Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց պետք չէ, որ որևէ բանի գերին դառնամ

Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց պետք չէ, որ որևէ բանի գերին դառնամ
18.06.2019 | 00:09

Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց ամեն ինչ օգտակար չէ: Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց պետք չէ, որ որևէ բանի գերին դառնամ (Ա Կորնթ. 6; 12)։
Այս խոսքերով սուրբ առաքյալը հիշեցնում է մեզ, որ մարդուն տրված ազատությունը չպետք է վերածվի ամենաթողության, որպեսզի վատ սովորություններին գերի չդառնա:
Մարդը, օժտված լինելով աստվածաշնորհ ազատությամբ, միշտ կանգնած է ընտրության առաջ և կարող է սխալվել, չարաշահել կամ գայթակղվել: Այո, աշխարհը լի է գայթակղություններով, որոնք միշտ էլ հրապուրիչ ու գրավիչ են, թակարդի մեջ են գցում և՛ ուժեղներին, և՛ թույլերին: «Վա՛յ է աշխարհին գայթակղությունների համար» ասում է Ավետարանը, նաև` «վա՛յ նրան, ում ձեռքով է գալիս այն»:


Գայթակղությունը պատրանքային, կեղծ համոզումն է ինչ-որ բանի ճշմարտացիության, որը հրապուրելով մարդուն տանում է անկման: Գիտենք, որ ստության, գայթակղության և ամենայն չարիքի սկզբնարարը և ծնողը սատանան է, անկյալ հրեշտակը, որը հպարտանալով ապստամբեց Աստծո դեմ, գնաց ճշմարտության դեմ, դառնալով բանսարկու և փորձիչ մարդկային ցեղի համար: Առաջին «վա՛յ նրան»-ը վերաբերում է սատանային, իսկ հետո այն մարդկանց, որոնք դարձան նրան գործակիցներ ու մեղքերին գերի և ստրուկ` վատ օրինակ լինելով ուրիշներին: Առաջին նախածնողներին խաբեությամբ դրախտից և անմահական կյանքից զրկելով` սատանան շարունակում է ավելի մեծ հմտությամբ ժամանակակից աշխարհում հրապուրել ու գայթակղեցնել և կորստյան տանել մարդկանց` գիտելիքի արագ զարգացման և բարձր տեխնոլոգիաների միջոցով, ինչպես ժամանակին, բաբելոնյան աշտարակաշինությամբ (սեփական ուժերի, գիտելիքի, հպարտ ինքնավստահության և ապստամբության օրինակ) մարդկանց ներշնչում էր երկինք բարձրանալու և Աստծուն հասնելու խաբեպատիր գաղափարը: Իսկ այսօր գլոբալ համացանցի ստեղծումով մեծ թակարդ է պատրաստել` գրավիչ դարձնելով համացանցի օգտակարությունն ու անհրաժեշտությունը մարդու համար: Թաքցնելով նրա թմրեցնող և հիպնոսացնող, հոգեսպան հատկությունը` գերիներ ու զոհեր դարձրեց «ցանցի» մեջ որսված բազմաթիվ մարդկանց:


Պատահական չէ և արդեն վաղուց գաղտնիք չէ, որ համացանցը, որտեղ որոնման տողում միշտ առկա են երեք տառեր (www. world, wide, web) թարգմանաբար նշանակում է համաշխարհային սարդոստայն: Անկասկած է համացանցի մեծ դերը մեր առօրյա կյանքում, որպես տեղեկատվական հսկայական պահուստ, գիտելիքների և հմտությունների ձեռքբերման մատչելի միջոց, անփոխարինելի օգնական աշխատանքի և բիզնեսի մեջ, որպես կապի և հաղորդակցման միջոց: Գնահատելով նրա դրական կողմերը և անսահման հնարավորությունները մի կողմից` պետք է խոսենք այստեղ նաև այն շատ բացասական և վնասակար հետևանքի` համացանցի համաշխարհային տարածմանը ուղեկցող ինտերնետ-կախվածության մասին, որը ցույց է տալիս, թե իրականում մենք գործ ունենք մեծ «ցանց - սարդոստայնի» հետ:


Սարդոստայնի հատկությունը` բռնել և բաց չթողնել իր զոհին, բոլորիս հայտնի է: Ճիշտ նույն բանն է տեղի ունենում համացանցից օգտվող բազմաթիվ մարդկանց հետ, որոնք, ժամերով թափառելով համացանցի անծայրածիր տարածքում, չեն նկատում, որ կլանվում ու չեն կարողանում կտրվել էկրանից: Առաջանում է ինտերնետ-կախվածության երևույթ, որը հոգեկան խախտվածություն է և ուղեկցվում է բազմաթիվ վարքագծային խնդիրներով: Ընդհանուր առմամբ այն դրսևորվում է մարդու` համացանցից ժամանակին դուրս գալու անկարողությամբ և համացանց մտնելու մշտական, կպչուն ցանկության առկայությամբ:
Նույնիսկ օգտակար ու կարևոր աշխատանք կատարելու ընթացքում համացանցում գտնվողը չի կարող չշեղվել տարատեսակ գովազդերից, անիմացիոն պատկերներից, լուսային և ձայնային էֆեկտներից, որոնք հատուկ ստեղծված ու հաշվարկված են` ազդելու մարդու զգայարանների և ուղեղի վրա, որպեսզի վերջինս ավելի երկար գտնվի համակարգչի կամ սմարթֆոնի էկրանի առաջ` վիրտուալ աշխարհում` կտրվելով իրականությունից, և չնկատի, որ վատնում է ամենաթանկագինը` ժամանակը, և վնասում է առողջությանը: Խոստովանենք, որ գրեթե բոլորս էլ քիչ թե շատ ձեռք ենք բերել այս կախվածությունը:


Թերևս համացանցային համակարգի ստեղծումը չէր հետապնդում վատ նպատակներ ու չէր կարող կանխատեսել բոլոր թերություններն ու վնասները: Սակայն համացանցի գոյության 30 տարվա ժամանակահատվածը ցույց տվեց, որ այդ «բարիքը» գնալով ավելի չարիք է դառնում: Անշուշտ, կասենք, թե մարդու մեղանչականության գործոնն է այստեղ դեր խաղում` պատճառ լինելով բազմաթիվ չարաշահումների ու կեղծարարությունների: Հնարավոր է` աշխարհի գրեթե բոլոր գյուտերը մտահղացված էին բարի և օգտակար կիրառման համար, սակայն, դժբախտաբար, տեսնում ենք, որ ավելի շատ ի չարս են գործածվել, որովհետև, ինչպես ասում են` «սատանայի մատը խառն է», այսինքն դիվային չար ուժերի ներգործության առկայությունն է միշտ մարդուն տրամադրել բարիքը չարիքի վերածելու:


Այսպես, ամբողջ աշխարհի հոգեբանները տագնապի մեջ են և ինտերնետ-կախվածության երևույթը համեմատում են ալկոհոլից կամ թմրանյութից կախվածության հետ: Հետազոտությունները ինտերնետ-կախվածության վերաբերյալ ցույց են տալիս, որ համացանցում երկարատև ու անվերահսկելի գտնվելու ժամանակ մարդու գիտակցության և ուղեղի գործունեության մեջ տեղի են ունենում հստակ փոփոխություններ: Աստիճանաբար դա բերում է ուսանելու և վերլուծական մտածողության ունակության կորստի: Հետևությունները մխիթարական չեն. կայքերի մշտական և արագ դիտումները բերում են նրան, որ մարդու ուղեղը կորցնում է լուրջ մտածողության և ինտելեկտուալ աշխատանքի կարողությունը:

Վատթարանում է հիշողությունը: Առաջանում է անքնություն: Ընկղմվելով համաշխարհային սարդոստայնի ցանցի մեջ` մարդը կորցնում է ուրիշ մարդկանց հետ իրական շփման ընդունակությունը: Այսինքն, ինչու՞ հանդիպել ընկերների հետ, եթե կարելի է նրանց հետ խոսել սոցցանցերի միջոցով, կամ Skype-ով, ինչու՞ գնալ խանութ ապրանք գնելու, եթե կարելի է այն ձեռք բերել տնից դուրս չգալով և այլն: Այսինքն, համացանցի հարմարավետությունները, որպես առավելություններ, արդեն երկարատև, սխալ, անխոհեմ օգտագործմամբ ստեղծում են լուրջ խնդիրներ և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական առողջության համար: Երկար ժամանակ անցկացնելով էկրանների մոտ վնասում ենք մեր տեսողությունը: Նստակյաց կյանքը համակարգչի մոտ առաջացնում է ողնաշարի և հոդերի տարբեր խնդիրներ, նաև սրտանոթային հիվանդություններ: Որոշ դեպքերում անառողջ, խիստ կապվածությունը համացանցի տեղեկատվական տեխնոլոգիաներին նույնիսկ հասցնում է ինքնասպանության: Ինտերնետ-կախվածությունը կարող է պատճառ դառնալ ընտանեկան հարաբերությունների վատթարացման (ծնողների ու երեխաների, նաև ամուսինների միջև): Որովհետև ընտանիքի անդամները իրար չեն տեսնում` ժամերով գտնվելով էկրանների առաջ: Սառչում են ամուսինների հարաբերությունները, և քանդվում ընտանիքները: Ինտերնետ-կախվածությունը ժամանակակից հասարակության լուրջ խնդիր է, որն իրավամբ կարելի է կոչել 21-րդ դարի ժանտախտ:
Որո՞նք են ինտերնետ-կախվածության ձևերն ու տեսակները, և ինչպե՞ս ազատվել դրանից` այդ մասին կխոսենք առաջիկայում:


Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆ
Դարբասի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ