2020 թ. մայիսի 9-ին հայ ժողովուրդը Եռատոն չուներ
15.05.2020 | 00:16
-Կամավորական ջոկատները միասնական ղեկավարության տակ միավորելու Ձեր ջանքերի մասին շատ է գրվել, բայց կուզեի իմանալ Ձեր հետագա կենսագրության որոշ մանրամասներ։ Շուշիի ազատագրումից հետո ի՞նչ եղավ այն լեգենդար մարդու հետ, որին զինվորներն անվանում էին Կոմանդոս։
-Այսօր քչերն են հիշում, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը դատապարտեց Շուշիի առումը։
-Ես հիշում եմ, որ Աշոտ Բլեյանը Շուշիի գրավումը համարեց ճակատագրական սխալ, որի համար ստիպված կլինենք երկար հատուցել, նման ելույթներ էին ունենում նաև նրանք, ովքեր «Ցեղակրոն» էին դավանում։ Նրանց առարկում էին` ասելով, թե Ստեփանակերտը չէր դիմանա հետագա ռմբակոծություններին, բայց այդ առարկությունները կորչում էի ՀՀՇ-ական հռետորաբանության մեջ...
-Ստեփանակերտը 70 %-ով ավերված էր։ Այլևս սպասել չէր կարելի։ Մի խոսքով, Դուք ուզում եք իմանալ, թե ինչ է եղել Շուշին գրավելուց հետո։ Շատ խոսակցություններ են եղել իմ դեմ։ Շուշին գրավելուց անմիջապես հետո հունիսին պայքար սկսվեց իշխանության համար, և այն ջոկատները, որոնք կռվել էին միասին, հայտնվեցին իրար դեմ։ Երբ անհրաժեշտ էր ամրապնդել Արցախի բանակը, ջոկատների ղեկավարությունը ներքաշվեց քաղաքական հակամարտությունների մեջ։ Ինձ կանչեցին Երևան, նշանակեցին թիկունքի գծով պաշտպանության նախարարի տեղակալ, բայց թիկունքը թիկունք է, այնտեղ կան սեփական կանոնները, որոնք ինձ համար չէին։ Ես հրաժարվեցի այդ պաշտոնից։ Հետո 5-6 տարի վերադասավորություններ էին անում, փոխում պաշտոնները։ Իմ հարաբերությունները Վազգեն Սարգսյանի հետ լավ չդասավորվեցին։ Ես 9 տարի ռազմական գործ եմ սովորել: Վազգենը զինվորական մարդ չէր, և ինձ համար երբեմն դժվար էր լինում հասկացնել նրան, թե ինչ և ինչպես պետք է անել։ Ես փորձում էի նրան ներշնչել, որ պետք է հասկանալ զինվորին, ապրել նրա խնդիրներով։ Սպայի տանը, Շուշիի ազատագրման երկրորդ տարեդարձը նշելիս, Վազգենը կենաց ասաց և Շուշիի ազատագրման գործողության ղեկավար անվանեց այլ գեներալի։ Նա անհարմար զգաց։ Հանդեսից հետո ինձ մոտեցավ մի այլ Վազգեն` Մանուկյանը, և ասաց. «Մի՛ նեղվիր, ժամանակն ամեն ինչ տեղը կդնի»։
-Այն պատերազմի շատ մասնակիցներ գնացին քաղաքականություն։ Դուք այդպիսի գայթակղություն չունեցա՞ք. հիշում եմ, որ պատերազմի տարիներին ՀՀՇ-ականները մտածում էին, թե Դուք դաշնակցականների կողմից եք, դաշնակցականներն էլ կարծում էին, թե ՀՀՇ-ից եք...
-Իսկ ես կռվում էի։ Իմ կռիվն սկսվել է «Սասունցի Դավիթ» ջոկատից, որը պաշտպանում էր սահմանները և մի շարք հաջող գործողություններ է կատարել։ 1991-ի հունիսից Ղարաբաղում զբաղվել եմ կամավորական ջոկատների միավորմամբ։ Կային դաշնակցականների ջոկատներ, առանձին ջոկատներ գործում էին ՀՀՇ-ի ղեկավարությամբ, կար լեգենդար Լեոնիդ Ազգալդյանը, որը փայլուն էր կատարում ռազմական խնդիրները և չէր ենթարկվում ոչ մեկին, կային «Ցեղակրոն» ջոկատներ, կային նշանավոր Մուրադիկը և այլ հրամանատարներ։ Ես փորձում էի առաջադրել միասնական մարտական խնդիրներ և վերացնել քաղաքական ուժերի ազդեցությունն այդ ջոկատների վրա։ Ջոկատների շատ հրամանատարներ անվստահությամբ էին վերաբերվում մեկմեկու։ Խմբավորումները մարտական գործողություններ էին կատարում զատ-զատ` չենթարկվելով միասնական հրամանատարությանը։ Պարտիզանական շարժումից, անտառից հարկավոր էր ստեղծել ջոկատներ միասնական ղեկավարության ներքո։ Վազգեն Սարգսյանի մեծ ավանդն այդ խայտաբղետ ջոկատների միավորումն էր ու նրանց ենթարկումը ռազմական գործի գիտակ մարդկանց։ Ես լեզու եմ գտել բոլորի հետ, և համաձայնեցված իրականացրել ենք Արցախի պաշտպանությունը։ Քաղաքականությունն ինձ չի ձգել։ Ես պաշտպանել եմ Խորհրդային Միությունը. 10 տարի ծառայել եմ Չեխոսլովակիայում և Գերմանիայում։ Ղարաբաղում ես տեսել եմ իսկական մարդկանց, որոնք կռվում էին, զոհաբերության էին գնում, և տեսել եմ քաղգործիչների, որոնք շատ վնաս հասցրին Ղարաբաղյան պատերազմին։ Պատերազմում հասկացա, որ մարդկանց հետ պետք է լինել մինչև վերջ ազնիվ, իսկ քաղաքականության մեջ մինչև վերջ ազնիվ լինել հնարավոր չէ։ Ոչ մեկին չեմ դատապարտում քաղաքականություն գնալու համար, բայց ինքս միշտ մտածել եմ, որ իմ տեղը զինվորների կողքին է, թեև, ինչ թաքցնեմ, ինձ հետ բազմիցս են խոսակցություններ վարել ու փորձել ներքաշել քաղաքականություն։
-Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու վտանգ կա՞։
-Կա ռազմական գիտություն, որն ունի իր նյուտոններն ու կոպեռնիկոսները, որոնք հստակ պարամետրեր ու պատկերացումներ են տալիս պատերազմին պատրաստ լինելու մասին։ Ադրբեջանական հասարակությունը բազմազգ է, իշխանությունը սուլթանություն է. այդպիսի պետությունը չի կարող պատրաստ լինել պատերազմի։
-Իսկ զենքի խոշոր գնումնե՞րը։
-Զենքին պետք է տիրապետել, բացի դրանից, կռվում են ոչ թե զենքով, այլ հմտությամբ։ Ղարաբաղում զենքի քանակներն անհամեմատելի էին` Ադրբեջանն ակնհայտ առավելություն ուներ, բայց հաղթեցինք մենք։
-Այսօր շատերն են հուշեր գրում, Շուշիի գրոհի մասին կույտեր են գրվել։ Ինչու՞ Դուք չեք գրում։
-Իմ պատմածով Շուշիի ազատագրման գործողության մանրամասները գրառել է գրող Հովիկ Վարդումյանն իր «Շուշիի ազատագրումը» գրքում, որը լույս է տեսել 2007 թ., իսկ ինքս դժվար թե գրեմ... Պատերազմը հիվանդություն է։ Ես չեմ կարողանում նայել վավերագրական պատերազմական ժամանակագրություն և կինոնկարներ, ցանկացած պատերազմի, ոչ միայն Ղարաբաղի... Ես նույնիսկ «9-րդ գումարտակը» չկարողացա մինչև վերջ նայել։ Այդ հիվանդությունը չի անցնում, ընդհակառակը, նույնիսկ սրվում է, երբ վերքերն իրենց զգալ են տալիս։ Երբ վատառողջ եմ լինում, հիշողությունն է տանջում. Մարտակերտի երկու ժամը մեկ կատարվող գնդակոծությունը, պայթյունները, կարճատև քունը, հետո` ընկերոջ մարմինը վառված մաշկով...»։
Կոմանդոսի հետ այս հարցազրույցը կայացել է 2019 թ. հունվարի 14-ին, և շատ լավ հասկանալի է, թե ինչ է 1992 թ. մայիսի 9-ը հայ ժողովրդի համար։ Հատկապես` Հայաստանի և Արցախի քաղաքացիների համար։ Ես պահանջում եմ, որ ընթերցողներն ուշադրություն դարձնեն գեներալ Տեր-Թադևոսյանի նշած անուններին ու ազգանուններին և նրանց մասին նրա ասածներին։ Դրանք Կոմանդոսի միակ վկայությունները չեն։ Ավելի վաղ ասածներում նա հիշում է, որ իր հաշվարկներով ամբողջ գործողությունը պետք է տևեր 3-4 օր։ Նա հույս ուներ խուճապ ստեղծելու թուրքերի մեջ և նրանց ստիպելու, որ Շուշիից հեռանան առանց կռվելու։ Շուշիից դեպի արևմուտք գնացող ճանապարհին առաջակալ զորամաս էր դրված, որին հրամայված էր չկրակել նրանց վրա, ովքեր փախչում էին քաղաքից, բայց շրջափակել օգնության եկող ուժերը։ Այդ դիրքում գտնվողներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն էր` ԼՂՀ ապագա նախագահը և Հայաստանի երկրորդ նախագահը։
Հարձակողական գործողության հիմնական բեռն ընկած էր այն հայ զինվորների ուսերին, որոնք լեռնային արահետներով քաղաքին էին մոտենում հյուսիսից և արևելքից։ Մայիսի 8-ի երեկոյան ադրբեջանցիները որոշեցին, որ հարձակումը հետ է մղված։ Սակայն, ինչպես և ենթադրում էր Տեր-Թադևոսյանը, պաշտպանվողների մեծ մասն այդ օրը լքել էր դիրքերը և փախել քաղաքից։ Ի դեպ, Շուշիից վերջին փախչողների մեջ էին չեչեն ելուզակ, դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը, ինչպես նաև ևս մեկ հայտնի չեչեն դաշտային հրամանատար` Խունկար-Փաշա Իսրապիլովը, որոնք կռվում էին թուրքերի կողմից։ Մարտը տևեց ընդամենը մեկ օր, բայց այդ ընթացքում, ըստ որոշ գնահատականների, զոհվեց մոտ 300 մարդ։
Գիտե՞ր, թե՞ չգիտեր Հայաստանի այդ ժամանակվա նախագահը, որ Շուշին պետք է ազատագրվի։ Գիտեր։ Արցախի նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի կարծիքով, որն այդ ժամանակ կատարում էր ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պարտականությունները, Հայաստանի ղեկավարությունը տեղեկացված էր նախապատրաստվող գործողության մասին. «Անձամբ ես Տեր-Պետրոսյանին պաշտոնապես չեմ տեղեկացրել, բայց Հայաստանի նախագահին տեղյակ են պահել այլ խողովակներով»։ Կարևորն այլ բան է։ Ինչպես հիշեցնում է գեներալ Տեր-Թադևոսյանը, «այսօր քչերն են հիշում, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը դատապարտել է Շուշիի գրավումը...»։ Այսինքն ՀՀՇ-ն հրապարակավ դատապարտել է Շուշիի ազատագրումը... Այժմ Երևանում իշխանությունը պատկանում է այնպիսիներին, ինչպիսիք էին «բլեյանները» 90-ականներին։ Եվ դա խայտառակ վերաբերմունք է մեր զինվորականների, մեր ռազմական հաղթանակների հիշատակի նկատմամբ։
Ահա 2020 թ. Մայիսի 9-ի օրվա մասին դառը մտորումների համառոտ ամփոփումը։ Սկսած 2013 թ. նոյեմբերից, մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայրենակիցներին` ավելի հաճախ նայեք Իրանին, օրինակներ փնտրեք մեր հարևանների կյանքից և ընդօրինակեք այն, ինչը պետք է։ Իրանում չեն դավաճանում իրենց ազգային հիշատակին։ 2020 թ. ապրիլի 18-ին Իրանում դեռ ամենուրեք չէին հանել սահմանափակումները. հիշեք, որ Չինաստանից անմիջապես հետո կորոնավիրուսի բռնկումն «ուղղեցին» հենց Իրանի վրա։ Բայց ամեն տարվա ապրիլի 8-ը բոլոր իրանցիների համար սրբազան տոն է` Ազգային բանակի օրը։ Այս տարի էլ ողջ Իրանում զորահանդեսներ եղան, ճիշտ է, այդ նույն վիրուսի պատճառով` տարբեր ոճերով և տարբեր հանդերձանքով։ Բայց Թեհրանի զորահանդեսին մասնակցում էին գրեթե բոլոր զորապետերը` ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը, ցամաքային զորքերի համակարգողի տեղակալը, ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի հրամանատարները։ Բանակը պետության ողնաշարն է, պաշտպանության և անվտանգության սրբություն սրբոցը։ Եվ հենց դժվարին պահին է անհրաժեշտ, որ ժողովուրդը բանակը տեսնի պետական տոների ժամանակ, որ բանակը ոգեշնչի քաղաքացիներին և ամրապնդի նրանց հավատը սեփական երկրի նկատմամբ։ Իրանցիները դա հասկացել են, մենք` ոչ։ Առնվազն Արցախի պաշտպանության բանակի ստեղծման ու Շուշիի ազատագրման տարեդարձերը մենք պարտավոր ենք նշելու և տոնելու զորահանդեսով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ