«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԶԳԱՑԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ

ԶԳԱՑԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ
22.07.2011 | 00:00

Յետ 1991-ի Հայը իր երկրորդ սերունդով հասած է վտանգաւոր հանգրուանի մը: Մենք որպէս ամբողջական քաղաքացիներ մեր ապրած երկիրներուն, բնականաբար, ազդուելով մեր շրջապատի դրական և ժխտական բազմաղբիւր ազդակներէն, պաշտօնական և ընկերային կաշկանդումներէն, ողողուելով նոր սովորութիւններով, Հայութիւնը տակաւին կրնանք նկատել, Ազնաւուրի գեղեցիկ մէկ խօսքով, մեր կրօնը: Սակայն առանց ազգային հաւատամքի:
Մկրտիչ Լ. ՊՈՒԼՏՈՒՔԵԱՆ

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Ազգային ինքնություն և հայեցի դաստիարակություն. հայության համար չափազանց առանձնահատուկ այս իրողություններով է պայմանավորվում շուրջ հարյուրամյա Սփյուռքի գոյությունը: Եվ այժմ խնդրո առարկան այդ գոյության կենսունակության պահպանումն է, «մեր հաւաքական ու անհատական ինքնութիւնը յեղափոխութեան ենթարկելով»: Եվ, բնականաբար, ինչ-ինչ խնդիրների վերարժևորումն այսօր հույժ ժամանակապահանջ է, հիմնականում ազգային-կրթական համասփյուռքյան մի այնպիսի համակարգի մշակմամբ, որը ներառելու է հոգեբանական, սոցիալական, տնտեսական, պատմա-քաղաքական ազդակներ: Եթե անցյալում ազգային զգացականության պահանջարկը չափազանց զգալի է եղել, ինչը արդարացվում է Ցեղասպանություն ապրած սերնդի գոյությամբ, ապա մերօրյա պայմաններում այդ զգացականությունը պետք է վերածվի գիտելիքի` «արմատ նետելու» նպատակադրումով: Ասել է` ինքնաճանաչողությամբ` «յարմարելով յարափոփոխ կեանքի պահանջներուն ու պայմաններուն»: Առավել ևս կրթական համակարգում, որը սփյուռքի պայմաններում եղել և մնում է ազգային ինքնագիտակցության պահպանման ամենահուսալի և հզոր ազդակներից: Սփյուռքյան «հնաբոյր դասագիրքերու» և արևմտահայերենի օրեցօր ճչացող նահանջը` ամենատարբեր համայնքներում` նորաբաց, արևելահայերենով ուսուցանվող վարժարաններում զգալապես խոչընդոտում է սփյուռքապահպանմանը, քանի որ Սփյուռքը նախ և առաջ զանազանելի լեզվական` արևմտահայերեն, հավաքական իրողություն է` ազգային ինքնության շեշտադրումով և, բնականաբար, «ազգային նահանջը Սփյուռքի բոլոր ճակատներուն վրայ ակնյայտ է»… և յառաջիկայ քանի մը տասնեակ տարիներու ընթացքին չորրորդ սերունդը կրնայ բոլորովին պարպուիլ հայկական ինքնութենէն, եթէ անկարելի ըլլայ անոր առաջարկել նոր և համոզիչ ազգային հաւատամք»:
Ո՞րն է այդ «առաջարկը» և որքա՞ն է իրատեսական. համահայկական ազգային ժառանգության հիմքի վրա հիմնված «համաձայնական արժէհամակարգը»:
Լիբանանահայ ճարտարապետ, հայագետ Մկրտիչ Լ. Պուլտուքյանի հետ հանդիպելուց հետո Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, համասփյուռքյան ամենատարբեր կառույցներին և ընդհանրապես սփյուռքյան այլևայլ խնդիրներին վերաբերող իմ պատկերացումները որոշակի փոփոխություններ կրեցին: Վերջին տասնամյակներին սփյուռքն իբրև իրավ, եթե կուզեք, մեզ սթափեցնող գոյություն` հայ հավաքականության ներուժով մեր ուշադրության կենտրոնում է` համահայկական կենսադաշտ և գործունեության աննախադեպ, առավել ընդլայն ոլորտներ առաջարկելու հրամայականով: Անցյալ տարիներին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովների, ինչպես նաև հայաստանյան և սփյուռքյան մտավորականների հանդիպումների (ներառյալ գրողների համահայկական խորհրդաժողովները) ժամանակ խնդրո առարկա են եղել համազգային այնպիսի նպատակներ` իրենց առաջնահերթություններով, որոնք ծագումնաբանորեն նոր չեն հայ հանրության համար, թե՛ Հայաստան, թե՛ ի սփյուռս, քննության արժանացել են հիմնականում զգացական հարթության վրա: Անշուշտ, եղել են կոնկրետ տեղաշարժեր սփյուռքյան գործարարների կողմից` տարբեր բնագավառներում ներդրումների տեսքով և այլն: Այդուհանդերձ, այս ամենը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում չի արտացոլվել գործակցաբար:
Մկրտիչ Լ. Պուլտուքյանը գրեթե քառորդ դար յուրօրինակ մտասևեռմամբ կատարել է համապարփակ աշխատանք (տակավին անտիպ չորս ստվարածավալ հատորներ) և այժմ էլ նույն նպատակայնությամբ շարունակում է հանդես գալ տարբեր գիտաժողովների ժամանակ` առավել ևս խորամուխ լինում քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համազգային հիմնական նպատակների առաջնահերթություններ որոշադրելով: Եվ, որ ամենաէականն է, դրանք իրագործելի դարձնելու ճանապարհներ ցուցանելով: Սա, թերևս, մեզ համար եզակի իրողություն է, քանի որ Մկրտիչ Լ. Պուլտուքյանի ծրագիրը, իրատեսական լինելուց զատ, ունի ազգային հիմք, հետևաբար խիստ պարտավորեցնող է:
Ստորև ներկայացնում ենք վերլուծաբանի ազգային-կրթական, և ընդհանրապես հայագիտական տարաշերտ ոլորտին վերաբերող նկատառումները` արևմտահայերենից վերածելով արևելահայերենի, նկատի ունենալով խնդրո առարկայի հրատապությունը և հետաքրքրությունը հասարակական լայն զանգվածների կողմից:
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Կրթական որևէ համակարգ կամ հաստատություն պետք է ունենա հստակորեն սահմանված առաքելություն և այն իրականացնելու պատշաճ ծրագիր` հարմարավետ նյութա-բարոյական կազմակերպությամբ:
Սփյուռքահայ կրթական համակարգի պարագայում մարդու և քաղաքացու պատրաստության առաքելությունն ավելի է բարդանում` ընդգրկելով իր ծիրի մեջ հայեցի դաստիարակությունը, այսինքն` հայության հավերժությանը հավատացող, հայերեն մտածող ու աղոթող և դարերի ազգային ժառանգությունը պահպանող ու տարածող մարդկանց պատրաստությունը: Սփյուռքի պատմության ութ տասնամյակներից հետո դեռ փորձում ենք տեսնել այն իրողությունը, թե որպես ամբողջական քաղաքացիներ մեր ապրած երկրներում, մեր շրջապատի դրական և ժխտական բազմաղբյուր ազդակները մեր հավաքական և անհատական ինքնությունը հեղափոխության ենթարկելով, մեզ ստիպում են վերարժևորել տարիների ընթացքում ժամանակավրեպ դարձած սովորություններ ու կրթական ծրագրեր, ականջալուր լինելով նոր սերնդի ծնողներին և նրանց զավակների ակնկալություններին, ազգային կրթական համակարգի նպատակը, խորքն ու ձևը այժմեականացնելու հրամայականով:
Կրթական համակարգն անկյունաքարն է ընկերային բարօրության: Սփյուռքի հայության չորրորդ սերնդին հարմարավետ կրթական մի ամբողջական ծրագրի որդեգրումը անհետաձգելի անհրաժեշտություն է: Այդ պետք է կատարվի` նկատի ունենալով հոգեբանական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, պատմական ու գործնական բազմատեսակ տվյալներ ու ազդակներ:
Կրթական համակարգը անցյալ յոթ տասնամյակներում. հայտարարած նպատակներ.
Պահպանել ազգային ինքնությունը հայեցի դաստիարակության միջոցով, որպեսզի հարմար ժամանակին կարելի լինի տեր կանգնել մեր ազգային իրավունքներին, երբ միջազգային ու շրջանային նոր իրադրությունները նոր հնարավորություններ ստեղծեն:
Իրագործումների գնահատություն.
Յոթ տասնամյակների ընթացքում հայկական վարժարանները ավանդել են համեմատաբար լավ մակարդակի ընդհանուր կրթություն, հնարավորություն ստեղծելով իրարահաջորդ սերունդներին, որպեսզի բարելավեն իրենց ընտանիքների տնտեսական ու սոցիալական մակարդակը, լինեն պատասխանատու քաղաքացիներ ու միաժամանակ իրենց մասնակցությունը բերեն համայնքային աշխատանքներին:
Տվյալ երկրների կրթական մակարդակի համեմատությամբ հնարավոր է եղել ավանդել որակավոր ընդհանուր և հայեցի դաստիարակություն: Ծրագիրն ընդգրկում է ընդհանուր գիտելիքներ, ընդունակությունների զարգացում, արվեստների հանդեպ սեր և մանավանդ հայեցի դաստիարակություն իր ամենօրյա ապրումներով ու մշակութային հարստության լայն դաշտով: Տասնամյակներ շարունակ հավատավոր դաստիարակներ կարողացան ձևավորել մարդն ու հայը, միաժամանակ առանց զիջողության: Լիբանանի պարագայում մինչև 1960-ական թվականները հայկական երկրորդական վարժարաններում կարելի է միջազգային ու պետական քննությունների ժամանակ արձանագրել բարձր հաջողություններ, միաժամանակ գրավոր ուսումնասիրություններ կազմել Կ. Երզնկացու կամ Մ. Խորենացու մասին:
Կրթական համակարգի ներկա դժվարությունների քննարկումը.
Ազգային հավատամքին և ազգային նպատակներին հասնելու ուղեգծի բացակայության պատճառով հայ դպրոցը հեղաշրջված է` հարմարվելով հարափոփոխ կյանքի պահանջներին ու պայմաններին: Հայերը սովորելու տրամաբանական, գործնապաշտ և համոզիչ պատճառարկումի բացակայության հետևանքով առաջին սերնդի նվիրյալ դաստիարակները չունեցան բավարար հաջորդներ: Հնաբույր դասագրքերը չփոխարինվեցին մանկավարժական արդիական տպագրություններով և չհամեմատվեցին այլ լեզուների ու մասնագիտական դասագրքերի հետ: Դպրոցի նկարագրի կազմավորումը եղավ պատահական, անկատար և աննպատակ: Բարձրագույն ուսուցման և մասնագիտության ընտրությունները եղան անհատական` առանց նկատի առնելու ազգային ապագայապաշտ նկատումները:
Վերջին շրջանում Լիբանանում համալսարանների ընդունելության և պետական քննությունների հաջողության մտահոգությունը եղավ առաջնային, փոխարենը նվազեց հայեցի դաստիարակության կարևորությունը: Մինչդեռ ազգային նպատակների հստակ սահմանումով կարելի է ստեղծել ու հարմարավետ միջոցներով կրկին արժևորել հայեցի դաստիարակության կարևորությունը:
Կրթական քաղաքականության առաջիկա 25 տարիների ծրագիր.
Ազգային նահանջը Սփյուռքի բոլոր ճակատներում ակնհայտ է: Առաջիկա մի քանի տասնյակ տարիներին չորրորդ սերունդը կարող է բոլորովին հեռանալ իր հայկական ինքնությունից, եթե անկարելի լինի նրան առաջարկել նոր և համոզիչ ազգային հավատամք, հայ ծնվելուց հետո հավատավոր հայ մնալու գործնական և խորհրդանշական բավարար խրախուսանք: Որպես հավաքականություն պետք ունենք մեր ինքնությամբ հպարտանալու: Պրպտենք մեր անցյալի ու ներկայի ապրող գանձերը և վերածենք դրանք հպարտության զեղուն աղբյուրների:
Որպես աշխարհաքաղաքացիներ հայերը կարելիություն ունեն լինելու գործունյա և հաջող անհատներ բոլոր մարզերի մեջ` միաժամանակ պահպանելով ու տարածելով իրենց ազգային ժառանգությունը, պայմանով, որ ունենան համոզիչ ու գործնական պատճառարկում սոցիալական ու տնտեսական զորակցության ծիրի մեջ, որ հիմնված լինի համաձայնական արժեհամակարգի վրա:
Հետևաբար, մարդուժի պատրաստության երկարամյա ներդրումը մանկապարտեզից մինչև հետհամալսարանական բարձրագույն ուսում ու գործունեություն, հանրային ու անձնական ասպարեզներում կվերածվի ռազմավարական նպատակների, իրագործելու համար ուժականությամբ լեցուն նպատակահարմար կրթական քաղաքականություն, բավարարելու համար համայնքային կարիքները` քաղաքական, քարոզչական, իրավական, սոցիալական, տնտեսական և մշակութային մարզերում:
Տասնյակ տարիների ընթացքում բազմահազար դպրոցական ու համալսարանական կրթաթոշակների միջոցով հնարավոր եղավ կրթել մի ամբողջ սերունդ, որն ընդգրկվեց Լիբանանի նախկին վարչապետ Հարիրիի անձնական հարստությունների և Լիբանանի պետական համակարգի մեջ, նյութապես համեմատաբար լավ պայմաններում: Նույն շրջանում հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ առիթ ունեցան օգտվելու զանազան մարդասիրական ու բարեգործական միություններից ու անհատներից, որպեսզի ամբողջացնեն իրենց կրթությունն առանց որևէ ասպարեզային ուղղության և հետշրջանավարտության հավաքական հեռանկարների: Մինչդեռ համապարփակ կրթական քաղաքականության որևէ ծիրի մեջ հնարավոր կլիներ նրանց տեղավորել հարմար պայմաններով ազգային և միջազգային հաստատությունների մեջ որպես մասնագետների և հայկական զորակցական որևէ ցանցի նախակարապետների` արժևորելով հայեցի դաստիարակության արդյունքը նյութական ներդրումների համեմատությամբ:
Երկարատև քաղաքական և սոցիալական նպատակների բացակայությամբ, կրթական համակարգն արտացոլում է Սփյուռքի հայության համընդհանուր պատճառարկումի թուլությունը: Հայեցի դաստիարակության ելևմտական աճող մտահոգությունները կարելի է բավարարել, եթե վստահ լինենք նրա նպատակահարմարությանը` որպես անձնական ու հավաքական նպատակներին հասնելու հարմարագույն միջոց: Այսպես ամբողջ համակարգը կկորցնի իր իմաստը և կդատապարտվի դանդաղ մահվան: Շուկայական տվյալներն ու պահանջները հարատև հեղաշրջումի մեջ են: Հետևաբար, Սփյուռքի ղեկավարությունը հեռատես քաղաքականության որդեգրումով և նպատակասլաց ծրագրերով հայկական վարժարանների պատասխանատու մարմինների միջոցով պետք է կարողանա առնվազն մասնագիտական ընտրության ուղղություն տալ այն աշակերտներին, ովքեր կարող են շարունակել համալսարանական ուսումը, և երբեմն քաջալերել նրանց ընտրելու այնպիսի էական մասնագիտություններ, որոնց կարիքը զգացվում է ազգային հասարակական ասպարեզում, միաժամանակ լավագույնս բավարարելով նրանց անհատական ակնկալություններն ու նույնիսկ փառասիրությունը: Մյուս կողմից` անհրաժեշտ է ունենալ հասարակական կարիքների բավարարման հարմարավետ ծրագիր` քաղաքական, միջազգային հարաբերությունների, ֆինանսական, տնտեսական, դրամատնային, լրատվական, կրթական, գիտական, արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզներում:
Այժմ մենք կարիք ունենք հարյուր քառասուն լեզուների տիրապետող նոր թարգմանիչների, միջազգային քաղաքական գործիչների, հեռուստառադիոլրագրողների, քաղաքական ճնշման խմբակների, միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների, հայկական և համաշխարհային բանկերում աշխատող գլխավոր տնօրենների, օտար լեզուներով գրող Սարոյանների և մեր դարավոր մշակույթի ամենօրյա ավետարանիչների:
Հայագիտական հիմնարկների առաքելության այժմեականացման անհրաժեշտությունը.
Հայագիտության դաշտը Սփյուռքի ժամանակակից պայմաններում պետք է ընդգրկի աշխարհացրիվ գաղութների ութսունամյա պատմության քննական արժևորումը, նրանց ներկայի հավաքական ամբողջական կարելիությունների գիտակցությունը և մանավանդ ապագայի էական նպատակների սահմանումը: Պատմության քննական արժևորումը պայմանավորվում է քաղաքական, սոցիալական և մշակութային բազմաթիվ տվյալների գիտական հավաքումով և դրանց համադրական վերծանումով: Այլապես անարժեք նկատվող պատմական առանձին հիշողությունները կարող են լույս սփռել մոռացված արժեքների վրա:
Պատմական տվյալների համառոտ և ոչ ամբողջական ցանկի մաս են քաղաքական իրադարձությունների առարկայական մեկնաբանումը, սոցիալ-տնտեսական ազդակների հեղաշրջման ըմբռնումը, կրթական բնագավառի ծրագրերի երկարամյա իրագործման քննարկումը` իրենց հիմնական մարդկային և ազգային արժեքների առավելությունների և թերությունների բացահայտումով և գնահատումով, տոհմիկ ավանդույթների և սովորույթների այլափոխության պատճառների հասկացությունը, մշակութային արտահայտությունների մաղված ամփոփումը և նրանց նպատակահարմարության դատումը, գրական ստեղծագործությունների առօրյա կյանքի հետ առնչվածության և ազդեցության հարցադրումը: Նաև` սոցիալական, հասարակական հեռուստառադիոհաղորդումների պատրաստումը, արխիվային նյութերի մեկտեղումը և հետազոտությունը, մանավանդ մեր ապրած երկրների մշակույթների և ընկերային միջավայրերի հետ մեր փոխհարաբերությունների հաշվետվությունը: Սփյուռքի ապագայի սահմանումը վերացական, ենթակայական և զգացական տեսիլքների հետ միաժամանակ հենվում է չոր իրականությունների առարկայական վերլուծումների վրա: Չոր իրականությունների ամենից աղետալի ժամանակում իրեն զգացնողը ազգային ինքնության աղավաղումն է: Պատմական և ժամանակակից հպարտությունները հազվադեպորեն կարող են զսպել սահանքը դեպի ուրացումի մութ լռությունը: Լինելության համոզիչ հետին պատճառաբանության բացակայությունը մնում է խոշորագույն արգելքը կասեցնելու տրամաբանական մտածողության և զգացական ապրումների անհաշտության արդյունք եղող եղծումը:
Լիբանանում հայագիտական հիմնարկներն իրենց դասական ծրագրերով հետպատերազմական տարիներին, բնականաբար, կորցրին իրենց կենսունակությունը բազմաթիվ պատճառներով, որոնցից կարելի է թվել ընդհանրապես գրական-պատմական բնագավառների հանդեպ եղած գործնական կյանքի մտածելակերպից բխող վերապահումները, ուսուցանվող նյութերի հանդեպ հետաքրքրության նվազումը և մանավանդ դրանց վիճելի նպատակահարմարությունը:
Արդ, դասական հայագիտական դասընթացներին հետևող ուսանողների նոսրացող թվի բացատրությունը մեզ առաջնորդում է դեպի տարբեր ուղիներ, որոնք, որպես հայագիտական նյութեր, կարող են միաժամանակ առնչվել մեր ազգային, գործնական առօրյային և սատարել նրա ուժականությանը` հասնելու համար սահմանելի հեռակա հավաքական նպատակներին:
Սփյուռքը իր հասարակական կառույցներով տասնյակ տարիներ շարունակում է կենտրոնանալ հայապահպանման և ցեղասպանության ճանաչման աշխատանքների վրա, որոնք իրենց ներկա կրավորական իրավիճակով վերածվել են գրեթե ինքնանպատակ ծրագրերի` իրենց վախճանական անորոշություններով: Հայապահպանումն ու ցեղասպանության ճանաչումը միջոցներ են հասնելու համար սահմանելի ազգային հիմնական նպատակներին, նույնիսկ եթե դրանք այժմ թվան երազային: Հայապահպանումն ու ցեղասպանության ճանաչումը էական, բայց հանգրվանային միջոցներ են վերագտնելու համար մեր անժամանցելի ազգային իրավունքները` պայմանով, որ կարողանանք մշակել ապագայի համապարփակ ու գործնական ծրագրեր:

Մկրտիչ Լ. ՊՈՒԼՏՈՒՔՅԱՆ

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ