Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մայրապետը

Մայրապետը
15.06.2018 | 01:24

(Նախորդ մասը)

Բայց դժբախտությունը դրանով չավարտվեց: Մի գիշեր առանձնատուն ներխուժեցին չեկիստները, խուզարկություն կատարեցին, առանց դժվարության հայտնաբերեցին խոհանոցի գզրոցներում վատ թաքցրած զարդեղենը և ամբողջը տարան:
Տիկին Քանանյանը Արսեն քահանային խնդրեց դիմել հայ բոլշևիկ պաշտոնյաներին, որպեսզի իրենից առգրավված թանկարժեք ակնեղենը գոնե Խորհրդային Հայաստան փոխադրվի: Քահանան դիմեց Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Տեր-Գաբրիելյանին, ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատի հայկական գործերի կոմիսար Վառլամ Ավանեսյանին և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Լևոն Կարախանին: Բայց անցան օրեր, ամիսներ, ու ոչ մեկից ոչ մի պատասխան չստացվեց: Մի օր էլ Արսեն քահանան կարողացավ հանդիպել Ս. Տեր-Գաբրիելյանին ու հետաքրքրվել իր խնդրանքի ճակատագրով:


-Այս օրերին Ռուսաստանից այնքա՜ն ալյուր են տեղափոխում Հայաստան, որ Քանանյանի զարդեղենը Երևան փոխադրելու մասին հարց բարձրացնելը կդիտվի քաղաքական անհեռատեսություն,- պատասխանեց Ս. Տեր-Գաբրիելյանը:
Բայց սա էլ դեռ վերջը չէր: 1927-1929 թթ. բոլշևիկները գրավեցին Վ. Քանանյանի առանձնատունը, այն վերածելով կոմունալ բնակարանի: Խուլ ու համր սպասուհուն, որպես հարստահարված դասակարգի ներկայացուցչի, հատկացրին առանձին սենյակ, իսկ հարստահարիչ բուրժույ մորն ու աղջկան քշեցին խոհանոց: Գեղեցկուհի Մարիամը չդիմացավ, հոգեկան խանգարում ստացավ:
Բագրատ արք. Վարդազարյանը դիմեց Նոր Ջուղայի «Գէորգ Քանանեան» դպրոցի հոգաբարձությանը, խնդրելով մի որոշ թոշակ նշանակել թշվառ տիկնոջը: Պատվարժան ու երախտագետ նորջուղայեցիք չմերժեցին, սկսեցին ամեն ամիս Մոսկվա ուղարկել 50 թուման, ինչը հավասար էր 100 ռուբլու:
Այ, սա արդեն վերջն էր…

ԿՏԱՎԸ
1892 թ. դեկտեմբերի 17-ին Թիֆլիսում վախճանվեց արևելահայոց ազատաբաղձության խորհրդանիշ, երիտասարդության կուռք, «Մշակ» թերթի հիմնադիր-խմբագիր Գրիգոր Արծրունին: Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ թաղումը: Հուղարկաթափորը բաղկացած էր յոթ դիակառքից, որոնք տանում էին հարյուրավոր մետաղե ու ծաղկեպսակներ, և մի քանի տասնյակ հազար հայերից: Թիֆլիսը դեռ նման թաղում չէր տեսել:
Իշխանությունը, վախենալով, որ հուղարկավորությունը կվերածվի հակակառավարական ցույցի, թափորին կանխապես արգելեց հանգուցյալի դին տանել Գոլովինսկի (այժմ` Ռուսթավելի) պողոտայով, որտեղ գտնվում էր փոխարքայի պալատը: Արգելքը մերժվեց, և թափորը շարժվեց Գոլովինսկիով: Ոստիկանները և հեծյալ կազակները շղթա կազմեցին ու փողոցը փակեցին: Բայց հայ երիտասարդներն ըմբոստացան: Տեղի ունեցավ բախում: Քարեր նետվեցին ոստիկանական ուժերի վրա, գետնին տապալվեցին մի քանի հեծյալներ: Կազակները թրերը մերկացրին ու հարձակվեցին թափորի առաջապահ խմբի վրա: Ընդհարումն արյունալի էր: Սակայն ի վերջո ընկրկելով, ոստիկաններն ու կազակները տեղի տվեցին: Շղթան ճեղքվեց, և թափորը Գոլովինսկիով ընթացքը շարունակեց Խոջիվանք:
Ի թիվս այլոց, երիտասարդներից մեկը թրի հարված ստացավ աջ քունքին, որի սպին մնաց մինչ ի մահ: Այդ երիտասարդը Ստեփան Դանիելի Լիսիցյանն էր: Մարդ, որն անցավ կյանքի փառավոր ուղի և դարձավ լավագույն մտավորականներից մեկը:


Նա Թիֆլիսում հիմնել է «Լիսիցյան և ընկ.» տպարանը, Լիսիցյան նախագիմնազիան: Լեհերենից հայերեն է թարգմանել Հ. Սենկևիչի «Յո երթաս» վեպը, հեղինակ է «Հայաստանի ֆիզիկական աշխարհագրություն», «Ազգագրական հարցարան» աշխատությունների, տասնյակ պատմական և ազգագրական ուսումնասիրությունների:
1930 թ. Ստ. Լիսիցյանը տեղափոխվեց Երևան, նշանակվեց պետհամալսարանի դասախոս, պատմության թանգարանի ազգագրության բաժնի վարիչ և գործուղվեց Մոսկվա: Նա կարևոր առաքելություն ուներ:


1908 թ. ռուս նշանավոր նկարիչ Վալենտին Սերովը վրձնել էր Վառվառեի դստեր` «Մարիա Ակիմովայի դիմանկարը», որը 1909-ին կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել էր հանրությանը: Հայաստանի պատմության թանգարանն ուներ ռուս ու եվրոպացի նկարիչների բավական հարուստ հավաքածու, բայց Սերովի գործերից` ոչ մեկը: Իր աշխատակցին Մոսկվա գործուղելու նպատակը Վ. Քանանյանից դստեր դիմանկարը ձեռք բերելն էր` հայապատկան մշակութային արժեքների հայրենադարձություն իրականացնելը, մանավանդ որ տիկին Վառվառեն և պարոն Ստեփանը մեկմեկու ճանաչում էին Թիֆլիսից:
…Գիտնալով, որ քահանա Արսեն Սիմոնյանը մտերիմ հարաբերություններ ունի Վառվառեի հետ, Ստ. Լիսիցյանը նախ այցելեց նրան:
-Տեր հայր, թանգարանի վարչությունը, ի դեմս ինձ, խնդրում է օգնեք, որ տիկին Քանանյանը Սերովի նկարը նվիրի Երևանին: Եվ քանզի տեղյակ ենք, որ տիկինն ու իր դուստրը նյութական աննախանձելի վիճակում են, մենք պատրաստ ենք վճարելու 1500 ռուբլի, բայց ոչ որպես կտավի գին, այլ զուտ օգնություն:


Հաջորդ երեկո գնացին Վառվառեի մոտ: Թակեցին խոհանոցի դուռը, որը երկու կանանց համար միաժամանակ ծառայում էր թե որպես ննջարան, թե հյուրասենյակ:
Վառվառեն շատ զարմացավ, տեսնելով Ստ. Լիսիցյանին: Ներս հրավիրեց, սկսեց հարցուփորձ անել Հայաստանից, Երևանի համալսարանից, թանգարանից և այլն: Ապա շրջվեց զգեստապահարանի կողմը, որից անդին մահճակալ էր դրված:
-Մարիամ, աղջիկս, դուրս արի տես ով է եկել: Ստեփան Դանիլիչն է, Հայաստանից է եկել, չե՞ս ուզում բարևել:


Լսվեցին ինչ-որ անհասկանալի ձայներ, ինչն այցելուների վրա ծանր տպավորություն գործեց:
Անհարմար վիճակը մեղմելու համար Արսեն քահանան պատմեց Ստ. Լիսիցյանի առաքելության մասին:
-Անկարելի է, տեր հայր,- ասաց Վառվառեն,- դուք գիտեք, որ այդ նկարը ես կտակել եմ Տրետյակովյան պատկերասրահին: Մի քանի շաբաթ առաջ ինձ այցի եկավ Սերովի այրին և առաջարկեց 5000 ռուբլի, որպեսզի կտավը վաճառեմ: Մերժեցի, ասելով, որ նկարը կտակել եմ Տրետյակովկային և խոստումս պիտի պահպանեմ առանց վճարի:
-Տիկին Վառվառե,- առարկեց քահանան,- դուք ձեր կտակը գրել եք 1914-15 թվերին, երբ մենք դեռևս չունեինք անկախ և ազատ Հայաստան: Եթե այն ժամանակ Հայաստանն անկախ լիներ և թանգարան ունենար, վստահ եմ` դուք այդ նկարը կնվիրեիք Երևանի թանգարանին: Առանց այդ էլ Տրետյակովյան թանգարանը Սերով շատ ունի, իսկ Երևանը` ոչ մի հատ: Ավելի ցանկալի չէ՞, որ այդ կտավը լինի Երևանի թանգարանում, և հայերը այն տեսնեն ու հիանան:
Ստ. Լիսիցյանն էլ իր հերթին ջանաց նույն կարգի փաստարկներ բերել:
Տիկին Վառվառեն ընկավ մտորումների մեջ, ապա հարցրեց քահանային.
-Տեր հայր, իսկ մեղք գործած չե՞մ լինի, եթե կտակիս հոդվածը խախտեմ:
-Ոչ, ոչ մի մեղք չկա,- պատասխանեց Արսեն քահանան,- կտակը դուք կազմել եք ձեր կենդանության օրոք և հիմա իրավունք ունեք փոփոխելու ոչ միայն առանձին հոդվածներ, այլև կտակն ամբողջությամբ:


Թեև փաստարկը տրամաբանական էր ու հիմնավոր, այնուամենայնիվ Վառվառեն խնդրեց երկու օր մտորելու ժամանակ տալ:
Երբ երկու օր անց քահանան ու Ստ. Լիսիցյանը կրկին այցելեցին Վառվառեին, տիկինը նրանց դիմավորեց ժպիտով:
-Որոշեցի իմ սիրելի դստեր նկարը նվիրել իմ սիրելի հայրենիքին: Թող հայ աղջիկներն ու երիտասարդները ժպտան, նայելով կտավին: Միայն թե, տեր հայր, Աստված ինձ չի՞ պատժի դրա համար:
-Բարի և ազնիվ գործի համար Աստված չի պատժի ոչ ոքի: Այս դեպքում դուք ձեր սիրելի հայրենիքի համար մի սուրբ գործ եք կատարում, որի համար թե Աստված և թե մարդիկ պիտի օրհնեն ու երախտագիտությամբ հիշեն թե ձեզ և թե ձեր դստերը:
Ստ. Լիսիցյանը գրպանից հանեց 1500 ռուբլին ու ցանկացավ տալ Վառվառեին: Տիկնոջ դեմքից ժպիտն անհետացավ և սրտնեղած ասաց.
-Ոչ, ոչ, ես նվեր եմ տվել իմ հայրենիքին, ես ոչ մի կոպեկ չեմ վերցնի:
-Տիկին Քանանյան, սա Հայաստանի կառավարության կողմից մի փոքրիկ օգնություն է,- բացատրեց Ստ. Լիսիցյանը:- Կառավարությունը սա անում է, նկատի առնելով նյութական ձեր ծայրաստիճան անձուկ վիճակը:
Վառվառեն ավելի մռայլվեց և զայրացած բացականչեց.
-Եթե շարունակեք պնդել, որ ես այդ գումարը վերցնեմ, ապա պիտի պահանջեմ նկարը վերադարձնել: Սա իմ նվերն է հայրենիքիս, և ես ոչ մի կոպեկ չեմ ուզում ստանալ իմ հայրենիքից…


Եվ այս բառերն արտասանեց մի կին, որն ապրում էր Նոր Ջուղայից ուղարկվող ամսական 100 ռուբլով և որը խնամում էր իր հոգեկան հիվանդ դստերը, որի երբեմնի գեղեցկությունը պատկերել էր ռուս նկարիչը:
…Նկարը տեղափոխվեց Լազարյան ճեմարան, որը վերածվել էր Խորհրդային Հայաստանի մշակութային տան: Բայց ենթադրում եմ, որ այդ մշակույթի տնից Ստ. Լիսիցյանը Երևան տարավ ևս մի թանկարժեք ստեղծագործություն` Վառվառեի սիրասուն ամուսին Գևորգ Քանանյանի դիմանկարը, որ վրձնել էր նշանավոր նկարիչ Կոնստանտին Մակովսկին:
Այսօր երկու կտավներն էլ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցում…

Ցավոք, ինձ ոչինչ հայտնի չէ Վառվառե Քանանյանի ու նրա դուստր Մարիամ Ակիմյանի կյանքի վերջին տարիների, վերջին օրերի, վերջին ժամերի մասին: Ստույգ գիտեմ միայն, որ 1931 թ., ամենայն հավանականությամբ Բագրատ արք. Վարդազարյանի միջնորդությամբ, մայր ու աղջիկ տեղափոխվեցին Նոր Ջուղա` Ազգային դպրոցների հոգաբարձության հովանու ներքո: Որտե՞ղ ապաստան գտան թշվառականները. ըստ երևույթին` 1915-ին Հ. Յ. Դ. հիմնած «Կարմիր Խաչ միութիւնում», որ այսօր կոչվում է «Նոր Ջուղայի հայ կանանց գթութեան միութիւն», և որտեղ պատեհութիւն եմ ունեցել անձամբ այցելելու:


Տիկին Վառվառեն տեսա՞վ, արդյոք, դստեր մահը, նա թաղվել է Ազգային գերեզմանատա՞նը` չգիտեմ:
1935 թ. դեկտեմբերի 23-ին ծերունազարդ Վառվառե Քանանյանի սիրտը դադարեց բաբախելուց: Երախտագետ նորջուղայեցիները (փառք ու պատիվ նրանց և նրանց բոլոր սերունդներին) մեծ շուքով և ակնածանքով Մայրապետին հողին հանձնեցին իրենց սրբություն սրբոց Սբ Ամենափրկիչ վանքի բակում:
«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…»:

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ «ՔԱՆԱՆԵԱՆ» ԴՊՐՈՑ
Երբ Ռուսական յեղափոխութիւնից յետոյ տկն Վառվառէ Քանանեանը, քաղաքական ու տնտեսական պայմանների բերումով գտնւում էր աննախանձելի վիճակում, Նոր Ջուղայի Ազգային դպրոցների Հոգաբարձութիւնը նրան, իր աղջկայ՝ Մարիամ Նիկիտ Ակիմանի հետ, Մոսկւայից 1931 թւին, բերում է Նոր Ջուղա եւ խնամքոտ ու գուրգուրոտ ձեռքերով պահում է մինչեւ իր մահը, որ տեղի է ունենում 1935 թւին Դեկտեմբերի 23-ին:
Տկն Վառվառէն մեծ շուքով թաղւել է Ս. Ամենափրկիչ Վանքում:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ստեփան Լիսիցյան
  • Կ. Մակովսկի,  Գևորգ Քանանյանի դիմանկարը
  • Վառվառե Քանանյանի գերեզմանը  Սբ Ամենափրկիչ վանքի բակում: Լուսանկարը տրամադրել է Նոր Ջուղայի «Սբ Ներսէս Շնորհալի» մատենադարանի գրադարանապետուհի Վերգինէ Միրզախանեանը
Դիտվել է՝ 5682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ