Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ավանդական ընտանիքը զիջում է իր տեղը

Ավանդական ընտանիքը զիջում է իր տեղը
12.08.2008 | 00:00

ԱՄԵՆ ՕՐ ՇՈՒՐՋ 30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՆՈՒՄ ՍՈՎԻՑ
Օգոստոսի 12-ը 1999 թվականից` Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր։ Թեև երիտասարդությունը համաշխարհային աշխատուժի մեկ քառորդն է, այնուհանդերձ, գործազուրկների մոտ 50 տոկոսը երիտասարդներ է։ Այսօր աշխարհում կա մինչև 25 տարեկան 3 միլիարդ բնակիչ, նրանցից ավելի քան 1,5 միլիարդն ապրում է աղքատության մեջ։ Մոտ 100 միլիոն երեխա դպրոց չի հաճախում։ Ամեն օր շուրջ 30 հազար երեխա մահանում է սովից ու հիվանդություններից։ Յուրաքանչյուր օր 7 հազար երիտասարդ վարակվում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով։
ՀՀ օրենսդրությամբ երիտասարդ են համարվում 16-30 տարեկան անձինք։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001թ. մարդահամարի արդյունքների, 16-30 տարեկան բնակչության թվաքանակը կազմել է 779 հազար 361, որն ընդհանուր բնակչության 24,3 տոկոսն է։ Հայաստանի երիտասարդներից ամուսնացած է 242 հազար 710-ը, ամուսնալուծված՝ 10215-ը, ընդ որում, ամուսնացած տղամարդկանց թիվը 82 հազար 401 է։ 20-29 տարեկան երիտասարդ տղամարդկանց միայն 33,9 տոկոսն է ընտանիք կազմել մինչև 30 տարեկանը, 20-29 տարեկան երիտասարդ կանանց՝ 59,2 տոկոսը, իսկ 18-19 տարեկան կանանց՝ 16,2 տոկոսը։ Երիտասարդության շրջանում կանանց և տղամարդկանց ամուսնության օպտիմալ տարիքի վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ տղամարդկանց համար օպտիմալ տարիք է 21-30-ը, իսկ կանանց համար՝ 17-25-ը։
Ըստ սոցիոլոգիական հարցման արդյունքների՝ երիտասարդներն ընտանիք կազմելու հարցում պարտադիր պայման ու խոչընդոտ են համարում ֆինանսական, զբաղվածության և բնակարանային խնդիրները։
Վերջին շրջանում հասարակական կյանքի զարգացումները հանգեցրել են նրան, որ նախկինում գերակայող ավանդական ընտանիքն իր տեղը զիջում է քաղաքաբնակ, մեկ-երկու երեխա ունեցող կամ երեխաներ չունեցող ամուսիններից բաղկացած ընտանիքներին։ Թեև երիտասարդների 78,6 տոկոսը ցանկանում է ունենալ 2-4 երեխա, իսկ 13,4 տոկոսը՝ 5 և ավելի, սակայն 72,7 տոկոսը հնարավոր է համարում 1-2 երեխայի առկայությունն ընտանիքում։ Այս միտումի շարունակելիությունը կարող է ապագայում հանգեցնել ժողովրդագրական լուրջ խնդիրների և բնակչության ծերացման։ Արդեն իսկ հանրապետությունում ծնելիության մակարդակը 1990-ականների սկզբի համեմատ նվազել է մոտ երկու անգամ։
Երիտասարդները, ի թիվս բազմաթիվ հարցերի, ունեն ազատ ժամանցի կազմակերպման խնդիր։ Ազատ ժամանցի և հանգստի կազմակերպումը լիովին մատչելի է հանրապետության բնակչության ընդամենը 4,3 տոկոսին։ Հայաստանի երիտասարդի ազատ ժամանցի կազմակերպման հիմնական ձևերն են հեռուստատեսությունը, երաժշտությունը և ընթերցանությունը, տոկոսային արտահայտությամբ՝ համապատասխանաբար` 30,5 տոկոս, 28,2 տոկոս և 18,1 տոկոս։ Կարելի է ենթադրել, որ երիտասարդների գերակշիռ մասն իր ազատ ժամանակն ուղղակի անցկացնում է տանը և օգտվում միայն ժամանցի կազմակերպման անվճար միջոցներից։ Հատկանշական է, որ երիտասարդների 5,9 տոկոսի համար ազատ ժամանցի կազմակերպման նախընտրելի ձև է ինտերնետային ակումբ հաճախելը։ Երիտասարդների 4,1 տոկոսը նախընտրում է միայնակ անցկացնել ժամանցը, 59,1 տոկոսը՝ ընկերների հետ, 31,7 տոկոսը՝ ընտանիքում, 5,1 տոկոսը՝ հարևան-բարեկամների հետ։
Երիտասարդների համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրը զանգվածային լրատվամիջոցներն են, և առավելագույն տոկոսը հավաքել է հեռուստատեսությունը։ 89 տոկոսը որպես տեղեկատվության աղբյուր նշել է հեռուստատեսությունը, 49 տոկոսը՝ ռադիոն, իսկ 35,5 տոկոսը և 25,5 տոկոսը՝ համապատասխանաբար՝ գրքերը և մամուլը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7213

Մեկնաբանություններ