Մեկնարկը տրված է. առջևում Ստամբուլն է
20.09.2019 | 01:58
Երեքշաբթի-չորեքշաբթի կայացած դիմակայություններով մեկնարկեց եվրոպական ու առհասարակ համաշխարհային ակումբային ֆուտբոլի ամենահզոր մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: Ասել է թե ֆուտբոլասերը եվրոպական ֆուտբոլային առաջնակարգ տերությունների ներքին առաջնությունների կողքին բարձրակարգ ֆուտբոլ վայելելու ևս մեկ հնարավորություն է ստանում (հայրենական ակումբային ֆուտբոլը չընդունելու հնարավոր մեղադրանքներից խուսափելու համար ասենք, որ ֆուտբոլասերը նույնքան անկաշկանդ է սեփական նախապատվությունների հարցում, ուստի միանգամայն ազատ է իր ընտրության մեջ): Ելնելով նրանից, որ խաղարկությունը նոր է սկսվել, հետևաբար առանձնակի հետաքրքրություն չկա հանդիպումները խմբայինի տեսքով ներկայացնելու համար, դրանք այս անգամ ընթերցողին հրամցնենք կամայական մատուցմամբ:
ՕՐ ԱՌԱՋԻՆ
Օրվա մրցակցությունների մեջ հանդիպումների հանդիպում էին ներկայանում Դորտմունդի «Բորուսիա»-«Բարսելոն», «Նապոլի»-«Լիվերպուլ» դիմակայությունները:
Սկսենք առաջինից: «Բարսելոնի» երկրպագուներիս համար դաժան բան եմ ասելու, սակայն ոչ հեռավոր ապագայում պարտադրված ենք կատալոնյան ակումբն առանց արքայական Մեսիի տեսնել (ավաղ, ժամանակն անում է իր դաժան գործը), իսկ «Բարսելոնն» այս հեքիաթային ֆուտբոլիստով ավելի քան գերակումբ է, առանց նրա՝ պարզապես գերակումբ, որից Եվրոպայում, համենայն դեպս մի քանիսը կա: Ընթերցողը, բնականաբար, կարող է հարցնել, թե մոտ ապագայում արդյո՞ք չենք տեսնում Մեսիին լիարժեք փոխարինողի՝ այն էլ տակավին պատանյակ Ֆատիի պարագայում, որը գերաստղ դառնալու հիրավի բոլոր տվյալներն ունի: Պատասխանեմ՝ երկնակամարում աստղերը շատ են, սակայն պայծառությամբ Հյուսիսային աստղն անգերազանցելի է:
Այս ընդհանրական խոսքից անցնենք մասնավորածին:
Առաջին խաղակեսում «Բարսելոնն» իսկապես ճնշեց տանտերերին, սակայն երկրորդում տոն տվողը դորտմունդցիներն էին ու եթե մի փոքր ավելի հաջողակ լինեին, կարող էին մրցակցին պատժած հեռանալ խաղադաշտից: Համենայն դեպս տասնմեկմետրանոցից Ռոյսի վրիպելը ասվածի համոզիչ ապացույցն է:
Միանգամայն անակնկալ հանգուցալուծում ունեցավ «Նապոլի»-«Լիվերպուլ» դիմակայությունը: Հանդիպման ավարտին նեապոլցիները կասկածելի տասնմեկմետրանոց վաստակեցին, ու, ի տարբերություն Ռոյսի, Մերտենսը չվրիպեց, չնայած Ադրիանը մազ էր մնացել հետ մղեր գնդակը, սակայն ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ տվյալ պարագայում մազը չափի միավոր չի կարող հանդիսանալ: Հաշիվը հավասարեցնելու պոռթկման մեջ լիվերպուլցիները հավելյալ ժամանակում մի գոլ էլ բաց թողեցին ու մնացին պատասխան խաղում վրեժը լուծելու հույսին:
Քիչ էր մնացել կատարյալ սենսացիայի հեղինակ դառնար չեխական «Սլավիան» ու, ոչ ավել-ոչ պակաս, արտագնայում: «Ինտերը» միայն հավելյալ ժամանակում է կարողացել վերականգնել հաշվի հավասարությունը՝ 1:1, ու թե Անտոնիո Կոնտեն հանդերձարանում ինչ կրակ է թափել իր սաների գլխին, դժվար չէ պատկերացնել: Նմանատիպ հաշիվ է արձանագրվել և «Լիոն»-«Զենիթ» մրցակցությունում: Այստեղ էլ ձեռքից բաց թողած հաջողության համար տանտերերը պիտի լոկ իրենց մեղադրեն: Ինչ վերաբերում է ռուսներին, նրանք հայրենիք են վերադառնում տրամադրությունները միլիոն:
Շատ ավելին էր սպասվում անգլիական «Չելսիից», որի մրցակիցը իսպանական «Վալենսիան» էր: Ողջ խաղում ահռելի ճնշման տակ պահելով մրցակցին՝ «ազնվականները» «հաջողեցին» գոլ «ուտել» ու խաղի մնացած ժամանակահատվածն ապրել գոնե հաշիվը հավասարեցնելու հույսով: Այդ շանսը նրանց տրվեց, սակայն եթե անգամ տասնմեկմետրանոցից է թիմը վրիպում, էլ ինչ ասես: Համենայն դեպս, ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին մտորելու քիչ խնդիրներ չառաջադրեցին:
«Վալենսիայի» օրինակով դրսում հաղթանակ տոնեց և բունդեսլիգայի առաջատարը՝ «Լայպցիգը»: Մինչև «Բենֆիկան» ուշքի եկավ, գերմանացիներն արդեն երկու գոլ էին հեղինակել (դուբլ է արել Վերները): Այնպես որ, Սեֆերովիչն ընդամենը հեղինակության գոլը կարողացավ խփել:
Նկատենք, որ առաջին օրվա հանդիպումներից լոկ երկուսն է ավարտվել խոշոր հաշվով: Հոլանդական «Այաքսը» երեք անպատասխան գնդակի առավելությամբ ճզմել է ֆրանսիական «Լիլին», իսկ ավստրիական «Զալցբուրգը» պինգ-պոնգ է խաղացել դանիական «Գենկի» հետ. համենայն դեպս, 6:2 հաշվով պարտությանն այլ որակում չես կարող տալ:
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Մրցաշարային երկրորդ օրն աչքի ընկավ գոլերի առատությամբ՝ միջին հաշվով մեկ խաղի կտրվածքով արձանագրելով դարպասի երեք գրավում, իսկ օրվա թոփ երկու դիմակայությունը Մադրիդի «Աթլետիկո»-«Յուվենտուս», «Պարի Սեն Ժերմեն»-Մադրիդի «Ռեալ» զույգերի միջև էր: Որքան էլ տարօրինակ է, առաջինի գերլարվածության կողքին երկրորդը բավականին անդեմ ստացվեց, ու դրանում իր «ծանրակշիռ» ներդրումն ունեցավ «գալակտիկոսը»: Ինչ վերաբերում է տանտերերին, դաշտում չունենալով հարձակման գծի և ոչ մի հիմնական խաղացող (տարբեր պատճառներով չէին մասնակցում թե՛ Նեյմարը, թե՛ Մբապեն, և թե՛ Կավանին), նրանք յուրաքանչյուր հարձակվողի հաշվարկով մեկական գոլ հեղինակեցին՝ խաղը շահելով մրցակցի համար անպատշաճ 3:0 խոշոր հաշվով: Սա գոտկատեղից էլ ներքև ստացած հարված չէ, որ ցավից ծռմռվես ու այնուամենայնիվ ոտքի վրա մնաս: «Պարի Սեն Ժերմենը» պարզապես նվաստացրեց Մադրիդի «Ռեալին» ու դրանում լուրջ մասնակցություն ունեցավ Անխել դի Մարիան, որին ժամանակին «սերուցքայինները» կազմից դուրս ունենալու թեթևամտությունն ունեցան:
«Աթլետիկո»-«Յուվենտուս» դիմակայությունում էլ մի այլ կարգի ողբերգություն արձանագրվեց, բնականաբար՝ «Յուվենտուսի» համար: Խաղը շահես 2:0 հաշվով ու վերջնահաշվում մեկ միավոր վաստակած հեռանաս խաղադաշտի՞ց: Սա պարտությունից էլ ծանր բան է: Բոլոր դեպքերում պատշաճը մատուցենք մադրիդյան ակումբին, որը պատվով դուրս եկավ ծանրագույն վիճակից ու փրկեց, ըստ էության, անհուսալիորեն տանուլ տված խաղը:
«Աթլետիկո»-«Յուվենտուս» դիմակայության հաշիվը նույնությամբ արձանագրվեց նաև «Օլիմպիակոս»-«Տոտենհեմ» մրցակցությունում, ու արժանին մատուցենք հույներին, ովքեր կարողացան փրկել խաղը, որն իր սցենարով ամբողջությամբ կրկնել է իսպանա-իտալական դիմակայությունը: Դառնալով անգլիական ակումբին՝ պիտի նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ընթացքում վստահ շահած խաղն այսպես անհուսալիորեն մսխվում է: Ակնհայտ է, որ Պոչետինոյի սաները հոգեբանական խնդիր ունեն խաղաժամանակն իննսուն րոպեի մեջ ընկալելու հարցում: Սակայն այնպես չէ, թե միայն «Աթլետիկո»-«Յուվենտուս» մրցակցության հաշիվն է կրկնվել: «Պարի Սեն Ժերմեն»-«Ռեալ» դիմակայության 3:0 հաշիվը ֆիքսվել է նաև «Բավարիա»-«Ցրվենա զվեզդա», «Շախտյոր»-«Մանչեստր Սիթի» մրցակցություններում: Առաջինում հաղթել են տանտերերը, երկրորդում՝ հյուրերը, ու եղածը միանգամայն օրինաչափ է, որովհետև մրցակիցները ներկայացնում են տարբեր քաշային կարգեր:
Թերևս առանձնակի հիշատակման արժանի հանդիպումներից է Զագրեբի «Դինամո»-«Ատալանտա» դիմակայությունը: Որքան էլ իտալական թիմի համար Չեմպիոնների լիգան դեբյուտային մրցաշար է, համենայն դեպս, խորվաթական ակումբն այն թիմը չէր, որին պիտի այսպես անհուսալիորեն զիջեր: Ինչևէ, առանց բավարար ինֆորմացիա ունենալու պայմաններում բավականին դժվար է խորքային վերլուծություն անել, բայց թե բաներ կան, որոնք տրամաբանության մեջ դժվարությամբ են տեղավորվում:
Ինչպես գործընկերներիցս մեկը դիպուկ նկատեց, Հիտլերը գերեզմանի մեջ հաստատապես ֆռաց «Բայեր»-Մոսկվայի «Լոկոմոտիվ» հանդիպումից հետո, ու ֆյուրերի սույն հարկադիր գործողության պատճառը դիմակայության 1:2 հաշիվն է: Բնականաբար՝ ի վնաս տանտերերի:
Ինչ վերաբերում է «Բրյուգե»-«Գալաթասարայ» հանդիպմանը, թուրքերը միավոր կորզած են հեռանում Բելգիայից. ոչ իրենք գոլ խփեցին, ոչ էլ դիմացինին թողեցին դա անել:
Ընդհանուր գծերով ահա այսքանը մարզասերին ուրախություն պարգևած Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին տուրի դիմակայությունների մասին, որոնք իսկապես քիչ հաճելի պահեր չպատճառեցին մարզասերին՝ օգնելով թարմացնել զգացողությունները: Սակայն, նյութը վերջակետելուց առաջ, ավելորդ չհամարենք նկատել, որ արձանագրված գոլերի առատության մեջ դուբլների կողքին եղել է երկու հեթ-տրիկ, ու դրանց հեղինակները վստահաբար գլխավորել են ռմբարկուների աղյուսակը: Նրանցից մեկը Զագրեբի «Դինամոն» ներկայացնող Օրշիչն է, մյուսը Հոլանդն է՝ ավստրիական «Զալցբուրգից»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ