Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հողն ու գյուղը սիրելու նուրբ արվեստը

Հողն ու գյուղը սիրելու նուրբ արվեստը
19.04.2019 | 02:21

«Երիտասարդություն, աշխարհի ամենաանգերազանցելի գեղեցկությունն ես դու, երբ բարձրանպատակ ես»:
Գարեգին ՆԺԴԵՀ

Երկրի, բնակավայրի զարգացման գլխավոր ուժը երիտասարդությունն է, որն իր գիտելիքներն ու ունակությունները, ավյունն ու գաղափարները ծառայեցնում է համընդհանուր գործին: Մշտապես երիտասարդների ուսերին է եղել ծնողների մասին հոգալու պարտականությունը, պարտք ունեն նաև մանուկների ու տարեցների հանդեպ, որոնց ժպիտներն ու անհոգ կյանքը մեծապես կախված են նաև նրա բարյացակամ վերաբերմունքից, աշխատասիրությունից ու ձգտումից՝ այսօրն ավելի լավը դարձնել, քան երեկ և վաղն ավելի բարեկեցիկ դարձնել, քան այսօր:
Իսկ այդպիսի երիտասարդներ շատ կան մեր շրջապատում, փնտրիր և անպայման կգտնես, երիտասարդներ, ովքեր անշահախնդիր են իրենց խոհերով ու զգացմունքներով: Նմանների համար հանգստությունը մշտապես հենց ինքը՝ անհանգստությունն է:

ԳՅՈՒՂԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՔ ՆՐԱ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԻՆ
Եթե անում ես գործը և այն կարևոր է ու անհրաժեշտ, ուրեմն ճանապարհն անպայման իրեն-իրեն կբացվի: Դա անխուսափելի է: Որովհետև կգտնվեն մարդիկ, որ կգիտակցեն արածիդ արժեքն ու կկանգնեն կողքիդ: Այս պարագայում այսպես էլ եղավ: Շատերի համար կենսուրախ ու հմայիչ ՍՏԵԼԼԱ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ հայտնի է իր երբեմն անկանխատեսելի ծրագրերով ու դրանք կյանքի կոչելու անհողդող կամքով, ու անպայման քաղցր ժպիտով, որը զինաթափում է անգամ ամենահուսահատ ու հոռետես մարդուն: Այդ ո ՞ր մի հողագործը կհրաժարվի նրա աջակցությունից ու գիտելիքներից:
«Ես կարողանում եմ հասնել արդյունքի, քանի որ ինձ են միանում (կամ ես եմ միանում) հրաշալի, երկիրը սիրող մարդիկ, հայ գյուղը սիրող և դրա կարևորությունը հասկացող հայեր: Ես ինձ կաթիլ եմ զգում ծովում, ու քանի որ ԱՐԵՎԸ իմն է, ես երբեք չեմ գոլորշանա: Ես եմ Հայաստանը... Եվ դու ես Հայաստանը»: Այսպես է մտածում Ստելլան:


Ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, մանկությունն անցել է Արցախում, հետո ընտանիքը վերադարձել է Հայաստան: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն հանգամանքների բերումով որոշ ժամանակ ապրել է Մոսկվայում, որտեղ մասնագիտացել է մարկետինգի ոլորտում: ՈՒ դարձյալ Հայաստան: Միակ աշխատատեղը մոր՝ հայտնի գյուղատնտես Նունե Սարուխանյանի «Կանաչ արահետ» ՀԿ-ում բանջարեղեն փաթեթավորողի աշխատանքն էր: Մոր հետ հաճախ էր այցելում տարբեր գյուղեր, ծանոթանում գյուղի կյանքին, գյուղացու ծանր աշխատանքին: Հետզհետե գյուղական մթնոլորտը գրավում է նրան, ու ցանկանում է աշխատել հենց այդ ոլորտում: Արդեն 15 տարի է, ինչ իր աշխատանքով փորձում է քաղաքի ու գյուղերի երիտասարդներին ներշնչել գութանի ու աշխարհի անբաժանելի կապի խորհուրդը: Այսօր Ստելլայի և իր համախոհների համար գյուղական միջավայրն արդեն դարձել է կենսակերպ:
Ստելլան սիրում է գյուղն ու գյուղացուն, աշխարհի ամենակարևոր մարդը, նրա կարծիքով, գյուղացին է, քանի որ նա է երկրագնդի կերակրողը: Նրա համոզմամբ, եթե գյուղացին հիասթափվի հողից ու գյուղից, քաղաքաբնակը կհասկանա, որ փողն ուտել հնարավոր չէ: ՈՒստի Ստելլան ամենուր կարևորում է գյուղացու դերը, որպեսզի վերջինս հասկանա, որ երկրի տնտեսության զարգացման լոկոմոտիվն ինքն է:
Ստելլա Սարուխանյանը գյուղերում իրականացնում է զբոսաշրջության զարգացման ծրագրեր, ձգտում աշխարհում ընդունված «Bed and breakfast» (Մահճակալ և նախաճաշ) գաղափարը որպես մշակույթ ներդնել հայկական գյուղերում. նպատակն այն է, որ գյուղական տները զբոսաշրջիկների համար դառնան հյուրատներ:


-Զբոսաշրջիկը այսօր այլ հետաքրքրություններ է փնտրում, նրան արդեն բարձրակարգ հյուրանոցները չեն հետաքրքրում, նա գերադասում է ապրել գյուղական տանը, իրեն զգալ գյուղական տան մի մասնիկը, կով կթել, ավելուկ հյուսել, նրանց հետ անտառներում հավաքել վայրի հատապտուղներ, ու այդ ամենի համար վճարել գյուղացուն: Սակայն գյուղացին միշտ հյուրասիրել է ի սրտե, սեղանին դրել տան անկյուններում պահվող ամենահամեղ բերքն ու բարիքը, ու նրա համար անսովոր է վճարովի հյուրասիրությունը: Սակայն նա պետք է ընդունի նաև, որ հողամասում օրնիբուն աշխատելուց բացի կարող է վաստակել նաև հյուրասիրելով: Հետագայում նրա և զբոսաշրջիկի միջև ձևավորված բարեկամական կապերը նոր զբոսաշրջիկների են ուղղորդում հայկական գյուղեր,- ներկայացնում է Ստելլան:
Նա մեկ այլ ծրագրով ցանկանում է գյուղացիներին շահագրգռել անտառային բարիքների՝ հատապտուղների հավաքով, ինչը նույնպես եկամտաբեր է: Ստելլան կարևորում է թիմային աշխատանքը: Երիտասարդներով մի որևէ գյուղում բնակչից գնում են տուն, որը դառնում է բոլորինը, սեփական կացարանն ունենալն ավելի դյուրին է դարձնում տվյալ գյուղում ցանկացած նախագծի իրագործում: Նմանատիպ տներ են գնվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա, Դրախտիկ, Շիրակի մարզի Քարաբերդ գյուղերում: Ի դեպ, Քարաբերդում իրականացվող ծրագրին միացել են նաև Սփյուռքի մեր հայրենակիցներ տիկին Լիանան, Լաուրա և Անահիտ քույրերը:


-Ինձ մոտ ամեն ինչ սկսվում է երազանքից, ընտրում եմ ամենաբարձր, անհասանելի կետը և թիմով գնում: Երբ աշխատում ես թիմով ու մենակ չես, համատեղ ուժերով արված գործն իր ողջ ծավալով տեսանելի է դառնում: Գյուղի ահել-ջահելը նույնպես ոգևորվում են: Իմ նպատակն է, որ ամեն գյուղ ինքն իրեն ընկալի ու ճանաչի որպես աշխարհի կենտրոն, բնակիչն էլ սիրի իր գյուղը իր տան նման, ամենուրեք մաքրություն տիրի, աղբը չկուտակվի փողոցներում կամ չթափվի հոսող գետը: Ինքս էլ ոգևորվում եմ իմ ծրագրերով, Դրախտիկում ինձ դրախտիկցի եմ զգում, Քարաբերդում՝ քարաբերդցի, ես կիսում եմ բնակիչների հոգսերն ու խնդիրները: Նրանք էլ պատրաստակամ են միանալու մեզ: Գյուղաբնակն արդեն ուրիշ կերպ է ընկալում լուսաբացն ու մայրամուտը, լսում աքլորի կանչն ու գառան մայունը, այդ ամենը այլ կերպ է ընկալում, եթե նախկինում իր աշխատանքը համարում էր տառապանք, ապա այսօր չի էլ նկատում օրվա ավարտը: Այսօր նրանցից շատերը հողամասի աշխատանքին զուգահեռ զբաղված են զբոսաշրջիկի համար իրենց տան մի անկյունը բարեկարգելով,- հրաժեշտին ասաց Ստելլան:

ՏԱՎՈՒՇԸ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՏՔԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ Է
Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում երիտասարդության թիվը հետզհետե նվազում է, ու պատահական չէ, որ հայկական գյուղերը համարվում են ծերացող, որովհետև երիտասարդները մայրաքաղաքի բուհերում կրթություն ստանալուց հետո չեն ցանկանում վերադառնալ ու, կրունկը ծննդավայրի կողմն արած, իրենց ապագան կառուցում են Երևանում կամ Հայաստանից դուրս: Մինչդեռ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի սրտում բազմած ու իր թովիչ բնությամբ գերող Աղավնավանք գյուղական բնակավայրում ապրում է ստեղծագործ երիտասարդների մի խումբ, որ շենացնում է գյուղը հետաքրքիր ու ինքնատիպ ծրագրերով: Նրանցից մեկին հանդիպեցի Աղավնավանքում, 14-րդ դարի հնամենի մի կամրջի վրա, որն իր ամրությամբ գերազանցում է ժամանակակից ասֆալտապատ կամուրջներին:
ԱԼԵՔՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ… Իր անցած անհարթ, խոչընդոտներով ու հիասթափություններով լի ճանապարհի մասին չի սիրում շատ խոսել: Տաղանդաշատ այս գյուղաբնակ երիտասարդը կարողացավ իրականություն դարձնել իր մանկական երազանքը:


-Հարցնում եք` ինչու եմ մնացել գյուղո՞ւմ Ծնողներս 1988-ին Ադրբեջանից գաղթել են Աղավնավանք, կյանքը դժվար էր, դեռ մանկուց տեսել եմ, թե ինչ դժվարությամբ են ապրում գյուղի բնակիչները, թե ինչպես են վաստակում օրվա հացը: ՈՒ փոքր տարիքից մտածում էի, որ երբեք չեմ լքելու գյուղը, որ մեծանամ, պետք է այնպես անեմ, որ թեթևացնեմ գյուղացիների կյանքը: Հետո ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը, տնտեսագետ դառնալու համար, սակայն մեկնեցի բանակ, վերադառնալուց հետո ուսումս շարունակեցի հեռակա բաժնում: Գյուղում աշխատանք չկար, ստիպված մեկնեցի Ռուսաստան արտագնա աշխատանքի, ինձ գումար է հարկավոր գյուղի և բնակիչների կյանքի բարելավման հետ կապված ծրագրերս իրականացնելու համար: Դա կլիներ իմ աշխատանքը, որն ինձ կկապեր Աղավնավանքի հետ: Ես համոզված եմ, որ կյանքը սկիզբ է առել գյուղից ու պետք է շարունակվի այնտեղ,- ասում է Ալեքսը:


Եկավ երազանքներն ու ծրագրերն իրականություն դարձնելու պահը: Ալեքս Ներսիսյանը գյուղի իր համախոհների հետ հիմնադրեց «Աղավնատուն ավանդական հյուրընկալության կենտրոն»-ը, որի գործունեությունն ուղղված էր լինելու գյուղում զբոսաշրջությունը զարգացնելուն, տեղի կյանքը, կենցաղավարությունն ու մշակույթը զբոսաշրջիկների համար ճանաչելի դարձնելուն, գյուղում կեցության այնպիսի պայմաններ ստեղծելուն, որոնք կհրապուրեին հյուրերին ու կբազմապատկեին նրանց թիվը:


Համագյուղացիները սիրով արձագանքեցին Ալեքսի ծրագրերին, քանի որ նրանց փակ ու միօրինակ կյանքն ու աշխատանքն ընդլայնելու, այն ավելի հետաքրքիր, նաև շահութաբեր դարձնելու հնարավորություն էր առաջարկվում: Գյուղի բնակիչը զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվության պակաս ունի, ուստի կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները նրան հյուրընկալության քիչ թե շատ քաղաքակիրթ պայմանների ստեղծման, արտադրած որակյալ մթերքը իրացնելու մասին գիտելիքներ ձեռք բերելու լավ հնարավորություն են: ՈՒ որպեսզի գյուղաբնակն իրենց խելք սովորեցնողին չասի՝ դե որ այդքան լավ բան է, դու ինչի՞ չես զբաղվում, Ալեքսն իր ընկերների հետ անցավ գործի:
-Աղավնավանքը տուրիզմի զարգացման լայն հնարավորություն ունի, հիմա մենք մեր գործով պետք է մարդկանց համոզենք, ապացուցենք, որ հաջողության հասնելու համար հարկավոր է նախադրյալներ ստեղծել, ասում ենք՝ գաղափարն ու աջակցությունը մեր կողմից, պատրաստակամությունը՝ ձեր, որպեսզի շահի ոչ թե մեկ կամ երկուսը, այլ ողջ գյուղը: Պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ գյուղերը չդատարկվեն: Այլապես ստացվում է, որ Հայաստանը նմանվում է ուժեղ գլխով, բայց թույլ մարմնով մարդու, այսինքն գլուխը Երևանն է, իսկ թույլ մարմինը՝ համայնքները: Այս ամենը տարածքային անհամաչափ զարգացման հետևանք է, մենք փորձում ենք վերականգնել համաչափությունը: Գուցե համարձակ նախաձեռնություն է, բայց թող սկսենք քչից, համոզված եմ, համախոհների շրջանակն ընդլայնելու դեպքում արդյունքը տեսանելի կլինի,- ասում է Ալեքսը:


«Աղավնատուն ավանդական հյուրընկալության կենտրոնում» երիտասարդներն անցնում են զբոսաշրջության զարգացման, գինեգործության, լավաշի թխման վարպետաց դասեր, որոնց գյուղաբնակը սիրով տրամադրում է օրվա 1-2 ժամն ու միաժամանակ տան մի սենյակն իր հարմարություններով ստեղծելու-ձևավորելու ծրագրեր կազմում: Կենտրոնը ծրագրում է կազմակերպել նաև վրանային ճամբարներ, արշավներ դեպի տարածքում գտնվող 9-12-րդ դարերի «Ախնաբաթ» վանք, «Կենու պուրակ», դեպի Տավուշի գեղատեսիլ լեռներն ու անտառները:
Ալեքս Ներսիսյանը վստահ է, որ կհաջողվի իրականացնել իր երազանքը, քանի որ ամեն ինչում սեր ու հոգի է դրված: Իսկ էլ ի՞նչ է հարկավոր գյուղի բնակչին, մաքուր օդ, եկամտաբեր աշխատանք... ՈՒնեցա՞վ այս ամենը, նա երբեք չի լքի գյուղը, կմնա, կապրի հավետ:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ