Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
05.04.2019 | 03:57

(Նախորդ մասը)

Արդյո՞ք աշխատատեղերի նվազման հեռանկարն ընդունելի էր ԽՄԿԿ-ի, քաղբյուրոյի և անձամբ Լեոնիդ Իլիչի համար, իհարկե ոչ: Ավելին, Հեյդար Ալիևի և միջինասիական մյուս հանրապետությունների ղեկավարների պահանջով էլեկտրոնային արդյունաբերության գործարաններ սկսեցին կառուցել նաև Ադրբեջանում, ՈՒզբեկստանում, Կիրգիզիայում: Մինիստր Շոկինը ստիպված էր սկզբունքային զիջումների գնալ ու, էլեկտրոնիկայի հրատապ խնդիրները մի կողմ դրած, մտածել այդ հանրապետություններում աշխատատեղերի ստեղծման և աշխատանքային ռեսուրսների օգտագործման մասին: Դա անմիջականորեն բխում էր ռեգիոնների համաչափ զարգացման կուսակցական դիրեկտիվներից (ղեկավար հրահանգից):


Բրեժնևյան տարիներին էլեկտրոնային արդյունաբերության գործարաններ բացվեցին Տաշքենդում, Բիշքեկում, Բաքվում, Կիրովաբադում, որտեղ կար պրոֆեսիոնալ մասնագետների, գիտելիքների ու ավանդույթների պակաս: Բիշքեկի նորաբաց «Կվարց» գործարանը միանգամից դարձավ էլեկտրոնային արդյունաբերության առաջատարը՝ մյուս գործարաններից առաջ անցնելով իր ֆանտաստիկ ձեռքբերումներով... «Կվարցի» ոչխարների հոտը ամենամեծն էր նախարարությունում:


Հիշեցնեմ` բրեժնևյան տարիներին ԽՍՀՄ արդյունաբերական բոլոր ձեռնարկությունները, բացի հիմնական աշխատանքից, պարտավոր էին ունենալու իրենց օժանդակ տնտեսությունները և նպաստելու ԽՍՀՄ-ում պարենային խնդիրների լուծմանը: Նախարարության կոլեգիաների ժամանակ Շոկինը մշտապես գովաբանում էր «Կվարցի» տնօրենին՝ քաղաքական հասունության և ցույց տված բարձր արդյունքների համար, նա ճիշտ էր ընկալել կուսակցության ղեկավար ցուցումները: «Կվարցի» աշխատանքը բարձր էր գնահատել նաև ԽՄԿԿ Քաղբյուրոն՝ հայտարարելով ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության կարևոր ձեռքբերումների մասին, որը նպաստում էր ԽՍՀՄ-ում պարենային ծրագրի իրագործմանը և դրական օրինակ էր ծառայում մյուսների համար:
Եթե աշխարհի առաջատար երկրների համար, 1980-ական թվականներից ի վեր, միկրոէլեկտրոնիկան դարձել էր տնտեսությունների զարգացման լոկոմոտիվը, նպաստում էր տնտեսության բոլոր ճյուղերի, այդ թվում ռազմական արդյունաբերության, թռիչքաձև զարգացմանը, ապա ԽՍՀՄ-ի իշխանությունների համար ավելի մտահոգիչ հոգսեր կային. բնակչությանը պետք էր ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով և, առաջին հերթին, պարենով: Երկրում առաջացել էր սննդամթերքի սուր դեֆիցիտ, ԽՄԿԿ-ն տանուլ էր տվել պարենային անվտանգության գործը, երկրի գլխին կախված էր իրական սովի վտանգը, պետք էր մի բան անել: 1962 թվականի Նովոչերկասկի պարենային բունտը դեռևս թարմ էր մարդկանց հիշողություններում:


80-ականներին մի նոր, ավելի հզոր բունտ էր հասունանում, ավելի պարենային, ավելի մասշտաբային, քաղաքական հստակ պահանջներով ու այլախոհության աննախադեպ դրսևորումներով: Խորհրդային քաղաքացիներին չէր բավարարում, որ իրենց աշխատանքի դիմաց անգամ սննդամթերքի հարցը չի լուծվում, միս, կարագ կամ երշիկ գնելու համար ստիպված էին գնալ Մոսկվա, խանութների մոտ ժամերով հերթ կանգնել ու գրեթե դատարկ ձեռքով վերադառնալ: ԽՄԿԿ-ի վարած տնտեսական քաղաքականությունը քաղաքացիները հումորով էին ընդունում:


Հարց հայկական ռադիոյին. «Այն ի՞նչն է, որ երկար է, կանաչ է ու երշիկի հոտ է փչում»: Պատասխան՝ Գորկիի կիրակնօրյա գնացքն է վերադառնում Մոսկվայից:
Բրեժնևը պետք է տեղյակ լիներ, որ 1962 թ. Ռոստով-Սարատով գնացքի լոկոմոտիվի վրա այսպիսի գրություն էր արվել: «Хрущёва - на мясо!»: Իսկ խորհրդային իշխանական հետևյալ կատակ-խորհուրդը՝ «Нет денег на пирожки с мясом - ешьте с ливром», որը ուղղված ԽՍՀՄ սոված քաղաքացիներին, լցրել էր մարդկանց համբերության բաժակը: Այդ խորհուրդը, գրեթե նույնությամբ, արդեն մեր օրերում կրկնեց Խոսրով Հարությունյանը` միս չկա, կարտոլ կերեք: Այս թեմաներով կարելի է անվերջ խոսել ու երբեք վերջնական եզրահանգումների չգալ, ամեն ինչ ավելի բարդ է ու անկանխատեսելի, որովհետև իշխանական օղակներում, լինի դա Խրուշչովի, Բրեժնևի, Գորբաչովի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի օրոք, ամեն ինչ դիտարկվել ու շարունակում է դիտարկվել բացառապես անձնական ընկալումների ու ամբիցիաների տեսանկյունից: Իշխանավորները սեփական ժողովրդից միշտ էլ թաքցրել են իրենց իշխանատենչ էությունը՝ քողարկվելով երկրի հոգսերով մտահոգվածների դիմակի ներքո:


Ամերիկայի հետ ընթացող սառը պատերազմի ամենավճռական պահին ԽՍՀՄ-ին միայն սովն էր պակաս մնացել: Ի՞նչ անել, երբ կոլխոզներն ու սովխոզներն իրենց չէին արդարացնում: 1982 թվականին, ՍՄԿԿ Կենտկոմի մայիսյան պլենումն ընդունեց «Պարենային ծրագիրը»: Կուսակցությունը խնդիր էր դնում, որ զգալի փոփոխություններ մտցվեն գյուղատնտեսության կառավարման մեջ, ներդրվեն առավել արդյունավետ մեթոդները, առաջ տարվեն քիմիացումն ու մեքենայացումը, բարձրացվեն կոլտնտեսականների աշխատավարձերը, բարելավվեն գյուղմթերքների տեղափոխման, վերամշակման ու պահեստավորման աշխատանքները: Պաշտոնական տվյալներով, Էլևատորների պակասի ու բանջարեղենի վատ պահեստավորման պատճառով, ԽՍՀՄ-ում բերքի կորուստը հասել էր 30 տոկոսի: Եթե դրան ավելացնենք 20-30 տոկոսի կորուստները նաև բերքահավաքի ժամանակ, ապա պարզ կդառնա, որ ԽՍՀՄ-ում բերքի կեսը մնում էր դաշտերում:


«Պարենային ծրագրով» կուսակցությունը հրապարակավ ընդունեց իր կարևոր ձախողումներից մեկը, բայց ոչ միակը ու առաջին անգամ խոստովանեց, որ երկրում դժվարին պարենային իրադրություն է ստեղծվել. ամենուր կիսադատարկ վաճառասեղաններ էին, կար առաջին անհրաժեշտության առարկաների սուր դեֆիցիտ, առկա էր հացահատիկի և մսի աճող ներկրումը՝ «նեխած կապիտալիզմի» երկրներից: Ցորենի ներկրման առաջին քայլը կատարեց Խրուշչովը՝ 1962 թվականին դիմելով արտասահմանյան ցորենի պետական գնումների:


Բրեժնևի «Պարենային ծրագիրը», ինչպես մյուս դեպքերում, լրջորեն չընդունեց խորհրդային հասարակությունը, այս անգամ էլ կուսակցության կարևոր ծրագիրը դարձավ նոր անեկդոտների թեմա: Հարց` ԽՍՀՄ-ում ո՞վ կերավ բոլոր մթերքները: Պատասխան՝ Բրեժնևի «Պարենային ծրագիրը»:
Հարց հայկական ռադիոյին` ի՞նչ է մողեսը: Պատասխան՝ մողեսը նույն կոկորդիլոսն է, որը վերապրել է ԽՍՀՄ «Պարենային ծրագիրը»:
Մինչև պարենային ծրագրի պաշտոնական ընդունումը ԽՍՀՄ-ում որոշակի ճիգեր էին գործադրվում անհրաժեշտ գյուղմթերքը արտադրելու համար, 1960-70-ական թվերից գյուղատնտեսական աշխատանքների մեջ ներգրավում էին քաղաքաբնակներին, ուսանողներին, դպրոցականներին ու զինվորականներին: Սրանք արվում էին շեֆական օգնության անվան տակ: Դպրոցների ու ԲՈՒՀ-երի համար բամբակի, ճակնդեղի, կարտոֆիլի բերքահավաքը դարձել էր ուսումնական ծրագրերի պարտադիր բաղադրիչներից մեկը, համարվում էր արտադրական պրակտիկա: Հացահատիկի բերքահավաքին մասնակցելու համար տարբեր հանրապետություններից խոպան էին գործուղվում կոմբայնավարներն՝ իրենց կոմբայններով, վարորդներն իրենց բեռնատարներով և այլն, և այլն։ Ամեն անգամ բացատրվում էր, որ այս տարի էլ ձմեռը ժամանակից շուտ է գալու, գյուղացիներին պետք է օգնել, որ բերքը չփչանա և նման տարբեր պատճառաբանություններ:


1970 թվականին Մոսկվայի մարզում առաջին անգամ մասնակցեցի գյուղատնտեսական աշխատանքներին, կարտոֆիլի բերքահավաք էր, որին մասնակցում էին Մոսկվայի կիսահաղորդչային էլեկտրոնիկայի ԳՀԻ-ի գիտնականները, ինժեներները, լաբորանտներն ու ասպիրանտները: Բերքահավաքին, սովորաբար, բանվորներին չէին ընդգրկում՝ աշխատանքից չկտրելու նկատառումներից ելնելով, նրանք աշխատող, արդյունք ստեղծող, պլանները կատարող մարդիկ էին: Գիտնականների հարցն այլ էր, ոչ պաշտոնական զրույցներում նրանք դասվում էին երկրի հիմնական անբանների թվին: Եթե գիտնականների հիմնական գործը մտածելն է, ապա դա մեծ հաջողությամբ կարելի է անել նաև կոլխոզի դաշտերում՝ ֆիզիկական աշխատանքներին զուգահեռ և մաքուր օդում: Ինձ զարմացրեց կարտոֆիլի բերքահավաք կոչվածը, աշխատանքը կազմակերպված էր հետևյալ կերպ. յուրաքանչյուրին պլան էր տրվում` պետք էր հավաքել մոտ 2 կիլոմետր երկարությամբ մարգերի բերքը, պետք էր շարժվել քանդող տրակտորի հետևից ու հավաքված պալարները լցնել պարկերի մեջ: Մեկ ժամ աշխատելուց հետո նկատեցի, որ մյուսներից շատ եմ հետ ընկել, ինձ բացատրեցին, որ այդպես չեն աշխատում, մինչև մութն ընկնելը պլանդ չես կատարի, կմնաս դաշտում, պետք է հավաքել միայն հողի երեսի պալարները: Բայց ես այդպիսի աշխատանքի սովոր չէի, աշխատում էի հայավարի և գյուղավարի, ձեռքով փորում ու հանում էի նաև հողի տակի եղածը: Ինչ արած, այդպիսին էին իմ գյուղացիական դաստիարակությունն ու մանկուց ձևավորված հոգեբանությունը:


50-60-ական թվականներին Սառնաղբյուրում կոմբայններ չկային, բերքահավաքը կատարվում էր միայն ձեռքի աշխատանքով: Ցորենի բերքահավաքին բոլորը դաշտ էին գնում, մեծերի հետ բերքահավաքին մասնակցում էինք նաև փոքրահասակներս: Ինձ՝ որպես 5 տարեկանի, վստահում էին կռուտ հավաքելու գործը. պետք էր հավաքել գետնին ընկած կոտրված հասկերն ու լցնել դեզի վրա: Հացքաղից հետո աշխատանքը շարունակում էինք կոլխոզի կալերում` կամ էինք քշում: Տանել չէի կարողանում, երբ եզների բերանները պարանով կապում էին, որ դարման չուտեին. խեղճ կենդանիներ, ինչպես էին անխնա շահագործվում մարդկանց կողմից:


Մոսկվայի կոլխոզի դաշտերն ինձ համար վայրենի նորություն էին, իմ մոտավոր հաշվարկներով բերքի կեսից ավելին մնում էր դաշտերում՝ հողի տակ, որը հետագայում պլեճ էին անում անծայրածիր դաշտերի հարևանությամբ խմբերով հավաքված կողմնակի մարդիկ: Սա բանվորագյուղացիական խորհրդային երկրի բրեժնևյան իրականությունն էր։ Այդքան անտրամաբանական էր խորհրդային երկիրը. բերքը կար, բայց այն հավաքելու նկատմամբ ոչ մի հետաքրքրություն կամ շահագրգռություն չկար, շունը տիրոջը չէր ճանաչում։ ՈՒ՞մ էր պետք միկրոէլեկտրոնիկայի բնագավառում դառնային աշխարհի առաջատարը՝ Ճապոնիայի, Ամերիկայի, Եվրոպայի և զարգացած մյուս երկրների արժանի մրցակիցը։ Ոչ մեկի պետքը չէր, որ էլեկտրոնային արդյունաբերության մասնագետներին գործից կտրում ու զբաղեցնում են իրենց մասնագիտական կարողությունների հետ առնչություն չունեցող գյուղատնտեսական աշխատանքներով, որ հողի հետ աշխատելուց հետո չէր կարելի կոշտացած ձեռքերով մտնել վակուումային սենյակները, մոտենալ ճշգրիտ գործիքներին ու նրբագույն կիսահաղորդչային սարքերին, կատարել բարդագույն փորձարարական աշխատանքներ:


Կարտոֆիլի դաշտերում կարելի էր հանդիպել խորհրդային գիտության ողջ համաստեղությանը, նրա կարկառուն գործիչներին: Իմ մարգի հարևանությամբ կարտոֆիլ էր հավաքում տեխնիկական գիտությունների դոկտոր, լենինյան մրցանակի դափնեկիր Յուրի Կոնցևոյը, մի քանի մարգ այն կողմ կարտոֆիլ էր հավաքում տեխնիկական գիտությունների դոկտոր, Ստալինյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Կրասիլովը, նրա կողքին կռացած աշխատում էր խորհրդային ֆոտոլիտոգրաֆիայի հիմնադիր Ֆելիքս Պրեսը և ուրիշներ: Սրանք անձն ու անհատը նսեմացնող երևույթներ էին, ինչն արվում էր հատուկ դիտավորությամբ՝ ցուցադրելով ու հերթական անգամ հաստատելով կոմունիստական կուսակցության ղեկավարող ու առաջնորդող դերը, կամ ժամանակակից լեքսիկոնով ասած` առաջ էին տանում «մեր դեմ խաղ չկա» մոլորությունը: Գիտնականներին նսեմացնող գործընթացը կարտոֆիլի դաշտերով չէր ավարտվում: Հաջորդ աշխատանքային օրը սկսվում էր հաշվետվություն-հաշվեհարդարը, որը, ըստ էության, անարժան խաղ էր մարդկային արժանապատվության հետ: Սկզբնական կուսակցական ու կոմերիտական կազմակերպություններում քննարկվում էին գյուղատնտեսական աշխատանքների արդյունքները, ամենայն լրջությամբ ու հետևողականությամբ, հաշվետվություններ էին ընդունում, կուսակցական գովեստի խոսքեր էին հնչեցվում կամ նկատողություններ հայտարարվում բերքահավաքի ակտիվ կամ պասիվ մասնակիցներին: Սրանք ավելի քան վիրավորական պրոցեդուրաներ էին, որոնք լռությամբ տարվում, բայց միանշանակորեն չարացնում էին խորհրդային գիտնականներին ու գիտաշխատողներին: Սա էլ դեռ վերջը չէր, չարացած հոգով ու կոտրված սրտով անհրաժեշտ էր աշխատել Ռևոլի Սուսլովի ու Նիկոլայ ՈՒստինովի տված ղեկավար հրահանգնրով, վերևից իջեցված պլանային առաջադրանքներով ու կիսագրագետ մարդկանց մշակած ճանապարհային քարտեզներով:


Վերևից իջեցված աշխատանքային պլաններում գրված էր, թե յուրաքանչյուր ինժեներ կամ գիտնական ինչ պետք է անի, ինչպես աշխատի, ամեն ինչ նախօրոք հաստատված էր, շեղվել չէր կարելի, այլապես կպատժվես, կփչացնես գիտական կարիերադ, կկորցնես միակ աշխատանքդ, կամ, դեպքերի անցանկալի զարգացումների դեպքում, կմեղադրվես այլախոհության մեջ, դավաճան կհայտարարվես:
Երբ Մոսկվայի գյուղատնտեսական աշխատանքների մասին պատմեցի ՀՀ վաստակավոր ուսուցիչ պապիս, նա շատ զարմացավ ու զայրացավ.
-Մի անգամ էլ, եթե ձեզ կոլխոզ կտանեն, կասես պապիդ խոսքը, որը իմ պապից եմ լսել. ձիուն էշի տեղ չեն բանեցնի, դա մեղք է:
Ինչ ասես, պապս ճիշտ էր, այս պարզ մտքի մեջ խտացված էր դարերի խորքից եկող հայկական ժողովրդական փիլիսոփայությունը, դժվարին պայմաններում գոյատևելու համար ամեն ինչ պետք է իր տեղում լինի, դասավորվի ռացիոնալ ձևով: ԽՍՀՄ-ում այդպիսի դրություն էր ձևավորվել, ամենուր ձիերին բանեցնում էին էշերի փոխարեն, որպեսզի ոչ մի ձի իրեն ձի չհամարեր, չերևակայեր ու շարքային էշերից իրեն ավելի վեր չդասեր:


Դժվար չէ նկատել, որ մեր օրերում էլ դրությունը չի փոխվել: ՀՀ կառավարության նիստերում գործից անտեղյակ մարդիկ խոսում են տնտեսական հեղափոխություններից, գյուղատնտեսությունից, գիտությունից, բանկային գործից կամ արդյունաբերությունից: Միևնույն ժամանակ կարող մարդիկ, գործերի իրական պրոֆեսիոնալները կամ մեր ժողովրդի իրական մարգարիտները լռելյայն սպասում են իրենց հերթին, որ իրենց վճռական խոսքը ասվի ու լսվի: Ե՛վ հիմա, և՛ խորհրդային երկրում գիտակ ու կարող մարդկանց միշտ ճնշված վիճակում են պահել, որպեսզի իշխանավորների տգիտությունը չզռա կամ դատարկ գլուխները չզնգզնգան: Չէ՞ որ տնտեսության վերականգնումը, ժամանակակից արդյունաբերության ստեղծումը գիտական խնդիր է, տեխնիկական-տեխնոլոգիական գործ է, որը հեշտությամբ կարող են կյանքի կոչել մեր պրոֆեսիոնալ մասնագետները՝ բանվորները, ինժեներներն ու գիտնականները, որոնց, ցավոք, բոլոր, այդ թվում մեր նոր, իշխանավորները չնկատեցին, չտեսան ու չհասկացան, որովհետև իշխանական բարձունքներում հայտնվածներին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն, ամեն ինչ կարող են, որ իրենք են այս աշխարհի միակ ձիերը, ինչին ես համաձայն չեմ: Հրաշամանուկների դարն ավարտվել է, ամեն կենդանի մարդ պետք է ճանաչի իր համեստ տեղն ու դերն այս կյանքում: Իշխանական բոլոր խորամանկությունները մենք ընկալում ենք միանգամից: Վերցնենք Ավինյան փոխվարչապետի վերջին ելույթը ՀՀ կառավարության նիստում:


Աշխարհում կա չրի 7,8 միլիոն տոննայի դեֆիցիտ: Սա նշանակում է, որ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի այսօր զրկված է մեկ կիլոգրամ չիր ուտելու իրավունքից, այն կարող է լրացնել Ավինյանն ու բիրդան հարստանալ: Մեր կյանքում ամեն ինչ հնարավոր է, ավինյանները կարող են և երկիր ղեկավարել և, սեփական բիզնեսի համար, չիր արտադրել: Այս առիթով հիշենք հետևյալ երկխոսությունը: Մի իշխանավորի հարցնում են` կարող ես դաշնամուր նվագել: Երբեք չեմ փորձել, բայց կարծում եմ, որ կարող եմ: Առիթից օգտվելով ուզում եմ ՀՀ վարչապետին ու ՀՀ փոխվարչապետին խորհուրդ տալ, որ պետք չէ մտածել արտադրությունների կազմակերպման կամ, առավել ևս, տնտեսական հեղափոխության մասին, դա հեշտությամբ ու ավելի մեծ հաջողությամբ կանեն մեր մասնագետները, եթե համապատասխան առաջադրանքները ստանան: Այսօր, ընդամենը, պետք է մտածել կոռուպցիայի վերացման մասին, որպեսզի երկրում աշխատանքային նորմալ մթնոլորտ ձևավորվի՝ պրոֆեսիոնալ մասնագետների ու երկրի նվիրյալների ազատ գործունեությունը ապահովելու համար: Աբովյանի դատավոր Գագիկ Հեբոյանի կամ առողջապահության փոխնախարարի կաշառակերության փաստերը վկայում են, որ այս ֆրոնտում չլուծված խնդիրները շատ են: Նույնը կարելի է խոսել Ավինյանի դեպքի վերաբերյալ. թող չրի մասին չմտածի ու մնա օրենքով նախատեսված փոխվարչապետական ֆունկցիոնալ սահմաններում, թե չէ այստեղ էլ կարելի է կոռուպցիոն դրսևորումների հետքեր գտնել: Բայց թողնենք մեր մռայլ ներկան ու վերադառնանք մեր դառն անցյալին:


Ադրբեջանում էլեկտրոնային արդյունաբերության գործարանների ստեղծումը բազմաթիվ առումներով խնդրահարույց ու ռիսկային էր: Ադրբեջանական միջավայրում հնարավոր չէր ապահովել ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության համար նախատեսված բարձրորակ ու բարձր հուսալիության ռադիոդետալների արտադրությունը: Այդ միջավայրում դժվար էր նաև ապահովել արտադրությունների հույժ գաղտնիության մթնոլորտը: Բրեժնևի օրոք ԽՍՀՄ-ի ռազմական արդյունաբերության մեջ արդեն ներդրվել կամ հավաքագրվել էին բազմաթիվ օտարերկրյա գործակալներ, որոնց թշնամական ակցիաները կարող էին ծնկի բերել խորհրդային երկիրը՝ ընդհուպ դրդելով ատոմային ինքնասպանության: Դա իրատեսական էր, այդ մասին էին խոսում Արտաշատի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ում կատարած մեր հետազոտությունները: Բազմաթիվ դեպքեր ունեինք, երբ ռազմական էլեկտրոնիկայի կարևոր սարքերում, մեկը մյուսից հետո, հայտնաբերում էինք այնպիսի խափանումներ ու դեֆեկտներ, որոնք կարող էին արվել միայն հատուկ դիտավորությամբ: Ահա դրանցից մեկը: Լուսանկարում պատկերված է Կիրովաբադի «Բիլոռ» գործարանում արտադրված հիբրիդ միկրոսխեման, որը, ռազմական տեխնիկայում իրականացված փորձարկումներից հետո հայտնաբերվել և ուղարկվել էր մեր ինստիտուտ՝ դիագնոստիկայի ու խափանման օբեկտիվ պատճառները պարզելու նպատակով: Նման աշխատանքները մտնում էին մեր ինստիտուտի աշխատանքային գործառույթների մեջ: Խափանման բոլոր դեպքերը, եթե դրանք վերաբերում էին մեր ռեգիոնում արտադրված ռադիոդետալներին, ուղարկվում էին մեզ՝ համապատասխան տեխնիկական եզրակացություն ստանալու նպատակով: Խոշոր հաշվով, պետք էր պատասխան տալ, թե ում մեղքով է տեղի ունեցել ռազմական տեխնիկայի խափանումը: Այս կարևոր հարցի մասին կխոսենք հաջորդ անգամ ու ցույց կտանք, թե, օրինակ, Կիրովաբադի գործարանի արտադրության անորակ մեկ միկրոսխեման քանի միլիարդ դոլարի վնաս կարող էր հասցնել ԽՍՀՄ-ին, և ինչու էր Հեյդար Ալիևը փորձում Հայաստանից առաջ ընկնել իր էլեկտրոնային գործարաններով:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ