«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Մայք Պոմպեոն իր ելույթը վերածել է մարտակոչի Արևմուտքին

Մայք Պոմպեոն իր ելույթը վերածել է մարտակոչի Արևմուտքին
10.11.2019 | 11:54

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը սպառնալիք են, կոչ է արել ՆԱՏՕ-ին հասունանալ ու դիմակայել պրոբլեմներին: Բեռլինումմ Պոմպեոն ասել է, որ մարդկանց ճնշելու համար Չինաստանի օգտագործած մեթոդները չափազանց ծանոթ են Արևելյան Գերմանիային: Նա մեղադրել է և Ռուսաստանին՝ հարևան երկրներ ներխուժելու ու այլակարծությունը ճնշելու մեջ:

Պետքարտուղարը հեգնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ «ՆԱՏՕ-ն կոմայի մեջ է» հայտարարության համար: Նա ելույթ է ունեցել Բեռլինի պատը քանդվելու 30-ամյակից մեկ օր առաջ և հայտարարել է, որ այդ իրադարձությունից հետո Արևմուտքը շեղվել է ճանապարհից: Նա նշել է, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է պաշտպանեն՝ ինչին այդքան դժվարությամբ հասել են 1989-ին, և գիտակցեն, որ մրցակցում են ոչ ազատ երկրների հետ արժեքների հարցում: «Մենք գտնում էինք, որ կարող ենք մեր ռեսուրսները տեղաշարժել ռազմական դաշինքներից, մեր զինված ուժերից: Մենք սխալվում էինք»՝ ասել է նա: «Այսօր Ռուսաստանը, որ ղեկավարում է Դրեզդենում աշխատած ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը, ներխուժում է իր հարևանների տուն ու ոչնչացնում է քաղաքական ընդդիմախոսներին»՝ հավելել է պետքարտուղարը:


BBC-ի վերլուծաբան Ջոնաթան Մարկուսի կարծիքով՝ «Բեռլինում վերհիշելով առաջին սառը պատերազմի ավարտը՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, թերևս, հայտարարել է երկրորդ սկիզբը: Հակադրելով մրցակցությունը ազատ երկրներում արժեքների հարցում՝ մի կողմից, Ռուսաստանն ու Չինաստանը՝ մյուս կողմից, նա խոսել է գաղափարախոսական պայքարի մասին: Նա լիովին մերժում է գաղափարը, որ Մոսկվան Արևմուտքի գործընկերն է: Ակնհայտ է, որ Պոմպեոն իր ելույթը վերածել է մարտակոչի Արևմուտքին: Նա խոսում էր մարտաշունչ, ու շատերը հարց ունեն հիմա՝ իսկ ի՞նչ տեսակետներ ունի ԱՄՆ-ը: Դոնալդ Թրամփը, կարծես, Մոսկվայի նկատմամբ ավելի բարյացկամ է տրամադրված ու չի կիսում սկզբունքային տեսակետները, որ բարձրաձայնել է պետքարուղարը Մոսկվայի ու Պեկինի՝ Արևմուտքի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակի մասին: Ակնհայտ է , որ նույնիսկ Վաշինգտոնի ոչ բոլոր դաշնակիցներն են կիսում Պոմպեոյի եզրակացությունները: Մոսկվան ու Պեկինը սպասում են ու չեն ստանում իրենց օգուտները այդ տարաձայնություններից: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է 2020-ին հաղթանակի շքերթին Մոսկվայում լինելու հնարավորությունը, որի առաջարկը ստացել է Պուտինից: Պոմպեոն մեղադրել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը ավտորիտարիզմի նոր տեսլականի ձևավորման մեջ և նախազգուշացրել Գերմանիայի իշխանություններին, որ չհամագործակցեն չինական
Huawei ընկերության հետ՝ հինգերորդ սերնդի 5G բջջային կապի ստեղծման մեջ: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը մեղադրել է Պոմպեոյին գաղափարախոսական կանխակալության ու սառը պատերազմի մենթալիտետի մեջ:


«Չին ժողովրդին Կոմունիստական կուսակցությունից անջատելու փորձը սադրանք է ամբողջ չին ժողովրդի նկատմամբ ու դատապարտված է ձախողման»՝ ասել է նա:

BBC


Հ.Գ. Բոլոր ամերիկացիները Բեռլինում պատմական ճառեր են արտասանում՝ չգիտես ինչու: Տրամաբանորեն՝ եթե Պոմպեոն հակադրվում է Թրամփին, տանը նրան պաշտոնանկություն է սպասում՝ ինչպես Ռեքս Թիլերսոնին: Հարց է՝ համոզե՞լ է Մայք Պոմպեոն Արևմուտքին: Ակներևաբար՝ ոչ: Ու ոչ միայն Մակրոնին, կամ Մերկելին, թերևս միայն Ջոնսոնին, բայց նա էլ խառն է արտահերթ ընտրություններով ու հայտնի չէ՝ դեկտեմբերի 13-ի ընտրությունների արդյունքներով՝ ո՞վ կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետը ու ու՞մ հետ կսկսի բանակցել ԱՄՆ-ը: Զարմանալիորեն ստեղծվել է իրավիճակ, որտեղ ոչ ոք ճիշտ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ