Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկ ընդհանուր առմամբ՝ 9-րդ անգամ

Իսկ ընդհանուր առմամբ՝  9-րդ անգամ
09.07.2019 | 02:51

Ամերիկայի գավաթի այս վերջին խաղարկության երրորդ տեղի համար հանդիպեցին Արգենտինայի ու Չիլիի ընտրանիները։ Անգամ այս մակարդակում այն ավելի քան սպասված էր ու ահա թե նաև ինչու ենք այս դիմակայության մասին խոսում առաջնահերթությամբ՝ ավելի հետոյին թողնելով խաղարկության թիվ մեկ դիմակայությունը, որտեղ ուժեղագույնի կոչումը վիճարկեցին Բրազիլիայի ու Պերուի հավաքականները։

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԵՑԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ
Հանգամանքների բերումով մեզ բաժին հասած արևմտյան կիսագնդի ֆուտբոլային այս ամենահեղինակավոր խաղարկության վերջին երկու եզրափակիչներում հանդիպել են Արգենտինայի ու Չիլիի ընտրանիները, երկուսում էլ հաղթել են վերջիններս՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի գլխավորությամբ հանդես եկող հավաքականին թողնելով պարտության դառնությունը։ Վերջին երկուսում ունեցած առաջին տեղից հետո երրորդ տեղի համար գլուխ կոտրելը չիլիացիների համար, հասկանալի է, բացառիկ կարևորության խնդիր չէր, եթե, իհարկե, մրցակիցը չլիներ աշխարհում առանձնակի համարում ունեցող Արգենտինան։ Իր հերթին այս վերջինիս համար երրորդ տեղի համար մրցակցությունը գրեթե զրոյական արժեքի բան կլիներ, եթե մրցակիցը չլիներ վերջին երկու, չկրկնեմ, մնացածը գիտեք։
Ի՛նչ ընթացք ունեցավ խաղը։
Առաջին տասը րոպեն արգենտինացիների համար Չիլիի դարպաս տանող ճանապարհի որոնում-փնտրտուք էր, չիլիացիների համար՝ արգենտինացիների բառացիորեն փառահեղ ճնշում-գամում նրանց իսկ կիսադաշտի մասնաբաժնում։ Հետոն հետո սկսվեց, ու դրա սկիզբը դրեց Մեսին, որն այնքա՜ն փառահեղ խաղարկեց տուգանայինը, որ մինչ խաղադաշտում եղած բոլոր ֆուտբոլիստներն ապշանքի մեջ էին, Ագուերոն ձեռքից բաց չթողեց ֆուտբոլի արքայի շլացուցիչ փոխանցումը։
Ի միջի այլոց, այս հետոյի հետոն էլ պակաս շքեղ չէր։ Հերթական անգամ ձախողվեց Չիլիի պաշտպանությունը, ու Պաուլո Դիբալան հաշիվը կրկնապատկեց՝ հավաքականի կազմում խփելով իր լավագույն գոլերից մեկը, եթե ոչ լավագույնը։

ԻՆՉ ՉԷՐ ԵՂԵԼ ՈՒՂԻՂ
14 ՏԱՐԻ
Սրանից հետո խաղադաշտ «մտավ» նորին գերազանցություն ստորություն-կոպտությունը, և հանդիպումը վերածվեց մանր կրքերի հաշիվների մաքրման, ու դեպքերի այդ շարանի մեջ եղավ այն, ինչ չէր եղել ուղիղ տասնչորս տարի։
Այդ ի՞նչ իրադարձություն է, որ, խաղի մեկնաբանությունը կիսատ թողած, այդպես կարևորում ենք։
Մեսիին խաղադաշտից հեռացնելը։
ՈՒ հետաքրքրականն այն է, որ իրականում բան չեղած տեղը։
Ակնկալել, թե սույն քայլով հանդիպման մրցավարը փորձում էր ձեռքից արդեն իսկ հիմնապես բաց թողած խաղը բերել նորմալ հուն, մանկամտություն էր, որովհետև դաշտում կոպտությունը ձնագնդի պես զանգված էր հավաքում։
Ակնկալել, թե այդ նույն մրցավարը դրանով փորձում էր պատմություն մտել, փոքր-ինչ դժվար է պնդելը, սակայն փաստը մնում է փաստ, որ, այո, տասնչորս տարի անց Մեսին իր մարզական կենսագրության մեջ արժանացավ խաղից հեռացված լինելու «պատվին», ու այս երկրորդ անգամը տրամաբանությանը ոչնչով չդիմացող հանգուցալուծումների շարքից էր։
Ինչևէ։ Երկրորդ խաղակեսում Չիլիի ընտրանին կրճատեց հաշվի տարբերությունը։ Դա արեց Արթուրո Վիդալը՝ տասնմեկմետրանոցից, սակայն ավելիի համար ուժ չկար այլևս, իսկ ֆուտբոլասերի համար, խոշոր հաշվով, միակ ցանկալի բանը մնում էր այդ հանդիպման վայրկյան առաջ ավարտվելը, որովհետև խաղադաշտում կոպտությունների հաղթահանդես էր, և կարդացվում էր այդ գեղեցկագույն մարզաձևի դամբանականը։

ՃԻՇՏԸ ՏԱԶ ԱՆԵԼ, ՏԵՂԸ ՎԵՐ ԸՆԿՆԵԼՆ Է
Խաղը, այսպես թե այնպես, ի վերջո ավարտվեց։ Վիրավորված Մեսին այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ՝ մասնակցելու պարգևատրմանը։ Ավելին՝ հայտարարեց, որ առաջնությունում արդար մրցավարություն չի եղել, ու որ իր հավաքականը զոհ է, և որ ամեն ինչ արվում է Բրազիլիային առաջնության հաղթող դարձնելու համար։
Բնականաբար, մեղադրանքն անարձագանք չմնաց, ու դրանում փութաց ԽԿծԾժըԿխ--ը՝ Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ասոցիացիայի մայր կառույցը` Մեսիի ներկայացրած մեղադրանքների ժխտում-մերժումով։
Սակայն եկեք չմոռանանք, որ մեջտեղը համարժեքության խնդրի բացակայության պարագան կա, որքան էլ առաջին հայացքից կառույցը ներկայանում է ավելի «սոլիդ» դիրքերից։ Իսկապե՛ս եկեք չմոռանանք, որ գնահատական տվողը աշխարհի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է, որին ֆուտբոլում այդ կառույցից ավելի շատ են ճանաչում, ու որը ֆուտբոլի պատմության մեջ կա ու ընդհանրապես կմնա իր չափված-ձևված պահվածքով։ Այնպես որ, կներեք՝ ԽԿծԾժըԿխ է, թե ֆուտբոլային մեկ այլ համքարության ներկայացուցչություն, դիմացն այնպիսի տրամաչափի մեծություն է, որ ավելի ճիշտ կլինի տազ անես, վեր ընկնես տեղդ, մանավանդ որ, ցուցանվող բաներն էլ ավելի քան առկա են։
Գուցե թե հարկ եղածից ավելի ենք սրում եղած կոնֆլիկտը, սակայն, որ այդ նույն ԽԿծԾժըԿխ-ը հաջորդ անգամ ավելի կշռադատված կլինի այդ նույն մրցավարների ընտրության հարցում, չեմ կարծում, թե որևէ մեկը տարակարծիք կլինի։ Համենայն դեպս, «ամպը» գոռացել է, «տերտերը», որքան էլ ոչ ռուս մուժիկ, հարկադրված է խաչակնքել, ու սա այն խաչակնքումներից է լինելու, որը չի ավարտվելու շատ պարզունակ, անհետևանք ինքնախոստովանմամբ, թե, դիցուք, Նիկոլայոսը ճիշտ էր, ես՝ սխալ, դրա համար էլ գնում եմ թոռանս հետ մարմարե սեղանի վրա շախմատ խաղալու, ու մնացածի հերն էլ անիծած։

ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ ՄՂՎԱԾԸ
Իր կարգավիճակով մրցաշարի թիվ մեկ հանդիպումը Արգենտինա-Չիլի դիմակայությունից մեկ օր անց էր, 74 հազար 738 հանդիսական տեղավորող լեգենդար «Մարականա» մարզադաշտում։ Քչերն էին կասկածում, որ Բրազիլիայի ընտրանին կհասնի եզրափակիչ, իսկ թե այդ մասին կոնկրետ Մեսին ինչ էր ասել, վերևում արդեն հիշատակել ենք, չկրկնենք։ Մինչդեռ Պերուն իսկական անակնկալ մատուցեց՝ 44 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս գալով եզրափակիչ։ Պերուացիներն արդեն իսկ իրենց գլխից բարձր ցատկել էին, մնում էր այդ ցատկը մի անգամ էլ անել։ Սակայն մինչ այդ եկենք տեսնենք, թե այս թիմերն ինչպես էին հասել եզրափակիչ։
Տիտեի գլխավորած հավաքականը, բնականաբար, նախորդ հինգ խաղում էլ հաջողել էր, որ եկել, հասել էր եզրափակիչ։ Այդ հինգ մրցակցից միայն Վենեսուելայի ու Պարագվայի ընտրանիներին է հաջողվել խաղի հիմնական ժամանակում ոչ-ոքի խաղալ աշխարհի հնգակի չեմպիոնների հետ։ Ընդ որում, այս երկուսի խաղացած ոչ-ոքիների առանցքում էական տարբերություն կա։ Առաջինի հետ խմբայինում խաղացած ոչ-ոքին ֆունկցիոնալ ոչ մի նշանակություն չուներ, իսկ ահա երկրորդի հետ ոչ-ոքին փլեյօֆյան փուլում էր և կարող էր լինել ճակատագրական, եթե հետխաղյա 11-մետրանոցները բրազիլացիների համար դրական ելք չունենային։ Ինչ վերաբերում է մյուս երեք խաղին՝ հերթով ծնկի բերվածները Բոլիվիայի (3-0), եզրափակչում նրա հետ չափվելու իրավունք ձեռք բերած Պերուի (5-0) ու Արգենտինայի (2-0) հավաքականներն էին։
Դառնանք հինավուրց ինկերի ու ացտեկների ժառանգներին։
Նրանք մրցաշարը սկսեցին Վենեսուելայի հետ գոլազուրկ ոչ-ոքիով, ապա 3-1 հաշվով հաղթեցին Բոլիվիային և ջախջախիչ պարտություն կրեցին արդեն գիտեք ումից։ ՈՒրուգվայի հետ քառորդ եզրափակչից առաջ թվում էր, թե պերուացիների համար մրցաշարն ավարտված է, սակայն եղավ խաղի հիմնական ժամանակի անակնկալն ու հետխաղյա «ռուլետկան», որտեղ որոշիչ եղան պերուացիների դիպուկությունն ու Լուիս Սուարեսի ճակատագրական վրիպումը, որը խարանի պես դարձավ նրա մնացած ողջ կյանքի անբաժան մասը։
Սակայն կյանքում լինում է և այնպես, որ երբ հեքիաթը սկսվում է, մի տեսակ կարծես թե չի շտապում ավարտվել։ Պերուացիների համար այդ հեքիաթը եղավ Չիլիի ընտրանին, որին նրանք շարքից հանեցին՝ հաջողության հասնելով երեք անպատասխան գնդակի առավելությամբ։
Դառնալով ավելի շատ ժամանակային խորք գնացող պատմությանը՝ հարկ է նշել, որ այս հավաքականը երկու անգամ հաղթել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությունում, սակայն այն ժամանակներում մրցաշարն այլ ձևաչափով է անցկացվել։ 1935 թվականին պերուացիները չեմպիոնության հասան՝ հաղթելով խմբային փուլում, իսկ քառասուն տարի անց, 1975 թվականին, Կոլումբիայի հետ ունեցան երեք եզրափակիչ. արտագնայում պարտություն կրեցին նվազագույն հաշվով, պատասխան խաղում տոնեցին հաղթանակ (2-0), և ամեն ինչ վերջնականապես վճռվեց կարակասյան դիմակայությունում, որտեղ հաղթանակի հասան նվազագույն առավելությամբ։
Պատմական մի փոքր էքսկուրս էլ անենք ու նոր դառնանք կայացած եզրափակչին։ Բրազիլիան և Պերուն միմյանց դեմ խաղացել են 28 անգամ։ «Պենտակամպեոնները» տոնել են 19 հաղթանակ, 6 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Ասել է թե այդ դիմակայություններում պերուացիների համար լուսավոր հանդիպումները տակը մնացած երեքն են։ Խոսուն է և խփած-բաց թողած գնդակների տարբերությունը՝ 59-18։ Միայն Ամերիկայի գավաթի շրջանակում մրցակիցները հանդիպել են 18 անգամ, Բրազիլիան տոնել է 12 հաղթանակ, Պերուն՝ 3, երեք խաղում էլ հաղթողը չի որոշվել։


Վիճակագրությունը, պատմությունն ու այս երկուսին հավելած հավաքականների մակարդակները խոսում էին այն մասին, որ Բրազիլիայի ընտրանին այս խաղարկությունում էլ պրոբլեմներ պիտի չունենար ու չունեցավ էլ՝ 3։1 հաշվով վստահ հաղթանակ ու հյուրընկալած հինգերորդ խաղարկությունում էլ նորից գավաթի նվաճում (1919, 1922, 1949, 1989, 2019)։ Իսկ ընդհանուր առմամբ՝ 9-րդ անգամ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ