեջ մտնող «Ժողովրդավարական հասարակության շարժման» գործկոմի անդամ, հայտարարեց. «Սահմանի մասին Դամասկոսի հետ քրդերի կնքած համաձայնագիրը, թուրքական հարձակումից և ԱՄՆ-ի հեռանալուց հետո, ունի միայն ռազմական մասշտաբներ։ Այն չի ենթադրում այդ սահմանամերձ շրջանների վարչարարություն Սիրիայի կառավարության կողմից։ Գործարքը շտապ միջոց է սիրիական սահմաններն ու բնակչությանը հետագա բռնություններից պաշտպանելու համար։ Քրդերը երբեք չեն ձգտել անջատվելու Սիրիայից, և դա սիրիական կառավարությանն իրավունք է տալիս սիրիական սահմանները պաշտպանելու»։ Հայտարարությունը թեթևակի «հոտ» ունի, որովհետև Ալդար Խալիլը կամ էլ սիրիացի քրդերի ցանկացած քաղգործիչ չի կարող չհասկանալ, որ Արևելքում «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքը ողջ քաղաքականության ու դիվանագիտության անկյունաքարն է։ Եվ որևէ հիմք չկա մտածելու, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կամ Սիրիայի արաբական բանակի հրամանատարությունը հանկարծ քուրդ քաղգործիչներից ավելի անխելք կամ բարեգործ են դարձել «հենց այնպես»։ Ոչ, գործարքը գործարք է. դու՝ ինձ, ես՝ քեզ։ Այնպես որ, քրդերն ստիպված կլինեն ընդունելու Դամասկոսի վարչարարությունն ամենուրեք, թեկուզ Սիրիայի քրդերի ինչ-որ մշակութային ինքնավարության պատվավոր ճանաչմամբ, բայց ոչ ավելի։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ