Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Լսելի լինելու համար քանակը կարևոր չէ»

«Լսելի լինելու համար քանակը կարևոր չէ»
11.01.2019 | 02:15

Մեր թիմը սկզբունքային քաղաքական ուժ է, եթե ինչ-որ բան հայտարարում է, ապա այն բխում է կուսակցության գաղափարախոսությունից կամ մարտավարությունից: Վստահեցնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից վարկանիշային կարգով պատգամավոր ընտրված, մասնագիտությամբ փաստաբան ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Օրեր անց ձևավորվելիք խորհդարանում, վստահեցնում է, հակակշռող ու զսպող ուժ են լինելու, ինչի մասին հայտարարել են ի սկզբանե, ու դա ինքնանպատակ չէ, քանի որ ԼՀԿ-ի համար այս պահի դրությամբ քաղաքական թիվ մեկ հարցը համակարգն առողջացման տանելն է: «Իրատեսի» հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ քաղաքական դաշտն առողջացնել հնարավոր կլինի, եթե իրենք ընդդիմություն լինեն, կարողանան իշխանությանը զգոն պահել, որ հանկարծ ու հանկարծ վերջիններիս ներկայացուցիչները չշեղվեն այն նպատակներից, որ ժողովուրդը դրել է իրենց առջև:


Թեև խորհրդարանում քանակով ամենափոքր խմբակցությունն է իրենցը, բայց ԼՀԿ-ականը նկատում է՝ իշխանությանը հակակշիռ լինել իրենք կարող են, բովանդակային առումով որևէ այլ ուժի չեն զիջում: «Լսելի լինելու ու ձայնը տեղ հասցնելու համար քանակը չէ, որ կարևոր է, դա ապացուցեց այս հեղափոխությունը, 7-տոկոսանոց ուժը կարողացավ հեղափոխություն անել: Մենք բավական մեծ տոկոս չենք կազմում ԱԺ-ում, բայց վստահ եմ, որ ԼՀԿ-ի պատգամավորների ձայնն այնքան բովադակային ու հիմնարար պետք է լինի, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա անտեսել մեր թե՛ խոսքը, թե՛ դրույթները: Այս պահին մեր թիրախը Հայաստանի առջև ծառացած խնդիրներն են, որոնցով մենք պետք է զբաղվենք ու ստիպենք, որ դրանցով զբաղվեն նաև քաղաքական մյուս ուժերը: Բայց եթե ճանապարհին մեզ են թիրախավորում, ապա ստիպված պատասխանում ենք: ՈՒնենք նպատակ, ու մեր մարտավարական բոլոր քայլերը միտված են այդ նպատակին հասնելուն, որն այս պահի դրությամբ, կրկնում եմ, առողջ քաղաքական համակարգ ունենալն է,- նշում է մեր զրուցակիցը՝ քաղաքական մյուս ուժերին հորդորելով զերծ մնալ ինքնանպատակ թիրախավորումից։- Իրենց ռեսուրսներն ու էներգիան թող ծախսեն ոչ թե այլ քաղաքական ուժերին թիրախավորելու ու կենցաղային հարցեր բարձացնելու վրա, այլ լծվեն ծրագրերի ու գաղափարախոսության կյանքի կոչմանը»:
Սիմոնյանը չի բացառում նաև, որ եթե կուսակցության առջև դրված նպատակների ու ծրագրերի իրականացման համար արտախորհրդարանական ուժերի հետ, ինչպես նաև՝ մասնագիտական հանրության հետ համագործակցության կարիք լինի, ապա իրենք պատրաստ են երկխոսության գնալու:


Ինչ վերաբերում է խորհրդարանում խմբակցության սկզբնական անելիքներին, ապա նորընտիր պատգամավորն արդեն իսկ որոշակի պատկերացումներ ունի. «Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր տնտեսություն, մենք սկսելու ենք հզոր տնտեսության կառուցման համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններով, ու դրանք լինելու են հարկային օրենսգրքի, ներդրումների ոլորտի օրենսդրական ակտերի բարեփոխումներ: Ներդրումների մասին օրենք ունենք, որը մի քանի տասնամյակի պատմություն ունի ու որևէ ձևով չի համապատասխանում այսօրվա տնտեսության պահանջներին: Պետք է անդրադառնանք նաև դատաիրավական համակարգի բարեփոխումներին, սնանկության օրենքի հետ կապված որոշակի մտքեր ու գաղափարներ կան, որոնք պետք է կենսագործելի դառնան ու այսպես շարունակ»:
Անդրադառնալով այս օրերին քննարկվող ավտոմեքենանեների մաքսազերծման գների բարձրացման թեմային, ինչի մասին բարձաձայնել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, նկատեց՝ յուրաքանչյուր անձ, ով մեքենա է ներմուծում Հայաստան, պետք է իմանա, թե ինչ մաքսատուրքեր պետք է վճարի. «Դա իրավական որոշակիության սկզբունքն է պահանջում, ու այդ սկզբունքը խախտելով՝ սահմանադրության հետ կապված խնդիր ենք ունենում: Եթե անհատն ավտոմեքենա է ներմուծում ու մաքսազերծման ծախսերը իմանում է միայն սահմանին, ապա խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը: Հենց դա է եղել պատճառը, որ պարոն Մարուքյանը բարձրաձայնել է այդ խնդրի մասին՝ արտահայտելով մեր հասարակության մեծ մասի մտահոգությունը: Եթե մարդը օրենքով սահմանված կարգով կարողանում է մեքենա ձեռք բերել, ու այդ փաստաթղթում նշված է մեքենայի գինը, նա ակնկալում է, որ մաքսազերծման ծախսերը կատարվելու են ըստ այդ գնի, ոչ թե այն գնով, որը մաքսային մարմինն է ենթադրում:


Ես հույս ունեմ՝ մեր իշխանությունները կգիտակցեն, որ իրավունքի հետ կապված խնդիր կա, ու հարցին լուծում կտան: Դեռ նախորդ իշխանությունների ժամանակ նախադեպեր են եղել, որ քաղաքացիները կարողացել են մեքենաների մաքսազերծումը կատարել հաշիվ-ապրանքագրի հիման վրա: Ճիշտ է՝ դա դատական երկար գործընթաց է, բայց սկզբունքային մարդիկ հասել են իրենց նպատակին: Օրենսդրական բաց այս հարցում, որպես այդպիսին, չկա, որովհետև ավելի բարձր իրավական ակտն այդ խնդիրը կարգավորում է: Իսկ եթե սահմանին շատ ավելի ցածր իրավական ակտով են փորձում մաքսազերծում կատարել, ապա քաղաքացիները հարցը կարող են վիճարկել դատարանում ու արդյունքի հասնել»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ