Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԹՈՒՐՔԸ ԷՆ ԳԼԽԻՑ ՑԵՂԱՍՊԱՆ Է, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ

ԹՈՒՐՔԸ ԷՆ ԳԼԽԻՑ ՑԵՂԱՍՊԱՆ Է, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ
22.07.2011 | 00:00

Աններելի է, երբ հայ մարդը գրավոր, թե բանավոր ոտնահարում է ազգային սրբությունները, գիտակցաբար, թե անգիտակցաբար աղավաղում, կեղծում է պատմական անցյալն ու ներկան:
Ժամանակին հանրապետության վարչապետերից մեկն ի լուր աշխարհի և համայն թրքության հայտարարեց, թե մեր ժողովուրդն է մեղավոր, որ ցեղասպանության ենթարկվեց: Ցավոք, այն ժամանակ արժանի գնահատական չտրվեց այդ թրքամոլական զառանցանքին: Եվ ահա այսօր փորձ է արվում դասեր տալու հայ ժողովրդին («Մեծ եղեռնի դասերը», «Առավոտ», 22.04.2011 թ.):
Փիլիսոփա Մամիկոն Ասատրյանը, թերևս անտեղյակ իր ժողովրդի պատմական անցյալին, անարգում է ազգային նվիրյալ գործիչներին` նենգավոր դիվանագիտությունից անտեղյակ, բայց ազնվասիրտ, հայրենասեր, «Վասպուրականի արծիվ» Խրիմյան Հայրիկին, ազգասեր, իր լրագրի էջերում հայ ժողովրդին ազգային զարթոնքի կոչող Գրիգոր Արծրունուն, և, ակնհայտ է, ենթատեքստում նաև անձնուրաց ֆիդայիներին, ազգային ազատագրական պայքարի ոգեկոչող գրողներին, բանաստեղծներին:
Հոդվածագիրը վկայակոչում է Ղևոնդ Ալիշանին, Ավ. Իսահակյանին, մոռանալով, որ Ալիշանը իր բազմահատոր հայաշունչ, հայաշխարհ աշխատություններով, իսկ Ավ. Իսահակյանը «Երգեր և վերքեր» բանաստեղծաշարով, Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով պայքարի ոգի էին արթնացնում հայորդիների սրտերում:
Պարզապես մանկամտություն է, երբ հայտարարվում է, թե մեզ ցեղասպանության ենթարկեցին, որովհետև Խրիմյան Հայրիկը «երկաթյա շերեփի» կոչ հնչեցրեց, Գր. Արծրունին մարտաշունչ հրապարակումներով հանդես եկավ իր լրագրում: Դե, իհարկե, նկատի են առնվում նաև Պատկանյանի «Հիմի է՞լ լռենք»-ը, Վարուժանի «Եղեգնյա գրչով պայքար երգեցի»-ն, իսկ Րաֆֆին երազում էր և կոչ անում Մասիսի գլխին հայոց դրոշ ծածանել` իր հայրենասիրական վեպերով ոգեկոչելով այդ սրբազան գաղափարը: Իսկ Աբովյանը «Վերք Հայաստանի»-ով պայքարի չէ՞ր կոչում, իսկ Տերյա՞նը` «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-ով:
Իսկ անձնուրաց, մտքով, սրտով ու հոգով հանճարեղ ֆիդայինե՞րը` Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Սեբաստացի Մուրադը, տաղանդավոր զորավար Դրոն, հանճարեղ զորավար ու փիլիսոփա Նժդեհը, հազարավոր մահապարտ հերոսները: Չէ՞ որ նրանք իրենց մայրերի, քույրերի, կանանց կյանքն ու պատիվն էին պաշտպանում արյունարբու թուրքից, քրդից, չեչենից, չերքեզից:
Պարոնա՛յք, ձեր կարծիքով, գուցե պետք չէ՞ր, որ Զեյթունի քաջարի հայորդիները 18-19-րդ դարերում բազմիցս զենքի դիմեին` թուրք ջարդարարներից իրենց կյանքն ու պատիվը պաշտպանելու համար, քանզի, ըստ ձեզ, թուրք սուլթանի մտքում ցեղասպանության գաղափար կծագեր: Ի դեպ, ի հեճուկս ձեր գաղափարի, 1862 թ. փառապանծ ու հաղթական ապստամբությանը գաղափարապես ու գործնականորեն աջակցել է ձեզնից ավելի լուսավոր փիլիսոփա, ազատատենչ ու հայրենասեր Միքայել Նալբանդյանը:
Բայց որքան էլ անհեթեթ է, հունիսի 19-ին` «Հայոց հարց» հեռուստահաղորդաշարում դպրոցի տնօրենը Միքայել Նալբանդյանին մեղադրում էր հայ գյուղացուն խռովության մղելու համար, իբր դրանով բորբոքելով թուրք սուլթանի մոնղոլական ոգին և մղելով ցեղասպանության: Պարզապես ողբերգություն է, որ մտավորական հայ մարդը այսքան ժամանակ չի ըմբռնել թուրքի էությունը, չի հասկացել, որ թուրքը դարերով ցեղասպանություն էր իրագործում: Վերջապես, պարոնա՛յք, ի՞նչ կառաջարկեիք` համբերել, սպասել լավ ժամանակների՞, ինչպես ճամարտակում էին ոմանք: Իհարկե, հետին թվով հեշտ է սոփեստական մտավարժանքներ անել:
Պարզապես անգիտություն է մտածել, թե ցեղասպանությունը սկսվել է 1915-ին: Հայ ժողովրդի, նաև ասորու, հույնի, բուլղարի, սերբի, արաբի ցեղասպանությունը սկսվել է այն օրից, երբ թուրք բորենին ոտք է դրել այս տարածաշրջան, մասնավորապես մեր սրբազան դրախտավայրը, հակառակ դեպքում մենք այսօր 200 մլն կլինեինք, ավելին կլինեին նաև ասորիները, հույները:
Պարոնա՛յք, ցեղասպանությունը սկսվեց, երբ բորենի Ալփ Արսլանը, մորթելով հազարավոր հայերի, բառիս բուն իմաստով, փոսը լցված հայի արյունով լողացավ, նաև խմեց այդ արյունը, որպեսզի հայի ուժն ու իմաստնությունն անցնի իր մեջ:
Երբ Լենկ Թեմուրը հազարավոր հայ մանուկների լցրեց դաշտը և հեծելազորի ձիերի սմբակներով ճզմեց նրանց, իսկ Սեբաստիայի դիմադրությունը ճնշելուց հետո 5 հազար հայ զինվորի կենդանի թաղեց հողում` գլուխները դուրս թողնելով, հազարավոր հայերի կենդանի անդունդը նետեց: Երբ հայ մայրերից խլում էին փոքրիկ տղա մանուկներին` դաստիարակելով մարդակերական ոգով` կազմելով բազմահազար ենիչերիական գնդեր, որոնք հետագայում, չգիտակցելով իրենց ով լինելը, բռնաբարում էին, սպանում իրենց մայրերին, քույրերին, հայրերին, եղբայրներին: Երբ որդուն մորթում էին մոր գրկում և արյունը լցնելով բաժակը` ստիպում էին խմել: Երբ կտրում էին հայի լեզուն, որ այլևս ոչ ոք չհամարձակվի խոսել մայրենիով։ Երբ համատարած վախի ու սարսափի պայմաններում մահմեդականացում, թրքացում, քրդացում էր տեղի ունենում, և ստիպված տասնյակ հազարներով լքում էին հայրենիքը` ամայացնելով այն:
Իսկ հակահայ դժոխային դատական և հարկային քաղաքականությո՞ւնը, որպիսին չի գրանցվել աշխարհի որևէ ծագում: Դատական համակարգ. հայը իրավունք չուներ վկայություն տալու, ինքնապաշտպանվելու. ինչ էլ եղած լիներ, հայն էր մեղավոր, և նա պետք է պատժվեր խստագույնս կամ մեծ տուգանք վճարեր թուրքին, քրդին, չերքեզին, չեչենին: Պարո՛ն, դուք գուցե լսել կամ կարդացել եք թուրքական հրեշավոր արտահայտությունը` «քուրդն է, որ կարող է հարվածել» (մեկնաբանությունը` Մ. Աճեմյանի «Դռան թակոցը» վիպակում): Հայն իրավունք չուներ զենք կրելու, ձի հեծնելու, իր ընտանիքի, հարսնացուի պատիվը պաշտպանելու. հայ հարսնացուի առաջին գիշերվա տերը շատ հաճախ թուրքն էր, քուրդն էր: Իսկ աներևակայելի հարկերը պարզապես քայքայում էին, կործանում հայ ընտանիքը. մուսուլմանը մտնում էր հայի տուն, լափում նրա ունեցածը, ապա պահանջում իր ատամի վարձը, իսկ գիշերը քնում տանտիրոջ կնոջ ծոցը: Հետին թվով հեշտ է ասել` պետք էր համբերել և սպասել լավ ժամանակների... Ի՜նչ հարկեր` գլխահարկ, ամուսնության հարկ, ճանապարհի հարկ, անձրևի հարկ, տասանորդ և էլ ինչ թուրքի ու քրդի մտքով կանցներ:
Վերջապես մեկընդմիշտ պետք է հասկանալ` միայն ու միայն բարիք արարող մեր ժողովուրդն էր իր մտքի զարմանալի ճկունությամբ, բացառիկ աշխատասիրությամբ ու ստեղծագործական հանճարով զարգացնում թուրքական կայսրության ողջ տնտեսությունը` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առևտուր, բանկային համակարգ, մշակույթ, կրթություն, իսկ թուրքն ու քուրդը մակաբույծ կյանք էին վարում։ «Թուրքը չի սիրում աշխատել, նա ուզում է միայն պաշտոնյա ու զինվոր լինել»,- ասում էր բորենի սուլթան Աբդուլ Համիդը:
Եվ ահա 19-րդ դարի 2-րդ կեսին ձևավորվեց թուրքական բուրժուազիան: Թուրքը սկսեց ինչ-որ չափով մտածել, կշռադատել և հասկացավ, որ պետություն չունեցող հայն է տնօրինում թուրքական տնտեսության զարգացման ողջ ընթացքը: Հասկացավ, որ հայն իր հանճարի և աշխատասիրության շնորհիվ սկսում է ավելի բարեկեցիկ, ավելի կրթյալ ու մշակութասեր կյանք վարել: Եվ թուրք բուրժուազիան ու խավարամոլ խուժանը սկսեցին ատելությամբ լցվել մեր ստեղծագործ ժողովրդի հանդեպ` բոլորովին չըմբռնելով երկրի պատմական բնականոն զարգացման ընթացքը:
Պարոնա՛յք, վերջապես պետք է հասկանալ նաև հետևյալը. մեր ազնվասիրտ ժողովուրդը, որ միամտորեն հավատ էր տածում մեծ տերությունների, մասնավորապես` Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պետական ու քաղաքական գործիչների մարդասիրական, ժողովրդասիրական, քրիստոնեաբարոյական սկզբունքների նկատմամբ, դարձավ հենց նրանց հրեշավոր քաղաքականության, նենգավոր դիվանագիտության զոհը: Բավական է հիշել, թե ինչու թուրք սուլթանը, Արևմուտքի մեծ տերությունների և Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար 1839 թ. հռչակեց «հաթթը շերի» հրովարտակը` իբր քրիստոնյաների կյանքի, գույքի, դատական ապահովության, նաև ազգային շարժումները կանխելու համար: 1856 թ. սուլթան Աբդուլ Մեջիդը Անգլիայի ու Ֆրանսիայի ճնշմամբ հռչակեց «հաթթը հումայուն» հրովարտակը` Փարիզի հաշտությունում քրիստոնյաների վիճակի բարելավմանն ուղղված Ռուսաստանի միջամտությունը կանխելու համար: Չէ՞ որ այս բոլոր միջամտությունները ոչ թե հայ ժողովրդի պաշտպանության համար էին, այլ Թուրքիայից տնտեսական, քաղաքական շահեր կորզելու, և, բնականաբար, թուրքական վարչակարգին քրիստոնյա ենթակաների, հատկապես հայ ժողովրդի դեմ թշնամաբար տրամադրելու պատճառ էին դառնում, և աստիճանաբար թուրք հանրության մեջ ձևավորվում էր այն գաղափարը, թե հայ ժողովուրդը Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի հովանավորյալն է, դաշնակիցը:
Պարո՛ն Ասատրյան, մինչև «երկաթյա շերեփը», որն այդքան վրդովեցրել է Ձեզ, դեռ 1869-1870 թթ. թուրք սուլթանը, ինչպես նաև Միդհատ փաշան ծրագիր էին մշակել հայ տարրն արմատախիլ անելու, բնաջնջելու, որպեսզի Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան չմիջամտեն իրենց տերության գործերին:
Պարո՛ն Ասատրյան, Դուք մեղադրում եք նաև հայկական կուսակցություններին, սակայն Ձեզ էլ լավ հայտնի է, որ ՀՅԴ-ն 1908 թ. սահմանադրական հեղաշրջումից հետո ողջագուրվեց երիտթուրքերի հետ, համագործակցեց, նույնիսկ հրաժարվեց Հայաստանի անկախությունից, իսկ թուրքն ի՞նչ արեց. Ադանա արեց` ամենաիսկական ցեղասպանություն:
Պարո՛ն Ասատրյան, Դուք գուցե կարդացե՞լ կամ լսե՞լ եք 1937-1938 թթ. Դերսիմի 90 հազար հայերի ու ժամանակին հայերին պաշտպանած զազաների զարհուրելի ցեղասպանության մասին, որը, ինչպես թուրքական «Սև վագոն» վավերագրական կինոնկարում է ասվում, ոչնչով չէր տարբերվում 1915 թ. ցեղասպանությունից, իսկ մենք` երջանիկ մանկուրտներս, տեղյակ էլ չէինք, թե ի՜նչ զարհուրելի ոճիրներ են իրագործվում մեր հինավուրց հայրենիքում: Տեղյակ չէինք, որովհետև լենինյան պիղծ գաղափարները խեղաթյուրել էին մեր անցյալն ու ներկան, թունավորել մեր միտքն ու հոգին, զրկել ազգային արժանապատվությունից, դարձրել երջանիկ մանկուրտներ, որոնք շնչասպառ, ստրկամտորեն 70 տարի փառաբանում էին համաշխարհային ճիվաղ-մարդասպան Լենինին ու Ստալինին և նրանց ցնկնած ոճրագործ կոմունիստական կուսակցությունը:
Եվ հայրենիքի անմարելի ցավով տառապող հայ մարդը բանաստեղծում է`
Գլորվում էին տարիներն անդարձ,
Միլիոն զոհերին ոչ ոք չէր հիշում,
Իսկ դահիճների ձեռքերն էին սեղմում
Մարքսագարները կեղծ մարգարեի:
Ամբոխացել էր մի ողջ ժողովուրդ`
Մոռացել իր իսկ անցյալը դաժան
Եվ դարձել ասես երջանիկ մանկուրտ,
Կեղծավոր ու սին երգեր էր հյուսում`
Պատմության դասից երկու վաստակած:

Այո, միջնադարյան ինկվիզիցիա հիշեցնող կոմունիստական իշխանության տարիներին խորհրդային մարքսագարները ոչ միայն թուրք ու գերմանացի դահիճների հետ ողջագուրվում ու ստորագույն դիվանագիտական խաղեր էին որոճում, այլև եղեռնից մազապուրծ հայ հերոսներին, որոնք փրկել էին մի կտոր Հայաստան, օրը ցերեկով թուրքավարի խոշտանգում, ապա գնդակահարում ու կացնահարում էին Ավանի ձորում, մութ զնդաններում, սիբիրներում:
Այո՛, «գորշ գայլը»` Լենինի արյունակից Քեմալը, հոշոտում էր մի ողջ ժողովրդի` «բերանն արնոտ մարդակերը էն անբան, հազար դարում հազիվ դարձավ մարդասպան»:
Պարոնա՛յք, Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց թուրք ջարդարարներին իրականացնելու իրենց դարավոր երազանքը` հայասպանությունը: Թուրքիան արդեն կորցրել էր իր կայսրության բալկանյան և արաբական աշխարհները և սարսափում էր նաև հայկական լեռնաշխարհը կորցնելուց:
Պարոնա՛յք, դուք մեղադրում եք հայ ժողովրդին, նրա կուսակցություններին, նույնիսկ սուրբ նահատակ ֆիդայիներին, ովքեր հրաժարվել էին ընտանիք կազմելուց, իրենց երիտասարդ կյանքը նվիրաբերել էին հայրենիքի ազատագրությանը, տարիներով քարը բարձ էին արել, երկինքը` վերմակ, հագի շորը` պատանք:
Բայց ի՞նչ աներ դարերով տառապյալ ժողովուրդը, երբ ազգովին նվիրվել էինք ցարին, իսկ նա եղբայրացել էր Աբդուլ Համիդին, ազգովին նվիրվել էինք մարդկության չարիք Լենինին, իսկ նա, համաշխարհային հեղափոխության մոլագարությամբ տարված, վաճառքի հանեց ոչ միայն ողջ Արևմտյան Հայաստանը, այլև Արցախը, Նախիջևանը, Ջավախքը: Երբ ազգովին փառաբանում էինք մեծ մարդասպան Ստալինին, իսկ նա մեր ազգի սերուցքը ոչնչացնում էր սիբիրներում ու մութ զնդաններում:
Այո՛, մեր ժողովուրդն այնքանով է մեղավոր, որ երբեք չի ունեցել վրեժի աստված և տասնյակ թուրք դահիճների դժոխք է նետել հունական Նեմեսիս աստծո դրոշի ներքո:
Այո՛, մեղավոր է, որովհետև 1700 տարի առաջնորդվել է քրիստոնեական հնազանդությամբ, հեզությամբ, խոնարհությամբ, խեղճությամբ, կտրվել է հայրենի դրախտավայր բնաշխարհից` հայացքը հառելով երկնային արքայությանը, դաստիարակվելով «սիրի՛ր թշնամուդ», «մի երեսիդ խփում են, մյուսն էլ դեմ տուր», «չարին մի՛ հակառակվիր», «նույնիսկ ամեն մի տերև ընկնում է Աստծո կամքով» և բազում այլ քրիստոնեական պարտվողական, ենթակայական գաղափարներով:
Մեղավոր ենք, որովհետև ցեղակրոն չենք եղել, զենքի փոխարեն («սուլթանի երկրում (նաև ալիևների) առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնացեք»` Աղբյուր Սերոբ) հրեաների կտակարանն ենք պաշտել, երկնային արքայությունն ենք երազել` անկախ հայրենիքի փոխարեն:
Մեղավոր ենք, որովհետև 70 տարի լենինյան թրքամոլական գաղափարների ստրուկն ենք եղել` այս պարագայում էլ հայացքներս երկնային արքայությունից ուղղելով անիրական, լենինյան-ստալինյան-բրեժնևյան-գորբաչովյան խեղաթյուրված կոմունիզմի արքայությանը:
Բայց իրականում մեղավոր չէինք, քանզի անսահմանորեն հավատավոր էինք, զարմանալիորեն ազնվասիրտ, ներողամիտ, զիջող, հանդուրժող, կուրորեն նվիրված «մեծ հայրենիքին»` վիթխարի ծառայություն մատուցելով նրա ռազմական, քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային կյանքին և երբեք արժանիորեն չգնահատվելով` նույնիսկ 20-րդ դարավերջում «կոլցո» ռազմարշավով պատժվելով. «Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան, և այնքան ներում, ո՞ր երկրի սրտում»` անբարո մարդկությանը հիշեցնում էր մեծն Տերյանը:
Բայց թերևս մեղավոր ենք, որ թույլ տվեցինք գազանաբարո թուրքը ոտք դնի Արևելյան Հայաստան, նախճիր անի Շուշիում, Բաքվում, իսկ դարավերջին` Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում:
Պարոնա՛յք, ուրեմն թուրքը էն գլխից էր ցեղասպան. իսկ դուք նույնիսկ 21-րդ դարում չըմբռնեցիք նրա գազանային էությունը, և ահա ազերի ազգի մի խառնամբոխ (ի դեպ, ազգը պատմական ըմբռնում է, իսկ ազերի-թուրքը պատմություն չունի), ավելի ճիշտ` մի գազանամբոխ շենքի բակում խոշտանգում, ապա կենդանի այրում է հայ կնոջը, երեխային, իսկ բազմահարկ շենքի ողջ բնակչությունը հրճվանքով ու համերաշխ դիտում է այդ զարհուրելի տեսարանը: Մի այլ գազանամբոխ մորթում է հայ աղջկան, խորովում միսը և լափում բորենու ախորժակով:
Պարոնա՛յք, երևի դուք լկտիաբար կասեք` իսկ ինչ կարիք կար արցախյան շարժում հրահրելու... ինչպես տխրահռչակ ոմն մեկը սումգայիթյան օրերին Մասիս քաղաքում ելույթ ունենալով, հայտարարում էր` թող ազերիները բռնաբարեն մեր մորն ու կնոջը, բայց մենք փրկենք երկիրը:
«Դե եկ, վարդապետ, ու մի խենթացիր»:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ
պատմաբան

Հ. Գ. -Պարո՛ն Ասատրյան, «Իրատես de facto» թերթում (12.07.2011) կարդացի Ձեր պաշտպանական հոդվածը, և դատողությունների պարզունակությունը պարզապես ապշեցրեց ինձ: Ինչպես նախորդ, այնպես էլ Ձեր այս շարադրանքում իշխում են պարտվողականությունը և անտեղյակությունը: Վերը շարադրվածում արդեն ապացուցել եմ, որ ցեղասպանության գաղափարը թուրքի էության մեջ էր և ծրագիրը կար մինչև Բեռլինի կոնգրեսը:
Պարո՛ն, եթե Խրիմյան Հայրիկի փոխարեն Բեռլին գնար Լեոն կամ Ձեզ նման մի փիլիսոփա, որևէ բան կփոխվե՞ր մեր օգտին, պարզապես մանկամտություն է: Կամ խոսում եք ուժ կուտակելու (գուցե հարյուր տարի՞), մեր պատմական արդարությունը վերականգնելու մասին. իսկ թուրքն էլ կսպասի, որ մենք ո՞ւժ կուտակենք:
Պարզապես անհասկանալի են Ձեր անորոշ դատողությունները, վերջապես անուններով նշեք` ովքե՞ր են մեղավոր մեր ճակատագրի համար, և թերևս այդ պարագայում հասկանալի կդառնա Ձեր փիլիսոփայությանը և պատմությանը վերաբերող դատողությունների ողջ սնանկությունը:
Պարո՛ն, թուրքն էն գլխից է ցեղասպան, իսկ հայն էն գլխից է մոլորված Ձեզ նմանների պարտվողական, ստրկամիտ փիլիսոփայությունից:

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ