«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Արևմուտքը Արևմուտքը է, Արևելքը՝ Արևելք, և նրանք երբեք չեն հանդիպելու

Արևմուտքը Արևմուտքը է, Արևելքը՝ Արևելք, և նրանք երբեք չեն հանդիպելու
15.11.2019 | 12:06

Զարգացող երկրների սամիթը միավորում է Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, Հարավային Աֆրիկային Ժայիր Բոլսոնարուի նախագահությամբ: 10 տարի գոյություն ունեցող 5 երկրների ակումբը բավականին բազմատարր է, նրանց միավորում են ընդհանուր շահերը՝ գրում է Աննա Շեյվյալը Le Figaro-ում: 5 պետությունների ակումբի ղեկավարների ամենամյա հանդիպումը այս անգամ Բրազիլիայի մայրաքաղաքում է: Անցած տարի Յոհանեսբուրգի սամիթում ԲՌԻԿՍ-ի երկրները միասնական էին Դոնալդ Թրամփի առևտրական պատերազմի դեմ: Ինչպիսի՞ն կլինի Ժայիր Բոլսոնարուի նախագահած սամիթը, որ չի թաքցնում իր մտերմությունը ԱՄՆ նախագահի հետ: Բոլսոնարուն մեծ նշանակություն է տալիս այս սամիթին և հանգամանալից նախապատրաստել է: «Բրազիլիայի նախագահը չի ցանկանում միանալ ԱՄՆ-ին, նրա թիկունքում բրազիլական հզոր լոբբին է, հատկապես ագրոմթերային հատվածի, որ բիզնես է վարում Չինաստանի, Հնդկաստանի ու Աֆրիկայի հետ»՝ բացատրում է Միջազգային ու ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ ժան Ժոզեֆ Բոյոն: «Նրանց առաջվա պես միավորում է հիասթափությունը, որ բավականաչափ լիարժեք չեն ներկայացված միջազգային կազմակերպություններում, ԱՄՀ-ում ու համաշխարհային բանկում»՝ ԲՌԻԿՍ-ի երկրների մասին ասում է Coface ֆրանսիական ապահովագրական ընկերության գլխավոր տնտեսագետ Ժյուլիեն Մարսիլին:

Նրա խոսքով՝ սամիթում վառ արտահայտված է համագործակցության ձգտումը, բավականին հագեցած օրակարգը ներառում է 2014-ին ստեղծված ԲՌԻԿՍ-ի երկրների զարգացման բանկի ամրապնդումը: Մեծ ուշադրություն է դարձվում իննովացիաներին: Մի կողմից՝ չափազանց առաջ գնացած Չինաստանն է, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Բրազիլիան, որոնց ջանքերը այդ ասպարեզում աննշան են: Զարգացման մակարդակը խիստ տարբեր է՝ Հնդկաստանը ՀՆԱ-ի մեկ բնակչի հաշվով Չինաստանի 2000-ականների մակարդակին է: Վատացող գլոբալ համատեքստում Ընդլուսնյա կայսրությունը այսօր խմբի գերակա տնտեսությունն է: ԲՌԻԿՍ-ի ոչ մի երկրի չի հաջողվել խուսափել տնտեսական աճի դանդաղումից: «Երկրներից ամեն մեկն ունի իր ներքին խնդիրները, դա բարդացնում է ընդհանուր ճակատի ստեղծումը,- ընդգծում է Euler Hermes ապահովագրական ընկերության գլխավոր տնտեսագետ Լյուդովիկ Սուրբանը: - Նրանք շահագրգռված են առևտրի ընդլայնմամբ, բայց առևտուրը թափ չի հավաքում»: Այդ երկրները քննադատում են ամերիկյան հովանավորչությունը, բայց նրանք ևս մաքսային արգելքներ են սահմանել, մասնավորապես Հնդկաստանն ու Բրազիլիան, որ պաշտպանեն իրենց արդյունաբերությունը չինական մրցակցից: Ժան Ժոզեֆ Բոյոյի կարծիքով՝ նման սամիթները հնարավորություն են տալիս ակտիվացնել հարավ-հարավ առևտուրը: ԲՌԻԿՍ-ի երկրները հիմնականում առևտուր են անում Աֆրիկայի հետ, ինչպես ցույց տվեց Վլադիմիր Պուտինի կազմակերպած Ռուսաստան- Աֆրիկա սամիթը: «ԲՌԻԿՍ-ի երկրները լրացնում են միմյանց՝ Ռուսաստանը անվտանգության մասնագետ է, Բրազիլիան՝ ագրոմթերային տերություն, Հնդկաստանը դիրքավորվում է ծառայությունների ոլորտում»՝ գտնում է Բոյոն:
Աննա Շեյվյալ, Le Figaro


Հ.Գ. ԲՌԻԿՍ-ի երկրները միասին ձևավորում են համաշխարհային ՀՆԱ-ի 31%-ը: Օրակարգում միջազգային խնդիրներն են՝ բնապահպանությունից թվային տեխնոլոգիաներ: Նրանց հանդիպումը Բրազիալիայի ԱԳՆ-ում էր՝ Իտամարատի պալատում՝ նոյեմբերի 13-14-ին: «Սա իսկապես ֆանտաստիկ հարթակ է ԲՌԻԿՍ-ի երկրներում թվային տնտեսության զարգացման թեման քննարկելու համար: Մենք բազում հանդիպումներ ենք անցկացրել, քննարկել ենք ֆինանսական հարցեր, բանկային համագործակցությունը» ասել է ՀԱՀ-ի թվային տնտեսության աշխատանքային խմբի ղեկավար Զիյադ Սուլեյմանը: «Ռուսաստանն ու Չինաստանը վաղուցվա գործընկերներ են ամենատարբեր ոլորտներում՝ այդ թվում գյուղատնտեսության: Բրազիլիան սննդամթերքի խոշորագույն արտահանող է, ծովամթերքի հատուկ հետաքրքրություն ունեն Չինաստանն ու Ռուասատանը»՝ ասել է Չինաստանի Առևտրի պալատի փոխնախագահ Յու Լուն:


ՌԴ նախագահը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ու Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ: Թեման՝ տնտեսական համագործակցություն, էներգետիկ կոոպերացիա և նոր առևտրային ճանապարհների որոնում: Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի հետ նա քննարկել է երկկողմ համագործակցությունը և միջազգային ակտուալ խնդիրները: Հիշու՞մ եք Ռեդյարդ Կիպլինգին, որ գրում էր Մաուգլիի ու բանդեռլոգների մասին, ու նրա նշանավոր նախադասությունը՝ «Արևմուտքը Արևմուտք է, Արևելքը՝ Արևելք, ու նրանք երբեք չեն հանդիպելու»: Փաստորեն՝ դասականներն էլ են վրիպում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ