Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, թեպետ հեղափոխություն ենք կոչում, բայց ժամանակը ցույց տվեց, որ ընդամենն իշխանափոխություն էր

Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, թեպետ հեղափոխություն ենք կոչում, բայց ժամանակը ցույց տվեց, որ ընդամենն իշխանափոխություն էր
02.04.2019 | 02:31

Քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆՆ այն տեսակետին է, որ իշխանությունները նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո հնարավորություն ունեին իշխանությունը փողոցից պետական կառավարման կառույցներ ու ժողովրդի մանդատով օժտված խորհրդարան տեղափոխելու, բայց դա իրենց մոտ այնքան էլ սահուն չի ստացվում։ Յուրայիններին գործի նշանակելը ոչ թե ամրապնդում, այլ ավելի է թուլացնում ու խոցելի դարձնում իշխանությանը։ «Իրատեսի» հետ զրույցում Անտինյանն ասաց, որ աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրությունների միջոցով մանդատ ստացած իշխանությունն առաջին հերթին փորձում է կյանքի կոչել հասարակության համար ցավոտ բարեփոխումները, որ իշխանությունների վարկանիշի կտրուկ նվազման կարող են հանգեցնել: Քաջ գիտակցելով փոփոխությունների պատճառով առաջացող ռիսկերը՝ իշխանությունները, այնուամենայնիվ, գնում են այդ քայլին, որովհետև հաջորդ ընտրությունների ժամանակ հասարակությունը կտեսնի ցավոտ բարեփոխումների արդյունքը կամ հաջողության ծիլերն ու դարձյալ կվստահի իշխող քաղաքական ուժին։

-Սակայն մեր պարագայում տեսնում ենք՝ փակեցին, կրճատեցին, քանդեցին, հարկերն ավելացրին, ում չէին հարկում, հարկեցին և այլն: Փոխարենը չենք տեսնում բարեփոխումների տեսլական, հայեցակարգ, ամփոփ, համապարփակ ու համալիր ծրագիր ու այն կյանքի կոչելու ճանապարհային քարտեզ։ Եթե անգամ մի դրական բան են փորձում անել՝ հատվածական է, և այն չի երևում բարեփոխումների ընդհանուր խորապատկերում։ Այդ է պատճառը, որ իշխանությունների լրջորեն չկշռադատված այս քայլերից տուժողները բողոքում են, իսկ գործից հասկացողները՝ անհանգստանում: Ներդրողները կամ մեր երկիր մշտական բնակության վերադառնալու պատրաստակամություն հայտնողները ո՛չ փողոցում հավաքված բազմության քայլերից են ոգևորված գալու, ո՛չ էլ փողոցում հավաքվածների հիասթափությունից են փոշմանելու։ Նրանց այլ երաշխիքներ են պետք՝ կանխատեսելի քաղաքական ու տնտեսական հարաբերություններ, անկախ դատարան, սեփականության իրավունքի անխախտելիություն, ապրելու և արարելու համար խաղի սահմանված կանոններ: Այս ամենի համատեքստում՝ մեզ մոտ իրավիճակը հուսադրող չէ։ Այնուամենայնիվ՝ ես շահագրգիռ եմ, որ ներկա իշխանությունները չձախողեն։ Ինչ վերաբերում է նախկիններին, ապա եթե ամիսներ առաջ նրանք ընդունում էին, որ սխալներ են թույլ տվել, ապա այժմ լկտիաբար ասում են, թե ամեն ինչ ճիշտ են արել, ժողովուրդը խաբվել է, իսկ ապրիլյան հզոր շարժումը մոլորության արդյունք էր: Ամեն ինչ անում են, որպեսզի համոզմունք ձևավորեն, որ այս իշխանությունների հեռանալն օրերի, առավելագույնը՝ ամիսների հարց է, որ թե՛ ներսում, թե՛ դրսում այս իշխանությունների հետ որևէ մեկը հույսեր չկապի։ Եթե համոզվեմ մեր երկրի կայուն ու հուսադրող ներկային ու պայծառ ապագային, ապա սփյուռքի մեր հայրենակիցներին, և ոչ միայն, հաճույքով կոչ կանեմ գալ Հայաստան, ներդրումներ անել ու շենացնել մեր ավետյաց երկիրը:
-Մի կողմից տեսնում ենք, որ հասարակությունը դժգոհում է նորեկների անփորձությունից, մյուս կողմից ասում են՝ լավ է լինեն անփորձ նորեկները, քան կոռումպացված հները:
-Ճանապարհ գնալուց առաջ նախ պետք է իմանանք՝ ոտքո՞վ ենք գնում, թե՞ ավտոմեքենայով, ապա նոր հասկանանք՝ մեզ փորձառու վարո՞րդ է պետք, թե՞ երիտասարդ, խոստումնալից ու ֆիզիկապես առողջ վազորդ: Հասուն մարդու փորձառությունն ու երիտասարդի մտքի ճկունությունը պետք է կարողանալ ճիշտ համադրել։ Տեսակետին, թե անփորձ երիտասարդներն իրենց ուսերին չեն կարող տանել մեր երկրի ծանր բեռը, շատերը հակադարձում են՝ բա ի՞նչ անենք, կոռումպացվածների՞ն դնենք գործի։ Սա պարզունակ ու ոչ համոզիչ հակափաստարկ է: Տպավորություն է, թե մեր երկրում միայն մի քանի տասնյակ անփորձ իշխանավորներ ու մի քանի տասնյակ փորձառու նախկին թալանչիներ կան։ Իսկ ես վստահաբար ուզում եմ շեշտել՝ Հայաստանում կան այնպիսի մասնագետներ, որ թեև ապրիլյան ցույցերի օրերին չեն քայլել նոր իշխանությունների կողքին, բայց տարիներ շարունակ կոշտ քննադատության են ենթարկել նախկիններին, նրանց վարած քաղաքականությունը: Հիմա ի՞նչ, նման մարդիկ անելիք չունե՞ն այսօր: Մեծ է այն գործիչների հիասթափությունը, որ պայքարել են նախորդների դեմ, զրկանքներ կրել, երազել օր առաջ ազատվել նրանց իշխանությունից: Այդպիսի գործիչների կարիքը, պարզվում է, նորերն էլ չունեն, քանի որ նրանք թալանած փողեր չունեն, որ վերադարձնեն պետբյուջե ու իշխանությունների հետ «ախպերանան»: Կլանային կառույցների ներկայացուցիչներ չեն, որ դրանով աջակցեն իշխանություններին ընտրությունների ժամանակ կամ առհասարակ: Նորերն այն մարդկանց հետ են խաղի մեջ մտնում, ում գործոն են համարում կամ ով կարող է օգնել իշխանության ամրապնդման հարցում։
-Կադրային քաղաքականության մեջ ի՞նչ լրջագույն վերադասավորումներ պետք է անեն իշխանությունները, որ շահի թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը։
-Իշխանությունն այսօր հասարակական ահռելի վստահություն ունի, Փաշինյանի ձեռքերն էլ ազատ են աշխատանքի տեղավորելու նրանց, ովքեր փորձառությամբ, գիտելիքով, անցած ճանապարհով կարող են օգտակար գործ անել երկրի համար։ Միևնույն ժամանակ՝ առանց որևէ բան հաշվի առնելու պաշտոնից ազատել նրանց, ովքեր ձախողել են վստահված պաշտոնը, աշխատանքը։ Եթե նոր իշխանությունների համար կադրերի միակ արժանիքը կաշառակեր չլինելն է, ինչով էլ փորձում են համակշռել նրանց դիլետանտությունը, ապա ասեմ՝ նման տեսակի կադրերն ավելի շուտ կաշառակեր են դառնում, քան աշխատանքային հմտություններ ձեռք բերում։ Դրա հետ մեկտեղ, հանրային ծառայողները, որ տարիներ շարունակ մասնագիտացել, հմտացել են գործում, աշխատանքը կենսակերպ դարձրել, այսօր կրճատման վտանգի առաջ են կանգնել: Վարչապետի այն հայտարարությունը, թե լավագույն մասնագետներն իրենց տեղը մասնավոր հատվածում էլ կարող են գտնել, հարցի լավագույն լուծումն ու պատասխանը չէ, դա վտանգավոր ու անզգույշ քայլ է: Մասնավոր հատվածում այլ հմտություններ են հարկավոր, այլ ռիսկեր են, գործի այլ տրամաբանություն է: Այդ մարդիկ տարիներով այլ աշխատանքի ու ապրելակերպի են ընտելացել, ու եթե պետական կառավարման համակարգում կրճատումներն անխուսափելի են, ապա գործընթացը սահուն ու անցնցում պետք է կազմակերպել:
-Ներիշխանական ու ներկուլիսային գզվռտոցները հայաստանյան բոլոր իշխանություններին էլ բնորոշ են եղել: Իշխող ՔՊ-ն նույնպես կարծես հետ չի մնում դրանից: Ի՞նչ սցենարներ կարող են առաջ բերել ներքին խմորումները:
-Աշխատանքի ծանրությանը զուգահեռ՝ պետական համակարգի աշխատողները, ժամանակի ընթացքում հմտանալով գործի մեջ, միանգամայն բնական է, որ զբաղեցրած դիրքին համահունչ հավակնություններ են դրսևորում։ Մի կողմից ասում ենք՝ ամեն ինչ Փաշինյանն է որոշում, մյուս կողմից՝ եթե որևէ մեկն իր դիրքին համահունչ կեցվածք է դրսևորում, այն պառակտում ու վարչապետի դեմ դուրս գալ ենք որակում: Եթե իշխանությունները փողոցից տեղափոխվել են կաբինետներ, ապա ամեն մի պատասխանատու գործիչ պետք է համապատասխանի իր դիրքին, և դա ներիշխանական գզվռտոց չպետք է համարել։ Մի բան ակնհայտ է՝ որևէ մեկին չի հաջողվելու իշխանության ներսում խառնակչություններ հրահրել ու անփորձ մեծամասնությանը գայթակղել, թե Փաշինյանից ավելի լավը կարող են լինել։
-ԱԺ-ում իշխող մեծամասնության ներկայացուցիչներն օրերս տապալել էին կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը` չներկայանալով հարցի քննարկմանը: Պարզաբանում էին` Արցախ են գնացել: Հին բարքերը հե՞տ են վերադառնում, երբ ԱԺ նիստերը, խորհրդարանական միջավայրն առհասարակ, ինքնահաստատվելու, կոճակ սեղմելու ու ինտրիգներ հորինելու վայր է:
-Փորձում են բացատրել, թե ԱԺ նիստը տապալելու միտում չի եղել, պատահական է այդպես ստացվել: Եթե դրա նպատակն էր զորակցություն հայտնել Վիենայում գտնվող ու Ալիևի հետ հանդիպման պատրաստվող վարչապետ Փաշինյանին, ապա, ինչ էլ լիներ, Արցախի ճանապարհից հետ չպիտի դառնային: Չկշռադատված նախաձեռնողականության կամ հայտարարության փոխարեն՝ ավելի լավ է միայն կոճակ սեղմեն (դրանից վնասներն ավելի քիչ կլինեն), քան ամեն առիթով երկրի պառլամենտը անլրջացնեն: Ի աջակցություն Արցախի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած նրանց խոսքն ավելի ծանրակշիռ ու ազդեցիկ կարող էր լիներ, մանավանդ, որ ընդդիմադիր թևի պատգամավորներն ու արտախորհրդարանական ուժերը նույնպես հայտարարում են այդ մասին: Աշխարհն էլ կտեսներ, որ Արցախի հարցում հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ուժերը միասնական են:
-Քաղաքական դաշտում այսօր ի՞նչ իրավիճակ է: Տպավորություն է, թե արտախորհրդարանական ուժերը խոր թմբիրի մեջ են:
-Հասարակական սպասումների չարդարացմանը զուգահեռ արտախորհրդարանական ուժերի ակտիվանալը դառնալու է հրամայական, քանի որ հիասթափվելու են նաև իշխանությանը ժամանակին աջակցած խորհրդարանական ընդդիմադիր ուժերից։ ՈՒստի հիասթափվածների ու այս իշխանություններին ձայն չտվածների սպասումները պետք է փորձեն գեներացնել արտախորհրդարանական ուժերը։ Ակնհայտ է, որ էյֆորիկ վիճակից դուրս եկածները նախկինների կողքին չեն կանգնելու՝ կա՛մ լռելու են ու մի կողմ քաշվեն, կա՛մ բռնեն գաղթի ճամփան, կա՛մ էլ զայրացած իրենց պատեպատ են խփելու մինչև հասկանան՝ իրավիճակը շտկելու համար ում կողքին կանգնեն: Այս պահին պետք է այնպիսի ուժ ձևավորվի, որը կսպասարկի իշխանությունից հիասթափվածների ու նախկիններին մերժածների շահերը։ Այդ կարգի ուժի ձևավորման անհրաժեշտությունը փորձագիտական մակարդակում վաղուց ձևակերպված է, բայց դեռ քաղաքական օրակարգ չի մտել։ Նախկինները, «կուլակաթափությունից» սարսափած, մոբիլիզացրել են լուրջ ուժեր՝ վարձել հանրային ակտիվ գործիչներ, ձեռք բերել լրատվամիջոցներ, կամ իրենց ձեռքի տակ եղածները ակտիվացրել ու ուղղորդել իշխանություններին բոլոր կողմերից հարվածելու գործին: Իսկ նրանք, ովքեր նախկինների հետ երկիրը չեն թալանել, ֆինանսական նման ռեսուսներ չունեն, որ համախոհներ հավաքագրելով՝ կարողանան հանրությանն իրավիճակից դուրս գալու գործնական ուղիներ առաջարկել։ Մի որոշ ժամանակ անց, երբ իշխանություններն էլ ավելի թուլանան, իսկ նախկինները, առիթից օգտվելով, ավելի լկտիանան, ներկաների ու նախկինների միջև քաղաքական բուֆեր ստեղծելու անհրաժեշտություն է առաջանալու:
-Ի վերջո, հասարակությունը երբևէ կգիտակցի՞, որ ինքն է իր կատարած ընտրության պատասխանատուն: Ավշարի դպրոցի տնօրենի դեպքերից հետո, օրինակ, տեսանք, որ շատերը փոշմանել էին, որ ընտրել էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին: Ի՞նչ անել, որ մարդիկ ոչ թե կոնկրետ մարդու, այլ գաղափարախոսությունն ընտրեն:
-Այն ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, թեպետ հեղափոխություն ենք կոչում, բայց ժամանակը ցույց տվեց, որ ընդամենն իշխանափոխություն էր: Իշխանության եկածներն իրենց հետ չբերեցին գաղափարներ, ծրագրեր, կառավարման նոր մոդելների առաջարկներ, եթե չասենք կացութաձևի փոփոխման տեսլական։ ՈՒ որքան էլ հետ դառնանք նայենք, որքան էլ մեծարենք կատարվածը, որքան էլ դա ծաղկեցնենք «քաղաքացու օր» կենացով, դրանով ավելի շատ կարևորում ենք Սերժ Սարգսյանին, քան արած գործը։ Հանրության սպասումները չարդարացնելով ու քեզ հետ միասին հեղափոխություն արած ժողովրդին հիշեցնելով՝ տեսա՜ք ինչ արինք, կամաց-կամաց հեռանում ես նրանց տրամադրություններն արտահայտելուց: Ժողովուրդն ասում է՝ տեսել ենք, միասին ենք արել ամեն ինչ, բայց դրանից հետո ի՞նչ ես անելու՝ արածը ոչ թե բառերով, այլ գործնական քայլերով արժևորելու համար:


Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ