ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են

Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են
27.02.2020 | 14:51

«Ժողովուրդը» գրել է. «Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Իսկ ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, և ո՞վ է պատասխանատուն: Վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային և դիմակներ ուղարկել մեր բարեկամ երկիր Չինաստան՝ որպես օգնություն:


Դրան զուգահեռ լուրեր են պտտվում, որ եղել են մարդիկ, որոնք դիմակների մեծ խմբաքանակ են էժան գնել, սակայն, Հայաստանում իրացնելու կամ Չինաստան ուղարկելու փոխարեն, արտահանել են այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, և այնտեղ վաճառել ավելի բարձր գնով: Եվ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատկան մարմիններն այժմ լծված են օրեցօր նկատվող դիմակի պակասի հարցը լուծելու գործին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անգամ Առողջապահության նախարարությունը դիմել է մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: Եվ չնայած այս իրավիճակին՝ պարզվում է՝ չկա մի կառույց, որը պետք է վերահսկեր կամ կանխեր նման դեպքերը: Համենայնդեպս, բոլոր հնարավոր օղակները պատասխանատվությունից խուսափում են:
ՊԵԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ առանձին վերլուծություն չունեն, թե որքան դիմակներ են ներկրվել կամ դուրս բերվել Հայաստանից: Իսկ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե իրենք վերահսկողական որևէ գործառույթ չունեն և միայն ստուգում են գրանցված վաճառվող ապրանքների որակը: Առողջապահության նախարարությունը հիմա զբաղված են հետևանքները վերացնելով. դիմակ են փնտրում, որ մեծ քանակությամբ ներկրեն:


Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում չկա ոչ մի կառույց, որը կվերահսկի դիմակների պաշարի մասով իրավիճակը, ու երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, մեր երկրում, փաստորեն, դիմակի բիզնես են արել Հայաստանից մեծ խմբաքանակով արտահանելու և այլ երկրներում թանկ գնով վաճառելու եղանակով: Համենայնդեպս, երեկ այս ինֆորմացիան պաշտոնապես որևէ կառույց չհերքեց: Իսկ կորոնավիրուսը երեկ հասավ արդեն Վրաստան»:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ