Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աշխարհը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով

Աշխարհը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով
05.04.2019 | 02:35

Այս ընթացքով գնա, չի բացառվում, որ Հայաստանում բացահայտվի ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության գործը, թեպետ ամերիկացիները վաղուց ամեն ինչ գիտեն, բայց չեն ասում` պետական գաղտնիք է: Գաղտնիքներն ամենուր են` զարմանալիորեն շատ ու զարմանալիորեն տեղին:

. «Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ: Հայրենիքները նվաճվում են ամեն օր:
Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում:
Ոչ մի ժառանգ, ոչ մի սերունդ, որտեղ և ումից սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից: Եվ եթե կարծեց` ապահովագրված է, ավելի լավ հարևանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, և քեզ, ուրեմն, շատ գիտի, և քո կանանց` հարճեր: Եվ միշտ, ամեն լուսաբացի և Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը: Պարիսպդ եթե ամուր եղավ ու շներդ զարթուն, նա քեզ հարևան է մնալու, ոչ` չար, ոչ` բարի, հարևան»:


Այս «գաղտնիքը» մենք չենք սովորում: Թեպետ 1000 տարի 1000 ձևով ասված է:
Մենք գերադասում ենք «փչանալու» մեր «ժանգը» ծայրից ծայր ուսումնասիրել ու լիուլի ապրել: Օրինակ, կա հոդաբաշխ բացատրություն` ինչու՞ ապրիլի 2-ին, երբ ժողովուրդը Եռաբլուր էր գնում ու մյուս գերեզմանատներ, ուր հողին են հանձնված ապրիլյան քառօրյայի զոհերը, ՀՅԴ-ն բողոքի ակցիա էր անում գլխավոր դատախազության դիմաց` պահանջելով բացահայտել Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ-ական, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունը` 2013-ի ապրիլի 2-ին: 6 տարի լռած ՀՅԴ-ն չէ՞ր կարող սպանված կուսակցի հիշատակը այլ կերպ հարգել և բացահայտում պահանջել 2 օր հետո: 6 տարի ինչու՞ էր լռում: Ինչու՞ բողոքի ակցիա չէր անում, ասենք, գլխավոր դատախազի կաբինետում` լինելով կոալիցիայի մեջ ՀՀԿ-ի հետ: Թե՞ հենց կոալիցիայի փաստն էր արդարության ծարավը հագեցնում: Փաստացի` ՀՅԴ-ն նախկինում անհնար է համարել սպանության բացահայտումը և հիմա է համարում հնարավոր ու երկար հայտարարություն տարածում իր նոր «տեսակետների» մասին` անվանելով «ազգային արժանապատվության և հայոց պետականության վրա կրակոց, որը երբեք անհետևանք չի մնում»: Ոնց ենք սիրում բառերի հետ խաղալ, ոնց ենք պատեհ-անպատեհ ազգայինը, արժանապատվությունը, հայոցը, պետականությունը, կրակոցը, հետևանքը, երբեքը խաղարկում: Իսկ հետո զարմանում ենք, որ 2019-ի ապրիլի 2-ին Եռաբլուրում, երբ այնտեղ են վարչապետը, տասնյակ ոստիկաններ, թալանվում են 2016-ի ապրիլին սպանված Արմենակ ՈՒրֆանյանի ազգականի ու TV-ներից մեկի մեքենաները: Բոլորի աչքի առաջ: ՈՒ գողերը չեն գտնվում: ՈՒ ոստիկանապետը որոնում է… Մի անգամ չեղավ, որ ՀՅԴ-ն (ու իշխանություն եղած որևէ կուսակցություն` ՕԵԿ-ից ՀՀԿ) կուսակցական օրակարգից դուրս «ազգային արժանապատվության և հայոց պետականության վրա» որևէ այլ կրակոց տեսնի ու բացահայտում պահանջի: Փոխարենը` կուսակցական խնդիրը ձևակերպվում է «հանրությունը պահանջում է»: Ո՞ր հանրությունը: ՈՒմի՞ց է պահանջում: ՀՅԴ-ն իր ուժերի վրա հույս չի՞ դնում, որ ապրիորի հանրությանն է ապավինում: Ավելի տեղին չէ՞ր լինի ապրիլի 2-ին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը պահանջող ակցիայից ու հայտարարությունից զատ գոնե կարճ ու թեկուզ «ասանկ կըսեմ, անանկ հասկցի» հայտարարություն էլ օրվա վերաբերյալ տարածեր ՀՅԴ-ն` Հայաստանի Գերագույն մարմնի տեսքով:


. «Հորդ տունն ու պարիսպը և անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտար, ուրեմն դու չկաս: Հետո գնա, նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե, ախ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իր բարձր, նախկին շուքն ու փառքը: Իսկ քո՞նը, քո՞նը, քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթիլը` քո դրած տունկի, քո արյան շիթը քո սահմանների վրա: Բերանդ ծվատող քո համբույրը այն երկրի, որ գուցե և իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ, օտար դատավորների առջև կանգնած զրկվածինդ չէ, որովհետև երկիրդ ապավինեցիր նախնուդ պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը: Աստծո վատ բնույթը գիտես. Աստված միշտ արթուն ողջերի հետ է»:

«Զարմացած» հանրությունն ու առավել զարմացած լրատվամիջոցները հոլովում ու խոնարհում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, գնահատելու փոխարեն: Թեպետ Դավիթ Տոնոյանը նորություն չէր ասել ԱՄՆ-ում ու Երևան վերադառնալով` ինքն էլ թեման եզրափակեց. «Ես ինչ ասել եմ, ասել եմ որպես պաշտպանության նախարար, նորից կրկնում եմ՝ Հայաստանի, հայ ժողովրդի հետ, առնվազն զինված ուժերի ու պաշտպանության նախարարի հետ ուժի դիրքերից խոսելն անթույլատրելի է, ու պետք է հասարակությունը դա ընդունի»: Ժամանակն է, որ «հասարակությունը» պատեհ-անպատեհ զարմանալու փոխարեն սովորի հասկանալ բարձրաձայնված հայտարարության իմաստը` տեղը, պահը համադրելով այլ իրադարձությունների հետ: Դավիթ Տոնոյանն անում է այն, ինչ 20 տարի պիտի աներ ու չէր անում ԱԳՆ-ն, ապահովում է պետության ղեկավարի ապահովության բարձիկը և ձևավորում զինադադարը հաղթելով կնքած կողմի համարժեք պահվածք ու դիրքորոշում` արդյունքում` իմիջ ու կարգավիճակ: Պատահական չէ, որ թերևս առաջին անգամ ՀՀ Պնախարարի հայտարարությանը պատասխանեց անձամբ Ադրբեջանի նախագահը: Ճիշտ է` առանց անուններ տալու, բայց սեփական ԱԳՆ-ի աղմուկը բավարար չկարծելով` հարկ համարեց կրկնել. «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է»: Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ Ալիևն ասաց. «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»: Այսինքն` մարտավարություն եք փոխում, փոխեք, ես, մեկ է, ավելի շատ փամփուշտ ունեմ, ավելի շատ կրակող ունեմ, ավելի շատ փող ունեմ: Ալիևի ու Ադրբեջանի սուբստանտիվ պատկերացումները մի կողմ թողած` հարց. ինչու՞ հայ դիվանագետներին չի զարմացնում, որ երբ Ադրբեջանի նախագահը ասում է. «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է», աշխարհում ոչ ոք նրան չի մեղադրում բանակցային գործընթացը ձախողելու մեջ, հարց չի տալիս` բանակցությունների նպատակը դա՞ է: Գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբում: Հենց այդ վակուումն է լրացնում Պնախարար Դավիթ Տոնոյանը: «Տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը սուբստանտիվ բանակցությունների սեղմ բնութագիրն է, որ չի եղել ու չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար: Ժամանակն է կոտրելու միջազգային կարծրատիպը, որ հրաժարումը տարածքներն Ադրբեջանին «վերադարձնելուց», կկործանի խաղաղ բանակցային գործընթացը: Խաղաղ բանակցային գործընթացը կործանողը սուբստանտիվ օրակարգն է: Եվ դա հասկացնելն ու բարձրաձայնելը պիտի լինի հայ դիվանագետների խնդիրներից մեկը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. «Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ուզում են կարգավորում, որն արտահայտում է մեր կենսական շահերը»: Բայց ոչ ոք զարմացած չէ: Գուցե այն պատճառով, որ ոչ ոք նաև պատկերացում չունի, թե որն է «մեր կենսական շահը»: Բոլորը գիտեն` ազգայինը, կուսակցականը, անձնականը, անգամ պետականը: Կենսականը` նոր խոսք է: Ապառնի ժամանակի մեջ: Երբ հանրությունը սկսի իրարից տարբերել կոնֆլիկտի կարգավորումը և ստատուս քվոյի պահպանումը, երբ ինքն իր համար պատասխանի հարցին` ստատուս քվոն պե՞տք է, թե՞ պետք չէ մեզ, երբ դուրս գա մադրիդյան սկզբունքների սարդոստայնից ու փոխի իր ընկալումները` «մոռանալով», թե ժամանակին ով ինչ է ասել: Tabu.a rasa-ի վրա գրանցելով կենսական շահը` իր դրական ու բացասական կողմերով: Զարգացումներով` արդյունքներով ու հետևանքներով:


. «Հայրենիքը … Հայրենքը դու ես քո ապրած ժամանակի մեջ: Կա էդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումը ու տիրական համբերությունը, կա քո մահվան թառանչը, հավերժորեն կա քո ժամանակը հայրենի տարածքների վրա»:
Ե՞րբ է հասկացվելու, որ կենսական շահը չափազանց տարողունակ հասկացություն է, Հայաստանով չի սկսվում ու Արցախում չի ավարտվում: Էրդողանի ականջը կանչի: Ով չի ալարում` հայտարարում է «Մենք ենք տերը մեր երկրի»: Բայց ոչ ոք չգիտի` ինչպե՞ս տեր լինել: Ասելով չէ: Անելով է: Իսկ անելու համար միայն դուխը հերիք չէ (նկատե՞լ եք, որ դուխից արդեն համարյա չի խոսվում): Կոռուպցիան արդեն նորանշանակների շուրջ է պտտվում (ապացուցելու, որ օրենքի առաջ յուրայիններ ու օտարներ չկան): Չբացատրվող պաշտոնանկություններ են լինում մերձավոր թիմում, ու գտնվում է բազմափորձ մեկը, որ ձևակերպի. «պարզապես գործադիրի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացրել», «Ես վարչապետի հետ չեմ խոսել այդ թեմայի շուրջ, բայց կարծում եմ, որ պարզապես պետք է այդ որոշումներն ի գիտություն ընդունել» (վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է): Այսինքն` թափանցիկությունն ու հաշվետվողականությունը դուխով ավարտվեցին: Դուխով սկսվում է… սովորական աշխատանքը: Կամ էլ` ապարատային խաղերը շարունակվում են` եղել է, թե չի եղել հեղափոխություն: Օրինակ, մամուլը գրեց, որ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը տեղյակ չէ, թե ինչի պատճառով են իրեն հեռացրել աշխատանքից, ազատվելու մասին ոչ մի խոսակցություն կամ ակնարկ չի եղել։ Փոխարենը` նախկին իշխանությունների հետ առնչվող օլիգարխներից մի քանիսը (Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Սամվել Ալեքսանյանը) մի շրջանակում հայտարարել են, որ տարբեր քրեական գործերով վճարել են ակնկալվող գումարը և կարող են անարգել վերադառնալ Հայաստան ու զբաղվել իրենց բիզնեսներով: Հեղափոխությունից հետո օլիգարխների մի մասը մեկնեց Հայաստանից՝ մտավախություն ունենալով, որ կարող են հարուցվել քրեական գործեր, և կարող են հայտնվել հայտնի վայրերում: Նրանցից շատերը վերադարձել են Հայաստան, և քչերը դեռ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ իշխանությունների հետ: Էլ ու՞մ համար է անցումային արդարադատությունը:


. «Հայաստանի Հանրապետություն ասված եզակի մոնումենտը հայոց մեր երկար դարերի մեջ իմ ու քո աշխատանքային կամքի վրա է հավաքվելու, յուրաքանչյուրիս հոգու մանրիկ ավազակի հետ ոչ մի հույս չկապենք: Նա բեռ տանող չէ, նա օջախը վառ պահող չէ, նա տեղում կանգնող չէ: Հայաստանի Հանրապետության մոնումենտի ծեփը նրան չի բռնի և չի բռնելու, երբեք»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.
. «Մեր ներկայությամբ երկիրդ Հայաստան է ասվելու, մայրդ` մայր, քույրդ` քույր, կաթողիկոսդ Վահափառ է կոչվելու, և նախագահդ` նախագահ: Թե չէ գիտես` աշխարհի լեզուն անսահմանորեն բառաշատ է, ուրիշ բառեր ունի և երկրի, և կաթողիկոսի, և հենց ինձ ու քեզ համար: Ինձ ու քեզ համար» (Հ. Մ., «Անտիպներ», հ.1., էջ 89-92): Հրանտ Մաթևոսյան` իր հավերժական ներկայությամբ: Տեր լինելու գիտությունը պետք է սովորել նրանցից, որ գիտեն ու կարողանում են: Այլապես աշխարհը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով, մերն ամայացնելու համար շատ է փոքր ու ժամանակն էլ շատ է… քիչ: Պարզապես չկա:

Դիտվել է՝ 2323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ