Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ինչպիսին կարող էր լինել Երևանը, կամ հին գինին քաղցր է…

Ինչպիսին կարող էր լինել Երևանը, կամ հին գինին քաղցր է…
02.09.2019 | 18:03

2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա քաղաք հայտնաբերվեց, որն անցնում էր Աբովյան, Ամիրյան փողոցների, հրապարակի տակով և հասնում հին Կոնդի տարածք: Սակայն հենց նույն տարում էլ ստորգետնյա քաղաքի վրա ցեմենտ լցվեց ու ասֆալտապատվեց: Ուշագրավ այս բնորոշմանը հանդիպում ենք «Սպուտնիկ Արմենիա» կայքում:

Մի՞թե հնարավոր չէ, որ հինն ու նորը միասին գոյատևեն: Այդպիսի օրինակներ ամբողջ աշխարհում շատ կան. Ֆրանսիայում, օրինակ, Լուար գետի ափին կա 13-րդ դարում կառուցված մի ամրոց՝ Շատո դը Պռե (Château de Pray), որն այժմ ծառայում է որպես հյուրանոց: Անփոփոխ են մնացել շինության թե՛ արտաքին տեսքը, թե՛ ներքին հարդարանքը: Այսինքն, պատմաճարտարապետական կոթողը պահպանվել է, բայց դրանից ամենևին էլ բիզնեսը չի տուժել:
Վերադառնանք մեր թեմային` հնի-նորի: Ասենք, ո՞ւմ էին խանգարում հին տրամվայները: Օրինակ՝ Լիսաբոնում,Ստամբուլում պահպանվել են հին տրամվայները: Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն է։ 2004-ի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնի, տրամվայի հավաքակայանն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլեյբուսին։


Համոզված եմ, որ յուրաքանչյուր, ամենաչնչին իսկ թվացող կորստից հետո Երևանն ավելի է կորցնում իր դեմքը, անկրկնելի համն ու հոտը: Շատ ենք պարծենում, որ մեր քաղաքը հին է, հարուստ քաղաքակրթություն ու մշակույթ ունենք: Ապացույցներ են պետք: Կենդանի ապացույցները վերացվել են ու վերացվում են: Երիտասարդական պալատը, Կենտրոնական կամ ծածկած շուկան... Չկան այս հրաշք շինությունները, մնացել են պատմությունը, հիշողությունները:
Գիտե՞ք, որ ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել էին բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր Երևանում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողﬔրից տեսանելի տեղում: Ընտրվեց Քանաքեռի բարձունքը` Աբովյան փողոցի վերջում, որտեղ ավարտվում է Ալեքսանդր Թամանյանի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը: Պալատի կառուցման նպատակն էր, որ տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիուﬓեր, փառատոներ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում: 2005 թ. հոկտեմբերի 20-ի Երևանի քաղաքապետարանի քանդման N40 թույլտվությամբ երկու տարում Երևանի նախկին Երիտասարդական պալատի հյուրանոցային մասնաշենքը քանդվեց «Հայսեյսմշինի» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ներկայումս պալատի տարածքը վերածվել է գործող հսկայական քարհանքի:


1968 թվականին Կենտրոնական ծածկած շուկայի շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։ Այժմ մասնավոր սեփականություն է, գործում է որպես առևտրի կենտրոն։ Պողոս-Պետրոսը, Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը՝ կառուցվել է 5-րդ դարում: Դասվում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված տիպիկ ուշ միջնադարյան եռանավ խոշոր բազիլիկ եկեղեցիների տիպին, որոնք անգմբեթ էին: Ժամանակի ընթացքում մի քանի անգամ վերանորոգվել է : Ճարտարապետական առումով այն գրավիչ չէր, սակայն Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ, միաժամանակ, հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, կարևոր դեր ուներ քաղաքի քրիստոնեական կերպարի համար: Եկեղեցու պատերին պատկերված էին՝ սբ.Պողոս ևՊետրոս առաքյալների դիմանկարները, ինչպես նաև կային որմնանկարներ, մասնավորապես՝ ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր էին պատկերված: Եկեղեցին քանդելիս այդ որմնանկարները խնամքով շերտ առ շերտ տեղից հանվել և փոխադրվել են տարբեր թանգարաններ. ստորինը պահվում է Երևանի պետական պատկերասրահում, իսկ մյուսները՝ Հայաստանի պատմության թանգարանում: Չնայած այն փաստին, որ Ալեքսանդր Թամանյանը և Աշխարհաբեկ Քալանթարը դեմ էին արտահայտվել եկեղեցու քանդմանը, այնուամենայնիվ, այն քանդվեց խորհրդային իշխանություների կողմից 1931 թվականին: Եկեղեցու տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնը:


Այսօր էլ , իբրև ամենաթարմ օրինակ, կարող եմ նշել, որ հարցականի տակ է Արամի 23-ը: Պետք է բարձրաձայնվի խնդիրը, թե՛ հանրությունը պետք է պահանջատեր լինի, թե՛ մասնագետները: Նորակառույցների մասին երևանցիներն ասում են, որ քաղաքում օդ չկա շնչելու, ինչը վերաբերում է նաև Հյուսիսային պողոտային: 2006 թվականին Երևանի գլխավոր հատակագծի ընդունման ժամանակ հաշվի չառնվեցին էկոլոգիական նշանակությամբ մի շարք խնդիրներ: Ցանկացած գործարար, որը ցանկանում է կառուցել առևտրի կենտրոն՝ քանդելով պատմաճարտարապետական կոթողը, պետք է մտածի, որ քանդելով պատմաճարտարապետական կոթողը՝ քանդում է իր պատմությունը : Պարտադիր չէ քանդել հինը: Կարելի է հինն ու նորը գեղեցիկ կերպով զուգակցել: Պատմամշակութային հուշարձաններ արդեն չկան:Մտածել է պետք …

Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ