Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մնացածը՝ չորս ամիս հետո

Մնացածը՝ չորս ամիս հետո
11.12.2019 | 12:49

Փարիզում ավարտվեց նորմանդական սամիթը: Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ղեկավարները 9 ժամից ավելի բանակցեցին: Գլխավոր արդյունքը կալանավորված անձանց փոխանակումն էր՝ բոլորը բոլորի հետ սկզբունքով, մինչև տարեվերջ, նաև զորքերի հետագա հետքաշումը: Ընտրությունների անցկացման կարգի ու սահմանի վերահսկողությունը Ուկրաինային հանձնելու հարցում Փարիզում պայմանավորվել չհաջողվեց:

4 ամիս անց կանցկացվի ևս մեկ հանդիպում: Հավարտ սամիթի հրապարակված կոմյունիկեում ընդգծվում է, որ Մինսկի համաձայնությունը շարունակում է նորմանդական ձևաչափի հիմք լինել, կողմերը պարտավորվում են «պահպանել հրադադարի ռեժիմը մինչև 2019-ի ավարտը», կշարունակվի եռակողմ շփման խմբի աշխատանքը՝ տարածքի ականազերծման, ուժերի ու միջոցների հեռացման, որ պիտի ավարտվի 2020-ի մարտի վերջին: Կոմյունիկեում նաև նշվում է, որ կա համաձայնություն Շտայնմայերի բանաձևը ուկրաինական օրենսդրության հետ համադրելու: ԵԱՀԿ-ի մոնիտորինգի հատուկ առաքելությունը պետք է ունենա «անվտանգ ու հուսալի հասանելիություն ամբողջ Ուկրաինայում»: Մնացած քաղաքական պայմաններն ու անվտանգության հարցերը ընտրությունների անցկացման համար չվերահսկվող տարածքներում կքննարկվեն հաջորդ հանդիպմանը: Բացի այդ՝ քննարկվել է Ուկրաինա գազի մատակարարման հարցը: Նախագահ Զելենսկու խոսքով՝ հարցը վերաբացվել է, գնի ու պայմանագրի այլ մանրամասների քննարկումը կանցկացվի արդեն խորհրդականների մակարդակով: Նախագահ Պուտինը Ուկրաինային գազ է խոստացել 25% էժան, եթե երկրները կարողանան պայմանավորվել «համատեղ ազնիվ աշխատանքի մասին»: Խոսելով հանդիպման արդյունքների մասին՝ Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ իր համար հանդիպման արդյունքները բավարար չեն: «Շատ հարցեր բարձրացվեցին: Գործընկերներս ասացին, որ առաջին հանդիպման համար արդյունքները շատ լավ են: Ինձ համար, անկեղծ ասած, քիչ են: Ավելի շատ խնդիրներ կուզեի լուծել»՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը լրագրողներին:


Վլադիմիր Պուտինը խոսել է Արևմուտքի ու Ուկրաինայի հետ հարաբերությունների ջերմացման մասին: «Կա՞ ինչ-որ ջերմացում: Կարծում եմ՝ այո: Մենք հանդիպեցինք նորմանդական ձևաչափով ու քննարկեցինք շատ կարևոր հարցերի լայն շրջանակ և շատ հարցերում առաջընթաց ունենք: Այդ ամենը միասին հիմք է տալիս կարծել, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է զարգանում»՝ պատասխանել է ՌԴ նախագահը հանդիպման արդյունքների մասին լրագրողի հարցին:


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշեցրել է, որ դեռ շատ աշխատանք կա, բայց լավատեսությամբ նշել է, որ պայմանավորվող կողմերը լուծման կամք ունեն: «Բոլոր խնդիրներով հանդերձ, որոնց մենք նայում ենք ռեալիստորեն, ես հանդիպումից շատ գոհ եմ: Մենք դեռ շատ աշխատանք ունենք, բայց ես զգում եմ, որ այսօր կար լուծման կամք՝ այդ թվում բարդ հարցերի»՝ հայտարարել է Անգելա Մերկելը:
Սամիթի տանտերը՝ Էմանուել Մակրոնը, հիշեցրել է, որ վերջին 3 տարում առաջին հանդիպումն է: «Ես ուզում եմ նշել Ուկրաինայի նախագահի քաղաքական խիզախությունն ու վճռականությունը»՝ ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
RFI


Հ․Գ․ Փարիզի հանդիպումը Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումն էր (մինչ այդ նրանք շփվել են միայն հեռախոսով): Նորմանդական ձևաչափով այս հանդիպումը իրավիճակը փոխելու փորձ էր: Դժվար փորձ՝ 2014-ից 13000 մարդ է զոհվել:
Հանդիպման պայմանավորվածություններից է երեք նոր շրջաններից զորքերը հետ քաշելը (Ուկրաինայի ԶԼՄ-ները գրել են, որ Պուտինն առաջարկել է զորքերը հետ քաշել շփման գծից ընդհանրապես, Զելենսկին չի համաձայնել): «Եթե զորքերը հետ քաշվեն շփման ամբողջ 409 կիլոմետրից, մենք 20 տարի կզբաղվենք դրանով: Արդեն ես էլ չեմ լինի, նրանք էլ: Իսկ եթե փոքր մասերով, կավարտենք 6-8 տարում»՝ մամլո ասուլիսում բացատրել է Զելենսկին: Սկզբունքային ու առանցքային հարցերից է ուկրաինական սահմանի վերահսկողությունը: Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան խոստանում է հարցին վերադառնալ հաջորդ հանդիպմանը: Խոսքը 409 կիլեմետրի մասին է: Պուտինը հաստատել է, որ այս հարցում կողմերի տեսակետները տարբերվում են: «Մենք կողմ ենք, որ Մինսկի համաձայնությունը կատարվի»՝ ասել է Պուտինը: 2015-ին կնքված Մինսկի համաձայնությամբ՝ սահմանի վերահսկողությունը կփոխանցվի Ուկրաինային Դոնեցկում ու Լուգանսկում ընտրություններից հետո:
Զելենսկին փորձում է առաջարկել անցումային տարբերակ՝ սահմանի վերահսկողությունը ԵԱՀԿ-ին հանձնել:
Ղրիմի հարցը բանակցություններում չի քննարկվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ