Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աշխատողների գերակշիռ մասը չի կարողանում ապահովել իր կենսական նվազագույն պահանջմունքները»

«Աշխատողների գերակշիռ մասը չի կարողանում ապահովել իր կենսական նվազագույն պահանջմունքները»
14.12.2018 | 01:31

Ըստ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Սահմանադրության մեկ այլ հոդվածով յուրաքանչյուր աշխատող ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև վճարովի արձակուրդի իրավունք։ Իրականում որքանո՞վ է կիրառվում Սահմանադրության պահանջը: Այս և աշխատողների աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ «Իրատեսը» զրուցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ ԼԱՈՒՐԱ ԴԵՄԻՐՉՅԱՆԻ հետ:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքացու սոցիալական վիճակը:
-Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1948 թ. ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի այնպիսի կենսամակարդակի իրավունք, որը բավարար է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես նաև գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում ապահովված լինելու իրավունք»։ Հայաստանի Հանրապետությունը՝ ելնելով վերոնշված հռչակագրի սկզբունքներից և հանդիսանալով ինքնիշխան, սոցիալական պետություն, իր վրա պարտավորություն է վերցրել պայմաններ ստեղծելու քաղաքացիների բավարար կենսամակարդակի ապահովման և կենսապայմանների բարելավման համար։
Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2017 թ. հանրապետությունում բնակչության 25,7 % -ը աղքատ է, 1,4 %-ը՝ ծայրահեղ աղքատ: Կան նաև աշխատող աղքատներ։ Բազմաթիվ աշխատողներ, ունենալով աշխատանք, չեն կարողանում ապահովել անգամ իրենց կենսապահովման նվազագույն պահանջմունքները։
Մեր հանրապետությունում չի կիրառվում 2004 թվականին ընդունված «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի գնահատելու բնակչության կենսամակարդակը։
Նույն օրենքի համաձայն՝ հանրապետության սոցիալ-ժողովրդագրական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2004-ից, պետք է հաշվարկվեր ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ` ՀՀ կառավարության սահմանած կարգով մշակվող և նրա հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա։ Կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը պետք է հիմք հանդիսանա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար, իսկ նրանց մեծությունների միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի պետք է արտացոլվեն պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում։
Սակայն նշված պահանջները նույնպես չեն կատարվում։
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվարկած նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ առողջապահության նախարարության մշակած սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի, 2018 թ. երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է շուրջ 60000 դրամ։ Ցանկանում եմ փաստել, որ նշված նվազագույն սպառողական զամբյուղը որևէ իրավական ակտով ընդունված չէ։
-Ի՞նչ մեխանիզմներով է որոշվում նվազագույն աշխատավարձի չափը:
-ՀՀ-ն, 2004 թվականին վավերացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 131 կոնվենցիան, պարտավորություն է վերցրել ներդնելու նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ և ժամանակ առ ժամանակ վերանայելու այն: Նույն կոնվենցիայի համաձայն՝ նվազագույն աշխատավարձ սահմանելիս պետք է հաշվի առնել աշխատողների և նրանց ընտանիքների պահանջմունքները, տնտեսական գործոնները։
Սակայն, մինչ օրս, նշված կոնվենցիայի պահանջները չեն իրականացվում։ Նվազագույն աշխատավարձի չափը մեր հանրապետությունում վերջին անգամ վերանայվել է 2015 թ. և կազմում է 55000 դրամ, որը ցածր է վերոնշյալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Այսինքն, նվազագույն աշխատավարձը, որը պետության սահմանած կարևորագույն երաշխիքներից է, այսօր չի կատարում իր գործառույթը՝ չի ապահովում աշխատողների նվազագույն պահանջմունքները:
ՀՀ-ում օրենսդրորեն սահմանված չէ նաև, թե որ աշխատանքների համար է տրվում նվազագույն աշխատավարձ։
-Վերջին շրջանում երբեմն իրականացվող զանգվածային բողոքները հանրության շրջանում որակվում են որպես գործադուլ, թեև դրանց միջև տարբերությունն առկա է: Կմանրամասնե՞ք, թե աշխատողը որ դեպքում ունի գործադուլ հայտարարելու իրավունք:
-Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության համար ունեն գործադուլի իրավունք: Այդ իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով, իսկ գործադուլ անցկացնելու կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ Գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է: Գործադուլ հայտարարելու իրավունքը վերապահված է բացառապես արհեստակցական միություններին: Մինչդեռ գործադուլ հայտարարելու կարգը օրենսդրությամբ բարդացված է։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն՝ գործադուլ հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից։ Սակայն կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի պահանջը դժվարացնում է գործադուլի իրականացումը։
-Կան աշխատանքներ, որոնց ընթացքում անտեսվում են անվտանգության ապահովումը, կանոնների պահպանումը, արդյունքում արձանագրվում են պատահարներ կամ դժբախտ դեպքեր: Ինչպե՞ս է իրականացվում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների, ինչպես նաև աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման վերահսկումը:
-ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի ամբողջ գլուխ նվիրված է առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանը, մասնավորապես՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Այդ ամենը պարտավոր է ապահովել գործատուն։
Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը նախկինում իրականացնում էր աշխատանքի պետական տեսչությունը։ Մինչդեռ, տեսչական «բարեփոխումների» արդյունքում, ստեղծված առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից դուրս են մնացել այդ գործառույթները։ Այսինքն, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների վերահսկողությունը, որը չի բխում ՀՀ-ի վավերացրած Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատանքի տեսչության մասին» թիվ 81 կոնվենցիայի պահանջներից:
Հարկ եմ համարում նշել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության իրավունքը վերապահված է արհմիություններին։ Այդ գործառույթը վերջիններս կարող են իրականացնել միայն այն կազմակերպություններում, որտեղ աշխատում են տվյալ արհեստակցական միության անդամները։
-Այսինքն, վերահսկող մարմնի բացակայության կամ լիազորությունների սահմանափակման արդյունքում գործատուն կարող է վարվել իր հայեցողությա՞մբ, այդպիսով ֆինանսական միջոցների խնայողության նպատակով խախտելով աշխատանքային օրենսդրության պահանջները:
-Այդպես է ստացվում: Շատ գործատուներ հարկ չեն համարում բավարար չափով ֆինանսավորել աշխատանքի անվտանգությունն ապահովող միջոցառումները, վտանգի տակ դնելով շատ աշխատողների կյանքն ու առողջությունը։ Հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դժբախտ դեպք և մասնագիտական հիվանդություն գործատուի համար առաջացնում են լրացուցիչ ծախսեր, որոնք բազմակի գերազանցում են աշխատանքի պաշտպանությանն ուղղված ծախսերը։ Աշխատանքի ժամանակ ձեռք բերված մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի պատճառով մարմնական վնասվածք ստացած աշխատողների բուժման ծախսերը պարտավոր է հոգալ գործատուն, իսկ հաշմանդամ դառնալու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել վնասի հատուցման գումար։
-Իսկ աշխատավայրում դժբախտ դեպքերի վերաբերյալ կա՞ն վիճակագրական տվյալներ:
-Իհարկե, պաշտոնական տվյալների համաձայն՝ 2017 թ. հանրապետությունում արձանագրվել է 55 դժբախտ դեպք, որից 7-ը մահացու ելքով։ Մահացու դեպքերը արձանագրվել են հանքարդյունաբերության, էլեկտրականության և գազի, շինարարության, փոխադրումների, տեղեկատվության և կապի ոլորտներում։
Շարունակում է խնդրահարույց մնալ 2004-ից հետո լուծարված կազմակերպություններում իրավահաջորդի բացակայության դեպքում աշխատավայրում խեղում ստացած շուրջ 800 անձանց հասանելիք վնասի փոխհատուցման գումարների վճարման հարցը, քանի որ նշված գումարները չեն կապիտալացվել՝ վերջիններիս վճարելու համար։
Այդ անձինք զրկվել են նաև աշխատանքային ստաժ կուտակելու հնարավորությունից՝ անաշխատունակ դառնալու պատճառով։ Այս խնդիրը չէր առաջանա, եթե հանրապետությունում գործեր դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգը։
-Ինչպե՞ս կարող է աշխատողը վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները:
-ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ աշխատողներն իրենց խախտված իրավունքները կարող են վերականգնել դատարանի և արհեստակցական կազմակերպությունների միջոցով։
Աշխատանքային խախտված իրավունքների վերականգնման հարցերով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային դիմած աշխատողներին կոնֆեդերացիայի համապատասխան բաժինները տրամադրում են խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում է գործնական օգնություն:

Հարցազրույցը`
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 7198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ