«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Աբու Բակրա ալ Բաղդադին այլևս չկա, ո՞վ է հաջորդը

Աբու Բակրա ալ Բաղդադին այլևս չկա, ո՞վ է հաջորդը
28.10.2019 | 18:41

Աբու Բակրա ալ Բաղդադիի մահը հանդիսավոր ազդարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ: ԻՊ-ի պարագլխի մահը նշանակու՞մ է ահաբեկչական խմբավորման վախճան: Միջազգային հարաբերությունների բրիտանական արքայական ինստիտուտի Մերձավորարևելյան ծրագրի տնօրեն Լինա Խատիբը գտնում է, որ Բաղդադի մահը չի նշանակում ԻՊ-ի վախճան: ԻՊ-ի ապագան կախված է ոչ միայն ղեկավար ունենալ-չունենալուց, այլև՝ Սիրիայիում իրավիճակի զարգացումից:


Բաղդադին կարևոր անձ էր ԻՊ-ում, հատկապես այն շրջանում, երբ կազմակերպությունը պատրաստվում էր խալիֆաթ կամ իսլամական պետություն ստեղծել: Հաշվի առնելով, որ առանց խալիֆի խալիֆաթ հնարավոր չէ, ԻՊ-ը իր կողմնակիցներին Բաղդադիին ներկայացնում էր որպես առաջնորդ: Չնայած ԻՊ-ի ռազմական պարտությանը Սիրիայում ու Իրաքում, խմբավորման կողմնակիցները շարունակում էին Բաղդադիի մեջ խալիֆաթի վերականգնման հույս տեսնել: Նրա հայտարարությունները գրավում էին համակիրներին՝ ինչպես վկայել են լրագրողներն ու միջազգային գործակալությունների աշխատակիցները, որ խոսել են ԻՊ-ի զինյալների կանանց ու այրիների հետ ԻՊ-ի Ալ Խոլ ճամբարում: Մինչև Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս, ԻՊ-ի թիվը խիստ կրճատվել էր, սակայն խմբավորումը շարունակում էր գործել: Իսլամիստների բջիջները քաոսային հարձակումներ էին գործում Սիրիայի հյուսիս-արևելքում, հաճախ խաղաղ բնակչության վրա: Պալմիրայից արևելք՝ Հոմսի մերձակա անապատային շրջաններում իսլամիստները անկանոն գրոհում էին սիրիական բանակի ու ռուսական բազայի դիրքերը: Սիրիայի հյուսիս-արևմուտքում ԻՊ-ի նախկին զինյալներից շատերը միացել են ջիհադական այլ խմբերի: Իդլիբի նահանգում այդ խմբերից է Ալ Կայիդայի մասնաճյուղ Խուրաս ադ Դինը, որ չնայած մարտական ակտիվությանը, սակավաթիվ է ու չունի մեծ ընկալում տեղի բնակչության շրջանում: Առավել ակտիվ ԻՊ-ը գործում է Դեյր էլ Զոր քաղաքի շրջանում՝ Սիրիայի հյուսիս-արևելքում: Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները, որոնց կազմում քրդական կազմավորումներն են, վերահսկում է այդ շրջանը, բայց չունի բնակչության աջակցությունը, որի մեծ մասը արաբներ են, նրանք չեն ընդունում ոչ քրդերին, ոչ սիրիական բանակին, ոչ Իրանի աջակցությունն ունեցող ջոկատներին: Տեղական արաբ ցեղերը վերջերս բողոքի ակցիա էին կազմակերպել սիրիական վարչակարգի ու Իրանի դեմ: Մինչև Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս՝ Դեյր էլ Զորում արաբ ցեղերի ու քրդերի բախումներն ավարտվում էին ԻՊ-ի ակտիվացմամբ: Մի քանի ամիս առաջ Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկիչ անցակետում մի արաբ սպանվեց: Հաջորդ երկու շաբաթներին այդ շրջանում ակտիվացան ԻՊ-ի բջիջները՝ ստանալով արաբների աջակցությունը: Սցենարը՝ լարում, որին հաջորդում է ԻՊ-ի ակտիվացումը, շարունակվում է, թեպետ հարձակումները շատ չեն ու սահմանափակվում են ինքնաշեն պայթուցիչները ճանապարհներին պայթեցնելով: Թուրքիայի ներխուժումից հետո ԻՊ-ի զինյալները փորձեցին օգտվել քրդերի ջոկատների կրճատումից Դեյր էլ Զորի շրջանում, սակայն քրդերի թողած տարածքները գրավելու փորձեր չեղան: Դա վկայում է, որ ԻՊ-ի ռազմական հնարավորությունները էականորեն նվազել են: Ջիհադականներին զսպում է նաև այն, որ այդ շրջանում տեղակայված են միջազգային կոալիցիայի ուժերը, որ Թրամփի խոսքով՝ պահպանում են նավթային հանքավայրերը: Հավանաբար ԻՊ-ը կօգտագործի Բադդադիի մահը, որ համախմբի կողմնակիցներին և վրեժի կոչի: Սակայն այլևս այն ժամանակները չեն, երբ ԻՊ-ը մինչև արյան վերջին կաթիլը կռվում էր: Սիրիայում ԻՊ-ի ղեկավար Աբու Այման ալ Իրաքին առաջին գիծ դուրս եկավ ընդամենը 6 զինվորով, որ քրդերի հետ բախման պահին նրան լքեցին, ու նա զոհվեց: Նախկինում ԻՊ-ը իր հրամանատարներին առաջնագիծ չէր ուղարկում: Հավանաբար հիմա ԻՊ-ը Բաղդադիի իրավահաջորդ կընտրի, բայց կազմակերպության համար շատ ավելի կարևոր է իրավիճակի զարգացումը Սիրիայի հյուսիս-արևելքում ու հյուսիս-արևմուտքում: Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Բաղդադին սպանվել է Իդլիբ նահանգում, որտեղ փորձում էր վերականգնել խմբավորումը: Իդլիբ նահանգում Խուրաս ադ Դին խմբավորման ջիհադիստները, որ անջատվել է Հայաթ Թահրիր աշ Շամի խմբավորումից՝ Ալ Կայիդային հավատարիմ մնալու համար, Բաղդադիի հենարանն էին: Թեպետ երկու խմբավորման զինյալները միասին կռվում էին սիրիական բանակի դեմ, իսկ Հայաթ Թահրիր աշ Շամի ջիհադիստները նույնիսկ փորձում էին իրենց վարչակազմը ստեղծել այդ նահանգում, Իդլիբի բնակչությունը դեմ է նրանց, որ սակավ հավանական է դարձնում նրանց վերածնունդը այդ նահանգում: Սիրիական բանակը ընդլայնում է իր ներկայությունը հյուսիս-արևելքում, բայց նրա հնարավորությունները սահմանափակ են զինվորների, մարտական տեխնիակայի պակասի, նաև այն պատճառով, որ բանակը ստիպված է ճնշել ապստամբությունը հարավում Դարյա քաղաքում, պատրաստվել Իդլիբի վրա հարձակման: Հյուսիս-արևելյան շրջանների վերահսկողությունը պահում են քրդերը, թեպետ վերջին ժամանակներս նրանք գործում են սիրիական դրոշով՝ սիրիական բանակի տարածք մտնելուց հետո: Եթե միջազգային կոալիցիայի ուժերը հեռանան Դեր էլ Զորից. ԻՊ-ը կարող է արաբների հետ դաշինքով գրավել այդ տարածքները: Սակայն նախագահ Թրամփը հայտարարել է, որ կոալիցիան չի պատրաստվում հրաժարվել նավթային հանքավայրերի պաշտպանությունից: Իրավիճակը հյուսիս-արևելքում ցույց է տալիս, որ նույնիսկ եթե միջազգային կոալիցիան Բաղդադիի սպանությունը համարում է մեծ հաղթանակ, ԻՊ-ի ջիհադիստների ազդեցության վերականգնման հիմնական աղբյուրը կոնֆլիկտի կողմերի լարված հարաբերություններն են տեղում, նրանց վերականգնումին կարող են խոչընդոտել միայն միջազգային կոալիցիայի ուժերը:
BBC


Հ.Գ. Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրճվանքը հասկանալի է՝ ԱՄՆ հատուկ ծառայություններն են նրան սպանել, Օբաման ուներ Ուսամա բեն Լադեն, ինքն ունեցավ Աբու Բակրա ալ Բաղդադի՝ սպանված, տարօրինակ է, թե ինչու՞ է հրճվում Թուրքիայի նախագահը: Էրդողանը հայտարարել է. «Ահաբեկիչների ղեկավարին չեզոքացնելը շրջադարձային իրողություն է ահաբեկչության դեմ մեր և մեր դաշնակիցների մղած պայքարում: Թուրքիան, ինչպես նախկինում, հետագայում էլ շարունակելու է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում: Ես հավատում եմ, որ մարդկությունը խաղաղության մեջ կապրի, եթե կազմակերպված և դաշինքի ոգով պայքար լինի ահաբեկչության դեմ»: Սա, նվազագույնը, ցինիզմ է, եթե հաշվի առնենք, որ Անկարան ժամանակին զինում ու ֆինանսավորում էր ջիհադականներին, իր տարածքում բուժում վիրավորներին ու այդպես էլ չկատարեց Իրան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով կայացրած որոշումը, ու Էրդողանը դրժեց Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու խոստումը:


ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հավանական փոխարինողը Աբդուլա Քարդաշն է: Հոկտեմբերի 27-ին Newsweek-ը գրել է, որ ալ Բաղդադին օգոստոսին Քարդաշին բարձր պաշտոնի է նշանակել խմբավորման մեջ: Վերջին ժամանակներս ալ Բաղդադին հեռացել էր խմբավորման իրական ղեկավարումից, և Քարդաշը փաստորեն դարձել էր նրա փոխարինողը: «Ալ Բաղդադին անվանական ղեկավար էր: Նա չէր մասնակցում առօրյա գործերին,- ասել է Newsweek-ի աղբյույրը:- Այն ամենն, ինչով զբաղվում էր ալ Բաղդադին, այո կամ ոչ ասելն էր, նա պլանավորմամբ չէր զբաղվում»: Al Mayadeen հեռուստաալիքը Բաղդադիի հնարավոր փոխարինողների թվում նշել է նրա մերձավոր օգնականներ Աբու Աբդել Ռահման ալ Ջեզրաուիին և Աբու Օսման ալ Ֆարանսիին: Հիդրայի գլուխներից մեկը կտրելը չի նշանակում հիդրային վերացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ