«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Պուտինը չի ափսոսում Եվրոպայի համար՝ նա Չինաստան ունի

Պուտինը չի ափսոսում Եվրոպայի համար՝ նա Չինաստան ունի
11.11.2019 | 11:03

Պուտինի գաղափարախոսության մեջ ավելի ու ավելի կարևոր տեղ է զբաղեցնում արհամարհանքը արևմտյան լիբերալ դեմոկրատիայի նկատմամբ: Նա հարմարավետ տեղավորվել է Մոսկվայում, նայում է աշխարհին ու արձանագրում՝ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես պետք է Մոսկվային: Այն ամենը, ինչ նա կորցրել էր Արևմուտքի հետ համագործակցության ձախողումից հետո, արագ վերականգնեց՝ սերտ կապեր հաստատելով Չինաստանի հետ: ԵՄ-ն այլևս ՌԴ գլխավոր առևտրային գործընկերը չէ, առաջին տեղում Չինաստանն է: ԱՄՆ հեռանալուց հետո Ռուսաստանը դարձավ Մերձավոր Արևելքի կարևորագույն ու ուժեղագույն խաղացողը: ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանությունը ոչինչ չի փոխում: Ռուսաստանի խաղաքարտերը ուժեղ են ոչ միայն Սիրիայի ճակատագրի հարցում: Շնորհիվ խելամիտ քաղաքականության՝ Պուտինը բարեկամացել է տարածաշրջանի բոլոր կարևոր խաղացողների հետ: ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ղեկավարների հետ, որ մեծ հնարավորություններ է տալիս ազդեցության ու իշխանության ընդլայնման համար: Աշխարհի ոչ մի երկիր, և ամենաքիչը ԱՄՆ-ը, իր մասին չի կարող նույնը ասել: Ռուսաստանն ուզում է իր ներկայությունը հաստատել Աֆրիկայում, որտեղ մրցակցում է Չինաստանի հետ: Վերջերս Սոչիում նա հանդիպեց աֆրիկյան 35 երկրների ղեկավարներին: Չինաստանը՝ իբրև տնտեսական գերտերություն, վիթխարի առավելություն ունի, Ռուսաստանը գրավում է իր բարձրտեխնոլոգիական զենքով:


Եվրոպայում Պուտինը նպատակամետ տարաձայնություններ է սերմանում ԵՄ երկրներում: Նա հույս ունի, որ այլևս միասնություն չի լինելու պատժամիջոցները շարունակելու հարցում: Ուկրաինայի արևելքում պատերազմի հարցում նա որևէ կերպ ցույց չի տալիս, որ պատրաստ է փոխզիջման ու այլևս չի աջակցեկու անջատողականներին: Նա ջանալու է շրջանցել քաղաքականապես անփորձ Վլադիմիր Զելենսկուն, երբ ուկրաինացիները սկսեն ավելի շատ քննադատել նրան զիջումների համար:


Հաճախ ասում են, որ Պուտինը ստրատեգ է, ավելի ճիշտ՝ նա փորձառու տակտիկ է, որ կարողանում է օպերատիվ օգտագործել ստեղծված հնարավորությունները՝ հենվելով հակառակորդների սխալների վրա: Հաճախ նաև ասում են, որ Պուտինը որևէ գաղափարախոսություն չունի, նա այստեղից-այնտեղից կցմցումներ է անում՝ համադրելով տարբեր սկզբունքներ՝ միավորված մեկ ձգտումով՝ Ռուսաստանին վերադարձնել գերտերության դիրքերը: Դա ճշմարտություն է: Այնուհանդերձ, Պուտինի արտաքին քաղաքականության մեջ, որ հաջողություններ է բերում Ռուսաստանին, կան որոշակի համոզմունքներ, որ կարելի է գաղափարախոսություն անվանել:


Երբ Ռուսաստանը 2015-ին միջամտեց Սիրիայի իրադարձություններին՝ ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի, խոսքը ոչ միայն ազդեցության մեծացման մասին էր: Պուտինը վճռեց, որ հասկացել է այն, ինչ չի հասկանում արևմտյան աշխարհը: Ավելի լավ է աջակցել բռնապետին ու օգնել, որ պահպանի իշխանությունը, քան նրան գահընկեց անել ու խթանել քաոսն ու անարխիան: Պուտինի տեսակետից՝ Իրաքում Սադամ Հուսեյնի ու Լիբիայում Մուամար Քադաֆիի օրինակները ցույց տվեցին՝ որքան սխալ է գործում Արևմուտքը: Ի հետևանս հայտնվեցին ջլատված ու անգործունակ պետություններ: Հիմարություն է այդկերպ ժողովրդավարական կառավարում ստեղծել՝ գտնում է Պուտինը: Ավելի լավ է, որ լեգիտիմ նախագահ Ասադը Սիրիայում ռազմական օգնություն ստանա ու պահպանի իշխանությունը: Ղեկավարելով ավտորիտար համակարգ, Պուտինը բնավ մտադիր չէ օգնել սիրիացիներին ավելի լավ նախագահ գտնել: Նրան չեն հուզում 8 տարվա պատերազմի տանջանքները: Ավելի կարևոր է, որ Ասադը վերջիվերջո հաղթի: Վլադիմիր Պուտինի գաղափարախոսության մեջ ավելի ու ավելի կարևոր տեղ է զբաղեցնում արհամարհանքը արևմտյան դեմոկրատիաների նկատմամբ: Ոչ միայն այն պատճառով՝ ինչպես է Արևմուտքը գործում Մերձավոր Արևելքում:

Նա պարզապես գտնում է, որ ապագան իր տեսակետինն է՝ առաջին տեղում ազգային պետության շահերն են: Համախոհ ստանալով ի դեմս Դոնալդ Թրամփի՝ նա ավելի ինքնավստահ դարձավ: Պուտինի հավատը պահպանողական ազգայնականությունն է՝ հիմնված ավանդական կենսակերպի ու ընտանեկան արժեքների վրա, որ խիստ տարբերվում է նրանից, ինչ նա տեսնում է Արևմտյան Եվրոպայում: Այդ պատճառով է Ռուսաստանն աջակցում եվրոպական աջ պոպուլիստական կուսակցություններին ու խմբերին: Ամռանը նա հարցազրույց տվեց The Times-ին, որտեղ հստակ նկարագրեց իր աշխարհի պատկերը: Նրա կարծիքով՝ «լիբերալ գաղափարը հնացել է»: Եկել է ՙոչլիբերալ հանրության» ժամանակը, որ հիմա Հունգարիայում փորձում է ստեղծել Վիկտոր Օրբանը: Երբ Պուտինն ասում էր, որ Արևմտյան Եվրոպայի դեմոկրատիաները իրենք իրենց քայքայում են, օրինակ էր բերում միգրանտներին, որ կարող են «սպանել, կողոպտել ու բռնաբարել» ազատ ու անպատիժ: Անկումային կենսակերպը նա ի ցույց դրեց օրինակով, որ երեխաները կարող են «փորձարկել 5 կամ 6 գենդերային դերեր»: Դրան Պուտինը հակադրում է «բնակչության հիմնական մասը կազմող միլիոնավոր մարդկանց ընտանեկան արժեքները, ավանդույթներն ու մշակույթը»: Նա հեգնում էր իր եվրոպացի գործընկերներին, որ հաստատում են՝ չեն կարող միգրացիայի հետ ավելի կոշտ լինել, «որովհետև այդպիսին են իրենց օրենքները»: ՙԴե փոխեք ձեր օրենքները»՝ խորհուրդ էր տալիս ՌԴ նախագահը: Հեշտ է ձեռք թափ տալ Պուտինի խոսքերի վրա իբրև իրականության պարոդիայի: Բայց մեր հասարակության այս աղավաղված ու նախապաշարումներով լի պատկերը արտացոլում է նրա մտածելակերպը: Պուտինի հետ հանդիպման ժամանակ արևմտյան պետությունների ղեկավարներին հաճախ է խաբում նրա հմայքն ու էլեգանտությունը: Բայց նա ինքն իրեն մատուցելու վարպետ է, քամելեոն: Ուստի մենք չպիտի մոռանանք՝ ինչպես է ամեն ինչ դասավորված Պուտինի գլխում: Նա վստահ է, որ մեր լիբերալ դեմոկրատիաները այլևս սպառել են իրենց: Առաջիկա տարիներին մենք պետք է ապացուցենք, որ նա սխալվում է:
Ստիգ Ֆրեդրիկսոն, Expressen (Շվեդիա)


Հ.Գ. Ապացուցել անապացուցելին մոտավորապես նույնն է՝ ինչ առաքելությունը անիրագործելի է: Պուտինը տեսնում է միայն այն, ինչ ուզում է տեսնել, ինչ հարմար է տեսնել՝ չհակասելու իր գաղափարախոսությանը՝ յուվենալ արդարադատություն, միասեռականություն ու պետության անօգնականություն: Նույնիսկ եթե արևմտյան բոլոր երկրներն արգելեն միասեռականությունն օրենքով ու փոխեն բոլոր օրենքները, միևնույն է, Պուտինը քննադատելու ու մեղադրելու է Արևմուտքին կողմնակալության ու ազգային արժեքներին դավաճանելու մեջ: Այդպիսին է նրա մտածողության համակարգը՝ նրան միշտ պետք է արտաքին թշնամի՝ ազգը համախմբելու և Ռուսաստանի գերազանցությունը վկայելու համար: Իրականության հետ համընկնումները պարտադիր չեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ