Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մանրալուրք հայ համայնքներից

Մանրալուրք հայ համայնքներից
29.06.2018 | 04:22

ԼԻՆՉ


Անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ, իռլանդական ազնվական տոհմից սերող Հենրի Ֆինիս Բլոս Լինչը (1862-1913) 1901 թ. հրատարակեց «Հայաստան. ճամփորդություններ և ուսումնասիրություններ. Ռուսական նահանգներ» (Armenia, travels and studies. Volume I: The Russian Provinces) և «Հայաստան. ճամփորդություններ և ուսումնասիրություններ. Թուրքական նահանգներ» (Armenia, travels and studies. Volume II: The Turkish Provinces) վերին աստիճանի ուշագրավ աշխատությունները: Այդ հատորները նա գրել էր Հայաստան կատարած երկու ճանապարհորդությունների (1893-1894 և 1898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա: Դրանք պարունակում են արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, ինչպես նաև վիճակագրական տվյալներ։


Հեղինակը խիստ ունևոր մարդ էր` «Լինչ» առևտրային բանկի սեփականատեր, Պարսկաստանի հարավային ճանապարհների նորակառույց երկաթուղու, Պարսից ծոցի, Տիգրիս ու Եփրատ գետերի նավագնացության արտոնատեր:
Տեղեկանալով Լինչի մահվան մասին, Կ. Պոլսո Զավեն պատրիարքը հայտնել է հետևյալը. «Լինչի հայրը, անգլիացի, շոգենաւային ընկերութեան մը հիմնադիր, Պաղտատ եղած միջոցին ամուսնացած է տեղւույն անգլիական հիւպատոս, հնդկաստանցի հայազգի աղա Խաչիկի Օվսաննա անուն դստեր հետ: Հետևաբար Լինչին մայրը հարազատ հայ մըն է: Աղա Խաչիկի զաւակն ալ Պաղտատի անգղիական հիւպատոս եղած է և հայր ու որդի թաղուած են Պաղտատի Ս. Երրորդութիւն եկեղեցիին բակը: Լինչի մայրը` տիկին Օվսաննա ամէն տարի նպաստ կը ղրկէ այդ եկեղեցիին, ի յիշատակ իր հօրն ու եղբօրը»:

ԿԱԽԱՂԱՆ ՉՀԱՆՎԱԾ ՓԱՇԱՆ
1916 թ. սկզբին թուրքական զինվորական դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց Պողոս Նուբար փաշային` Համաձայնության երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու և Ռուսաստանում հայոց կաթողիկոսի հետ հայ կամավորների խմբեր կազմակերպելու մեղադրանքով: Սուլթանն իր իրադեով (հրովարտակ) հաստատեց դատավճիռը Պ. Նուբարի` Թուրքիայում գտնվող ամբողջ շարժական և անշարժ գույքը բռնագրավվեց:
Դատավճիռը, բնականաբար, չհաջողվեց իրականացնել: Իսկ փաշան մինչև վերջին շունչը անձնվիրաբար ծառայեց ազգին:

ԱՄՆ-Ի ԴՌՆԵՐԻ ԱՌԱՋ. ԿՈՒԲԱ
Առաջին աշխարհամարտից հետո, երբ պարզ դարձավ, որ Արևմտյան Հայաստանի դռներն անհուսորեն փակ են, Ցեղասպանությունից փրկված խլյակներն սկսեցին կենսապահով նոր հանգրվաններ որոնել: Թիրախներից առաջնայինը ԱՄՆ-ն էր, ուր գրեթե մեկ դար արդեն բնակություն էին հաստատել պոլսեցիներ, խարբերդցիներ, այնթապցիներ, կեսարացիներ և բնօրրանի այլ բնակավայրերի ազգակիցներ:


Պատերազմի ավարտը ամերիկյան կառավարությանը թելադրեց ներգաղթ կազմակերպել, բայց ինչպես այժմ, այն ժամանակ էլ կային սահմանափակումներ: Օրինակ, եթե մարդ ցանկություն ուներ աշխարհի որևէ ծայրից մուտք գործելու ԱՄՆ, ապա անցագիր ստանալու համար պիտի դիմեր Վաշինգտոն, ընդ որում` պարտադիր նշելով իր այն բարեկամի հասցեն, ում մոտ պատրաստվում էր հանգրվանել: Եթե խնդրագիրը նամակով էր, ապա պատասխանն ստացվում էր 3-5 ամսում, եթե հեռագրով` 3-6 շաբաթում, բայց հեռագրում նշված յուրաքանչյուր անձի համար խնդրարկուն պիտի վճարեր 50-ական դոլար: (Պարզ է, որ այն ժամանակ դոլարի գնողունակությունը բարձր էր, ու բնաջնջումից փրկված և ունեզրկված չքավոր հայերի համար պահանջվող գումարն անհաղթահարելի խոչընդոտ էր): Կառավարությանն անհրաժեշտ էր աշխատուժ, այդ իսկ պատճառով սովորաբար մուտքի անցագիր էր տրամադրում ամուրի կամ ընտանիքը հետը չվերցնող տղամարդկանց: Ավելին, պետք էր առողջ աշխատուժ. դիցուք, եթե խնդրարկուն աչքի հիվանդություն ուներ, ասենք` տրախոմա, ապա մերժումն անխուսափելի էր:
Բայց Միացյալ Նահանգներ ոտք դնելը հայերի համար կենսական նշանակություն ուներ բառի բուն իմաստով, այդ իսկ պատճառով նրանք` հույսերն Աստծուն, կուտակվեցին ԱՄՆ-ի «դռների» մոտ, որոնցից մեկը Կուբան էր:


1925 թ. ամբողջ կղզում ժողովվել էին մոտավորապես հազար հայեր, հիմնականում` մալաթիացիներ ու խարբերդցիներ, որոնցից 700-ը` մայրաքաղաք Հավանայում: Նրանց բացարձակ մեծամասնությունը գործազուրկ էր, և գլխավոր պատճառը իսպաներենին չտիրապետելն էր: Ամեն շաբաթ հսկա շոգենավեր էին խարիսխ ձգում Հավանայի նավահանգստում` Իսպանիայից ու եվրոպական այլ երկրներից բերելով հարյուրավոր նոր գաղթյալներ, որոնք հեշտությամբ զբաղեցնում էին սակավաթիվ ազատ աշխատատեղերը:
Թշվառության, սովի, հուսահատության աստիճանի հասած հայերը, որպես կանոն, ապրում էին ԱՄՆ-ի իրենց ազգակիցներից ուղարկած չնչին գումարներով: Սակայն նույնիսկ այս վիճակում նրանք բացեցին «Հայկական ակումբ», հավաքվեցին ու սկսեցին ելք փնտրել: ՈՒշադրություն դարձրեցին, որ Կուբայում շատ թանկ էին գյուղմթերքները և որոշեցին գյուղատնտեսական սեփական բիզնես հիմնել, որի համար, սակայն, դրամագլուխ էր պետք: Այդ խնդրով դիմեցին ԱՄՆ Մալաթիայի ու Խարբերդի հայրենակցական միություններին, բայց մինչ օժանդակություն կգար, առավել անհամբերները Ֆլորիդա հասնելու մաքսանենգ, ապօրինի փորձեր կատարեցին: Բեռնվեցին ու հետ ուղարկվեցին Կուբա. ընդմիշտ փակվեցին ԱՄՆ դռները, և նրանք դատապարտվեցին անդառնալի ուծացման:
Իսկ խելամիտները, օրինահնազանդները, ի վերջո, տառապալից տարիներից հետո կարողացան թափանցել «դրախտ»:

ԱՄՆ-Ի ԴՌՆԵՐԻ ԱՌԱՋ. ՄԵՔՍԻԿԱ
Մեխիկոյի համայնքը 1931 թ. բաղկացած էր շուրջ երեք հարյուր հոգուց, որոնք Միացյալ Նահանգների դռան առաջ հայտնվել էին 1922-1923 թթ.: Ի տարբերություն կուբայաբնակների, նրանք շատ ավելի աչքաբաց էին, գործունյա և տքնաջան աշխատանքի շնորհիվ հասան նախանձելի տնտեսական վիճակի: Չկար գեթ մեկը, որ օգնության կամ ողորմության կարիք ունենար: Արագորեն կողմնորոշվելով, մեքսիկաբնակները ձեռնամուխ եղան պոնչո և կաշվե կոշկեղեն` մոկասիներ ու գուարաչիներ պատրաստելով:
Թեպետ ազգասեր, հյուրասեր և աշխատասեր մարդիկ էին, այդուհանդերձ, փոխանակ մեկմեկու աջակցելու` աչքի էին ընկնում միմյանց հետ մրցակցելով:
Բայց, դե, առողջ մրցակցությունը միշտ էլ լավ բան է:


«ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ»
1907 թ. հոլանդական գաղութ Արևելյան Հնդկաստանի Բաթավիա մայրաքաղաքում (իմա` ներկայիս Ինդոնեզիայի Ջակարտայում) տեղի ունեցան մարաթոնյան քայլքի մրցումներ, որին մասնակցեցին բազմաթիվ եվրոպացիներ: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեղերը գրավեցին հայերը` Առաքել Վարդանյանն ու Կարապետ Հովակիմյանը:

ՍԻՆԳԱՊՈՒՐՑԻՆԵՐԸ
Ամենահաս նորջուղայեցիները Սինգապուրում հայտնվեցին XIX դ. սկզբին, բնակություն հաստատեցին ու սկսեցին վաճառականություն անել մերձակա կղզիների ու Չինաստանի հետ:
Անգլիական վարչությունը հողատարածք հատկացրեց քաղաքի կենտրոնում, և 1835 թ. Գրիգոր ու Եսայի Զաքարյան եղբայրները կառուցեցին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
1904 թ. այստեղ կար 13 տուն հայ` 60 հոգի: Տղամարդիկ առանց բացառության վաճառականությամբ էին զբաղվում և նյութապես անչափ բարվոք վիճակի մեջ էին: Այդ տարի նորջուղայեցի Տիգրան Սարգսյանը կառուցել տվեց եկեղեցու սեղանը` մարմարյա աստիճաններով, իսկ «Ստեփաննոս և Պողոս» ընկերությունը մարմարապատեց եկեղեցու հատակը: 1905-ին տիկին Նանաջան Շ. Սարգսյանը, ի հիշատակ ամուսնու, 6000 գուլդեն հատկացրեց երիցատան կառուցման համար, 10000 էլ` Նոր Ջուղայի Պողոսխանյան ազգային հիվանդանոցին:

ԲՈՒԴԱՊԵՇՏՑԻՆԵՐԸ
Առաջին աշխարհամարտից առաջ Հունգարիայի մայրաքաղաքում ընդամենը 20-25 արևմտահայ էր բնակվում: Պատերազմի ժամանակ եկավ ևս երեք ընտանիք, իսկ 1922-ին թվաքանակն ավելացավ ու հասավ 100-ի: Բացի արևմտահայերից, կային նաև մի քանի ռուսահայեր, որոնք գերի էին ընկել և զանազան պատճառներով ի զորու չէին եղել վերադառնալու:
Ինչո՞վ էին զբաղվում: Գորգով` գորգագործությամբ, գորգավաճառությամբ, նորոգմամբ ու լվացմամբ:
1923-ին երկու պոլսեցիներ 100 դազգահից բաղկացած մի արհեստանոց բացեցին, որն արտադրում էր XVI դ. Սպահանի գորգերի ընտիր նմանակներ: Հետաքրքիր է, որ արհեստանոցը կոչվում էր «Երևան»…

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՎԱԼՍԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Ինչո՞վ է Վիեննան առաջին հերթին նշանակալի հայերիս համար. անշուշտ` Մխիթարյան միաբանությամբ: Մխիթարյան հայրերը, պարփակված իրենց համեստ սենյակների լերկ պատերի մեջ և շարունակելով Մխիթար աբբահոր առաքելությունը` ծառայում էին հայ բանասիրությանը, պատմությանը, դպրությանը, գրատպությանը: Նրանք գրեթե շփում չունեին ավստրիական կառավարության հետ և որպես հետևանք` զրկված էին կնունքի, պսակադրության, թաղման իրավասությունից:


Այս մեկուսի վիճակը փոփոխության ենթարկվեց 1894-1896 թթ. համիդյան ջարդերից, 1915-ի ցեղասպանությունից և 1922 թ. Զմյուռնիայի հայաթափումից հետո: Վիեննայում հայտնվեցին գործատերեր` պոլսեցիներ, եվդոկացիներ, յոզղատցիներ ու բուլղարահայեր, որոնք հմուտ էին հատկապես գորգավաճառության ասպարեզում: Քիչ չէին նաև կանանց գլխարկի զարդ հանդիսացող ջայլամի փետուր հայթայթողները, ծխամորճ պատրաստողներն ու գորգ նորոգողները: Թեպետ ավստրիական խոշոր բիզնեսը գտնվում էր հրեաների ձեռքում, այդուամենայնիվ հայերը գտան իրենց խորշը:


Վիեննայում էր ապրում թատրոնի և կինոյի նշանավոր հայ դերասան, ավստրիական բեմի «աստղ», ռեժիսոր Ռաուլ Ասլանը, որի մայրը սալոնիկցի իտալուհի էր, և խարբերդցի մի երիտասարդ` Էրհարդ Էրկինգ գրական անվամբ գերմանալեզու գրողը:
Ըստ 1926 թ. տվյալների, Ավստրիայի ամբողջ հայության թվաքանակը 300 հոգի էր: Եթե համայնքն ընդհանուր գծերով բնութագրենք, ապա կարող ենք ասել, որ նրանց վրա էլ էր տարածվել Մխիթարյանների «դրոշմը»` ապրել ու գործել մեկուսի, չշփվել մեկմեկու հետ և չմասնակցել համազգային նշանակության խնդիրների իրագործմանը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ