Երևանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահ, Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության մշտական հանձաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բավական խոստումնալից ու գեղեցիկ մտքեր է շարադրել Facebook-ի իր էջում: Խորհրդարանական աշխատանքին զուգահեռ՝ երկու տասնամյակից ավելի շախմատն իր կենսաձևը համարող պատգամավորը խոստանում է «լրջորեն զբաղվել խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել շախմատի բնագավառում առկա խնդիրներն ու բացերը»: Շեշտում է՝ շախմատը մարդու էության ձևավորման մեջ մեծ դեր ունի, և եթե հավատարիմ ես նրա սկզբունքներին՝ արդարամտությանը, համեստությանը և ճշգրտությանը, խաղաքայլերդ երբեք չեն շրջվի քո դեմ: «Եվ ուրեմն, շախմատի հանդեպ այսպիսի սիրով ու գիտակցումով ստանձնում եմ ինձ համար շատ կարևոր այս պատասխանատվությունը: Ի գործ»,- նոր «պորտֆելը» ստանձնելու կապակցությամբ գրառումն այսպես է ավարտել Մխիթար Հայրապետյանը:
Ազգային ժողով լուսաբանող գործընկերներս վստահաբար կփաստեն՝ Հայրապետյանը լրագրողների հետ հնարավորինս «չշփվող» պատգամավորներից է: Պետք է խնդրես, համոզես, որ հարցազրույց տա. կա՛մ մշտապես զբաղված է, կա՛մ «մոտը մարդ կա», կա՛մ նիստից է ուշանում: Օրերս Սիրիայում ծավալվող դեպքերի և տեղի հայ համայնքի մասին էինք ուզում զրուցել պատկան հանձնաժողովի նախագահի հետ: Օգնականներն ասացին, թե «համար թողեք, հենց պարոն Հայրապետյանն ազատվի, կզանգենք»: Մինչ օրս մենք զանգ չենք ստացել, Սիրիայի հայ համայնքի օժանդակության մասին տեղեկատվությունն էլ այլ խողովակներով ենք ճշտել: Անկասկած, տեղին է նշում իմքայլական պատգամավորը՝ թագավորն ու զինվորը միմյանցից պակաս կարևոր չեն, ու հուսով ենք մտքի ճշմարտացիությունը առաջիկայում նաև խորհրդարանական աշխատանքները լուսաբանող լրագրողները կզգան, որ պատգամավորների կողքին ոչ պակաս կարևոր գործ են անում պետության զարգացման ու առաջմղման համար: Քավ լիցի, միայն Մխիթար Հայրապետյանը չէ, որ լրագրողների համար գրեթե միշտ ժամանակ չունի կամ զբաղված է (բոլոր խմբակցություններում էլ կան «գերծանրաբեռված» պատգամավորներ), բայց եթե նույնիսկ այդպես է, ապա ինչպե՞ս է համատեղելու ժամանակ ու մտավոր ռեսուրներ պահանջող աշխատանքը խորհրդարանական գերլարված գործունեության հետ: Երևի նորից տուժողը մենք՝ լրագրողներս ենք լինելու, ու պատճառներին կավելանա ևս մեկը՝ շախմատի ֆեդերացիայում գործ ունեմ:
Անկեղծ ասած, բնավ հասկանալի չէ, թե 20-ամյա կենսափորձով 29-ամյա երիտասարդ պատգամավորը լրջագույն ինչ աշխատանք է տանելու և ինչ բացեր ու խնդիրներ է լուծելու, բայց մեր ունեցած տեղեկություններով, այս ոլորտում իսկապես խնդիրներ կան, որոնք սակայն առաջ են եկել նոր իշխանությունների թեթև ձեռքով: «Իրատեսի» աղբյուրը հայտնում է, որ այս օրերին իրավական գործընթաց է սկսվել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նկատմամբ, որի ավանդն ու ներդրումը, ջանքն ու նվիրվածությունը մեր երկրում շախմատի կայացման գործում իսկապես անուրանալի են: «Խոսքը, ըստ երևույթին, հենց շախմատի ակադեմիայի մասին է, որտեղ իրավապահներն ինչ-ինչ խախտումներ են փնտրում: Չենք կարծում՝ կհայտնաբերեն, բայց, ամեն դեպքում, նման վերաբերմունքն ուղղակի անշորհակալ լինել է»,- ասաց մեր զրուցակիցը: (Որոշ մանրամասներ փորձեցինք ճշտել Սմբատ Լպուտյանից, սակայն նա անհասանելի էր)։
Տարածաշրջանում իրավիճակը եռում է, իսկ մենք իրար վրա կեղտ բռնելու գործով ենք տարված: Թուրքիան, խախտելով միջազգային բոլոր պայմանավորվածություններն ու նորմերը, Սիրիայի հյուսիս-արևելքում գործողություններ է իրականացնում, Ադրբեջանի նախագահն ամենաբարձր ամբիոնից հոխորտում է ինչպես պատահի, իսկ մենք լուրջ դեմքով շախմատի ֆեդերացիայում մութ գործարքներ ենք փնտրում: «Քաղաքակիրթ» մեր հարևանները, քմծիծաղով միմյանց հետ, Զանգեզուրի մասին են արդեն խոսում, ու ինչքան էլ մեզ դա զավեշտ թվա (իրականում զավեշտ էլ կա), այնուամենայնիվ՝ ո՞վ է այդ հայտարարությանը համարժեք պատասխան տվողը: Ո՞ր մի պատկան մարմինն է մինչ այժմ կոշտ ու դիպուկ արձագանքել Ալիևին կամ Էրդողանին: Երբեմն ինձ թվում է, թե մեր երկրի արտաքին գործերի նախարարությունն անձ-նախարարություն է՝ նախարարի մամուլի քարտուղարի տեսքով:
ՈՒզում եմ՝ գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչները մի պահ իրենք իրենց հետ անկեղծ լինեն՝ մինչև ուր են հասնելու հետապնդումները: Փոքր երկիր է Հայաստանը, ու բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ով ում հետ է փոխկապակցված, ով ինչպիսի հայացքներ է ունեցել նախկինում, ուսանողական ժամանակ ով է ՈՒԽ-ՀՀԿ-ական թևից եղել և այլն: Սթափվելու ու կանգ առնելու պահն է իսկապես: Լպուտյանի նկատմամբ իրավական գործընթաց սկսած իշխանությունները նման անբովանդակ գործերով այնքան են տարվել, որ չեն էլ նկատել, թե ինչպես են ադրբեջանցի հաքերները կոտրել վարչապետի պաշտոնական կայքն ու տեղադրել Իլհամ Ալիևի՝ «Վալդայ 2019»-ի ժամանակ ունեցած «Ղարաբաղն Ադրբեջան է» վերտառությամբ ելույթի տեսանյութը: Ի վերջո, պետք է գիտակցել, որ մեզ պատուհասող իրական վտանգը ոչ թե ներքին թշնամի փնտրելն ու նրանց հալածելն է, այլ արտաքին թշնամու՝ ամեն պահի հնարավոր հարձակման դեմ պատրաստվելը:
Իշխանութունները պետք է վերջապես կարևորն ու երկրորդականը տարբերակելու կամք ունենան, համակերպվեն՝ կառավարման ղեկն իրենց ձեռքում է, ու դուրս գան «պատերին ծեփող, ասֆալտներին փռող ընդդիմադրի» կերպարից: Այո, պարոնայք, դուք եք կառավարողը, իշխանությունը վերագրավելու փորձեր մի՛ արեք, մտահոգվեք մեր երկրի, պետության, պետականության ու անվտանգության համար, այլապես կարող է պատահել, որ ոչ միայն պաշտոնական կայքը, այլև երկրի սահանները կոտրվեն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ