Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանի քայլն անհարիր է պետության ղեկավարին

Փաշինյանի քայլն անհարիր է պետության ղեկավարին
21.05.2019 | 04:18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնի է, ֆեյսբուքյան իր էջում մայիսի 19-ին կատարել է հետևյալ գրառումը. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:


Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:
Հանրությանն ուղղված վարչապետի վերոնշյալ կոչը, ինչպես նաև կոչ արվող գործողություններին իր անձնական մասնակցության կամ դերակատարման հայտարարումը («արգելափակում ենք») ուղղակի անհարիր են պետության ղեկավարին: Ավելին՝ դրանք հակասահմանադրական են մի քանի առումներով, նաև՝ սահմանադրական կարգի խախտման կամ առնվազն դրա փորձի կոչ են ու դրա կազմակերպման կամ դրան մասնակցության վկայություն: Թերևս արդեն ավելորդ է ասել, որ նա (և ոչ միայն…) իր այդ կոչի համար, ուշ թե շուտ, պատասխան է տալու:


Պատասխան են տալու նաև իրենց պարտականությունները չկատարած և լռած, հանցավոր անգործություն դրսևորած ՀՀ գլխավոր դատախազը, Հատուկ քննչական ծառայության պետը, ՀՀ ոստիկանության պատասխանատուները, թերևս նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը չկատարեց իր սահմանադրական պարտականությունները, գոնե հանդես չեկավ վարչապետի հայտարարությունը դատապարտող կոչով, մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, «1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»:
Ի դեպ, կապի ժամանակակից միջոցների առկայության պայմաններում մայիսի 19-ին արտերկրում գտնվելը ՀՀ նախագահի համար արդարացում չի կարող համարվել:
Փաշինյանն իր հիշյալ կոչով ոտնահարեց ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, ըստ որի, «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»:
ՀՀ վարչապետն իր այդ կոչով կոպտորեն խախտեց նաև ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը («Արդարադատության իրականացումը»).
«1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»:
Փաշինյանն իր հայտնի կոչով խախտեց նաև Դատավորի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասը.
«Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:


Լինելով ՀՀ վարչապետը, Փաշինյանը կոչ արեց արգելափակել հանրապետության բոլոր դատարանները: Դրանով նա, ըստ էության, կոչ արեց ոտնահարել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների թվում (ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխ) ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով երաշխավորված անձանց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, ըստ որի, ՀՀ տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Փաստորեն, Փաշինյանի կոչին հետևած անձանց (վարչապետի յուրայինների կամ Նիկոլի վկաների, որոնք ոչ մի պարագայում չեն ներկայացնում հայ ժողովրդին) անօրինական գործողությունների պատճառով բազմաթիվ մարդիկ չկարողացան մուտք գործել ՀՀ դատարաններ, այնտեղ գտնվողները չկարողացան դուրս գալ, այդպիսով էապես տուժեցին բազմաթիվ մարդիկ, որոնք պետք է մասնակցեին դատավարությունների, դատարաններում այլ կարևոր գործեր ունեին, նույնիսկ դատավորի հանդեպ բռնություն կիրառվեց:


Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը գնաց կոպիտ հակասահմանադրական քայլի, դատական համակարգի ահաբեկման, շանտաժի, ցանեց երկրում ներքին բախումներ առաջացնելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու խիստ վտանգավոր սերմեր՝ անտեսելով կամ միգուցե հենց հաշվարկելով, որ Ադրբեջանն այդ ընթացքում իր գործը կանի: Փաշինյանն իր հիշյալ կոչով, երեկվա հայտարարությամբ և իր կոչին հետևած անձանց գործողություններով հենց ինքն իրեն դրեց օրենքից դուրս և իր հանդեպ «բեսպրեդելը» դարձրեց միանգամայն թույլատրելի: Իսկ ինչո՞ւ Փաշինյանն այդպես վարվեց… Այս հարցին կփորձենք պատասխանել մեր առաջիկա հրապարակմամբ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ