Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՓԱՍՏՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՎԵՐԸ

ՓԱՍՏՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՎԵՐԸ
22.07.2011 | 00:00

Առողջապահության նախարարության 2011-ի առաջին կիսամյակի ցուցանիշներից գոհ է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նշված ցուցանիշները վկայում են ոլորտի առաջընթացի մասին։ Այն, որ կիսամյակային թվերը խոսուն են, փաստ է, սակայն, կարծում ենք, թվերից բացի, շատ ավելի կարևոր է բնակչության գնահատականը։
«Երեխաների հավաստագրերի գործընթացից շատ գոհ եմ։ Հավաստագիրը ձեռքիս ոչ մի խնդիր չի առաջացել, և հիվանդանոցում հավելյալ գումարներ չեն պահանջել։ Շնորհակալ եմ և՛ այս համակարգի ներդրման, և՛ բուժանձնակազմի որակյալ ծառայության համար»,- մեզ հետ զրույցում ասաց Էդգար Հարությունյանի հայրը` Արամը։ Հիշեցնենք, որ երեխաների առողջության պետական հավաստագրերի ծրագիրը ներդրվեց 2011-ի հունվարին։ Ըստ առողջապահության նախարարության տվյալների` ծրագիրը դրական ազդեցություն է ունեցել ծառայության մատչելիության առումով։ Այն, որ իսկապես բարձրացել է հիվանդանոց դիմող երեխաների թիվը, մեզ հետ զրույցում փաստեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի մայրության գծով օգնական Ալլա Հարությունյանը. «Ծրագրի ներդրման արդյունքում բարելավվել է ոչ միայն երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիությունը, այլև մեծացել է բնակչության վստահությունը, քանի որ հավաստագրի առկայությունն ապահովում է 0-7 տարեկան երեխաների պետպատվերի իրավունքը»։ Ընդգծենք, որ երեխաների առողջության պետական հավաստագրերի ծրագրով կարևորվում է երկու ռազմավարական նպատակ` երեխաների առողջության բարելավում` արդյունքում մանկական մահացության ցուցանիշի նվազում, և ոչ պաշտոնական վճարների առավելագույնս կրճատում առողջապահության ոլորտի այս հատվածում։ Եթե բուժսպասարկման որակի, առողջության ապահովման խնդիրը, ըստ մասնագետների ու ծնողների, ծրագիրը լուծում է, ապա ՀՀ-ում ամերիկյան համալսարանի իրականացրած ուսումնասիրությունը փաստում է ոչ պաշտոնական վճարների էական կրճատման մասին։ Հարցմանը մասնակցած և հավաստագրերից օգտված մայրերի 87 տոկոսը Երևանում և 85 տոկոսը մարզերում նշել են, որ գոհ են, քանի որ ստացել են անվճար բուժօգնություն։ Ընդգծենք, որ առողջապահության նախարարությունը Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին տրամադրել է 25500 երեխայի առողջության անձնագիր և 350 հազար երեխայի առողջության պետական հավաստագիր։
Երեխաների առողջության պահպանման խնդրի լուծումից բացի, այս տարվա առաջին կիսամյակում արդիականացվեց նաև շտապօգնության ծառայությունը։ Քսան տարուց ավելի շահագործվող շտապօգնության ավտոմեքենաները, ի վերջո, փոխարինվեցին ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով ապահովված 88 ավտոմեքենաներով, որոնցից 20-ը` ռեանիմոբիլ, 68-ը` գծային։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկը ոլորտի համաչափ զարգացումն է մարզերում։ Այդ նպատակով ծառայության աշխատակիցների և բուժանձնակազմի վերապատրաստումը և մարզային շտապօգնություններում ժամանակակից ավտոմեքենաների տրամադրումը առաջնային հարցերից մեկն է, որն այս կիսամյակում իրականություն է դարձել։ Սա նշանակում է, որ շտապօգնության ծառայությունն ի զորու կլինի ապահովելու բնակչությանը բարձրորակ սպասարկմամբ և արտակարգ իրավիճակներում դիմակայելու մարտահրավերներին։ Պետք է նկատենք, որ բարձրացել է բժիշկների և բուժքույրերի հետաքրքրությունն այս ծառայությունում աշխատելու նկատմամբ։ Սա, հավանաբար, պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով, որոնք էապես մեծացրել են շտապօգնության բյուջեն։ Եթե 2010-ին պետության սահմանած մեկ կանչի միջին գինը 4400, իսկ ծառայության բյուջեն շուրջ 1 մլրդ 476 մլն դրամ էր, ապա 2011-ին մեկ կանչի միջին գինը կազմում է շուրջ 8000, իսկ բյուջեն` շուրջ 3 մլրդ դրամ։ Ավելացել են նաև աշխատավարձերը. 2011-ին բժշկի միջին աշխատավարձը դարձել է շուրջ 120 հազար դրամ, բուժքրոջը` 100 հազար դրամ, մինչդեռ 2010-ին դրանք համապատասխանաբար 45 հազար և 35 հազար դրամ էին։ Այլ կերպ ասած, կարելի է փաստել, որ առողջապահության նախարար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԻՆ այս ոլորտում նույնպես հաջողվել է իրականություն դարձնել տված խոստումները։ Բոլոր դեպքերում, կարևորն այն է, որ շտապօգնության ծառայությունում իրականացված բարեփոխումները նկատելի են նաև բնակչության համար։ «Կանչերին ավելի արագ են արձագանքում, շատ հետազոտություններ հենց տեղում են արվում` նորագույն սարքավորումներով»,- մեզ հետ զրույցում նշում էին շտապօգնության ծառայությունից օգտված քաղաքացիները։ Սակայն նրանց մեջ կային նաև դժգոհողներ, թե շտապօգնությունն ուշանում է։ Իսկ թե ինչու, պատճառը ճշտեցինք Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից. «Նոր հնարավորությունները թույլ են տալիս ավելի արագ արձագանքել կանչերին, սակայն հաճախ շտապօգնության մեքենաների ուշացումները կապված են լինում ճանապարհային խցանումների հետ։ Պետք է խնդրեմ նաև մարդկանց ուշադիր լինել այս ծառայության նկատմամբ։ Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կուլտուրան, որպեսզի ճանապարհը զիջեն շտապօգնության մեքենաներին»։ Այն, որ ճանապարհ զիջելու հարցում հատկապես թանկարժեք ավտոմեքենաների տերերն «անզիջում» են, գաղտնիք չէ։ Երևի թե այս հարցը կարգավորվի, եթե մեծ տուգանքներ կիրառվեն շտապօգնության մեքենաներին ճանապարհը չզիջելու համար։
Հարկ է նկատել, որ մարզային առողջապահության արդիականացումն առողջապահության նախարարության քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է, և 2011-ի առաջին կիսամյակի ցուցանիշներն էլ փաստում են կատարված մեծածավալ աշխատանքի մասին, որը շարունակական բնույթ ունի։ Ավարտվել է Ապարանի բժշկական կենտրոնի (ԲԿ) շենքի վերանորոգումը, ընթացքի մեջ են Գավառի ԲԿ-ի, Սևանի պոլիկլինիկայի, Կապանի մանկական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները, նոր շենք է կառուցվում Գյումրիի ԲԿ-ի համար։ Նախագծման աշխատանքներ են իրականացվում Մեղրիում նոր հիվանդանոց կառուցելու, Աբովյանի և Կապանի ԲԿ-ները հիմնանորոգելու ուղղությամբ։ Նախատեսվում է նմանատիպ ծրագրեր իրականացնել նաև Բերդում և Վանաձորում։ Պետք է նկատենք, որ, չնայած տնտեսական գլոբալ ճգնաժամին, այդուհանդերձ, մարզային առողջապահության ոլորտում շինարարությունը կանգ չառավ, և վերջին երկու տարում վերաբացվեցին հիմնանորոգված, ժամանակակից սարքավորումներով հագեցած Հրազդանի, Իջևանի, Արարատի, Արմավիրի, Գորիսի բժշկական կենտրոնները։
Ի դեպ, աչքաթող չի արվել նաև երեք տարի առաջ ներդրված ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը։ 2009-ի առաջին կիսամյակում Երևանում ընդհանուր առմամբ տրամադրվել է 9864, մարզերում` 9943 հավաստագիր։ Ընդհանուր թվով տրամադրվել է 19807 հավաստագիր։ Նկատենք, որ համեմատած 2010-ի ցուցանիշների հետ, ընդհանուր թվի մեջ նկատվել է նվազում, մասնավորապես մայրաքաղաքում` 2010-ին 9810, մարզերում` 11123 հավաստագիր։ Այս նվազումը, մասնագետների գնահատմամբ, պայմանավորված է հղիների թվաքանակի նվազմամբ։ Բնականաբար, այս խնդիրն արդեն դուրս է առողջապահության ոլորտից և ավելի շատ պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով։
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` իմունիզացիայի և պատվաստումների ոլորտում նույնպես աճ է գրանցվել։ Մինչև մեկ տարեկան երեխաների ամբողջական ընդգրկվածության միջին հանրապետական ցուցանիշը 91 տոկոսից դարձել է 94 տոկոս։ Դրական դինամիկա է արձանագրվել նաև 0-2 տարեկան երեխաների պատվաստումներում ընդգրկվածության ամբողջական ցուցանիշի առումով։
Եթե ամփոփենք առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ապա պետք է արձանագրենք, որ այն հաջողվել է, համենայն դեպս, այս կիսամյակում։ Կարծում ենք, դա պայմանավորված է ամենից առաջ նախարարի հետևողական աշխատանքով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ