Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող զարգացումներին զուգահեռ անտեսանելի ակտիվություն է նկատվում նաև Ղարաբաղյան հարցում: Գործընթացներն առայժմ ընթանում են գորգի տակ, այնուհանդերձ, «վերելակային» շփումներն արձանագրում են` ձևաչափային փոփոխության տարրեր ևս առկա են:
Ամենևին պատահական չպետք է համարել գեներալ Վիտալի Բալասանյանի գրոհը հենց այս պահին, որքան էլ շատերը պնդեն, թե Արցախը թևակոխում է նախընտրական փուլ, Բալասանյանը պարզապես խաղի մեջ է մտնում էնդշպիլով: Բալասանյանի մտքերը հեռագնա մեսիջներ էին` առաջին հերթին Արցախյան խնդրին առնչվող, ինչը ակնհայտ է նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան վերջին դիրսկուրսում:
Նախ՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ինչ-որ «իր նման» չէր. նա անչափ շատ ժամանակ «կորցրեց» Փաշինյանի վրա, ինչն իր հերթին ազդանշանում էր` հանդիպումների «անկանգ» ռեժիմի հատակում այլ օրակարգ կա: Պուտինի ոտնահետքերը Հայաստանում դեռ չէին սառել, Վալդայում խիստ հետաքրքիր մտքեր հայտնեց Սերգեյ Լավրովը. նա քննադատեց Փաշինյանի մոտեցումը` «Արցախը Հայաստան է, և վերջ» մտքերի մասով, օրինակ բերեց Կոսովոն, ուր ժամանակին ՆԱՏՕ-ի զորամիավորում մուտք գործեց: Պարզվում է, սակայն, «մեծ հայ» Լավրովը ոչ թե այդ փաստի վրա է շեշտադրումը կատարել, այլ չերևացող միտքն առնչվել էր Պրիշտինային, ուր նույն այդ օրերին ռուսական զորախումբ էր մուտք գործել: Ակնարկն առավել քան թափանցիկ էր:
Չմոռանանք` Արցախյան խնդրում գերտերությունների համար «ալֆան» և «օմեգան» մշտապես եղել է խաղաղապահների «բերետի» գույնը:
Ի շարունակություն` «նժդեհյան ասքն» էր: Առաջին հայացքից խնդիրն առնչվում էր ոչ թե Նժդեհի, այլ Նիկոլ Փաշինյանի «արձանին»` ԱՊՀ գագաթնաժողովում բարձրացված: Ամեն բան այդքան ծիծաղելի չէր լինի, եթե Փաշինյան Նիկոլն այդքան «պատրաստված» չլիներ իր անձեռակերտ արձանի բարձրացմանը` Նժդեհի պաշտպանությանը, եթե իր հոգեհայր Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ժամանակին նույնատիպ մտքեր արտաբերած չլիներ Նժդեհի թեմայով: Եթե ոչ վաղ անցյալում ռուսական հեռուստաալիքները Սերժ Սարգսյանի, նրա իշխանության դեմ նույնական արգումենտներ չբերեին: Սակայն ամենակարևորն այդ ամենում Նիկոլ Փաշինյանի ու «կիրթ» Իլհամ Ալիևի խիստ երկար` երկուժամանոց զրույցն էր ուտելու ժամին, իբր Նժդեհի արձանի «հարցով», որի ընթացքում «մի քիչ» էլ խոսել էին Արցախի խնդրից:
Լավ փաթեթավորված «լապշան» կախվեց բոլորի ականջներից, այդ թվում՝ միջազգային հանրության, ու առաջին հերթին` ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության, որն այս օրերին փորձում է հասկանալ` Թուրքիան կպահպանի՞ պայմանավորվածությունը` վերահսկողությունը հաստատել Սիրիայի հյուսիս-արևելքում 10 կմ շառավղով, թե՞ կփորձի թրքորեն առաջ գնալ` անկախատեսելի իրավիճակներ առաջացնելով թե՛ տարածաշրջանում, թե՛ առկա պայմանավորվածություններում` ֆորս մաժոր պարտադրելով բոլորին:
Նկատենք` Ռուսաստանը լուռ հետևում է սիրիական զարգացումներին, սպասում է, որ Դոնբասում Զելենսկին կյանքի կոչի Շտայմայերի պլանը, որը բխում է բացարձակապես Ռուսաստանի շահերից (սա ևս կարծես դեռ չի իրականանում)։ Ռուսաստանը աչքերն առայժմ փակում է սիրիական զարգացումների վրա, ձեռքը հստակ պահում ղարաբաղյան նյարդի վրա, «ճաշ» տալիս հակամարտող կողմերին:
Նկատենք` Փաշինյան-Պուտին վերջին շփումներից, ԱՊՀ «ճաշից» մեկ օր հետո Փաշինյանը հարկ համարեց հեռախոսազրույց ունենալ Վլադիմիրովիչի հետ` իբր Սիրիայի զարգացումներին առնչվող:
Մի խոսքով, Ղարաբաղյան խնդրում ձնագունդը կարծես սկսել է գլորվել: Ի դեպ, չմոռանանք. օրերս այնտեղ էր նաև երրորդ նախագահ, «լուռ» խաղացող Սերժ Սարգսյանը, որը, ըստ ամենայնի, այս փուլում չէր կարող հենց այնպես «կարոտել» հայրենի տանը, հարազատ օջախին, սիրելի ժողովրդին` իր ուրույն ֆլեշմոբի շրջանակներում:
Հասկանալիորերն, բոլորը սպասում են, թե «գեր», թե փոքր տերությունները, թե ինչքան արագ կկարողանա Թուրքիան «ուտել» քրդերի տիրապետության տակ գտնվող սիրիական տարածքը, ինչից էլ կարտածվեն առաջիկա զարգացումները:
Պատրա՞ստ են Հայաստանն ու Արցախը հետագա էսկալացիային: Իշխանության, «գերագույն գլխավոր հրամանատարի» մասով խիստ կասկածում ենք. ժողովրդի, ներքին դիմակայության, ձեռքբերումները պահպանելու մասով` հաստատ:
Գումարած` հայոց հաղթական բանակը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ