Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրանը Սիրիայում՝ դաշնակցից սուպոստատ

Իրանը Սիրիայում՝ դաշնակցից սուպոստատ
22.07.2019 | 10:37

Մի շաբաթ առաջ Սիրիայի հարավում սպանվեց սիրիացի իրանամետ բրիգադային գեներալ Հաֆեզ Մահլուֆը: Նրա ավտոմեքենան պայթեցվեց Բացր Ալխարիրի մերձակայքում: Մեկ ժամ հետո Մահլուֆի սպանության վայրից ոչ հեռու իրանամետ զինյալները ի նշան հատուցման՝ հարձակվեցին ռուս զինվորականների երկու մեքենաների վրա: 3 մարդ վիրավորվեց: Փաստորեն՝ իրանցի զինվորակնները տեղում գտնում են, որ իրենց բարեկամ բրիգադային գեներալի սպանությունը իրականացվել է ռուս սպաների հրամանով: Դա չի նշանակում, որ ռուս զինվորականների դեմ ահաբեկչության հրամանը տրվել է Թեհրանից, բայց Թեհրանի ընդհանուր հրահանգները ակնհայտորեն նպաստում են լարվածության աճին իրանցի վարձկանների և Սիրիայում գործող ռուսական զորամիավորման միջև: Արդեն փոթորկվող կոնֆլիկտի ապացույց են արյունոտ դրվագները ռուսամետ ու իրանամետ ուժերի միջև Դիր Ազուրում: Այդ քաղաքը կառավարում են շիա ավազակախմբերը՝ ռուսական համառ ջանքերով ԻՊ-ի հեռանալուց հետո: Երկու ամենախոշոր զինված խմբավորումներն այնտեղ չմարող կոնֆլիկտի մեջ են՝ իրանամետ ոստիկանությունը՝ Ֆիրաս Ալջիհամի «Ազգային պաշտպանությունը» և ռուսամետ «Ռազմական անվտանգություն» խմբավորումը: Ալջիհամը օրերս ճզմել էր ռուսամետ բանդայի զինյալին: Միջադեպը վերածվեց կռվի՝ ավտոմատներով ու ավելի ծանր զինատեսակներով: Երկու կողմում էլ գերազանցապես Սիրիայի քաղաքացիներ են, որ հավատարիմ են Բաշար Ասադին: Մշտական արյունոտ բախումները հանգեցրել են Ասադի բանակի դիրքերի թուլացմանը հյուսիսային ճակատում: Կառավարական ուժերը պարտություն պարտության հետևից են կրում՝ չնայած օդից ռուսական աջակցությանը: Գործերն այնքան վատ են, որ ռուսական հատուկ ջոկատայիններ են ուղարկվել Իդլիբի շրջան՝ դիմադրելու Թուրքիայի աջակցությունը վայելող սունիների հարձակմանը: Իրանական զորամիավորումներ այնտեղ չկան: Նրանք շրջանը համարում են Թուրքիայի և ռուսամետ սիրիացիների վերահսկողության տակ գտնվող ու չեն շտապում օգնության գնալ: Սիրիան սունիներից պաշտպանելու Իրանի ցանկությունը մարելու այլ պատճառներ էլ կան: Վերջերս նրանք ձգտում են խուսափել զոհերից, որ չմեծացնեն իրենց քաղաքացիների առանց այդ էլ աճող զայրույթը Սիրիայում կատարվող ծախսերից: Իրանի Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսը նախընտրում է օգտագործել Հեզբոլահը և իրաքցի, աֆղան և այլ երկրների շիա զինյալներին: Բայց այդ վարձկանները հեռանում են Սիրիայից, որովհետև պատժամիջոցներից թուլացած Իրանը չի կարողանում նրանց վճարել նույնիսկ ամսական 300 դոլար: Շիա վարձկանների կեսն արդեն հեռացել է Սիրիայից: Վստահաբար՝ այս դիմակայության մեջ հաղթելու է Ռուսաստանը: Իրանը կարող է արձանագրել, որ սիրիական արշավանքն իր համար ավարտվում է: Դեպի Միջերկրական ծով դուրս գալու սկզբնական ծրագրերը կարող են մոռացության տրվել: Մինչև վերջերս Իսրայելը կործանրար հարվածներով նրանց ցույց էր տալիս, որ թույլ չի տա հարևան Սիրիան վերածել իր դեմ ագրեսիայի պլացդարմի: Հիմա նաև Ռուսաստանն է սկսել ակտիվորեն հակառակվել Իրանի ներկայությանը Սիրիայում: Բոլորովին վերջերս Մոսկվան Երուսաղեմի հետ «հաշվի էր նստում» Իրանի ուժերին սահմանին մոտ չթողնելու հարցերում: Հիմա ակնհայտ է՝ Ռուսաստանը չի ցանկանում հաշտվել Իրանի պահնորդների կորպուսի սաների ագրեսիվ գործողությունների հետ իր զինվորականների ու իր դաշնակից Սիրիայի նկատմամբ:
Այս փուլում Մոսկվան ու Թեհրանը սահմանազատվում են՝ ջանալով հաճախակի կոնֆլիկտների մեջ չմտնել ճանապարհներին ու պահակակետերում: Բայց ոչ միշտ են հրամանատարների հրահանգները յուրացնում նրանք, ում չի կարելի անվանել ուղղակի ենթակա: Դուք այս ամենից ինչ-որ բան հասկացա՞ք: Եթե այո, ուրախ եմ: Ես գլուխ չեմ հանում մերձավորարևելյան զիզագներից: Միայն հասկացել եմ, որ Ռուսաստանը լավ ամրապնդվել է Սիրիայում, իսկ Թուրքիան ու Իրանը դաշնակիցներից վերածվել են սուպոստատների:
Ավիգդոր Էսկին, Regnum


Հ.Գ. Ով տեղյակ չէ, ասեմ՝ Ավիգդոր Էսկինը հրեա է, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ: Եվ պարտադիր չէ, որ նրա բոլոր դիտարկումները իրականության հետ համընկնեն: Բնականաբար՝ նա իբրև իսրայելցի, դեմ է, որ Իրանը Սիրիայում հաստատվի, բայց Թեհրանը Սիրիա է մտել Դամասկոսի համաձայնությամբ, ի տարբերություն Անկարայի: Ռուս-իրանական բախումների մասին միայն նա չի գրում, կան նաև այլ վկայություններ՝ ռուսների: Տրամաբանական է, որ որքան պատերազմը մոտենում է ավարտին, Ասադն այնքան ցանկանալու է ազատվել բոլոր օտարազգի զինյալներից: Չի բացառվում նաև ռուսներից, որ Սիրիայի նախագահի նոր թեկնածու կարող են առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում՝ Ալի Մամլյուկին՝ Սիրիայի փոխնախագահին: Բայց ռուսներից ազատվելը այդքան հեշտ չէ՝ նրանք պայմանագրային հիմունքներով են Սիրիայում, օրինական ու տևական: Առավել շատ են հակասությունները Թուրքիայի հետ՝ Էրդողանը չի ցանկանում ոչ հեռանալ, ոչ դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումն ու զինումը՝ պատճառաբանելով քրդերի դեմ պայքարով: Հաշվի առնելով ռուս-թուրքական հերթական մեղրամիսը, Ասադը շուտ չի ազատվի թուրքերից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ